ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Հունիսի 2-ին կմեկնարկեն միասնական քննությունները, իսկ մինչ այդ ընթանում են վերջին նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, մինչև մայիսի 20-ը Լոնդոնից Երևան տեղափոխվեցին միասնական քննությունների թեստերը, որոնք տպագրվել են «Ստեֆեն Աուսթին» տպարանում։ Այն հիմնադրվել է 1768 թվականին և հայտնի է գաղտնի տպագրության ավանդույթներով։ Այստեղ են տպագրվում նաև բազմաթիվ այլ երկրների թեստեր, գաղտնի փաստաթղթեր, և ինֆորմացիոն արտահոսքի որևէ դեպք չի արձանագրվել։ Փակ ծրարներով թեստերը Հայինկասացիայի ուղեկցությամբ օդանավակայանից տեղափոխվել են «Արարատբանկ», որի պահոցներում արդեն 2-րդ տարին դրանք պահվում են մինչև քննության նախորդ օրը։ Եվ միայն քննության օրը՝ վաղ առավոտյան, բանկի մասնաճյուղերից ոստիկանության և Հայինկասացիայի ուղեկցությամբ տեղափոխվում են քննական կենտրոններ, որտեղ էլ շրջանավարտների ներկայությամբ քննասենյակում բացվում են ծրարները։
Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանի պատասխանատվությամբ էին ձևավորվել այն մասնագիտական աշխատանքային խմբերը, որոնք կազմել էին թեստերը՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը։
Կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ մեր հասարակությունը շատ ավելի հանգիստ կվերաբերվի այս քննություններին, համակարգի նկատմամբ վստահություն կարմատավորվի։ Մարդիկ լիահույս կլինեն, որ շրջանավարտը դպրոցական ծրագիրն ամբողջովին յուրացնելուց հետո, առանց որևէ լրացուցիչ գիտելիք ստանալու, կկարողանա մասնակցել քննություններին, և երեխայի համար կապահովվեն արդար, հավասար պայմաններ՝ անկախ սոցիալական վիճակից, ծնողների պաշտոնական դիրքից կամ ֆինանսական հնարավորություններից։ «Ի վերջո այս համակարգը բոլորի համար հավասար հնարավորություններ է ընձեռում, և երբ վերաբերմունքը նրա նկատմամբ համարժեք լինի, թեստերը կտպագրվեն Հայաստանում»։
Ինչ վերաբերում է ավարտական քննությունների թեստերին, ապա դրանք արդեն երկրորդ տարին է, ինչ տպագրվում են գնահատման և թեստավորման կենտրոնի տպարանում, և բովանդակային առումով էլ պետական ավարտական թեստերի պատասխանատվությունը կրում է ԳԹԿ-ն։
Անդրադառնալով քննությունների ժամանակացույցին, ասենք, որ 9-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն հունիսի 4-ին` «Հայոց լեզու» առարկայից, հունիսի 8-ին՝ բնագիտական առարկաներից, 11-ին՝ մաթեմատիկայից, 15-ին՝ օտար լեզվից և 18-ին՝ հայոց պատմությունից։ Տասնմեկերորդ դասարանցիների պետական ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 3-ին՝ բնագիտական առարկաներով։ Հունիսի 6-ին տեղի կունենա հայոց լեզվի քննությունը, 10-ին՝ մաթեմատիկայի, 13-ին՝ օտար լեզվի և հունիսի 17-ին՝ հայոց պատմության։ Իսկ միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 2-ին. այդ օրը դիմորդները քննություններ կհանձնեն կենսաբանությունից, աշխարհագրությունից, ընդհանուր պատմությունից, հունիսի 5-ին՝ հայոց լեզվից և գրականությունից, հունիսի 9-ին՝ մաթեմատիկայից, 12-ին՝ օտար լեզվից, 16-ին՝ ֆիզիկայից, 19-ին՝ հայոց պատմությունից ու քիմիայից և հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվից։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ