«Իրատես de facto»-ի բացառիկ բլից-զրույցը ԱԺ նախագահ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ
-Պարոն Աբրահամյան, ՀՀ նախագահի համար նույնպե՞ս տեղ է հատկացված ԱԺ օվալաձև այս նոր դահլիճում:
-Իհարկե, դահլիճի նախագահությունում ՀՀ նախագահն ունի իր տեղը:
-«Չար-թունավոր» լեզուներն ասում են` նախագահին տեղ չի հատկացված, «ա»: Եվ «բ», եթե հատկացվի էլ, ապա` խոսնակի ու փոխխոսնակների կողքին:
-Ինչպես միշտ լրագրողները` ա) փոխարեն գործի մասին խոսեն, ուրիշ բաների հետևից են ընկնում: բ) ՀՀ նախագահի տեղն առանձին է, ինչպես նախկին դահլիճում էր: Չեք կարո՞ղ ավելի լուրջ հարցեր տալ:
-Դեռ կհասցնենք «լրջանալ», բայց առայժմ` օրախնդիր թեմաներից: ԱԺ նոր դահլիճը հատկապես օվալաձև դուրս եկավ... որովհետև Օբաման կարևոր հայտարարություններն ու որոշումներն օվալաձև սենյակի՞ց է անում:
-Ո՜չ-ո՜չ-ո՜չ: Որոշումը` օվալաձև դահլիճ կառուցելու մասին, եղել է 2002-ին: Այն, որպես նախագիծ, ներկայացվել է ԱԺ ղեկավարությանը և համաձայնություն ստացել:
-Իսկ ի՞նչ եք կարծում` նոր, օվալաձև դահլիճի շնորհիվ ԱԺ իմիջը կբարձրանա՞:
-Այո: Նաև` այո:
-Իսկ բովանդակային առումով ԱԺ իմիջի բարձրացման համար ինչ-որ քայլեր կատարվո՞ւմ են, որպեսզի վիզուալ ու բովանդակային սիմետրիան ապահովվի, պատգամավորների կրթական ցենզն ու դահլիճի գեղեցկությունն ու «նորացված սկզբունքները» միմյանց հետ խոր հակասության մեջ չլինեն:
-Ինչո՞ւ եք կրթական ցենզի մասին հարցն ինձ ուղղում։ Այդ հարցը Դուք պետք է ուղղեք ժողովրդին։ Եթե ժողովուրդը նախընտրել է նման պատգամավորներ, կարծում եք, ԱԺ նախագահի խնդի՞րն է դա: Չէ` չէ՞:
-Բայց չէ՞ որ Դուք այդ ժամանակ շտաբի պետ եք եղել` «մի քիչ»:
-«Մի քիչ չէ», այլ լիովին և լիարժեք:
-«Մի քիչ» ասելով` նկատի ունեմ պատասխանատվության չափը. դա «ա»։ Եվ «բ». կլինե՞ք դարձյալ շտաբի պետ, պարոն Աբրահամյան, առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններում:
-Կուսակցության նախագահը կորոշի, կուսակցությունը կորոշի... Իսկ կցանկանա՞ք, որ լինեմ:
-Անկե՞ղծ... ո՛չ:
-Դե, եթե Դուք չեք ուզում, ես «ո՜նց կարող եմ լինե՜լ»: ՈՒրեմն, ես էլ կցանկանայի, որ Դուք իմանայիք` շտաբի պետի իրական ֆունկցիաները որոնք են. շտաբի պետը կոորդինացնում է մնացյալ, փոքր` մարզային, համայնքային շտաբների գործունեությունը, իսկ թե ովքեր են դառնում և ընտրվում թեկնածուներ, հարգելիս, որոշում է կուսակցությունը, գործադիր խորհուրդը:
-Պարոն Աբրահամյան, համ էլ խոսակցություններ կան, որ իշխանական էլիտան վերջերս ուր գնում է, Դուք իրենց հետ չեք լինում. ասենք` արտակարգ իրավիճակների նախարարության «տոնակատարության» ժամանակ չկայիք, Ղարաբաղի անկախության օրը Ղարաբաղում չէիք, հետո էլ ասում են` բոլոր պաշտոնյաները գնացին, հանդիպեցին ՀՀԿ-ական «բազեների» հետ, Դուք չտեսաք բազեների ճախրանքը:
-Ի տխրություն Ձեզ, ասեմ` իմանաք. իշխանական էլիտայի հետ իմ հարաբերությունները շատ փայլուն են, և ես բոլոր անհրաժեշտ միջոցառումներին մասնակցում եմ, բոլոր տեղերում էլ լինում եմ, եթե չեմ լինում, պատճառն աշխատանքային գրաֆիկն է, և կարիք չկա հերթական անգամ ինչ-ինչ բաներ որոնել չեղած տեղը: Այլ որևէ պատճառ, որը Դուք էդպես, տողատակերում ակնարկում եք, չկա ու չի կարող լինել. ցավում եմ, որ Ձեզ տխրեցնում եմ, բայց փաստն է դա: Հասկանում եմ, որ Դուք շատ եք ուզում` այդպես լինի, բայց, ավաղ, այդպես չէ, և փաստերը բոլորովին այլ բան են ասում:
-Կեցցե՜ն փաստերը: «Փաստեր» կան նաև, պարոն Աբրահամյան, որ «ասում» են` հոկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը հատուկ հարցազրույց կտա, որը բավականին բան կփոփոխի մեր քաղաքական կյանքում. տեղյա՞կ եք այդ մասին:
-Իսկ ո՞վ է սահմանափակել Ռ. Քոչարյանի հարցազրույց տալու իրավունքն ու ազատությունը. սա, ինչպես Դուք եք սիրում ասել, «ա»: Եվ «բ». ո՛չ, տեղյակ չեմ:
-Դուք սպասո՞ւմ եք այդ հարցազրույցին:
-Ո՛չ:
-Իսկ ճի՞շտ է, որ վերջերս Դուք դրսում հանդիպել եք միմյանց:
-Ո՞Ւմ հետ:
-Կարծես եղել են Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Դուք և Ռոբերտ Քոչարյանը:
-Ո՛չ: Ո՛չ: Եթե եղած լիներ, շատ հանգիստ կասեի, որ եղել է, մի մտահոգվեք, դրանում որևէ դատապարտելի բան չկա:
-Պարոն Աբրահամյա՜ն...
-Հը՞ը՜:
-Պարոն Աբրահամյա՜ն, իսկ ճի՞շտ է, որ Դուք Լեհաստանից, Կաչինսկու հուղարկավորությունից վերադառնալիս Մոսկվայում` փոխարեն Երևան գաք, «Հայաթ պալասում» հանդիպել էիք Քոչարյանի, Անդրանիկ Մանուկյանի ու մնացածի հետ: Ձեզ դիմավորողները գնացել են «Զվարթնոց» ու «ձեռնունայն» վերադարձել:
-Այո, հանդիպել ենք:
-Ինչո՞ւ:
-Գիտեք, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ բոլորի, այդ թվում և` հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. նա տասը տարի ղեկավարել է հանրապետությունը, և, իմ կարծիքով, ներկա իշխանությունում բոլորն էլ հարգում են Ռոբերտ Քոչարյանին, ու Ձեր պատկերացրած խնդիրներն ամենևին էլ գոյություն չունեն:
-Իսկ Դուք Հայաստանում սպասվելիք սոցիալական բունտին հավատո՞ւմ եք:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ, որովհետև վարչապետը լա՞վ է աշխատում:
-Այո, շատ լավ է աշխատում։ Դուք դա՞ էիք ուզում լսել. ահա և ես ասացի. մեր երկրի կառավարությունը, Հայաստանի վարչապետը շատ լավ են աշխատում, հուրախություն քեզ, հուրախություն մեր երկրի, հուրախություն մեր ժողովրդի: Եվ ես որպես թիմակից, որպես ԱԺ ղեկավար, ողջ Ազգային ժողովով աջակցելու ենք պարոն վարչապետին` իր բոլոր ձեռնարկներում, որպեսզի ինքն ավելի լավ աշխատի:
-Ահա և վերջապես հասանք լուրջ հարցերին, պարոն Աբրահամյան: Այսպիսով, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը հայ-ռուսական պայմանագրին, և արդյոք այն դոմինոյի էֆեկտո՞վ կբերի վարչապետի ու ուժային կառույցների փոփոխության:
-Ոչ, չի բերի: Եվ ընդհանրապես, պետք չէ կապել մի հարցը մյուսի հետ: Ինչ վերաբերում է բուն պայմանագրին, ապա ես շատ դրական եմ գնահատում այն, և իմ անձնական կարծիքով` մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն է՛լ ավելի ամրապնդվեն:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք Հայաստան-Ղարաբաղ ռազմական դաշինքի ստորագրումը:
-Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորն է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության:
-Կկնքվի՞ նման պայմանագիր Հայաստանի և Ղարաբաղի միջև, պարոն Աբրահամյան:
-Դա բացառապես հանրապետության նախագահի որոշման խնդիրն է, եթե ինքը նպատակահարմար գտնի, իհարկե, կկնքենք:
-Դուք ողջունեցիք հայ-ռուսական պայմանագիրը. սակայն բոլոր կարգի քննադատները պնդում են, որ պետք էր գոնե սիմվոլիկ ինչ-որ գումար պահանջվեր Ռուսաստանից` ռազմաբազաների տեղակայման դիմաց, ինչպես է ԱՊՀ բոլոր մնացած երկրների դեպքում. Տեր-Պետրոսյանն արձանագրում է, որ գոնե 100 դրամ պետք էր գանձել` սկզբունքը պահպանելու համար:
-Կա՞ Հայաստանում որևէ հարց, որ նրանք ու մնացածները քննադատության չենթարկեն: Ո՛չ, չկա, ինչն էլ ընդդիմության տեսանկյունից, նորմալ է:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ