Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
27.11.2009 | 00:00

Հայկական և ադրբեջանական կողմերը չեն դադարում նախագահների մյունխենյան հանդիպմանն ու դրա արդյունքներին անդրադառնալուց: Ադրբեջանական կողմը համառորեն պնդում է, որ ձեռք է բերվել համաձայնություն` յոթ տարածքներից հինգի «ազատագրման» կապակցությամբ (ավելի վաղ տարածել էին, թե հայերը մինչև տարեվերջ կարող են ազատել Քելբաջարի շրջանը): Եվ թեև հայկական կողմը հայտարարեց, որ դա պարզ ապատեղեկություն է, որևէ առնչություն չունի իրականության հետ, և բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, ադրբեջանական կողմը շարունակում է «գաղտնազերծումները»:
Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանական կողմը «գաղտնազերծումները» ներկայացնելիս հղում է կատարում… թուրքական լրատվամիջոցներին, որոնք էլ, իրենց հերթին, վկայակոչում են Անկարայի պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունը: Թերևս սա կարելի է համարել ադրբեջանական կողմի տեղեկատվական հնարքներից մեկը` ամեն կերպ փորձել ղարաբաղյան խնդիրը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ, այս դեպքում էլ ցույց տալ, որ թուրքական կողմը տեղյակ է ամենավերջին բանակցությունների, անգամ կոնֆիդենցիալ, մանրամասներին:
Այսպիսով, ըստ վերջին «գաղտնազերծումների», չնայած նախագահները չեն հասել կոնկրետ արդյունքների, սակայն «մադրիդյան սկզբունքների» շրջանակում առաջընթացի հասել են: Նշվում է, որ Մյունխենում երկու երկրների ղեկավարներն առաջընթացի են հասել հետևյալ հարցերում.
ա) մտքեր են փոխանակվել շրջանակային հուշագրի շուրջ, որը պետք է հիմք դառնա հանրագումարային հուշագրի համար,
բ) ձեռք է բերվել համաձայնություն` 7 տարածքներից 5-ի «ազատագրման» հարցում (նկատենք, որ Քելբաջարը մինչև տարեվերջ ազատագրելու մասին այստեղ չի նշվում- Տ.Ի.),
գ) դեռևս չի ճշտված` դրանք ո՞ր հինգ շրջաններն են լինելու,
դ) պաշտոնական Երևանը կատեգորիկ դեմ է եղել այս փուլում Լաչինի միջանցքի «ազատագրման» հարցն օրակարգ մտցնելուն,
ե) ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը հանրաքվեի հիման վրա համարվել է հնարավոր:
Ահա սրանք են, ըստ ադրբեջանական կողմի, «քննարկված հարցերը»: Պետք է ընդունել, որ բավականին «ճշմարտանման են»: Հայկական կողմը հիմնականում ժխտում է տարածքների վերաբերյալ կետը` պնդելով, թե «առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է», իսկ գուցե տարածքների հարցը քննարկվել է որպես ոչ առանցքայի՞ն հարց:
Այդուհանդերձ, պաշտոնական Բաքվի հայտարարությունը բանակցությունների վերաբերյալ ևս կասկածելի դրական էր. «Մյունխենում ավելի խոր ու մանրամասն են քննարկվել չլուծված հարցերը: Մի շարք հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ արձանագրվել է տեղաշարժ»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականն էլ բավականին զուսպ էր. «Չեմ կարող ասել, որ բանակցությունները հարթ էին և դյուրին, բայց որոշ հարցերի շուրջ գրանցվեց առաջընթաց, որը հնարավորություն տվեց պահպանելու այն դրական միտումը, որը նկատվում է երկու նախագահների միջև տեղի ունեցած 8 հանդիպումների ընթացքում»:
Ադրբեջանը, սակայն, չնայած Մինսկի խմբի հորդորներին, շարունակում է ռազմատենչ հայտարարությունները` ակնհայտորեն ճնշում գործադրելու նպատակով: «Մինսկի խմբի միջնորդությամբ արդեն 15 տարի շարունակվող բանակցություններն արդյունք չեն տվել: Այսպիսի իրավիճակում Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով իր տարածքները հետ վերադարձնելը դառնում է անխուսափելի»: Սրանք Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի խոսքերն են` ասված Լեհաստանի իր պաշտոնակից Բոգդան Կլիխի հետ նոյեմբերի 25-ին ունեցած հանդիպման ժամանակ: Դրանք, սակայն, արդեն սովորական են դառնում:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ