Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

.......

21.04.2009 | 00:00

Նույն ջուրը, նույն ջրաղացը
Ապրիլի 23-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և առանձնազրույցը Դմիտրի Մեդվեդևի հետ։ Նախագահականից այլ պաշտոնական տեղեկատվություն այս առնչությամբ չի հաղորդվում։ Այցը հետաքրքրական է հատկապես այն առումով, որ նախորդ շաբաթ պաշտոնական այցով Մոսկվայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մեդվեդև-Ալիև հանդիպման ժամանակ քննարկման առանցքային թեման ղարաբաղյան հիմնախնդիրն է եղել։ Ենթադրվում է, որ Սարգսյանի այցը ևս այս խնդրի շրջանակներում է լինելու։ ՈՒ մինչ ՀՀ նախագահը մոսկովյան այցին է նախապատրաստվում, Ադրբեջանի նախագահը շտապում է հենց ռուսաստանյան լրատվամիջոցներով հայտարարել. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին միակողմանի լուծում չի կարող լինել։ Ադրբեջանը երբեք չի մասնակցի գործընթացին, որ կենթադրեր Ադրբեջանից Ղարաբաղի իրավական անջատում։ Դա մեր միարժեք դիրքորոշումն է։ Իրավական հիմքը նախատեսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, հայկական զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից և փախստականների վերադարձ։ Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի համար ունենալ միջանցք, որը կկապի Ղարաբաղը Հայաստանի հետ, և Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են արդյունավետ լուծվել»։ Ալիևը նաև կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով։
Մնում է սպասել, թե ինչ կհայտարարի Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո։
Ռ. Խ.

Игра не стоит свеч
Ռուսաստանյան ԶԼՄ-ներն այսօրվանից արդեն ուշադրության կենտրոնում են պահում սանկտպետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումը` ՌԴ նախագահ Մեդվեդևի «բարձր հովանու» ներքո, ով ցանկանում է ի ցույց դնել Արևմուտքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ոսկե բանալին» հենց Ռուսաստանի ձեռքում է։ Նույն լրատվամիջոցների հավաստմամբ` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրելու են ղարաբաղյան «քարկապի» կոշտ հանգույցները դույզն-ինչ թուլացնելուն միտված փաստաթղթատիպ մի բան, որի դիմաց, սակայն, «բատյուշկա» Դմիտրին տարբեր համուհոտի քաղցրաբլիթներ է պատրաստվում հրամցնել այլևս նույն հարթության վրա գտնվող իր երկու ռազմավարական դաշնակիցներին։ Ադրբեջանին` ժամանակակից ռազմական տեխնիկա, այդ թվում` հակահրթիռային պաշտպանության կայանքներ, Հայաստանին` 500 մլն դոլարի վարկ։ Այն նույն 500 միլիոնը, որն անցյալ տարվա դեկտեմբերից «дед мороз»-ի նման ճամփա ընկել` մինչև հիմա դեռ տեղ չի հասնում։ Մնում է նստել ու լրջորեն «փիքր անել». մի՞թե կշեռքի նժարին համարժեք «քաղցրաբլիթներ» են դրված և, ընդհանրապես, արդյո՞ք «игра стоит свеч»։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ով սահմանը փակել է, նա էլ թող բացի
«Նախ և առաջ սահմանի բացումը մեզ համար գուցե դաս լինի, որ մենք էլ սկսենք, ինչպես Թուրքիան, ազգային տնտեսությունն ու հայրենական ապրանքները խթանող քաղաքականություն վարել»,- կարծում է դաշնակցական պատգամավոր ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ, միաժամանակ փաստելով, որ իրենց ուսումնասիրություններով սահմանի բացումն ավելի շատ բացասական կողմեր ունի։ Սակայն ՀՅԴ անդամը պնդել է նաև, որ դաշնակցությունը դեմ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը, պարզապես հարկավոր է, որ դրա դիմաց Թուրքիան ինչ-որ պահանջներ չառաջադրի, քանի որ ինքն է սահմանը փակել, ինքն էլ պետք է բացի։ «Մենք կոմպլեքսավորված չենք Թուրքիայի հետ հարաբերություններում, նա է կաշկանդված»,- ասել է նա։ Ըստ պատգամավորի` կլինեն գործարարներ, որոնք սահմանի բացումից և՛ կտուժեն, և՛ կշահեն։ «Միանշանակ ասել, որ բոլորը շահելու են, կամ բոլորը կորցնելու են, ճիշտ չէ։ Մյուս կողմից էլ, եթե սահմանների բացումը վնասելու է տնտեսության այս կամ այն ճյուղին, դա չի նշանակում, որ սահմանները պետք է լինեն փակ»։
Անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Իրանի ղեկավարության միջև հայ-իրանական երկաթուղու շինարարության վերաբերյալ ստորագրված հուշագրին, Նռանյանը շեշտել է. «Հայ-իրանական երկաթուղու բացումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Եվրոպական որոշ կառույցներ գիտեն այդ մասին ու շահագրգռված են։ Կարծում եմ` շատ իրատեսական է այդ երկաթուղու կառուցումը։ Շատ բան կախված է նաև մեզնից։ Հայաստանն ու Իրանը գործնականորեն են նայում երկաթուղու նախագծին»։
Ռ. Խ.

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ