Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ես գիտեի` ո՛ր օրը մի կեղտոտ գործարքի խառնվեմ, այդ օրը չեմ գրի ու այլևս չեմ գրի»

«Ես գիտեի` ո՛ր օրը մի կեղտոտ գործարքի խառնվեմ, այդ օրը չեմ գրի ու այլևս չեմ գրի»
26.05.2009 | 00:00

«ՇԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ԲԱՆ Է»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է դրամատուրգ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ
-Կարելի՞ է ասել, որ գրողն այս կամ այն կերպ ապրում է իր ստեղծած հերոսների կյանքով։
-Չկա որևէ գործ կամ որևէ հերոս, որ ամբողջական ես լինեմ։ Ես իմ կյանքի պատմությունը ներկայացնելու խնդիր չունեմ։ Բայց եթե որևէ մեկը համբերություն ունենա կարդալու իմ բոլոր գործերը, ոչ միայն կտեսնի ինձ, այլև կճանաչի։ Որովհետև ինչքան էլ դու չուզես երևալ, գրականությունը, այս դեպքում` դրամատուրգիան, այնպիսի տարածք է, որ ամեն մի հերոս շատ անձնավորված է, ամբողջական, ու երբեմն-երբեմն այնպիսի կերպար ես ստեղծում, որ նրանում տեսնում ես քեզ` բնավորության գծերով, նման իրավիճակներում վարվելու կերպով։ Ասեմ, որ մտածված է դա, իհարկե` ոչ, ասեմ, որ մտածված չէ, դարձյալ` ոչ։ Դրամատուրգիան խաղ է, մեծատառերով ԽԱՂ։ Դու ստեղծում ես մի բան, որ չկա։ Ասելիքդ տեղաբաշխում ես առանձին կերպարների միջև, և ամեն մեկի ասելիքը, ի վերջո, դառնում է ամբողջական տարածք։
-Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում։ Կարողանո՞ւմ եք ինքներդ Ձեզ կողքից նայել, գնահատել կամ քննադատել։
-Երբ ինչ-որ բան ես ստեղծում, որ մնում է ոչ թե քո տարածքում, այլ դուրս է գալիս ու մեկ ուրիշի սեփականությունն է դառնում, այնքանով, որ վերցնում ու գոնե մի հպանցիկ հայացք է գցում, դու պետք է պատրաստ լինես ամեն ինչի։ Երիտասարդ գրաքննադատ Արմեն Ավանեսյանը մի առիթով ասաց` այնքան նորմալ մարդ եք, որ Ձեզ քննադատելուց մարդ հաճույք է ստանում։ Այնինչ ես ինքս եմ ինձ քննադատում, պատեպատ տալիս, մաքրում փշերն ու թեփուկներն այնպես, որ ոչ ոք չի կարող։ Հեգնանքը, ինքնահեգնանքը, ա՛յ, թե ինչն եմ գնահատում իմ մեջ։ Երբ լրջորեն մտածում եմ, ինքս ինձ հարց եմ տալիս` ի՞նչ համարձակություն եմ արել` սկսելով գրել։ Ես հաճախ եմ հանդիպել արվեստագետների, որոնց խոսքերի մեջ, աչքերում, իրենց կերպում կասկած չկա։ Նրանք վստահ են, որ ստեղծել են ու ստեղծում են գլուխգործոց։ Փառք Աստծո, որ այդ կասկածը միշտ կողքիս է և ինձ զգոն է պահում։
-Կա՞ գրելու և չգրելու ժամանակ։
-Երբ մի գործ քեզ շատ է իրենով անում, գալիս է պրոֆեսիոնալիզմը, քեզ թվում է` դու ամեն ինչի մասին կարող ես գրել։ Ա՛յ, հենց այդպիսի պահերին պիտի կարողանաս կանգ առնել։ Շատագրությունը տնաքանդության նման բան է։ Երբ ինձ հարցնում են` ինչպիսի՞ն է Ձեր աշխատանքային խոհանոցը, ես միանգամից իմ հարմարավետ խոհանոցն եմ պատկերացնում։ Ասեմ, որ շատ հաճախ ինչ-որ բաներ մտահղացել եմ հենց խոհանոցում։ Այնտեղ դու առանձնանում ես ու լրիվ ուրիշ ես։ Դադարների արանքում ես մտածում եմ։ Պիեսներս ամենաշատը 3-4 օրում եմ գրում, բայց մի ամբողջ տարի կարող են մտքիս մեջ լինել։ Ինձ ընդամենը մնում է գրառել, որ չմոռանամ։ Հիմա ստեղծագործական հետաքրքիր շրջան է ինձ մոտ։ Արդեն մեկ տարի է (մարտի 1-ից սկսած) պիես չեմ գրել, թեև մտքումս երեք գործ կա։ Մարտի 1-ի թեման (մեկ տարվա դեպքեր, մինչև իսկ այսօր) ամփոփում եմ մեկ օրվա մեջ։ Հատվածաբար տպագրել եմ մամուլում։ Թվում է` առանձին-առանձին պատմվածքաէսսեի խառնուրդ են, բայց վերջնական կդառնան ամբողջական գործ։ Մինչև դա չավարտեմ, չեմ կարող անդրադառնալ իմ սիրելի պիեսներին։
-Բացի ստեղծագործական դադարից, կա նաև մի վիճակ, երբ, ինչպես ասում են, արվեստագետը (ենթադրում եմ` նաև մարդը) սպառվում է։ Գրելը, ստեղծագործելն ուղղակիորեն կապված է ապրելու հետ։ Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր կարող եք չգրել։
-Եղավ մի շրջան, 1998-ին էր, ես քաղաքական խաղերի մեջ մտա։ Չեմ ուզում երկար խոսել այդ մասին, այսքանը որպես խոստովանություն կասեմ։ Կեսից հասկացա, որ սխալվել եմ, փորձեցի զերծ մնալ, բայց արդեն մտել էի մի խաղի մեջ, որն իմը չէր։ Դրանից հետո ես յոթ ամիս չգրեցի։ Ոչինչ չկար ներսումս։ Ես հասկացա, որ դա պատիժ է։ Չորս տարի աշխատել եմ մշակույթի փոխնախարար։ Թող որևէ մեկն ասի, որ իմ պաշտոնը չարաշահել եմ, կաշառք` չասեմ, ես նույնիսկ հայտարարեցի, թե ծաղիկ չեմ սիրում, որ ինձ ծաղիկ անգամ չբերեն։ Դա միայն այն չէր, որ ուզում էի ազնիվ պաշտոնյայի համարում ձեռք բերել, ո՛չ, ես գիտեի` ո՛ր օրը մի կեղտոտ գործարքի խառնվեմ, այդ օրը չեմ գրի ու այլևս չեմ գրի։ Ազնվության համար` այդ պաշտոնում ես իմ գրչին եմ պարտական։
-Իսկ ազնվությունն օգնե՞ց։
-Այդ չորս տարիների ընթացքում ես արգելել եմ որևէ թատրոնի (պետական թատրոնի մասին է խոսքը) բեմադրել իմ գործերը։ Ի դեպ, ստեղծագործական առումով բեղմնավոր տարիներ էին։ Հիմա շատ ազատ կարող եմ գրածներս տալ թատրոններին և փորձել բեմադրել։ Այդ ժամանակ դա չէր ընկալվի։ Նույն կերպ փորձել եմ օգնել մշակույթի մարդկանց։ Ի դեպ, հիմնականում նախարարների, փոխնախարարների դռների առաջ նստած են միջակությունները։ Նորմալ արվեստագետը կողքի է քաշված. պիտի կարողանաս գնալ, գտնել, նույնիսկ ստիպել, որ ինչ-որ բան անի։
-Ձեր լավագույն գործերը։
-Սիրում եմ «Խոստովանություն» պատմվածքը, «Երկրորդ կտակ», «Տրակտատ թաշկինակի մասին», «Ետ չնայես» պիեսները։ Ինձ համար շրջադարձային էր «Յոթերորդ օրը» պատմվածքը։ Ես առաջին անգամ զգացի` ինչ է նշանակում ազատ լինել հոգով, մտքով, քո ներքին աշխարհով, քո գրչով։ Ի դեպ, նշվածները բոլորը կանացի կերպարներ են` կախման կետերով։
-Ինձ թվում է` Ձեր գործերում կարելի է հանդիպել միևնույն կնոջը։
-Բնական է, չէ՞ որ գրողը կերտում է նաև իր իդեալը, այն կնոջը, որ կուզենայի ոչ միայն ես լինել։ ՈՒզում եմ, որ իմ շուրջը լինեն այդպիսի կանայք` ուժեղ, սիրելու ընդունակ, իրենց սերը, բայց նաև հպարտությունը պաշտպանող։ Ես թխսկան կանանց չեմ սիրում. որոնք իրենցից, իրենց նեղ աշխարհից բացի ոչինչ չեն տեսնում։ Աստված իր հետ, բայց նա երբեք իմ հերոսը չի դառնա։ Իմ հերոսն արտառոց քայլերի պատրաստ կինն է։
-Ասենք, տանից փախչելո՞ւ պատրաստ։
-Այո՛, չէ՞ որ ամեն մեկի մեջ այդ կինը կա։ Երբեմն ներկայացումից հետո կանայք մոտենում են ինձ, հարցնում` Դուք որտեղի՞ց գիտեք իմ կյանքի պատմությունը։ Ահա՜, ուրեմն, ընդհանրացրել են կյանքի այն դրվագը, որ ներկայացրել եմ։ Ես տանից չեմ փախել։ «Կինն անձրևից հետո» ներկայացումը երբ բեմադրվեց, քաղաքում լուրեր տարածվեցին` իբր իմ կյանքի պատմությունն եմ գրել, որ ամուսինս լքել է ինձ։ Թե ինչպիսի հոգատար, ինձ թև ու թիկունք ամուսին ունեմ, միայն ես գիտեմ։ Ի միջի այլոց, նաև դա է պատճառը, որ ես կարողանում եմ այսքան ազատ գրել։
-1999-ի վերջին Ձեր նախաձեռնությամբ ստեղծվեց «Դրամատուրգիա» հանդեսը։ Մի փոքր պատմեք այդ մասին։
-Երբ տպագրվեց իմ առաջին գիրքը, շատերը զարմացան, որ պիեսներ էին, և հատկապես, որ այն արժանացավ «Ոսկե եղեգ» պետական մրցանակի (նախագահն էր Հրանտ Մաթևոսյանը)։ Ես ինչ-որ բան ունեի իմ թիկունքում և կարող էի պիեսներս ներկայացնել թատրոններին։ Ինձ ծանոթ են և՛ մերժումը, և՛ այն, որ քաղաքավարի ժպտում են, գործդ վերցնում ու նույն պահին էլ մոռանում, հատկապես` կորցնում։ Բացի այդ, դրամատուրգիան որպես ժանր չէր ընկալվում։ Գրական մամուլում տարին մեկ-երկու պիես էր տպագրվում։ 2001-ի ՀԳՄ համագումարում զեկուցում կարդացին` պոեզիա, արձակ, մանկական գրականություն. դրամատուրգիա չկար։ Ես այս ամսագիրը հիմնեցի ոչ իմ լավ օրից` «Տառապանքս փորձ ունի» նշանաբանի ներքո։ Այս տարիների ընթացքում տպագրել եմ 200-ից ավելի ժամանակակից հայ դրամատուրգների գործեր։ Երբ տարին գլորվում է, ես բացում եմ հանդեսը ու նայում` գործերից քանիսն են թատրոններին հասել։ Հավատացեք, իմ գործը կբեմադրվի, թե իմ հեղինակինը, ինձ համար ուրախություն է։ Որովհետև դա այն տարածքն է, որ մեզ միավորում է։
-Կա՞ն անուններ, որ կառանձնացնեիք։
-Աղասի Այվազյան, միայն վերջին համարում չկա նրա գործը։ Ես հավատացած եմ, որ Աղասի Այվազյանի թատրոնի ժամանակը դեռ գալու է։ Պերճ Զեյթունցյան, Գուրգեն Խանջյան, Նորայր Ադալյան, Սամվել Խալաթյան, Սամվել Կոսյան։ Ինձ շատ են ուրախացնում երիտասարդները` Աստղիկ Սիմոնյան, Հովհաննես Թեքգյոզյան, Արթուր Տեր-Դանիելյան և ուրիշներ։
-Փաստորեն, շատ անուններ կան, բայց հաճախ կարելի է լսել, որ ժամանակակից դրամատուրգիա այսօր չունենք։ Ինչպե՞ս հասկանալ։
-Բացատրությունները տարբեր են։ «Դրամատուրգիայի» հրապարակ իջնելուց հետո ռեժիսորներից մեկն ասաց` հիմա չենք կարող ասել դրամատուրգիա չկա, կարող ենք ասել` լավ կամ վատ կա։ Արդեն բավականին առաջընթաց է։ Ասում են նաև` չկա ազգային թատրոն առանց ազգային դրամատուրգիայի։ Դա էլ մտածողության տեսակ է։ ՈՒնենք լավ օրինակ` դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանի և Պերճ Զեյթունցյանի համագործակցությունը, որն իր արդյունքը տալիս է։ Համեստորեն կարող եմ ասել իմ օրինակը. Հակոբ Ղազանչյանը բեմադրել է իմ երեք պիեսները, առաջարկել գրել մոնոդրամա։ Հետաքրքիր է Արա Երնջակյանի թատրոնը, որը միայն Երնջակյանի թատրոնի որակն է, որովհետև հիմնականում նա բեմադրում է իր գործերը։ Մենք հրաշալի նախանձով նախանձում ենք իրեն։ Ես բավականին շատ բեմադրված հեղինակ եմ, բայց երբ հետ եմ նայում` այդ բեմադրություններից քանիսի՞ց եմ գոհ։ Ամերիկայում նույնիսկ մեկ բառ փոխելու համար հեղինակի հետ համաձայնեցնում են, մեզ մոտ կարող են պիեսն այնպես փոխել, որ ոչ միայն պիեսից հրաժարվես, այլև քո անունից. միայն թե անունդ այնտեղ չլինի։ Ես ընդունում եմ ռեժիսորի ազատությունը, բայց կա մի սահման, որից այն կողմ անցնել թույլ չեմ տա։
-Ի՞նչ կասեք գրողական նախանձի մասին, և առհասարակ, չե՞ք կարծում, որ շատ տաղանդավոր անհատականություններ չեն գնահատվում շրջապատի չկամության պատճառով։
-Նախանձը միջակ, փոքր մարդկանց առանձնաշնորհն է։ Կին դրամատուրգներ քիչ կան, ես հաճախ իրենց դիմում եմ, խնդրում, ուժով եմ պիես վերցնում։ Ընկերներիցս մեկն ասաց` ինչո՞ւ ես կանանց տպագրում, քո գործերը տպագրիր, կիմանան միայն դու ես։ Ես հասկացա` մեր ցավը որն է։ Մենք չենք կարողանում մեր ունեցածը գնահատել, ցույց տալ աշխարհին, ընդհակառակը` խեղդում ենք, ճնշում։ Մրցակցությունը միայն սրում է հաղթելու ցանկությունը. «Դրամատուրգիայի» որ համարն ավելի լավն է, ես այնքան ուժեղանում եմ։
-Գուցե մարդիկ այսօր հեռացել են գրականությունից, թատրոնից, հոգևոր արժեքներից, որովհետև այդպես է թելադրում ժամանա՞կը։
-Ո՛չ, որովհետև մենք ապրում ենք անբնական երկրում, աբսուրդի երկրում։ Մի երկրում, որտեղ աշխարհին ի տես տասը մարդ է սպանվում (իրենց ասելով), մեկ տարի է անցել, մարդասպաններից ոչ մեկը բացահայտված չէ։ Ապրում ենք մի երկրում, ուր անտեսվում է մարդը, ով իր ձայնի, իր երկրի, իր քաղաքի տերն է, նա էլ գրականությո՞ւն է տեսնում։ Պետք է արդարության դիկտատուրա լինի, կամ ամեն մեկը զբաղվի իր գործով. մեկը նկարի, մյուսը գրի ու նաև լինի քաղաքացի, մինչև ինչ-որ բան փոխվի։
-Ի՞նչ կասեք Ձեր ծրագրերի մասին։
-Գրել եմ, գրում եմ, և տա՛ Աստված, որ էլի գրեմ։
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ