ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ Է»

«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ Է»
18.06.2010 | 00:00

Հունիսի 16-ին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, պետական ավարտական և միասնական քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախագահ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ «Իրավունք de facto» ակումբում հանդիպեց լրագրողների հետ։ Փոխնախարարը ներկայացրեց քննությունների ընթացքը։ Լրագրողներին հիմնականում հետաքրքրում էին «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի քննության հետ առնչվող հարցերը: Ըստ փոխնախարարի՝ այս առարկայի շուրջ ստեղծված աղմուկը արհեստածին է։ Դիմելով լրագրողներին՝ նա մասնավորապես ասաց. «Այն, ինչ կատարվեց «Հայոց լեզու, հայ գրականություն» քննությունից հետո, նկատի ունեմ այն լարվածությունը, հասարակական թվացյալ հնչեղությունը, մթնոլորտի նյարդայնացումը, խորապես համոզված եմ՝ արհեստածին էր, և այստեղ բոլորն ունեն մեղքի իրենց բաժինը»։ Եվ այս լարվածությունը հանգեցրել է նրան, որ մաթեմատիկայից քննություն հանձնող մի աղջիկ քննության մեկնարկից մոտ կես ժամ անց ընկել է հիստերիայի մեջ և սկսել բղավել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք հնչել են զանգվածային լրատվամիջոցներով։ Աղջկան, իհարկե, տարել են բժշկի սենյակ, հանգստացրել, ինչից հետո նա շարունակել է քննությունը։ Մանուկ Մկրտչյանը կարծում է, որ քննաշրջանի ընթացքում երեխաներին և հասարակությանը գրգռելն ուղղակի իմաստ չունի. «Ցանկացած հարց հնարավոր է հանգիստ վերլուծել, լուծել և՛ երեխաների օգտին, և՛ արդարության սկզբունքով։ ՈՒղղակի ինտրիգներ սիրող բոլոր մարդիկ պետք է հասկանան, որ մենք գործ ունենք երեխաների հետ»։
Փոխնախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց այն սկզբունքները, որոնք հաշվի առնելով էլ կազմվում են թեստերը. «Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպում և անցկացնում է քննություններ։ ԳԹԿ-ն պետք է ապահովի թեստերի որակյալ կազմումը, գաղտնիությունը, քննությունների նորմալ ընթացքը, ուղեցույցների նախապես մշակումը և բաժանումը։ Գնահատման և թեստավորման կենտրոնը պարտավոր է ուղեցույցը մշակողի հետ քննարկել, իր շրջանակներն ու սկզբունքները ներկայացնել և հանձնարարել։ Այսինքն՝ քաղաքականությունը մշակում, շրջանակներն ու սկզբունքները տալիս է գնահատման և թեստավորման կենտրոնը։ Եվ դա պետական քաղաքականություն է։ Համարվում է, որ եթե թեստը որակյալ է, շատ թե քիչ կարողանում է ճիշտ արտացոլել երեխաների գիտելիքները և հայտնաբերում է ուժեղ ու թույլ դիմորդներին, ապա միջին գնահատականը պետք է լինի 11-14-ի սահմաններում։ Այդպիսի պատվեր է տրվում թեստ կազմողին»: Իսկ այդ պահանջները կատարելու համար թեստ կազմողները պետք է փորձառու լինեն, ներգրավված քննական գործընթացներում և ուղեցույցների մշակման գործում, շփում ունենան աշակերտների հետ, համագործակցեն ուսուցիչների հետ, մարդիկ, ովքեր կպատկերացնեն, թե ինչպիսի հարցերի դեպքում մոտավորապես ինչպիսի մակարդակ կարող է ստացվել։
Մանուկ Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ հայոց լեզվի և գրականության թեստերի որոշ առաջադրանքների շուրջ թեստի հեղինակներն ու քննադատները եկել են որոշակի համաձայնության։ «Դա մեկ առաջադրանք չէ, բայց շատ էլ չէ։ Որպեսզի ավելորդ հույսեր շատերը չունենան, ասեմ, որ խոսքը 3-4 առաջադրանքի մասին է, ինչը 20-բալանոց սանդղակով նշանակում է 0,5-1 բալ»։
Անդրադառնալով քննությանը տրվող 180 րոպե ժամանակին՝ Մանուկ Մկրտչյանը նշեց, որ այս հարցը քննարկվել է երկար, և երեք ժամի մասին որոշումն ընդունվել է հատուկ հետազոտությունների և փաստերի հիման վրա։ Ըստ նրա՝ 180 րոպեն ամենաօպտիմալ ժամանակն է։ «Այս երեք տարվա քննությունների ժամանակ բոլոր կազմակերպիչները մատնանշում են, որ երեք ժամից հետո ոչ մի երեխա չի աշխատում։ Չորրորդ ժամում ընդհանրապես աշխատանք չի գնում, չորրորդ ժամը դառնում է անկառավարելի, որովհետև չորրորդ ժամը դիմորդների մեծ մասն օգտագործում է այստեղից-այնտեղից ինչ-որ բան կորզելու համար»,- նշեց Մանուկ Մկրտչյանը։
Ի վերջո, ում էր ձեռնտու բարձրացված այս աղմուկը և ի՞նչ նպատակ ուներ։ Պարոն Մկրտչյանը մեղավորներին գտնելու համար խորհուրդ տվեց փնտրել և գտնել այն մարդկանց, ովքեր այս ամենից իրենց PR-ն արեցին. «Եթե այդքան շատ ընդդիմադիրներ կան, ինչո՞ւ է միշտ 2-3 հոգի մասնակցում ինչ-որ հաղորդումների։ Ի՞նչ է, մենք ուրիշ քննադատողներ չունե՞նք։ Եթե այս կողմից նայենք հարցին, կպարզենք, թե ում էր ձեռնտու»։
Ասուլիսում հարց հնչեց, թե ինչ կապ ունի Մանուկ Մկրտչյանը «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հետ։ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի անդամ եմ ես,- նշեց կրթության և գիտության փոխնախարարը,- «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ գիտությունների պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Արարատբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։ Հիմնադիր խորհուրդը որոշել է, որ ի պաշտոնե նաև խորհրդի անդամ պետք է լինի ՀՀ կրթության և գիտության նախարարը։ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը ստեղծել է Բարսեղ Բեգլարյանը։ Հիմնադրամը շատ միջոցառումներ է կազմակերպել, և «Բարեպաշտ սերնդի» հիմնական սկզբունքները հայտարարված են»։ Լրագրողի այն պնդմանը, թե քննական գործընթացի վրա Բարսեղ Բեգլարյանը բավականին մեծ ազդեցություն ունի, ինչն իրականացվում է Մանուկ Մկրտչյանի միջոցով, ԿԳ փոխնախարարը պատասխանեց. «Դա անհարգալից վերաբերմունք է «Բարեպաշտ սերնդի» հիմնադրի նկատմամբ, որովհետև ինքը սահմանել է իր սկզբունքները։ Նա չի խառնվում այդ հարցերին, առավել ևս իմ միջոցով։ Դրանք հերյուրանքներ են, և չգիտեմ, թե ում են ձեռնտու»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ.- ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, պետական ավարտական և միասնական քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանի հետ զրույցը քննաշրջանի մասին կարդացե՛ք «Իրավունքը de facto»-ի հաջորդ` հունիսի 22-ի համարում։

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ