Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կարո՞ղ ենք այս անգամ ճիշտ ընտրություն անել

Կարո՞ղ ենք այս անգամ ճիշտ ընտրություն անել
29.05.2009 | 00:00

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՇՈՒՐՋ
Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները տարվա առաջին կեսի ամենակարևոր իրադարձությունն էին, որ զբաղեցրին Երևանի հասարակության ուշադրությունը։ Այս հետաքրքրությանն անհամապատասխան, քարոզարշավի շրջանն անցավ մի տեսակ տխուր և անհետաքրքիր։ Եթե նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ քարոզարշավի ժամերին ժողովուրդը չէր հեռանում հեռուստաէկրաններից, այսօր ստանդարտ գովազդային հոլովակներ են պտտվում՝ Մասիսի ու Սասունցի Դավթի ֆոնի վրա, հաճախ դատարկ խոստումներով ու «վառ» երազներով, որ հիշեցնում են մի տեսակ սովետական ժամանակները` շքերթային երաժշտությամբ և հաղթաշունչ կարգախոսներով։
Շատերի մասնակցությունը նույնիսկ մինչև վերջ պատճառաբանված չի կարելի համարել քաղաքական այս ամենահրապուրիչ «միջոցառմանը»։ Օրինակ, ՕԵԿ-ը քաղաքապետ, իհարկե, չի ունենա, քանզի դրա համար պետք է առաջին տեղը զբաղեցնել։ Սակայն նրա համամասնական ցուցակի առաջին դեմք Հեղինե Բիշարյանն ակնհայտորեն քաղաքապետի պայքար է տանում։ Նա իր պատգամավորությունը չի լքի՝ ավագանու անդամ դառնալու համար։ Ինչ է, նրանք մտածում են, թե 40 տոկոս ձա՞յն են ունենալու։
Այնուհանդերձ, եթե դեռ ցանկություն կա «Օրինաց երկրին» ավագանու կազմում տեսնելու, դա, թերևս, նրա ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող Գրիգորի Վահանյանի ներկայությունն է, ով պատկերացնում է, թե ինչ է քաղաքային տնտեսությունը, և եթե նույնիսկ ղեկավարման փորձ չունի, կարող է շատ օգտակար լինել առկա և հեռանկարային լուրջ ծրագրեր մշակելու ու իրականացնելու գործում։
Իսկ Բիշարյանին քաղաքապետի թիվ մեկ թեկնածու ներկայացնելը գրեթե նույնն էր, ինչ առաջին նախագահական ընտրություններում Սոս Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելը։
Դաշնակցությունը քաղաքապետի թեկնածու է ընտրել այս պաշտոնի համար իր հաջող թեկնածուներից մեկին. ոչ շատ քաղաքականացված, իրատեսական, պրակտիկ մասնագիտության տեր։ Սակայն, ցավոք, պոպուլիզմը նրա կերպարի վրա էլ է սկսում ազդել։ Նա այնքան ասելիք, և կարելի է ենթադրել, անելիք ևս ունի, որ պոպուլիզմի կարիքն ամենևին չկա։ Որպես ավագանու անդամ նա կարող է մեծ օգուտ բերել քաղաքի կառավարման աշխատանքում, բայց դրան դարձյալ չի համաձայնի նույն` նախորդ հիմնավորմամբ։ Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է առաջադրվել, դարձյա՞լ վերը նկարագրված կոմպլեքսով՝ մեկ էլ տեսար, առաջին տեղը զբաղեցրինք։ Իրավունք ունեն, իհարկե, բայց հնարավորություննե՜րը...
Այս կուսակցությունն ընդհանրապես քաղաքական հետաքրքիր փուլում է գտնվում։ Երբ վերջերս հրաժարվեց իշխանությունից, ինչ պատճառ ասես բերեցին, շատ անգամ՝ անհեթեթ։ Միայն մի հանգամանք չքննարկվեց՝ իսկապես ո՞ր սկզբունքներից ելնելով են դիմել այդ քայլին։ Իսկ դա, ինչպես էլ նայենք, ՀՅԴ-ին անկախ և ինքնուրույն ուժի կերպ է հաղորդում, ինչի կարիքը շատ ունի մեր ժողովուրդը։ Միևնույն ժամանակ, դաշնակցությունը երկար ժամանակ իշխանության մեջ էր, բայց նրա նախարարները ոչ մի նորություն, ոչ մի առանձնահատուկ ձեռագիր չդրսևորեցին մեր քաղաքական համակարգում։ Իսկ դա ինչպիսի՜ հեղինակություն կբերեր կուսակցությանը։ Չէ՞ որ առիթն ու հնարավորությունն ունեին։
Մասնակիցներից կառավարման ամենամեծ իրավասություններն ունեցել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ քանի որ դեռևս միանշանակ գնահատված չէ նրա ղեկավարման բուռն և դրամատիկ շրջանի գործունեությունը, այսօր էլ նա ունի փրկչի կարգավիճակով հանդես գալու մեծ հնարավորություն։
ՀԱԿ-ի ցուցակում առաջին տասնյակից առնվազն հինգ հոգի կարող են մեծապես հավակնել Երևանի քաղաքապետության, սկսած սոլիդ և քաղաքական կյանքում իրեն միշտ բարձր պահած Դեմիրճյանից, վերջացրած Սուրեն Աբրահամյանով։ Բայց սրանք նույնպես քաղաքապետից ցածր ոչնչի չեն համաձայնի։ Զարմանալի է, որ դաշինքի ցուցակում չեն հայտնվել քաղաքային կառավարման աշխատանքի իրական փորձ և կարողություններ ունեցող ՀԱԿ-ի անդամները, իսկ պատահականները շատացել են։
Հաջողության հասնելուն խանգարելու է այն, որ ՀԱԿ-ում հեղափոխական էքստազի մեջ լավ չեն պատկերացնում այսօրվա ընտրությունների շարժիչ ուժը։ Իրենց ասպարեզը համարում են գաղափարախոսությունը, իսկ գլխավոր խոչընդոտը` խախտումները և այս հիմքի վրա էլ կառուցել են իրենց ընտրապայքարը։ Արդյունքում կարող է դարձյալ այնպես ստացվել, որ դիտորդները ևս հաստատեն ընտրությունների արդյունքները, որտեղ նրանք իրենց սպասածից շատ ավելի քիչ տեղեր կստանան։
Ընտրապայքարի մեջ մտնելով, ՀԱԿ-ում, այնուամենայնիվ, լավ չեն ուսումնասիրել՝ ինչ ուժ է այսօր հանրապետական կոչվող երևույթը։ Մինչդեռ նրանց մեծ մասն իրենց միջից է դուրս եկել, և պետք է որ նրանց կարողությունները լավ ճանաչեին։
Իշխող կուսակցությունը՝ հանրապետականը, այսօր առաջ է քաշել ամենաանցողիկ թեկնածուներին՝ Երևանի երկու ամենահաջող համայնքների ղեկավարներին։ Արդյունքում, այսօրվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընտրությունների հիմնական ֆավորիտն է համարվում։ Չի կարելի ժխտել, որ նա քաղաքի էնտուզիաստն է, բնածին պատվախնդրություն ունի, որը շատ կարևոր է ղեկավարի համար, ինչը ժողովուրդը զգում է անգամ ենթագիտակցությամբ։
Ասում են՝ այս կուսակցության ընտրած բակային հանդիպումների մեթոդը պրիմիտիվ էր։ Այդ մասին կարող է խոսել դրանց մասնակցողը միայն։ Երկու անգամ մասնակցել եմ և զգացել, որ բնակչի ու քաղաքապետի թեկնածուի միջև հաջողվում է սերտ կապ և համակրանք ստեղծել։ Եվ արդյունքում գուցե այս «աննշան» հանդիպումները, որոնց Բեգլարյանը հաճախ ներկայանում է առանց փողկապի, որ իրեն նույնքան սազում է, ծանոթանում ժողովրդի օրվա խնդիրների հետ ու նաև անմիջապես լուծումներ տալիս։ Դա ավելի մեծ նշանակություն է ստանում, քան մյուսների «տոնածառի մարդաշատ հանդես» հիշեցնող ցերեկույթները՝ հրավիրված հանդիսատեսով և ճոխ կազմակերպչական միջոցառումներով։ Եվ, իհարկե, հանրապետականի թեկնածուն մենեջեր է ու կազմակերպիչ՝ մեծամասնությունից առնվազն ոչ վատ և մեծ փորձառությամբ։
Մի հանգամանք էլ, որ կապված է նրա խառնվածքի հետ։ Թվում է` իշխանության բոլոր իրական և հնարավոր թեկնածուների մեջ այս գործիչն ամենից ավելի է ընդունակ օգտվելու քաղաքապետի նոր՝ ընտրովի կարգավիճակից և դառնալու ինքնուրույն, անկախ, պատվերներ չկատարող ֆիգուր։ Նա չի շահարկում կուսակցական մասնակցությունը, այլ ցանկանում է իր ուղղակի, անձնական հատկանիշներով երևալ ժողովրդին: Ժողովրդի հետ նրա հանդիպումները չափազանց բնական են, շատ ավելի մարդամոտ ու անմիջական, քան Տեր-Պետրոսյանի, Բիշարյանի, ԲՀԿ-ի, նույնիսկ Կարապետիչի դեպքում։ Անգամ Արծվիկ Մինասյանը որոշակի պաշտոնականություն ու անջատող շերտ էր թողնում իր և ժողովրդի միջև՝ նոր-նոր որդեգրած սոցիալ-հեղափոխական պաթոսով և գաղափարական կեցվածքով։
Որպես կանոն, իշխանության ընտրյալները միշտ պրոբլեմներ են ունենում իրենց շրջապատի պատճառով։ Բեգլարյանը դա անվանում է «արջի ծառայություններ»։ ՀՀԿ-ի քարոզարշավի շատ մասնակիցներ չեն կարողանում ընկալել նրա՝ չափազանցություններ չսիրող, ժողովրդի առջև համեստ, անգամ խոնարհ, բայց ընդգծված արժանապատիվ կեցվածքը։ Արժանին պետք է մատուցել նրան, որ լինելով իշխանության ներկայացուցիչը, դիմացավ և հավասարակշռությունը չկորցրեց իր շուրջը պնդերեսորեն խռնվող մեր նորօրյա ամենամոդայիկ մասնագիտության ներկայացուցիչների՝ «իմիջմեյքերների» և «փիառշիկների» անխոնջ գրոհներին, պահպանելով անհատական դիմագիծը։ Մի հանդիպման ժամանակ մեկը կողքիցս ճիշտ նկատեց՝ հլա ընտրվի, տես ոնց է ամեն մեկին իր տեղը դնելու։
Ամենապարզը ԲՀԿ-ի դիրքորոշումն էր: Հասարակ ժողովուրդը սովորական իրավիճակներում երկու գերակա արժեք է հասկանում՝ փող և իշխանություն, մի զգալի մասն էլ պաշտամունքային վերաբերմունք ունի դրանց տիրողների նկատմամբ։ Անգամ ամենաընչազուրկները, որոնք նկարի վրա պատկերված կրակը տեսնելով, կարծում են, թե իրենք էլ կարող են տաքանալ։ Հատկապե՛ս նրանք։ Պարտադիր չէ, որ այս անգամ էլ մեծ փողեր բաժանվեն. այս խավը դրա միայն «հոտից» արդեն բնազդաբար ձգվում է այդ կողմ։
Մեզ մոտ սովորույթ է ձևավորվել՝ իշխանության մասին խոսել կա՛մ վատ, կա՛մ ոչինչ։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը դեռ չի մեռել՝ կենդանի է։ Եվ իր ներկայությունը ցույց կտա շուտով։ Այն էլ ինչպե՜ս։
Ափսոսում եմ, որ այս քարոզարշավում դրական մի ուժ մնաց մոռացության մեջ՝ «Ժառանգություն» կուսակցությունը, իր «ավագ եղբոր» նկատմամբ ասպետական վերաբերմունքի պատճառով, որ քիչ է պատահում մեր քաղաքական կյանքում։ Շատ կուզեինք քաղաքի ավագանիում «Ժառանգության» ներկայացուցիչներից էլ տեսնել։ Ավաղ։ Բայց նրանք դեռ անելիք ունեն` ընտրությունները վերահսկելու գործում։
Կարո՞ղ ենք այս անգամ ճիշտ ընտրություն կատարել։ Արդյո՞ք ի զորու ենք դրան։ Մենք մեզ համար պարզե՞լ ենք՝ ով է եղել անկախության շրջանի ամենալավ քաղաքապետը։ Եթե գոնե սա որոշած լինեինք, այսօր որոշ նախկին քաղաքապետեր պարզապես չէին խառնվի ընտրապայքարին և չէին խոսի աղբահանության ու կանաչապատման մասին։ Պետք է ուղղակի լռեին։ Իսկ մենք... Մենք այսօր ընդամենը զբաղված ենք պարզելով, թե 40 տարի առաջ ինչ լավ քաղաքապետ ենք ունեցել։ Քիչ-քիչ առաջ ենք գնում։ Գուցե մի օր էլ կգա, որ այսօր մեր շրջապատին նայենք։ Իհարկե, ո՛չ «գնա մեռի, արի սիրեմ» ավանդական սկզբունքով։
Այս անգամ բոլոր մասնակից քաղաքական ուժերի ամենամեծ արժանիքն էր, որ քարոզարշավի փուլը համեմատաբար տակտով անցավ։ Գուցե դա բացատրվի մեր հասարակության քաղաքակրթվածության մակարդակի աճով։ Ի վերջո, արդեն 20 տարի է անկախ պետականություն ունեցող ժողովուրդ ենք։ Չնայած չգիտեմ՝ որքան է դա ազդել մեր քաղաքակրթվածության վրա։ Ընդդիմության «գենետիկական» չարատեսությունն ու ներիշխանական մանկլավիկների բախումներն ուռճացնելու կարիք ամենևին չկա։ Տեսնում ենք` ինչպես են ԱՄՆ-ում, Կորեայում, Ճապոնիայում, Վրաստանում իրար ծեծում «քաղաքական նկատառումներով»։ Եվրոպայում տորթ են քսում պաշտոնյայի երեսին կամ ձվեր նետում։ Մենք այդպիսի «ղզիկություններ» չենք սիրում։ Եթե մեկն աչքներիս «սխալ» է, «ռազբիրատները» ազգային ավանդույթ են՝ համապատասխան ելքերով։ Այ, եթե դրանք զարգանան ընտրությունների ընթացքում ևս, կարող են իրական վտանգ ներկայացնել հասարակության համար։ Ընդդիմության մասնակցությամբ՝ դա հեղաշրջման է տանում, իշխանության մասնակցությամբ՝ քաղաքացիական պատերազմի։ Եվ քանի որ սովորել ենք մեր քաղաքական գործընթացները դիտարկել միայն արտաքին կարծրատիպերի տեսանկյունից, դեռ շատ պիտի երազենք, որ ընտրությունները մեր շահերի իրական արտացոլումը դառնան։
Սահակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երևանի քաղաքացի

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ