Ասենք միանգամից` վարչապետափոխություն նշանակում է ոչ միայն Սերժ Սարգսյանի թուլացում, այլև ավելին` խաղի կանոնների փոփոխություն, ինչն այս պահին բացառվում է: Ինչո՞ւ:
Նախ` հարց. ինչո՞ւ առաջացավ վարչապետափոխության զրույցների շրջապտույտը: Պատճառներն առավել քան բազմաթիվ են. քաղաքական, տնտեսական և նույնիսկ` ռազմաքաղաքական:
Բանն այն է, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո գծվել է իշխանական այնպիսի ստատուս քվո, մասնավորապես վարչապետ-նախագահ տանդեմում, որ «շարժել» վարչապետին նշանակում է «շարժել» իշխանական բուրգը, և դա առաջին հերթին ո՛չ այն պատճառով, որ վարչապետն ահավոր առանցքային ֆիգուր է ու առանց նրա «դեպոն իսպառ կանգ կառնի», այլ որ այդ համագործակցությունն առավելագույն դաշտն է` մանևրի: Նախ` Սերժ Սարգսյանի: Հետո` «մնացածի» համար:
Այսպիսով, ինչո՞ւ առաջացավ «լուրը»:
Գիտենք` ինչպես ներսում, այնպես էլ դրսում կան ուժեր, որ շատ կցանկային դա:
Ցանկության վերջին ուժգնացման մեջ քիչ դեր չունի Սերժ Սարգսյանի Բրիտանիա կատարած այցը: Եվ ընդհանրապես, ուշադիր աչքը դժվար չնկատի, թե ինչպիսի բևեռացման գնաց ներհայաստանյան քաղաքական բալանսն այդ այցից հետո` գրեթե բոլոր մակարդակներում, քաղաքական բոլոր ուժերի դեպքում, անգամ` ՀՀԿ-ական:
Պակաս կարևոր չէր նաև Սեյրան Օհանյանի Ֆրանսիա կատարած այցը: Հիշենք, որ ֆրանսիական այդ այցի ընթացքում առաջին անգամ մեր երկիրը ռազմական համագործակցության երկկողմանի այնպիսի պայմանագիր կնքեց, որով հետագայում կարծես հնարավոր կլինի, բացի Ռուսաստանից, Ֆրանսիայից ևս զենք գնել:
Հիշենք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, մեր` Հայաստանի, եվրոպական «կուրատորն» է միշտ եղել, այնպես որ Ադրբեջանին զենք, գազ տվող-առնող Ռուսաստանը պետք է որ շատ անհանգստացած չլինի այդ ամենից: Եթե՛: Ընդ որում, նաև այն կարծիքին ենք, որ Ռուսաստանի հետ պայմանավորված քայլ էր ֆրանսիական այդ այցը ևս:
Այնուհանդերձ, Ռուսաստանն այնքան էլ հանգիստ չէ այն առումով, թե Հայաստանը մշտապես իր «գրպանում» է: Հայաստանն իսկապես այս փուլում վարում է բազմավեկտոր, թույլ տանք մեզ ասելու` ճկուն-գրագետ քաղաքականություն, ինչն ամենևին էլ ու երբեք չի կարող տեղավորվել Հայաստանի մասին ռուսական պատկերացումներում: ՈՒստի Ռուսաստանը պետք է այս փուլում փորձեր «ամրապնդվել» յուրայիններով: Հայաստանում: Ստեղծեր որոշակի «այլընտրանքներ», երևի Սերժ Սարգսյանին «չափի» մեջ պահելու, Արևմուտքին չտրվելու համար:
Ասել, որ Տիգրան Սարգսյանը «յուրային» չէ, այնքան էլ ճիշտ չէ: Ռուսաստանի համար: Նախ որ` վերջինս բավականին զգույշ և նրբանկատ է այս խաղում: Երկրորդ` Լենինգրադում ուսանած նոր սերնդից է («այնտեղից» է նաև Դմիտրի Մեդվեդևը, ասել է` նոր էլիտայից է, որն էլ տեղավորվում է փոփոխվող աշխարհակարգի նոր խաղի «ծիրում»), և ասել, որ Տիգրան Սարգսյանը «մաքուր» արևմտյան վեկտորի ջատագով է, ուղղակի անհեթեթ է: Երրորդ` Տիգրան Սարգսյանը «հիվանդ» էր և Սերժ Սարգսյանի բրիտանական այցից հետո, թեկուզ շատ կուզենար Պահքի այս շրջանում լինել Փրկչական վայրերում, թոթափեր աշխարհիկ բեռը, այնուհանդերձ, ձեռնպահ մնաց այդ քայլից: ՈՒ ճիշտն ասած, ոչ թե աբսուրդի, այլ զուտ արկածային, «սև» քաղտեխնոլոգիայի ոլորտից է «լուրերի» հաջորդ շարքը, որ եթե նա գնար, նրան «կձերբակալեին» Երուսաղեմում, խաչին կգամեին, ինքն էլ կասեր` «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», իմա` «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մարկոս 15. 34)։
Պարզապես իրադրային որոշում էր և վերջ: Նաև` արդարացված: Որին հաջորդեց հերթական «արդար» որոշումը. «հիվանդ» վարչապետը, փետրվարի 23-ին, հաղթահարելով «ջերմությունն ու գրիպը», մասնակցեց Ռուսաստանի Դաշնության Հայրենիքի պաշտպանի տոնին, որը կազմակերպել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը: Եվ դա ոչ թե մասնակցություն, այլ ավելին էր: Այո՜, Տիգրան «огласил речь»: Ռուսերենո՜վ:
Սակայն ոչ միայն «ՏչսՈրՌս», այլև մականշեց. «Այսօր էլ մենք Ռուսաստանի Դաշնության և այլ դաշնակիցների հետ հավաքական անվտանգության հիմնախնդիրներ ենք լուծում ՀԱՊԿ-ում»: Ավելին` նշեց, որ Հայաստանն առաջինն է վավերացնում արագ արձագանքման ուժերի պայմանագիրը:
Կարող էր, չէ՞, Սերժ Սարգսյանն անձամբ մասնակցել այդ հրավերքին, ՀԱՊԿ-ի «արագ արձագանքման» ու վավերացման լուրն էլ պահեր իրեն ու ինքն ասեր: Մանավանդ բրիտանական այցից հետո: Չէ՛, նա հերթական անգամ առաջ մղեց Տիգրան Սարգսյանին ու ասպարեզը թողեց վարչապետին, ինչպես հունվարի 28-ին` Բանակի օրվա միջոցառման օրը` Եռաբլուրում (հիշենք` Բանակի օրվա առիթով «զրուցեց» միայն Տիգրան Սարգսյանը, և սա նույնպես «սիմվոլիկ» էր):
Էլի՞ հիշենք: Հիշե՛նք: Տյառնընդառաջին Սերժ Սարգսյանը նախընտրեց միայն վարչապետի ընկերակցությունը` ԱԺ-ին կից այգու միջոցառմանը մասնակցելու համար:
Ասինք` հիշինք ՀՀԿ համագումարից մի քանի օր առաջ տեղի ունեցածը ևս (փաստորեն, «հասկացվում» է, որ արտաքաղաքական վեկտորից անցում ենք կատարում ներքաղաքական դաշտ, ֆիքսումով, որ արտաքին այդ «ցանկություններն» ունեն նաև ներքին թարգմաններ, և դրանց շարքը նույնպես նոսր չէ. բոլոր կարգի «նախկիններով» և «ներկաներով» առլեցուն է):
Այսպիսով, եթե նկատել եք, ՀՀԿ-ն Տիգրան (էս ինչ բան է` կամ Տիգրան են, կամ Սարգսյան), և ուրեմն` Տիգրան Թորոսյանի հրաժարականից հետո այլևս չունի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ: Ի դեպ, այդ տեղակալն զբաղվել է բացառապես քաղաքական հարցերով, «կուրացիա» իրականացրել բոլոր կարգի «քաղաքականներում»: Իսկ թվում էր, որ առաջին տեղակալ պետք է որ լինի նույն այն սկզբունքով, որով ԱԺ-ում տեղի ունեցավ ղեկավարի փոփոխությունը:
Կուսակցությունում մտմտում էին` 12-րդ համագումարում «ամրակայել» այդ թեզը ևս: Թեման հնաբնակ ՀՀԿ-ականների համար ակտուալ էր նաև այն պատճառով, որ այսուհետ նորաբնակներ ունեին` ի դեմս Տիգրան Սարգսյանի և իր թիմի, ու առաջին տեղակալ «ունենալու» դեպքում ՀՀԿ-ում պահպանվում էին «հների» առաջնահերթությունն ու բալանսը. հասկանալի է` մեկ էլ տեսար Սերժ Սարգսյանն էլ գրիպ ընկավ, մի քիչ հիվանդացավ, առաջին տեղակալն էդ ժամանակ կտեղակալեր ՀՀԿ-ում էլ, ամեն տեղ էլ, ու վարչապետին ու յուր տղեքին կասեր` գնացեք Երուսաղեմ` «խաչվեք», կամ` մի գնացեք Ռուսաստանի դեսպանատուն` ճառ մի՛ ասեք, զանգ մի՛ կախեք` ռուսերենով, ու մի՛ առեք Ռուսաստանի սիրտը, այն միայն մերն է:
Այսպիսով, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի հարցը պետք է լսվեր համագումարից մի երկու օր առաջ տեղի ունենալիք գործադիր մարմնի նիստում: Ընդ որում, ցանկություն կար` սեփական ՀՀԿ-ական ջահելներին ևս ներառելու գործկոմի շարքերում (12-ից գործադիր մարմինը հասցնել 20-ի), որպեսզի վարչապետով ստեղծված նոր իրավիճակի բալանսը ևս պահվեր սեփական ջահելներով:
Շատ չերկարացնենք: Գործադրի նիստին չեն մասնակցում Սերժ Սարգսյանը (վա՜ու՜... դե չէ, ըստ ամենայնի` խիստ մտածված և պարզապես կողքից դիտելու` ինչ կա-չկա սեփական կուսակցությունում, համ էլ հասկանալու` «ինչո՞ւ է աղմկում գետը»), չի մասնակցում նաև Գալուստ Սահակյանը (՞): Սերժ Սարգսյանի չմասնակցությունը (և` ոչ միայն) արդեն իսկ ազդակ էր մնացածների համար, թե «չՊպ ջՌՎց՚Ց ՐՈՍՌ»: Եվ այդ իսկ պատճառով գործադիր մարմնի անդամներից և ոչ մեկը չի ասում, որ հարկավոր է «կարմիր բանակ», «հարկավոր է կրթել գյուղացուն», հարկավոր է առաջին տեղակալ, թող էս մարդն առաջին տեղակալ լինի ու` վերջ:
Մեկ էլ ու Դավիթ Հարությունյանը համարձակություն է «ստանում» ու ասում, թե լավ կլինի առաջին տեղակալ` քաղաքական հարցերով, դառնա Հովիկ Աբրահամյանը: Գործկոմականներից մեկն ասում է` «նե՛տ»: Հովիկ Աբրահամյանն էլ շատ արագ ասում է` ե՛ս էլ «նե՛տ». իմա` «Ե՛ս էլ համաձայն չեմ, ճիշտ որ»...
Սե՜նց բաներ:
Բանն այն է, որ ՀՀԿ հայտնի «հնաբնակների» համար այդ օրերին ՀՀԿ-ում տեղի ունեցողն իսկապես շատ էական էր ոչ միայն իրենց ներկա դերի ու տեղի, այլև ապագայի առումով: Չի բացառվում, որ նրանց երևակայությունն այնքան հեռուն գնացած լիներ, որ այդ ամենում նաև իրավահաջորդի «շոշափման» քայլ-ազդակ տեսնեին Սերժ Սարգսյանի կողմից:
Ախր վարչապետի աթոռը միայն վարչապետի աթոռ չէ, դա նաև «այլ» բան է: ՈՒ թե «հաշվենք», ու թե ամեն բան ընթանա «նորմալ» հունով, ու թե Ղարաբաղի, հայ-թուրքականի հետ կապված իշխանությունը ֆորս-մաժորներ չգրանցի, ու թե մի քիչ էլ հեռու գնանք, պատկերացնենք (այն պարզ պատճառով, որ քաղաքական գործիչներն ընտրության հաջորդ օրը մտածում են հաջորդ ընտրության մասին), ու թե Սերժ Սարգսյանը մի «սրոկ» էլ գլորի, ապա ո՞ւմ է տեսնում և տեսնելու իրավահաջորդների դերում (պե՞տք է նախապատրաստվի այդ դաշտը ևս, և այնտեղ լինեն մի քանի խաղացողներ: Հաստատ):
Համենայն դեպս, թե՛ ՀՀԿ համագումարով, թե՛ գործադիր մարմնի այդ նիստով կարծես ազդանշանը տրվել էր, որ ՀՀԿ հնաբնակների մասին չէ խոսքը (սա է պատճառը, որ այսքան անողոք է ստացվում «հներ-նորեր» մարտն այնտեղ):
Ընդ որում, առ այս պահը առաջին տեղակալի աթոռը թափուր է: Հիպոթետիկ կարող ենք, չէ՞, պատկերացնել. ի՞նչ կա որ, ինչ-ինչ սուր զարգացումների դեպքում մեկ էլ տեսար` այդ աթոռը նույնպես Տիգրան Սարգսյանն զբաղեցրեց` չհասկացողներին դարձյալ ինչ-որ բան հասկացնելու նպատակով:
Եվ այն, որ Սերժ Սարգսյանը գոնե երևացող ապագայում ցանկություն չունի իշխանական իրենց տանդեմը, վարչապետի հետ «կազմած» ստատուս քվոն քանդել, այնքան ակնհայտ է, որ կարելի է նույնիսկ քննարկման թեմա չդարձնել: Իսկ որ այս փուլում դուրսը բացառապես նախընտրում է Սերժ Սարգսյանի, նաև` այս երկյակի հետ խաղալ, նույնպես ակնհայտ է` անգամ Ռուսաստանի պարագայում (Ռուսաստանն ախր այնքա՜ն բազմաշերտ է):
Եվ այդ «ակնհայտն» էլ պատճառ է, որ վարչապետափոխության մասին խոսակցությունները նույնքան անողոք` երկրաչափական պրոգրեսիայով շրջաբերվեն, մանավանդ որ ոչ միայն ֆրանսիական, բրիտանական այցերն են դրան նպաստում, այլև գազի սպասվող թանկացումը, Ռուսաստանի` «պրեամբուլային», ինչպես նաև խաղաղապահների մասով ճնշումները, որոնք նույն շարքից են:
Նույն «շարքում» են նաև ընդդիմադիրները, որոնք շատ լավ են հասկանում, որ եթե Սերժ Սարգսյանը հանի այս վարչապետին, տեղի տա այդ առնչությամբ ներքին և արտաքին «ցանկություններին», կնշանակի Սերժ Սարգսյանն այնքան է թուլացել, որ իշխանափոխությունը սարերի հետևում չէ:
Մտածում ու սխալվում է ընդդիմությունը: Հերթական անգամ: Տուրք տալով ռուսական խաղին, ինչն էլ եղավ նրա ապահաշվարկների մշտական պատճառը:
Ի դեպ, հետաքրքիր էր այս ամենին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը։ Շա՜տ հետաքրքիր:
Նա, ի տարբերություն շատերի, շատ շուտ հասկացավ` չի՛ կարող լինել այն, ինչ չի՛ կարող լինել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ