Այո՛, Թուղթ` նամակ, այո՛, գործընկերներիս, ավելի ճշգրիտ` մտավորական գրողներին։
Թաքցնելու ոչինչ չունեմ, ո՛չ լսածից եմ փախչում, ո՛չ կարդացածից, տեսնելն էլ օրվա հետ, ամսվա հետ, տարվա հետ տեսնում ենք` հուսահատվում կամ հուսավառվում, հին, բայց չմաշված խոսքեր ենք հիշում` աշխարհն ինձնով ու քեզնով չէ, ո՛չ մեզնով է սկսվել, ո՛չ էլ մեզնով կվերջանա։ Հուսահատվելու պահեր են լինում, էնպիսի բաներ են կատարվում, որ անգամ Աստված տեսնում, զարմանում է։ Աստծու հիացմունքին արժանացած ժողովրդի զավակներս էնպիսի բաներ ենք անում, որ արժանանում ենք Աստծու զարմանքին։ Նույն պահին կրակը մեր փեշից հեռացնում ենք` ես չեմ արել։ Ե՛ս չեմ արել, դո՛ւ չես արել, նա՛ չի արել։ Բայց էս երկնքի տակ վատ բան արվել է, շարունակում է արվել, վատ բաների «արտադրությունը» նոր թափ է վերցնում։ Եվ ինչո՞ւ չենք հոգնում հոգնած խոսքից. «Տիրու հերն էլ անիծած` որտեղ կտրվի կապը, էնտեղ էլ տիրու պապը...»։ Աջ ու ահյակ պատվենք, պատեպատ խփվենք` խնդիրը մնում է նույնը. հարցը չի վերաբերում մի անհատի։ Անհատի լինել-չլինելու հարցը, կարողանանք ասել, բացառվում է, թեկուզ մեկ մարդը ոչ թե շքերթում, այլ գոյության պայքարում իր հաղթական տեղն ունի։
Աշխարհի ժողովուրդների պատմության, հոգեբանության հետ թող որ մի պահ գործ չունենանք` թեկուզ համոզված լինելով, որ մեկուսանալու դեպքում տեղնուտեղը շունչներս փչելու ենք։ Այսօր մենք ավելի շատ հանդես ենք գալիս պահանջողի դերում` հույսներս կապելով սրա-նրա հետ։ «Սրա»-«նրա»-ն կարող են լինել և՛ մեր տանը` մեր հողում, մեր ժողովրդի մեջ, և՛ մոտ ու հեռու դրսերում։ Այո՛, հույսներս կապում ենք սրա-նրա հետ, քրտնամխած հավատում, ապա փնովում, ձեռք թափ տալիս, բերան բացում` ուշունց տալիս, ապա նոր դերի մեջ մտնում` պահանջողի իրավունքով, կամ հետին թվով մարգարեանում ենք` եթե էս բանը էսպես անեինք, ապա գուցե և...
Չոփով, ծեղով ոչինչ չես ծածկի, մանավանդ` սուտը, կեղծիքը։ Եթե ասեմ` ժողովրդի տեղը նեղ, շատ է նեղ, ոչ միայն ժողովրդի միջից, այլև ժողովրդին նեղը լծածների միջից ձայներ կլսվեն` դա նորություն չէ, բան գիտես` բան ասա... Գեշ բան է պահանջողի դերում հանդես գալը։ Դու ոչինչ չես անում, բայց պահանջում ես, ավելի պարզ` արածդ գործն էն է, որ ուրիշների արածին փութ ու կոտ ես դնում, շան լափը թափում ես գլխին, ազրեիլ ես կտրում, որ մի ճարովի միամիտն էլ կարծում է` այ թե ում պիտի տային... երկրի, ժողովրդի կառավարումը։
Հիմա, իմ գրչակից եղբայրներ, քույրեր, քանի գնում, մեր օրը սև է լինում, հույսի, հավատի մոմերը չեն վառվում, ժողովուրդը, ում ծունկը բռնում է, հեռանում է իր վաթանից։ Հայրենիքից, անկախացած երկրից վրա տված հեռանում է հայ ժողովուրդը, մեր գրողների, մեր բանաստեղծների, ոչ միայն դասական, այլև հենց մեր երգած ու գովերգած հողից, սարից, դաշտից, ջրից, տնից, տեղից, դպրոցից, գրքից, երկնքից, ծաղիկներից հեռանում է մարդը... Ծխում էր, ծխում էր, ծխում էր։ Չէր երևում միայն մարդը։ Հին, դասական պատկերները մեր դեմ-դիմացից են մոտենում մեզ։ Իսկ մենք կա՞նք։ Որպես անկախ երկրի քաղաքացի, ժողովուրդ` կա՞նք։ Հողն զգո՞ւմ է, այգին զգո՞ւմ է, ջուրն զգո՞ւմ է, հենց մարդը` զգո՞ւմ է, որ կան, ապրում են։ Երկիրն ինչո՞ւ է լցվում հառաչանքով, աղաչանքով, ինչո՞ւ չենք լսում չծնված հարյուր հազարավոր մանուկների ճիչը, խեղճությունն ինչո՞ւ է բույն դնում, թշվառությունն ու անտերությունն ինչո՞ւ են իրենց տեր կարծում։
Բանավոր ասել եմ, գրավոր գրել եմ` երբեք էլ աչքիս լույսը չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, տասը տարի ժողովրդի և երկրի վրայից յոթ չէ, քառասուն զոլ կաշի հանեց Ռոբերտ Քոչարյանը, արյունն էլ վրայից խմեց։ Հայաստանի նախագահի աթոռին բազմածի տակ ո՛չ Քուռկիկ Ջալալի կա, ո՛չ էլ Թուր-Կեծակի կա ձեռքին։ Ընդդիմությունն անգամ կասկածի մերան է լցնում բորբոքուն հոսանքների մեջ` ո՞ւմ կողմից է Սերժ Սարգսյանը։ Ես իրավունք չունեմ ձեռքերս լվանալու ու մի կողմ քաշվելու, ոչ էլ ասելու` որտեղ կտրվեց կապը... Ոչ թե նրա համար, որ մեր կապը վաղուց մեր ձեռքին ու մեր լեզվին չէ, այլ նրա համար, որ կասկածի որդը կրծում է բեզարած մեր ուղեղը` Ռոբը չորս միլիարդ զուտ չոր դոլար ունի, եկող նախագահներին ի՞նչ է թողել։ Եկող նախագահին պիտի որ տառապանք թողած լինի, նույն տառապանքից, որով տառապում է ժողովուրդը։ Ժողովուրդն իր ճանապարհից գտած մի խոսք փորձում է ոսկե հատիկի նման շողացնել` իսկ ի՞նչ է անում մտավորականը։ Մտավորականն ասում է` ազգային մեր բանակը պետք է մտավորականացնել, օտար թշնամին պիտի հեռվից հասկանա, որ իր դիմաց կանգնած է մշակութային երկրի, հին արժեքներ կրող ժողովրդի բանակ, որ ազնվականության սերուցք կա Ազգային ժողովում, որ մշակութային օջախներում մշակութակիրներ են, ոչ մշակութակերներ, որ երկրի նախագահը դիվանագիտորեն և ամեն ինչով զինված է էնպես, որ հզոր տերությունների ղեկավարները կասկածելու են մեր երկրի տարածքի ու բնակչության թվաքանակի վրա...
Թող ոչ մեկը չկասկածի ու հոնքերը չհարցականի` ի՞նչ ես կորցրել, ինչի՞ ման գալիս...
Ես կորուսյալ մեծ երկրի զավակ եմ, ապրում եմ անկախությունը նվաճած իմ երկրի վերջին հողակտորի վրա։ Պահանջում եմ, որ մեր հողի վրա ապրող ամեն մի հայ, ամեն մի մարդ օգուտ բերի իր երկրին։ Երբեք չասեք` դարեր շարունակ երկիրն ինչպես է պահել իր զավակներին, բայց այսօր մտածենք, որ պարտավոր ենք թեկուզ և արյան գնով պահպանելու մեր երկիրը, որ նախ Արցախն է, Ջավախքը։ Ջավախքն ու Արցախը հայոց անառիկ դարպասներն են։ Ընկավ, հայաթափվեց, պատմական քարակերտ վկայաբաններից զրկվեց Նախիջևանը` մերկացնելով մեր լանջը։ Ամեն զավակ պետք է հավատա իր ծնողին, ինչպես ամեն մի զինվոր` իր հրամանատարին։ Ծնողը և հրամանատարը կասկածելու տեղիք չեն տալու։ Մենք այսօր կասկածում ենք։ Հայ ժողովրդական հեքիաթների` յոթճամփամիջում նստած իմաստուն ծերունիները պետք է նստած լինեին նախագահի բազում ճամփաներին, վերևներում, բայց...
Արցախյան, ասել է` Հայոց վերջին գոտեմարտում ջահել արյուն տված հայ ժողովուրդն արդարացի դատավճիռ է պահանջում աշխարհի զորեղներից։ Մոլորակի բախտի հետ խաղացողները հուպ կտան Սերժին ու կուլ կտան Հայաստանը, և մի պուտ արյուն էլ չի կաթի...
Թող որ Թղթիս պատասխանեն ոչ միայն գրչակիցներս, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ ամեն մի անձ, այլև նախագահի թևերի ամպհովանին վայելող ու յոթզոլկաշիքերթողի իրենց գործն անողները։ Հայոց տունն ավերվում է, իսկ նրանք օրվա բերած օգուտները հաշվելու գործին են։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ