ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՄԵՆՔ ՈՒՐԻՇԻ ՀՈՂԸ ՉԵՆՔ ՄՏԵԼ, ՀԵՏևԱԲԱՐ Ո՛Չ ԳՐՉՈՎ, Ո՛Չ ԷԼ ԱՅԼ ԿԵՐՊ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ

ՄԵՆՔ ՈՒՐԻՇԻ ՀՈՂԸ ՉԵՆՔ ՄՏԵԼ, ՀԵՏևԱԲԱՐ Ո՛Չ ԳՐՉՈՎ, Ո՛Չ ԷԼ ԱՅԼ ԿԵՐՊ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ
02.07.2010 | 00:00

Երկար էի մտորում, թե ինչպես վերնագրեմ հոդվածս, որ հանկարծ չվիրավորեմ և չշարժեմ աշխարհի տերերի զայրույթը։ Եթե աշխարհի տերերը կարող են այդքան անազնվորեն (ո՛վ, ո՛վ, գոնե Օբաման լավ գիտի հայերիս և մեր պատմությունը) կորցնել մարդկային դիմագիծը (որքան էլ այլ բան մտածենք դիվանագետի մասին, չմոռանանք, որ վերջին հաշվով նա մարդ է, մահկանացու), «մոռանալ» թուրքի ձեռքով հազար անգամ մորթված, ընդամենը քսան տարի առաջ Սումգայիթում ու Կիրովաբադում, Բաքվի փողոցներում օրերով ընկած հայերի անթաղ դիակները և այնտեղից մազապուրծ փախած այդ քաղաքների իրական կառուցողներին ու տերերին, «մոռանալ» հայոց պատմական հողի վրա` Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումը և այդ վայրագություններին վերջ տալու համար ինքնապաշտպանության բնազդով զենք վերցրած հայ մարդուն օկուպանտ անվանել... Ինչպես այսօր աշխարհի տերերն են անում, զավեշտ է, աբսո՛ւրդ։
Օբաման մոռացել է իր ցեղի տառապանքները, նրա դաժան պատմությունը։ Այսօր նա գերհզոր տերության նախագահ է։ Գուցե հարստությունը, պաշտոնը նրան ամեն ինչ մոռանալ են տվել, և նրա մարդկային սիրտը ոսկի սիրտ է դարձել։
Աստծո սուրբ պատվիրանը կատարող ինքնապաշտպան մարդուն օկուպանտ են անվանում։ Դե եկ ու մի մտածիր, թե այսօր ովքեր են պատերազմի հրձիգները։ Եվ նրանց ցանկանում եմ հարցնել, այդ ո՞վ է օկուպանտը (Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքների վերադարձ), մե՞նք, թե՞ դուք, քաղաքակիրթ աշխարհի պարոնայք տերեր։
Դո՛ւ, Ռուսաստա՛ն, իրավունք ունե՞ս մեզ օկուպանտ անվանելու, երբ օրը ցերեկով քեզնից հարյուրապատիկ թույլին տրորելով, ջախջախելով Գորի հասար և օկուպացրիր նրա տարածքի զգալի մասը։ Դու ազատարար չե՛ս, այդ տարածքների բնակիչներին դու չե՛ս ազատագրել Սաակաշվիլու լծից, դու նրանց անկախություն չե՛ս տալու, պարզապես, ավելի հզոր ավազակի սկզբունքով, խլել ես ուրիշից թալանածը։
Դո՛ւ, Օբամա, բարոյական ո՛ր իրավունքով ես շարունակում Իրաքի ժողովրդի սպանդը։ Ամերիկան ո՜ւր, Աֆղանստանն ո՜ւր։ Տեռորի դե՞մ եք պայքարում։ Ծիծաղելի է։
Ժամանակին Անգլիան նավերով սամպուն էր տանում, տեղը արծաթ, ոսկի քամում (Միքայել Նալբանդյանի խոսքերն են փոքր-ինչ ձևափոխված- Ս. Հ.), իբր թե քաղաքակրթություն էր տարածում։
Հարգելի Օբամա, 1825-ին քո նախապապ (ոչ արնակցական իմաստով) Մոնրոն հայտարարեց. «Ամերիկան` ամերիկացիներին, Եվրոպան` եվրոպացիներին»։ Որովհետև դուք այն ժամանակ թույլ էիք։ Այսօր ամբողջ աշխարհն է ձերը։ Հերկում եք աշխարհը, ինչպես ցանկանում եք։ Համեմատության համար հիշեցնեմ դեռևս XVII դարի աշխարհի խելոքներից մեկի խոսքը` ուղղված աշխարհի տերերին. «Դուք (բուրժուաներիդ նկատի ուներ- Ս.Հ.) ցուցափեղկում ուտելիք եք դնում, իսկ դրսում սոված բանվորը տառապում է սովից։ Այսինքն` պայման եք ստեղծում, որ նա ջարդի ցուցափեղկը և գողություն կատարի։ Հետո նրան դատում և սկսում եք նրան վերադաստիարակել»։
Դուք երկու ժողովուրդներին (մեզ և ադրբեջանցիներին) թշնամի եք դարձրել, իսկ հիմա փորձում եք նավթ չունեցողին դաստիարակել` նրան օկուպանտ անվանելով։ Սարկոզիի մասին ավելորդ եմ համարում որևէ բան ասել։ Ախր ես սիրել և սիրում եմ դը Գոլի Ֆրանսիան։
Եռյակի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությանը տեղի տալ։ Ամերիկան փորձում է իր երբեմնի հավատարիմ ստրուկին (ամերիկյան լրագրողի` Թուրքիային տրված բնութագրումն է) հետ բերել, իսկ կրքոտ պչրուհին դարը մեկ անգամ իր ցանկություններն է ուզում նրանով բավարարել։
Եռյակի հայտարարությունը ոչ թե տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ուղղված փաստաթուղթ է, այլ պատերազմի հրձիգություն, պրովոկատորի ձեռքին ավանտյուրայի գնալու փաստաթուղթ։ Թող որ Էդիկ Նալբանդյանն ուղեղին զոռ տա, կամ հանրապետական Շարմազանովն այդ փաստաթղթով լող տա, միևնույն է, լուրջ մարդը (էլ չեմ ասում դիվանագետը, քաղաքական, պետական գործիչը), լավ է տեսնում այդ փաստաթղթի հեղհեղուկությունը, որ նման հզոր տերությունների նախագահներին ոչ վայել մտքերի տակ ստորագրելիքի արժանի բան չէ դա։
Ի՞նչ է նշանակում ԼՂ-ի հարակից օկուպացված տարածքների վերադարձ։
Իրավաբան Մեդվեդևին կցանկանայի հարցնել` Բեռլինի գրավումն օկուպացիա՞ էր նշանակում։ «Ո՛չ»,- հավանաբար կասեք դուք։ Աբխազիայի, Հարավային Օսիայի գրավումն ի՞նչ էր։ Այդ դեպքերը համեմատելի եզրեր չունեն Ղարաբաղի հետ։ Ադրբեջանում ապրող հայերը չոչնչանալու համար կռվել են ազերիների դեմ և ձեռք են բերել անկախություն։ Ոչ ոք ձեզ չի խնդրում ճանաչել նրա անկախությունը։ Ռուսներիդ էությունն է` կռվացնել և տիրել։
Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ` ապահովելով անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ։
Ո՞րն է այդ միջանկյալ կարգավիճակը։ Ղարաբաղն արդեն որոշել է իր կարգավիճակը։ Նա նորից ինքնորոշվելու կարիք չունի։ Եթե ձեր երկրների զինվորների մայրերը շատ արցունքներ ունեն թափելու հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, դա արդեն ղարաբաղցուն այնքան էլ չի հետաքրքրում։ Ո՞րն է անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքը։ Այն, որ ընդամենը մի երեք ժամով (հիշում եմ աշխարհի մեծագույն հուդայի` Գորբաչովի լկտիությունը, թե սովետական զինվորներն ընդամենը երեք ժամ ուշացան Սումգայիթում) կուշանան ձեր զինվորները, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան իր տարածքով ճանապարհ չի տա, որ... որ... և նորից կհեղվի հայի արյունը։ Ձեր երաշխիքները թող ձեզ մնան։ Այդ ո՛ր հիմարը, երբ արդեն քսան տարի ինքնիշխան է, պետք է գնա և ինքնակառավարման երաշխիքներ ստանա։
Երբ իմաստուններն են երբեմն սխալվում, դա նրանց կարելի է, իսկ քաղաքական գործիչները դրա իրավունքը չունեն։ Ի՞նչ է նշանակում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող միջանցք։
Թուրքն ամեն օր հայտարարում է, որ ներկայիս Հայաստանն իրենց հողերի վրա է։ Դե եկ ու հասկացրու Օբամային, թե հայերս ինչպես պետք է պաշտպանենք այդ միջանցքը։ Չէ՛, եղբայրս, մենք այդ հողի վրա արյուն ենք թափել։ Եթե դուխներդ հերիքում է, լուծեք Կիպրոսի հարցը։ Չի՜ հերիքում, որովհետև այդ անօրեն զավակին դարեր ի վեր աշխարհի հզորները ցանկացել են յուրովի օգտագործել, բայց միշտ օգտագործվողի դերում են եղել։ Մի թուրք դիվանագետ Կիպրոսի հարցով ասել է, թե «ուր մտնում է Մեհմեդիկը սրով, դուրս չի գալիս գրչով»։ Մենք ուրիշի հողը չենք մտել, հետևաբար ո՛չ գրչով և ո՛չ էլ այլ կերպ դուրս գալու ցանկություն չունենք։
Ի՞նչ վերջնական կարգավիճակի կամ արտահայտության մասին է խոսքը։
Ղարաբաղի ժողովուրդը 20 տարի առաջ արտահայտել է իր անկախ և ազատ ապրելու կամքը։ Աշխարհիդ հզորների այդ դիվանագիտական խոսքերը մեզ հայտնի են դեռևս 1875 թվականից։
Հայտարարությունում կա մի հետաքրքիր կետ, որն ավելի հեղհեղուկ, ավելի վերացական է. «Ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք»։
Հետաքրքիր է, դրա մեջ մտնո՞ւմ են Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսային մասերից տեղահանված հայերը, թե՞ միայն Շուշիից, Խոջալուից և Ղարաբաղի այլ վայրերից տեղահանված ազերիները։ Շահումյանի շրջանը, որը բնակեցված էր բացառապես հայերով, Ղարաբաղի հետ ինքնորոշվել էր։ Այստեղ կուզենայի հիշել Անգլիայի կամ, ինչպես դեռևս անվանում են, Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքերը, որն իր հարցազրույցում նշել է, թե այս հակամարտությունը պետք է կարգավորվի հելսինկյան սկզբունքների հիման վրա` ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում։ Կուզենայի հարցնել. Դո՛ւք, Արևմուտքի մարդիկդ, որ ցանկացած փաստաթուղթ երբ ուզում և ինչպես ուզում մեկնաբանում եք (հելսինկյան սկզբունքի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու իրավունք), հետխորհրդային քաղաքացիների հետ ինչպե՞ս եք վարվում։ Եվրոպայի դռները բա՞ց են նրանց առջև։ Հարավսլավիայի տարածքային ամբողջականությունը ոչնչացրիք ՆԱՏՕ-ի ուժերով։ Ձեզ ինչպե՞ս հավատալ։
Հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի որևէ խաղաղարար ուժ տեսնելու Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի վրա, անգամ մեր կարծեցյալ բարեկամ ռուսին։ Դուք վախենում եք Պարսկաստանից և ցանկանում եք Ղարաբաղ խաղաղարար զորք մտցնել։ Այդ զորքը մեզ թշնամի կդարձնի առայժմ մեզ բարեկամ Իրանի հետ։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Ո՞րն է մեր ժողովրդի անելիքը։ Ներշնչել մեր ժողովրդին, որ մենք թույլ չենք և պատերազմի դեպքում ոչ միայն մենակ չենք լինի, այլև ինքնուրույն կարող ենք արժանի հարված տալ թշնամուն։ Չբացեմ փակագծերը և ասեմ, որ ատոմակայանը մեր անվտանգության երաշխիքն է։ Միայն համառ և հաստատուն դիվանագիտությունը մեզ կարող է հանել չոր ափ։ Ի՞նչ էր Ֆրանսիան պատերազմի ժամանակ։ Երբ կապիտուլյացիայի ակտի ստորագրման ժամանակ Կեյտելը տեսել է Ֆրանսիայի պատվիրակին, ակամայից հարցրել է. «Սա՞ ինչ գործ ունի այստեղ»։ Իրոք, Ֆրանսիան պարտված երկիր էր, ի՞նչ գործ ուներ այդտեղ։ Բայց դը Գոլի մաքուր, անկաշառ, չարատավորված լինելը և նրա համառությունը Ֆրանսիան բերեցին հաղթողների շարք։ Մեր երկրի նախագահը ոչ միայն պետք է համառի, այլև հասկացնի, որ այդ հայտարարությունը մեզ համար չէ։
Հավատացած եմ, որ այդ ժամանակ ժողովուրդը կկանգնի նրա թիկունքին։

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ