Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ձիե՜ր, ձիեր` անվերջ ձիեր

Ձիե՜ր, ձիեր` անվերջ ձիեր
14.07.2009 | 00:00

ԻՆՏՐԻԳ
Այս մեծ ու հին արևի տակ ոչինչ նոր չէ. նույնիսկ ձիարշավի ժամանակ տեղի ունենալիք երկու երկրների նախագահների հուլիսի 17-ի մոսկովյան հանդիպումը:
Այդ դեպքում` ինչո՞ւ կրկին աղմուկ:
Ընդ որում, այս անգամ բարձրացված աղմուկն առանձնապես մեծ էլ չէ, ինչպես որ էր Ռամբույեի «բաց պատուհանից» լսվողը և կամ Քի Վուեսթի հեռուներից եկողը:
Այն ընդամենը զորաշարժային աղմուկ է: Միակ նորույթն այս ամենում G8-ի շրջանակներում համանախագահող երկրների հայտարարությունն էր, որն էլ այլ բան, քան ստատուս-քվոն շարունակվում է, չէր նշանակում: Ասել է` բոլորն իրենց տեղում են, և համանախագահող կողմերը կարողացան պարիտետը պահպանել այս փուլում:
Բացատրենք. համաձայնագիր, թեկուզ «շրջանակային», կարող է ստորագրվել միջազգային շատ մեծ զոնդաժի դեպքում: Այդպիսին այսօր չկա, եթե չասենք` հակառակը: Եվ Ղարաբաղը մնում է «մերը», ու ստատուս-քվոն էլ անվերջ շարունակվում է` մեր կամքից անկախ, ինչպես կասեր Վանոն, որովհետև գերտերությունները ոչ մի կերպ և վերջնական չեն կարող պայմանավորվել հետխորհրդային երկրների, էլ առավել` այս տարածաշրջանի հաշվով:
Ինչ վերաբերում է Օբամային դեպ Մեդվեդև (այո, հատկապես դեպ Մեդվեդև, որովհետև աֆղանական, հակաօդային պաշտպանության խնդիրներից առավել` Արևմուտքին պետք էր ուժեղացնել-բարձրացնել Մեդվեդևի իմիջը` Պուտինի հաշվին, ինչն էլ շատ բարեհաջող արեց Օբաման. ուղղակի հուզիչ էր տեսնել երկու երիտասարդ առաջնորդներին` Կրեմլում այդքան ջերմ «մասլահաթ» անելիս) կատարած հաջողված այցի և «սառը պատերազմի» հերթական ռաունդի ավարտին, ապա, բոլոր դեպքերում, թատրոնն այնտեղ ավելին էր, որովհետև պայմանավորվածությունները շարունակություն են ուզում, իսկ նման հանդիպումների շարունակությունում բազմիցս ականատես ենք եղել բոլորովին այլ զարգացումների:
Միակ «նորույթն» այս ամենում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին օգնականի բավականին ներկայացուցչական այցն էր Հայաստան: Չդիտե՞նք այն Մեդվեդև-Ալիև այցի և գազային «պակտի» մինի-տարբերակ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վերջին քայլերի` Սաակաշվիլու պարգևատրման, որոշ կարգի բարձրաձայնումների շարունակություն, որով մայր Ռուսաստանին «հասկացվում» էր, որ եթե այդ ամենի (այդ թվում և` գազի) գինը Հայաստանն է, իսկ առավել ստույգ` Ղարաբաղը, ապա մենք ևս այլընտրանք ունենք և կարող ենք նայել դեպ Արևմուտք: Կարո՞ղ ենք մտածել, որ պարոն Ջեյմս Ստեյբերգը պետդեպից ուղիղ գծով ընդունել էր այդ ազդանշանն ու եկել էր «տեր կանգնելու» նրան` բերելով իր հետ Մոսկվա չմեկնած Հիլարիի հերթական ուղերձը Սերժ Սարգսյանին: Ով` ինչպես:
Այս ամենը «աղմուկ» համարելու և որևէ պայմանագիր չստորագրելու օգտին են «վկայում» նաև մի քանի օր առաջ սևով սպիտակի վրա Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները` Կիպրոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում, ուր շատ հստակ և ի լուր բոլորի արձանագրվեց. առավոտյան` կարգավիճակը, երեկոյան` ազատագրված տարածքները: Ինչն էլ պետք է բառացիորեն հասկանալ` նշված երկու կոմպոնենտները պետք է համաժամանակյա ֆիքսվեն:
Սերժ Սարգսյանի հաջորդ բարձրաձայնումն էլ առնչվում էր Ղարաբաղի մասնակցությանը:
Որքան «տեղեկացված» ենք, ղարաբաղյան կողմը չի գնալու Մոսկվա, չի դիտելու ձիերին, ինչն էլ նշանակում է` ձի տեսնելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կարող ստորագրել որևէ թուղթ, որովհետև նման պատվիրակում գոնե Սերժ Սարգսյանը չունի Ղարաբաղի և հայ ժողովրդի կողմից, քանի դեռ Ղարաբաղը բանակցային կողմ չէ:
Իսկ այս մասին նույնպես հոգացվել էր: Մի քանի ձևով. ա) ԼՂ-ի պաշտպանության նախարար Մեսրոպ Հակոբյանը «խոսեց» Ղարաբաղի բանակի անունից, Բակո Սահակյանը` ժողովրդի, իսկ դաշնակցությունը` բոլոր հայերի, այդ թվում և` ի սփյուռս աշխարհի. «Համաժողովը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինելու ԼՂՀ-ին։
Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը և հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար»:
ՈՒ սա դեռ ամենը չէ:
Բոլոր դեպքերում, որոշակի անհանգստություն Հայաստանում կա: Քանի որ քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք, պետք է «բոլորեքյան» պատրաստ լինել ցանկացած զարգացումների, պետք է կարողանալ ցանկացած սցենարի համար պատրաստի մոդուլյացիա ունենալ:
Եկեք չքննարկենք և ըմբռնումով մոտենանք «ուժեղ ընդդիմադիր» դաշնակցության «ցանկությանը»` հրաժարական պահանջել ոչ թե բուն փաստաթուղթը «ստորագրողից»` Սերժ Սարգսյանից, այլ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից:
Այսպիսով, եթե այնպես ստացվի, որ մինչև հուլիսի 17-ը պարզ դառնա, որ միջազգային հանրության և գերտերությունների զոնդաժն իսկապես աննախադեպ է լինելու` մինչև փաստաթղթի ստորագրման վտանգ, որպես հայոց հասարակության անհամաձայնության նշան ոչ միայն կպահանջվի արտգործնախարարի հրաժարականը, այլև, իսկապես, G8-ի հայտարարութունը ողջունած Նալբանդյանը հրաժարական կտա, ինչն էլ ազդակ կդառնա, որ ՀՀ-ն պատրաստ չէ ստորագրման, և բանը չի հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչը պարտադրանքի դեպքում անխուսափելի կլինի:
Սա է պատճառը, որ ՀՅԴ ներկայացուցիչ Լևոն Մկրտչյանը (որը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ ՀՅԴ-ականներից է) նման հայտարարությամբ հանդես եկավ. «Այո՛, հնչեցին հրաժարականի պահանջներ (ԱԳ նախարարին առնչվող-հեղ.), և ՀՅ Դաշնակցությունն առաջիկա մեկ-երկու օրերին հստակ կերպով այս կոնտեքստում կտա իր քաղաքական գնահատականը և կկատարի դրանից բխող քայլերի պահանջները»:
Այս ամենը, ինչ խոսք, բավականին դիտարժան է, սակայն է՛լ ավելի դիտարժան է հայոց իշխանական բազմաչարչար ներքնա-հետնախորշա-կուլիսներում տեղի ունեցողը նույնպես: Ոնց երևում է` այնտեղ նույնպես պատրաստվում են հրաժարականների` «Չ րսցփՈՌ փպչՏ»:
Տեսեք` ինչ է կատարվում հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ: Բավական է հիշել, թե ինչ էր կատարվում ուրբաթ օրը հայոց խորհրդարանում. հերթական անգամ հայոց պառլամենտարիզմը «փուռն էր տալիս» ՀՀ տնտեսությունը, այն համարելով «սատկած», և այդ մտքերը ոչ ավել, ոչ պակաս արտաբերում էր կառավարություն ձևավորած ՀՀԿ-ական, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Որը, սակայն, «կողմ» քվեարկեց կառավարության ներկայացրած սույն համաձայնագրին` նույն կառավարությանը, մեղմ ասած, ամբողջ սրտով «տրաս հանելուց» հետո:
Դուք այս ամենում ինտրի՞գ եք տեսնում: Հարցնում եք` Վարդան Այվազյանը ո՞ւմ մարդն է, ու գլխի եք ընկնում, թե ինչ է կատարվել պառլամենտում խոշոր հաշվո՞վ:
Եթե այդպես է, ուրեմն` դուք «ինտրիգան» եք, իսկ մենք ինտրիգից հեռու մարդ ենք ու ինտրիգ ամենևին «չենք սիրում:
Մենք ֆիքսում ենք հետևյալը. իր արտահերթ ելույթի իրավունքից օգտված ԱԺ նախագահը բոլորին, բացի անհնազանդ, «աջ ու ձախիստ», նամակագրության ժանրը չընդունող ԲՀԿ-ից, բոլորին, այդ թվում և` «սատակիչ» գործընթացներից հասկացող Վարդան Այվազյանին համոզեց կողմ քվեարկել. «Կոչ եմ անում իմ գործընկերներին` վավերացնել հիշյալ համաձայնագիրը (խոսքը ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202400 մլն դոլարի հատուկ փոխառության իրավունքի համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին է» և հույս հայտնում, որ կառավարությունն ի վիճակի կլինի արդյունավետ տնօրինել ինչպես ստացվող արտաքին ռեսուրսները, այնպես էլ ուղիներ գտնել ավելացնելու պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները»:
Իսկ ամենահետաքրքիրը պարոն Հովիկ Աբրահամյանի խոսքի եզրափակիչ մասն էր. «Գտնում եմ, որ ներկայացված համաձայնագիրը, որ կնքվել է նամակների փոխանակման ձևով, ժամանակի թելադրանքն է, և հորդորում եմ գործընկերներիս` դրական վերաբերմունք արտահայտելու դրա նկատմամբ»:
Ինչ կարող ես անել` տառապանքը փորձ ունի:
Ինչպես տեսնում եք` ներքաղաքական կյանքում ևս ընդամենը «ձի են նայում» («Ես ձեր ցա՜վը տանեմ, ձիեր», կասեր Սևակը), ու ստատուս-քվոն այստեղ նույնպես կշարունակվի:
Անողոք է, բայց` փաստ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ