ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՎԱՐՈՒՄ Է ԶՈՒԳԱԿՇԻՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՎԱՐՈՒՄ Է ԶՈՒԳԱԿՇԻՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
10.09.2010 | 00:00

Վերջին քսան տարիներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ռուսաստանը չի կարող տարածաշրջաններում վարել զուգակշիռ քաղաքականություն, այսինքն, մրցակիցների հետ հավասարաչափ հարաբերություններ ծավալել։ Ռուսաստանն այդքան մեծ ազդեցություն չունի, փոխարենն ունի չափազանց շատ խնդիրներ և չի կարող իրեն թույլ տալ հրաժարվելու զուգակշռության քաղաքականությունից, այսինքն` շեշտը դնելու կողմերից մեկի վրա և, հենվելով վերջինիս, ազդեցություն գործել ամբողջ տարածաշրջանում։ Ռուսաստանի ներկա ղեկավարությունն ափսոսանքով է հիշում ԽՍՀՄ-ի տարածաշրջանային քաղաքականությունը, երբ զուգակշռության սկզբունքը թուլացնում էր նրա դիրքերը և թույլ չէր տալիս պատշաճ քայլեր կատարել արտաքին քաղաքականության մեջ։ Դրա հետ մեկտեղ, ժամանակակից Ռուսաստանն այնքան ազդեցիկ տերություն չէ, որքան ԽՍՀՄ-ը, իսկ զուգակշռության նրա քաղաքականությունը հանգեցրել է ազդեցության կորստի Բալկաններում ու Մերձավոր Արևելքում։ Կովկասում արձագանքն ավելի անկանխատեսելի կլինի։ Այժմ պաշտոնական տեղեկություն է տարածվել Ադրբեջանին Ս-300 ԶՀՀ երկու դիվիզիոն մատակարարելու Ռուսաստանի մտադրությունների մասին, ինչն արդեն բուռն բանավեճ է առաջացրել Հայաստանում, որն իրեն դավաճանված է համարում։
Միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ է ձգտում Հարավային Կովկասում վարել «մերի ու ձերի» քաղաքականություն, և նրան հաճելի է Մոսկվայում իրեն զգալ Ադրբեջանի լոբբիստների պարագլխի դերում։ Բառացիորեն բոլորն են ուզում վաստակել տարածաշրջանում ռուսական հնարավորությունները մրցակիցներին ցույց տալու իրավունքը։ Ռուսաստանը միշտ էլ նպատակ է ունեցել Հարավային Կովկասում վարելու հենց այդպիսի երկկողմ քաղաքականություն և համբերատար սպասել է, թե Ադրբեջանը երբ կվերադառնա իր հետ մերձենալու հարցին։ Այսինքն, հենվելով Հայաստանի հետ իր համար առավել հուսալի հարաբերությունների վրա, Ռուսաստանը ձեռնածում է տարածաշրջանում, ընդ որում, միանգամայն հնարավոր համարելով պատերազմական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, երբ ակնհայտ կդառնա Ռուսաստանի ու Հայաստանի միջև փոխօգնության պայմանագրի և ՀԱՊԿ-ի լիակատար անիմաստությունը։ Գյումրիի ռուսական ռազմաբազայի խնդիրների փոփոխման մասին ամբողջ դատարկախոսությունը ցանկացած պարագայում դատարկախոսություն էլ կմնա։ Նրա հաշվարկներով` պատերազմը կհանգեցնի ոչ թե տարածաշրջանում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ուժեղացմանը, այլ Ռուսաստանի ազդեցության մեծացմանը։ Ռուսաստանը կցանկանար համոզել Հայաստանին հաշտվելու Ադրբեջանի հետ` Ղարաբաղի մասնակի կամ լրիվ ու վերջնական կորստյան հեռանկարով, ինչն Ադրբեջանը ռուսական քաղաքականության ծիրում ընդգրկելու պայման է։ Ռուսներն առաջվա նման համոզված են իրենց անպատժելիության մեջ։ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետությունները չի ընկալում որպես դաշնակիցներ, և, առհասարակ, նրանց կարիքը չունի որպես գործընկերների, հասկանալով, որ նման դաշնակիցներ չեն կարող լինել։ ՈՒկրաինայի իրադարձությունները նկատելիորեն ոգեշնչել են ռուսներին, թեև նրանք հասկանում են այդ երկրի հետ հարաբերությունների հեղհեղուկ լինելը։ Միաժամանակ, Բելառուսի վարքագիծը Ռուսաստանին համոզում է, որ անիմաստ է ինչ-որ դաշինքներ ստեղծել «հոգեհարազատ» ժողովուրդների ու պետությունների հետ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության այդ հետևությունները վաղուց էին սպասվում, և մենք վկաներն ենք իրեն գերազանցելու, նոր դաշնակիցներ ու գործընկերներ ապահովելու ռուսների փորձերի, ի դեմս «վճարունակ» պետությունների։ Ընդ որում, այդ գաղափարը, որն ակնհայտորեն պայմանավորված է Թուրքիայի նոր արտաքին քաղաքական կուրսով, ռուսները ձգտում են ներկայացնել որպես եվրասիական դոկտրին։ Ս-300 համակարգի վերաբերյալ գործարքում սկզբունքորեն ոչ մի նոր բան չկա, համենայն դեպս, քաղաքական իմաստով, քանի որ Ռուսաստանը, փաստորեն, միշտ գործակցել է Ադրբեջանի հետ պաշտպանական, առաջին հերթին, սպառազինությունների մատակարարման ոլորտում։ Միաժամանակ Ռուսաստանն ամեն կերպ անտեսել է սպառազինություն ստանալու Հայաստանի շահերը։ Լայն լսարանին հայտնի են այդ առիթով ծագած մեկ կամ երկու աղմկոտ միջադեպեր, բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում նման ամոթալի դրվագներ շատ են եղել և տևել են բավականին երկար։ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները միշտ էլ կառուցվել են` հաշվի առնելով նրա հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց ոչ երբեք` հակառակը։ Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար, և չպետք է այդ մտադրությունների առթիվ ակնկալել տարածաշրջանի որևէ պետության, այդ թվում` Իրանի, Թուրքիայի հիացմունքը։ Հետաքրքիր կլիներ պարզել, թե դրան ինչպես կվերաբերվի ԱՄՆ-ը` որպես Ռուսաստանի ու Ադրբեջանի հավելյալ մերձեցո՞ւմ, թե՞ հակառակը, որպես Ադրբեջանի հաղորդուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության ուժեղացում։ Միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը պատրաստվում է մի լավ շահարկել իրավիճակն Իրանի հաշվին և դուր գալ եվրոպական գործընկերներին, միաժամանակ նաև ամերիկացիներին։ Ժամանակը ցույց կտա, իսկ առայժմ հարկավոր է հասկանալ, որ Հայաստանն ուզում են դարձնել Ռուսաստանի անբարբառ արբանյակ, ինչն արդեն ձեռնտու կլինի և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Եթե անգամ Ս-300 համակարգը չփոխանցվի էլ Ադրբեջանին, ապա այն, որ Ռուսաստանը հնարավոր է համարել դա, էական ու անդառնալի իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում. հանգուցալուծում է սկսվել, և դա շատ լավ է։ Իհարկե, եթե Հայաստանի իշխանություններն ու սփյուռքի կազմակերպությունները չվարեին այդքան բովանդակազուրկ ու պարտվողական քաղաքականություն և երկիրը չներքաշեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված պարտավորությունների մեջ, ինչպես նաև անվճռական դիրք բռնեին Ռուսաստանի հետ հարաբերություններում, ապա հնարավոր կլիներ խուսափել այսքան ողբալի հետևանքներից։
Չնայած այն «դասական» պնդմանը, թե քաղաքականությունն ու փողը փոխկապակցված են, իրականում, եթե պետությունը պատրաստ է հանուն փողի զոհաբերելու քաղաքական նպատակները, դա նշանակում է այս կամ այն չափով վնաս հասցնել իր արտաքին քաղաքականությանը։ Այս կամ այն երկրին Ռուսաստանի կողմից տարբեր զինատեսակների մատակարարման շուրջ չափազանց շատ են խաղարկվում քաղաքական շարժառիթները, ինչն իրականում դարձել է մաշված ու ամենևին չարդարացված մի բանավեճ։ Իրեն` Ռուսաստանին, սպառազինությունների առևտրի շուրջ քաղաքական շարժառիթների ծավալումը շատ նախընտրելի է թվում։ Քաղաքականությունը միշտ էլ կարելի է արդարացնել, այդ թվում` մեծ ու փոքր գործընկերների հետ երկխոսության ընթացքում։ Քաղաքականությունը բացատրում է այնպիսի բաներ, ինչպիսիք են այս կամ այն պետության շահերի ու անվտանգության պաշտպանությունը, գործընկերային հարաբերությունների հաստատման, մրցակից պետությունների միջև տարածաշրջաններում ուժերի հավասարակշռության անհրաժեշտությունը։ Սպառազինությունների վաճառքի շնորհիվ դրամական եկամուտներ ստանալը միանգամայն թույլատրելի, միանգամայն հասկանալի ու ժամանակակից աշխարհում ընդունված բան է, բայց, միևնույն է, այսպես թե այնպես, դրանից վատ հոտ է գալիս, հատկապես, եթե խոսքը վերաբերում է բացահայտորեն ագրեսիվ տրամադրված պետություններին սպառազինությունների մատակարարմանը։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում մանրամասնորեն քննարկվել են այն արտաքին արձագանքները, որոնք հնարավոր են Ադրբեջանին Ս-300 ԶՀՀ-ի մատակարարումներից հետո։ Եղած տեղեկությունների համաձայն, աշխատակազմի ղեկավարի` արտաքին քաղաքական հարցերի գծով տեղակալ Սերգեյ Պրիխոդկոյի կարգադրությամբ, ռուսական լրատվամիջոցները չպետք է շեշտադրեն այդ թեման, իսկ որոշ փորձագետներ, ովքեր կապված են հեղինակավոր լրատվամիջոցների հետ, հանձնարարություն են ստացել ֆինանսական առումով դատողություններ չանել այդ մատակարարումների վերաբերյալ։ Քարոզչության ոլորտում այդ թեմայի քաղաքականացումը միանգամայն խրախուսվում է և արժանանում ռուսական իշխանությունների հավանությանը։
Ներկայումս Ռուսաստանում սպառազինությունների արտահանումը, ինչպես նաև սպառազինությունների արտադրության ընդլայնման գործում առաջնայնությունների ընտրությունը ծայրաստիճան «տնտեսականացվել» են, և նրանք, ովքեր այժմ զբաղվում են այդ ոլորտով, նախընտրում են առավելագույնս անտեսել քաղաքական շահերը սպառազինությունների արտահանման գործում` ի շահ եկամուտների ստացման։ Սա հատկապես զգալի դարձավ 2006-ից հետո, երբ այդ ճյուղում կադրային փոփոխություններ կատարվեցին։ «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարության և այդ պետական ընկերության լոբբիստների դիրքերի ուժեղացումը հանգեցրեց նրան, որ պաշտպանության նախարարությունը, որպես այդպիսին, կորցրեց իր ազդեցությունը զենքի արտադրության ու արտահանման գործում որոշումների ընդունման վրա։ Ռազմարդյունաբերության ոլորտում իր դիրքերը կորցրած Սերգեյ Իվանովը, որն ամենևին էլ զերծ չէր ֆինանսական հավակնություններից, բայց փորձում էր «պաշտպանել» պաշտպանության նախարարության շահերը, դրանով իսկ ամրապնդելով իր անձնական դիրքերը, տանուլ տվեց այդ ոլորտում ազդեցության կոշտ պայքարում։ Եթե առաջ սպառազինությունների արտահանության քաղաքականության մեջ որևէ բանավեճ էր տեղի ունենում, ապա հիմա ոչ մի այդպիսի բանավեճ էլ չկա, իսկ որոշ տեղեկությունների համաձայն` սպառազինությունների արտահանության վերաբերյալ որոշումների ընդունման վրա նկատելի ազդեցություն է սկսել գործել առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը, որը քաղաքական բնույթի ծայրաստիճան կոռումպացված լոբբիստ է։
Սպառազինությունների արտահանումը Ռուսաստանի արտահանության կարևորագույն հոդվածն է, և նա հաջողությամբ մրցակցում է այդ ոլորտում ԱՄՆ-ի հետ։ 2009-ին «Ռոսօբորոնէքսպորտը» սպառազինությունների վաճառքից 7,4 մլրդ դոլար եկամուտ է ստացել, բայց ամենավերջին տարիներին Ռուսաստանն ԱՄՆ-ին որոշ չափով զիջել է այդ բնագավառում։ 2005-2009 թթ. Ռուսաստանին ընկել է սպառազինության շուկայի 24 տոկոսը, մինչդեռ ԱՄՆ-ին բաժին է հասել 30 տոկոսը։ Իսկ 2001-2005 թթ. Ռուսաստանի բաժինը կազմում էր շուկայի 31 տոկոսը, իսկ ԱՄՆ-ինը` 30։ Այս կապակցությամբ սպառազինությունների արտահանության հաջող աճ ապահովող գերատեսչությունների առջև խնդիր է դրված ընդլայնելու արտահանությունը։ Ընդ որում, սպառազինությունների արտահանման կարևորագույն ուղղություն պետք է դառնան ԱՊՀ պետությունները, որտեղ Ռուսաստանն ավանդական դիրքեր ունի։ Այստեղ առավել վճարունակ երկրներն են Ղազախստանն ու Ադրբեջանը։ Միաժամանակ, այս ոլորտում շատ հաջող գործընկեր կարող է դառնալ Թուրքիան, որը ժամանակին ֆինանսական ու քաղաքական նկատառումներով այդպես էլ չկարողացավ իրականացնել լրացուցիչ սպառազինման իր հավակնոտ ծրագիրը։ Հատկապես կարևոր է թվում ԶՀՀ համալիրի արտահանումը, և Ռուսաստանը հույս ունի զգալիորեն շահել այդ ուղղությամբ։
Եթե գնահատելու լինենք Ադրբեջանի վրա ազդեցության առումով Ռուսաստանի քաղաքական ու աշխարհատնտեսական հնարավորությունները, նպատակ ունենալով, օրինակ, ձախողել «Նաբուկո» ծրագիրը, ապա նա շատ այլ ռեսուրսներ էլ ունի, բացի սպառազինությունների մատակարարումներից, ուստի Ադրբեջանին Ս-300 ԶՀՀ-ի մատակարարումը համարել քաղաքական ազդեցության գործիք ճիշտ չի լինի։ Ռուսական վերնախավն այնքան ագահ է ու մանրախնդիր, որ ծայրաստիճան նախանձով է վերաբերվում անգամ ԱՊՀ գծով իր հարևաններին ուրիշ պետությունների կողմից սպառազինությունների անգամ աննշան մրցակցային մատակարարումներին։ Մոսկվան մեկ անգամ չէ, որ սադրանքներ է սարքել Հայաստանին մի շարք նախկին խորհրդային հանրապետությունների կողմից սպառազինությունների շատ աննշան մատակարարումների առթիվ։ Լավ հայտնի է 2001-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում տպագրված ստոր հոդվածը։ Ինչպես հայտնի է, բացի Ադրբեջանին Ս-300-ի մատակարարումից, ռուսներն այդ համալիրներն ուզում են վաճառել նաև Թուրքիային։ Ինչի՞ է հանգեցնելու այս ագահությունը, ինչպե՞ս կարող են այդքան ագահ քաղաքական գործիչները ղեկավարել մի վիթխարի պետություն, որը հավակնում է արմատական դեր խաղալու աշխարհում։
Հակառակ ռուս վայ-քաղաքագետների հայ «փաստաբանների» ամեն կարգի փաստարկների, Ադրբեջանին Ս-300 ԶՀՀ-ի մատակարարումները, անկասկած, կուժեղացնեն նրան և այդ երկրի նշանակությունը կմեծացնեն տարածաշրջանում, երբ ազերիներն իրենց ավելի պաշտպանված ու անպատիժ զգան։ Ռուս փորձագետները վաղուց կասկածի տակ են առել ռուս-հայկական հարաբերությունների ռազմավարական բնույթը, նախապատրաստելով լեգալացնել Հայաստանի շահերի «հանձնումը»։ Ռուսաստանի կողմից Հայաստանին ինչ-որ արդիական սպառազինությունների սպասվող մատակարարումները սոսկ չկայացած քաղաքագետների շատախոսություն են։
Ադրբեջանին Ս-300 ԶՀՀ-ի հնարավոր մատակարարման մասին Հայաստանի իշխանամետ փորձագետների կարծիքը բաժանված է երկու մասի։ Ոմանք շտապեցին փաստարկներ բերել, թե ազերիների հետ ռուսների այս գործարքը չի վնասի Հայաստանին։ Ոմանք էլ սկսեցին, բացարձակապես առանց պատշաճ հիմնավորման, ապացուցել, թե Ադրբեջանի հետ Ռուսաստանի նման պարտավորություն գոյություն չունի։ Ի դեպ, պաշտոնական, այսպես կոչված, քաղաքական հետազոտական հիմնարկներից և ոչ մեկն այդպես էլ այդ խնդրին որևէ գնահատական չի տվել։ Ի՞նչ է իրականում կատարվում։ Սկսենք նրանից, որ 2001-2002 թթ. Ռուսաստանն ու Ադրբեջանն արդեն պարտավորություններ ունեցել են, և Ադրբեջանին ռուսական զինամատակարարումներ են կատարվել։ Ռուսաստանը միշտ էլ սպառազինությունն Ադրբեջանին իրացրել է ՈՒկրաինայի միջոցով, քանի որ ուկրաինական մատակարարումները հնարավոր էին համալրող արտադրանքի առկայության պատճառով, որ նրան առաքում էր Ռուսաստանը։ Փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, Բաքու կատարած այցի ժամանակ, փաստորեն, Ադրբեջանին զինամատակարարման լայն ծրագիր առաջարկեց, ընդ որում` արտոնյալ գներով։ Այդ բանակցությունները վերաբերում էին նաև Ս-300-ին։ 2008-ի նոյեմբերի սկզբին, Մայնդորֆում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին, Դ. Մեդվեդևի և Ի. Ալիևի միջև տեղի ունեցած զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ ինքը լիովին հնարավոր է համարում Ադրբեջանին Ս-300-ի և արդիական այլ սպառազինությունների մատակարարումը։ Ինչպես և Իրանի դեպքում, Ռուսաստանը փորձում էր այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանին մղել բանակցությունների` այդ հարցի քննարկումների լաբիրինթոսում։ Պետերբուրգյան հանդիպմանը Ի. Ալիևը ներկայացավ առանց Դ. Մեդվեդևի կողմից Ս-300 համակարգի առթիվ որևէ կոնկրետ խոստում ունենալու։ Ներկայումս ոչ մի կասկած չկա, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև լուրջ համաձայնություն կա այդ մատակարարումների վերաբերյալ։ Բոլոր այն պնդումները, թե ստորագրված պայմանագրեր չկան, ամենևին չեն խոսում նման մտադրությունների բացակայության մասին։ Կան քաղաքական պայմանավորվածություններ, մտադրություններ, Ռուսաստանն ինքն էլ է շահագրգռված այդ լուրերի տարածմամբ։ Ադրբեջանը վերջին երկու տարում այդ գործարքի կայացման ուղղությամբ լուրջ բարեխոսական գործունեություն է ծավալել` գործի դնելով ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլև Ռուսաստանի մտավոր կենտրոնները, որոնք ազերիները հաջողությամբ գնել են։ Դրանք են, օրինակ, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտը, ՄՊՀ-ն, ՄՄՀՊԻ-ն, ՌՊՀՀ, ինչպես նաև մի շարք ազդեցիկ լրատվամիջոցներ` «Կոմերսանտ»-ն ու «թՈջպՑՈ.Րց»-ն։ Սակայն ոմն Աղաև, որին Մոսկվայի ազերիներն անվանում են «Նա», 2009 թ. այսպես է արտահայտվել. «Մեր ինչի՞ն են պետք ամեն տեսակ լոբբիստները, որոնք միայն փող են խժռում, երբ Ռուսաստանում մեր գլխավոր լոբբիստը Դ. Մեդվեդևն է։ Նախագահը պետք է լինի մեր լոբբիստը, համար մեկ լոբբիստը»։
(շարունակելի)
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ