Նախախնամություն էր` դեռ 1990-ականներից էջ առ էջ հավաքվող այս գիրքը պետք է կոչվեր «Ասացի և ազատեցի հոգին իմ»: Նախախնամություն էր նաև, որ, ի վերջո, գիրքը պիտի ներառեր հեղինակի ու երկրի պատմությունը: Նախախնամություն էր, որ պիտի տպագրվեր հեղինակի մահից հետո: Տասնյակ պատճառներից ամենակարևոր պատճառը մեկն է` նման գրքերը երբեք ավարտ չեն ունենում, որովհետև նույնիսկ չգրելով հեղինակը շարունակում է գրել։ Այդպես է:
Առաջին գիրքը կոչվում էր` «Ժուռնալիստիկա. ինչ, ինչպես, ինչու»:
Երկրորդը` «Ժուռնալիստիկա... Բնագրեր»:
Երրորդը` «Ասացի և ազատեցի հոգին իմ»:
Մեկ ամբողջ տարվա բացակայությունից հետո գուցե վերջին հնարավորությունն է սա` ունկերում դեռ ունենալով հեղինակի մի քիչ ռնգային ու անսահման կամայական շեշտերով ձայնը, հիշել, հասկանալ, զգալ, հաղորդակցվել մարդկանց ու աշխարհի առաջ անհիմն բարի ու անպաշտպան, նրբազգաց ու հանդուգն, բաց նյարդերով, բաց սրտով ապրած մարդուն:
Գիրքը կազմել է հեղինակը` իր ձեռքով, ու նույնիսկ շապիկն է ինքը ձևավորել:
Առաջաբանն էլ ինքն է գրել` «Հրապարակվում է երկրորդ անգամ» վերնագրով (բացի այն դեպքերից, երբ ինչ-որ բաներ, հեղինակի կամքից ու ցանկությունից անկախ, իհարկե, արդեն իսկ երկրորդ կամ էլ N-րդ անգամ հրապարակվել են):
Ինչո՞ւ:
Որովհետև արածդ արժե, որ ինքդ էլ հասկանաս` ինչ-որ կերպ ամփոփելով. ի՞նչ ես արել, ինչպե՞ս, ինչո՞ւ: Մանավանդ, որպես ժուռնալիստ գրել-տպագրվելու տարիներն էլ խիստ խորհրդանշական են` 33, թեև ընդգրկված է քառորդ դարը միայն: Էլի քիչ չէ:
«Ժուռնալիստիկա. ինչ, ինչպես, ինչու» և նրա օրգանական շարունակությունը հանդիսացող «Ժուռնալիստիկա... Բնագրեր» գրքերից հետո պարտավորված ես` քո արածը ևս ուսանողներին ներկայացնել, ովքեր, անպայման, իրավունքն ունեն իմանալու, թե նա, ով իրենց ինչ-որ բան սովորեցնելու համարձակությունն ու հավակնությունն ունի, իրականում ով է, ինչ գիտի և իր իմացածն ինչպես է կիրառել:
Եվ վերջապես. ինձնից հետո իմ ընկերներն էին անելու սա: ՈՒ քանի որ նրանք խիստ սուբյեկտիվ են իմ նկատմամբ (սիրում են), ընտրությունն էլ նույն սուբյեկտիվությամբ կլիներ, այսինքն` ավելի վատ։
Ես ընտրել եմ այն, ինչը, իմ կարծիքով, ոչ միայն դիմացել է ժամանակի քննությանը, այլև ծանոթագրությունների ու մեկնաբանությունների կարիք չունի:
...Միայն լա՞վն եմ ընտրել: Իհարկե: Մի՞թե կարելի է ոմանց` վատը գտնել-ուրախանալ-երջանկանալու հնարավորությունից զրկել:
Միակ դժվարությունը` արդեն իսկ հրապարակվածը խմբագրելու գայթակղությունը զսպելն էր: Ընդամենը մեկ հարցազրույց եմ վերնագրել (ինձ հետ), այն էլ` ընդհանուր սկզբունքը չխախտելու համար միայն:
...Ամեն ինչ անցնում է նույն ուղեծրով` սկզբից մինչև վերջ և վերջից մինչև սկիզբ: ՈՒ իրականում էլ չգիտես, թե որտեղ է վերջը և որտեղ սկիզբը: Որովհետև ՎԵՐՋ` որպես այդպիսին, հաստատ չկա, որովհետև ամեն մի թվացյալ վերջ խիստ սահուն ու աննկատ` ՍԿԻԶԲ է դառնում, որն էլ իր հերթին սկսում է ձգտել դեպի իր վերջը...
Այսինքն` սա էլ ինչ-որ բանի ՍԿԻԶԲ է:
Անշուշտ:
Կամ` գուցե:
Ընդամենը:
...Ինչի՞:
Չգիտեմ:
...Իսկ ո՞վ գիտի...
Ինչպես և, զորօրինակ, այն, թե մարդեղենացած Օծյալ Փրկչի հրաշափառ հայտնությանը նախորդած երեք օրերի ընթացքում իրականում ինչ է կատարվել երկրի վրա և կամ երկնքում»:
Ես չգիտեմ` ինչ ավելացնել:
Ես նախանձում եմ նրան, ով առաջին անգամ է ձեռքն առնելու ու կարդալու այս գիրքը, մի քանի էջ, մի քանի հոդված, մի քանի հարցազրույց կամ մի քանի առաջնորդող։ Ես համոզված եմ, որ առաջին էջից սկսված պատմությունը վերջին էջում չի վերջանալու, որովհետև ամենակարևորը` այս գիրքն իր ընթերցողին սովորեցնելու է ու ստիպելու է մտածել։
ՈՒ մեզնից յուրաքանչյուրը յուրովսանն է հաղորդակցվելու այն անսկիզբ ու անվերջ հնարավորությանը, որ կոչվում է կյանք: Այս դեպքում` ապրված կյանք:
ՈՒ Հիսուս Քրիստոսի ծննդից հետո առաջին անգամ գրվում էր վեպ երեք օրերի մասին, որ բաժանում են Հիսուսի մահը նրա հարությունից: Չգրվեց. ամեն ինչ տրվեց` ժամանակից բացի: Ամեն ինչ` կյանքից բացի: Ամեն ինչ և ոչինչ:
ՈՒ ես չեմ հավատում, որ այդ երեք օրերի պատմությունը երբևէ չի գրվելու:
Գուցե ժամանակից դուրս: Գուցե կյանքի գնով: Գուցե ապարդյուն:
Բայց` ժամանակի մասին: Կյանքի: Մարդու: Եվ` Աստծո կամոք:
Այսքանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ