Այն պահից, երբ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը հայտարարեցին միասնական մաքսային միություն ստեղծելու նախաձեռնության մասին, կային մտահոգություններ, որ այս միավորումն ավելի շուտ քաղաքական է, քան տնտեսական։ Եվ այսօր արդեն բավականին արդարացված մտավախություն կա, որ նոր նախաձեռնության հետ կապված լավատեսությունը հետևողականորեն բախվելու է դաժան տնտեսական իրականությանը։
Չնայած Ռուսաստանի վարչապետի վստահ հայտարարություններին, մաքսային միության ստեղծումն արդեն իսկ դարձել է գործընթացի մասնակից կողմերի միջև որոշակի և բավականին լուրջ տարաձայնությունների պատճառ։ Անշուշտ, դա չի նշանակում, թե պնդումներն առ այն, որ նոր մաքսային միությունն ընդամենը բուտաֆորային կառույց է, արդեն իսկ իրականություն են դարձել։ Բայց, այնուհանդերձ, ակնհայտ է, որ գազի ու նավթի մաքսային սակագների վերանայումը վերոնշյալ միության և, առհասարակ, հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն գործընթացների զարգացման միակ և հիմնական շարժառիթը կարող է հանդիսանալ։ Եվ հենց այստեղ էլ պարզվում է, որ այդ վերանայումը բոլորովին էլ ձեռնտու չէ Ռուսաստանին։
Մաքսային միությունը, ըստ կողմերի միջև ստորագրված փաստաթղթերի, սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից։ Ըստ պայմանավորվածությունների, մինչև հուլիսի 1-ը գործելու է միասնական մաքսային սակագինը, իսկ մաքսային միության ամբողջական համակարգը կաշխատի հուլիսի 1-ից։ Ռուսաստանի վարչապետն այս կապակցությամբ միաժամանակ նշել է. «2012-ի հունվարի 1-ից մեր առջև դրված է լինելու հաջորդ և ավելի հավակնոտ խնդրի իրագործումը` միասնական տնտեսական տարածքի ստեղծումը։ Այ, դա, իսկապես, կլինի ավելի խոր և իրական ինտեգրացիա»։ Այսպիսի հույսեր կան կապված բավականին մեծ տարածք և շուրջ 170 մլն բնակչություն ունեցող երեք երկրների հնարավոր ինտեգրացիայի հետ։ Սակայն դա չի նշանակում, թե կողմերից յուրաքանչյուրն իրական և շոշափելի օգուտներ է ունենալու դրանից։ Դատելով վերջին իրադարձություններից, թեպետ մասնակից երեք պետություններն արդեն իսկ մտել են միասնական մաքսային միության ստեղծման գործընթացի մեջ, դրա հնարավոր հեռանկարը ոչ մեկի համար էլ մինչև վերջ հստակեցված չէ։
Նոր ինտեգրացիոն գործընթացի հիմքերի «քայքայման» առաջին հայտը, փաստորեն, ներկայացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հայտարարեց, թե Ռուսաստանից Բելառուս արտահանվող ռուսական նավթի նկատմամբ սահմանի վրա մաքսատուրքի սահմանումը չի համապատասխանում նոր մաքսային միության իրավական հիմքերին և տրամաբանությանը։ Բելառուսի նախագահի կարծիքով` ռուսական կողմից այդպիսի մաքսատուրքի սահմանումը բացարձակապես անթույլատրելի է։ Դրան ավելացան «գազային պրոբլեմները», քանի որ ռուսական «Գազպրոմը» ռուսական կողմին չի փոխանցել «Բելտրանսգազ» ձեռնարկությունից իր գնած արժեթղթերի համար նախատեսված գումարը, ինչը, բելառուսական կողմի կարծիքով, լիարժեք հիմք է առհասարակ պայմանագիրը չեղյալ հայտարարելու։ Պաշտոնական Մինսկը կարծում է, որ օրակարգից հանված չէ նաև Ռուսաստանի կողմից Բելառուսին մատակարարվող բնական գազի գնի հարցը, միաժամանակ ռուսական կողմը խոչընդոտում է բելառուսական ծագում ունեցող ապրանքների մուտքին ռուսական շուկա։ Ինչպես միշտ, Ալեքսանդր Լուկաշենկոն բոլոր այս խնդիրների նկատմամբ խիստ կատեգորիկ է տրամադրված և հայտարարեց, որ այսպիսի մաքսային միությունը, ուր որևէ կերպ հաշվի չեն առնվում էներգակիրների հետ կապված խնդիրները, Բելառուսին պետք չէ։ Միևնույն ժամանակ պաշտոնական Մինսկը Մոսկվային տեղյակ է պահել, որ մտադիր է 5,5 անգամ մեծացնել ռուսական էլեկտրաէներգիայի տարանցման արժեքը բելառուսական ցանցի միջոցով։ Մոսկվան նույնպես, գոնե առայժմ, հակված չէ զիջումների, թեպետ սահմանափակվում է փորձագետների և ոչ բարձր դիրք զբաղեցնող քաղաքական գործիչների միջոցով Մինսկին տեղյակ պահելու, որ Ռուսաստանն «այլևս մտադիր չէ անիմաստ ներդրումներ կատարել Բելառուսում` հենց այնպես այնտեղ լցնելով միլիարդավոր դոլարներ։ Ռուսաստանը քաղաքական «խաղագումարներ» այլևս չի դնելու, որովհետև այդպիսով Բելառուսի հետ հարաբերություններում մենք կվերադառնանք դոտացիոն մեխանիզմների»։
«Դարավոր եղբայրության» այս խորապատկերի վրա նոր մաքսային միության համար խիստ վտանգավոր է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, թե Ռուսաստանը էներգակիրների հարցում նեղ վիճակում է դրել նույնիսկ Ղազախստանին։ Ըստ այդ տեղեկության, ռուսական կողմը Աստանայից պահանջում է վճարել ղազախական նավթի համար արտահանման սակագին, որը իբր նախկինում գոյություն չի ունեցել, իսկ նոր մաքսային միության պայմաններում սկզբունքորեն գոյություն ունենալ չի կարող։ Եթե կողմերն արագ չհարթեն այս կնճռոտ հարցը, մոտ ժամանակներս Ղազախստանը կարող է հայտնվել վառելիքային ճգնաժամում, որովհետև արդեն հիմա բենզինի գներն այդ երկրում աճել են 25-50 տոկոսով։ Միաժամանակ տարբեր տնտեսագետներ ու քաղաքական գործիչներ պնդում են, թե մաքսային միության ստեղծումը Ղազախստանին սպառնում է մինչև 70 մլրդ թենգե (մոտ 500 մլն դոլար) տարեկան եկամուտների կորստով։ Շատերի կարծիքով, մաքսային սակագների սահմանումը նավթի ու գազի հետ կապված ընդհանրապես անհասկանալի է։ Մոսկովյան «Կոմերսանտ»-ի պնդմամբ, Ռուսաստանի մաքսային ծառայությունն է որոշում կայացրել երկրի տարածքով արտահանվող էներգակիրների ներկրման սակագին սահմանելու վերաբերյալ։ Սա այն դեպքում, երբ նոր մաքսային միության ստեղծման բազային համաձայնագրով Ռուսաստանն իրականում պետք է հրաժարվեր այդպիսի սակագների սահմանումից, սակայն չի ցանկանում գործընկերներին թույլ տալ հարստանալ հում նավթի վերամշակման հաշվին։
Մոսկվան այս իրավիճակից ելք է տեսնում միայն մեկ ճանապարհով, եթե նավթամթերքների արտահանման համար նախատեսված մաքսային սակագինը համաչափորեն բաշխվի մաքսային միության անդամ պետությունների միջև, բայց մեծ հարց է, թե որքանով է դա ձեռնտու Ղազախստանին ու Բելառուսին։
Այս ամենը բերեց նրան, որ ԱՊՀ-ի «ինտեգրացիոն լիդեր» Աստանայում անգամ կարծիքներ են հնչում, թե մաքսային միությունը ռուսական նեոիմպերիալիզմի տրոյական ձին է։ Անշուշտ, վաղաժամ է պնդել, թե նախաձեռնությունը տապալման շեմին է, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ Կրեմլը չի ցանկանում էներգետիկ մոնոպոլիաների շահերը ստորադասել, այսպես ասած, ինտեգրացիոն գործընթացներին։ ՈՒկրաինայի նախագահական ընտրություններից հետո էլ կարծիքներ սկսեցին շրջանառվել, թե նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն պայմանավորվել է Ռուսաստանի հետ` ՈՒկրաինայի` միասնական տնտեսական տարածք ինտեգրվելու ծրագրի շուրջ, ինչի փոխարեն Մոսկվան խոստացել է նվազեցնել գազի գինը։ Ռուսաստանի նախագահն էլ շտապեց հանձնարարել դաշնային մաքսային ծառայությանը` մշակել համապատասխան երաշխավորություններ ՈՒկրաինայի` մաքսային միության մեջ ընդգրկվելու հնարավորությունների վերաբերյալ։ Ըստ նախնական հաշվարկների, եթե Կիևը միանա Մոսկվային, Մինսկին և Աստանային, ապա դա մաքսային միության տնտեսական արդյունավետությունը կմեծացնի 1,5 անգամ։ Սակայն ուկրաինական պաշտոնատարները շարունակում են շատ զգուշորեն վերաբերվել մաքսային միության գաղափարին։ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած «Տարածաշրջանների կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Անատոլի Կինախն այս կապակցությամբ նշել է. «Մաքսային միությունը մեզ համար, անշուշտ, կարևոր ինտեգրացիոն նախագիծ է, և մենք կարող ենք դրա որոշակի փուլերին մասնակցել մեր ազգային շահերից ելնելով։ Սակայն խոսք չի կարող լինել ՈՒկրաինայի` մաքսային միության մեջ մտնելու մասին, քանի որ երկիրն արդեն իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է»։ Նախագահական ընտրություններում ստացած քվեներով երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Սերգեյ Տիգիպկոն իր հերթին նշել է, որ, իր հաշվարկներով, «մաքսային միությանը մաս կազմելը ՈՒկրաինայի համար կարող է լուրջ կորուստների հանգեցնել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցությունների ժամանակ։ Մաքսային միությունն այդքան շուտ չի դառնա փոխադարձ առևտուրը խթանող մեխանիզմ։ Մեր խնդիրն է հեշտացնել ուկրաինական ապրանքների մուտքը ռուսական շուկա, բայց դրա համար ամենևին էլ կարիք չկա մաքսային առևտրի ոլորտում պարտավորություններ ստանձնել նաև երրորդ երկրների նկատմամբ»։
Ինչ վերաբերում է մաքսային միության մաս կազմելու հավակնորդ այլ պետություններին, մասնավորապես Ղրղզստանին ու Տաջիկստանին, ապա այստեղ էլ ամեն ինչ այդքան հարթ չէ։ Այստեղ էլ հաշվարկում են հնարավոր կորուստները և ձեռքբերումները, իսկ ռուսական փորձագետների գնահատմամբ, եթե Ղրղզստանն ինքնուրույն մտնի ԱՀԿ, ապա դա կարող է ավելի մեծ վնաս տալ միասնական մաքսային միության ձևավորմանը, քան օգուտ։ Մանավանդ որ, եթե Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի տնտեսությունը հարաբերականորեն պահպանել է նախկին ներուժը, իսկ առանձին ուղղություններով նույնիսկ զարգացել, ապա Ղրղզստանն ու Տաջիկստանը հետխորհրդային երկու տասնամյակների ընթացքում ենթարկվել են բացարձակ ապաարդյունաբերականացման։ Անգամ Աբխազիայի ներգրավումը միասնական մաքսային միության մեջ, ինչի մասին վերջերս հայտարարեց այդ կիսաճանաչված հանրապետության նախագահ Սերգեյ Բաղապշը, խիստ խնդրահարույց է։ Որովհետև դժվար է պատկերացնել, որ Աբխազիայի անկախության ճանաչումից համառորեն խուսափող Բելառուսն ու Ղազախստանը հարվածի տակ կդնեն իրենց միջազգային հեղինակությունը Աբխազիային մաքսային միության կազմում տեսնելու խիստ կասկածելի ձեռքբերման համար։ Մանավանդ որ, ինչպես Բելառուսը, այնպես էլ Ղազախստանը ձգտում են ինքնուրույն դառնալ ԱՀԿ-ի անդամ։ Չնայած 2009-ի հունիսին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարները տեղյակ են պահել ԱՀԿ-ին, թե մտադիր են կազմակերպությանն անդամակցել որպես միասնական մաքսային տարածք, այդ կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ միասնական մաքսային միության կազմում դա հնարավոր չէ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ