Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Եթե իրավական պետություն ենք ուզում դառնալ, ուրեմն պիտի գործի օրենքը, հաստատվեն ճշմարտությունն ու արդարությունը»

«Եթե իրավական պետություն ենք ուզում դառնալ, ուրեմն պիտի գործի օրենքը, հաստատվեն ճշմարտությունն ու արդարությունը»
17.04.2009 | 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ, ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԵՋ ԵՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ խոսքը հաճախ էր ընդմիջում «Սա գրելու համար չեմ ասում» նախադասությամբ: ՈՒստի ներկայացնում ենք այն ամենը, ինչ նա ասել է գրելու համար՝ չգրելիքի մասին ենթադրությունները թողնելով ընթերցողի երևակայությանը:
«ԵԹԵ ԱՆԳԱՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԷՐ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ»
-Պարոն Մարտիրոսյան, օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանն ուղիղ ռեպորտաժ էր հեռարձակում Հյուսիսային պողոտայում ձերբակալված մի խումբ մարդկանց մասին, որոնց թվում էր և Լևոն Զուրաբյանը: Դեպքի վայրում գտնվող ոստիկանները պատճառաբանում էին, որ հավաքվածների աղմուկն անհանգստացնում է զբոսաշրջիկներին և անգամ դառնում այդ տարածքում գործող խանութների սնանկացման պատճառ: Ձեզ համոզո՞ւմ են այս և նմանօրինակ պատճառաբանությունները` մարդուն ազատությունից զրկելու պարագայում:
-Իմ կարծիքն այն է, որ գրողը պիտի կատարվող բոլոր բաներն իր միջով անցկացնի և ունենա դրանց մասին որոշակի կարծիք: Ըստ իս՝ այդպիսի ձերբակալությունները սուտ պատճառներ են ունենում: Հիշեցի Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժը»: Եթե մարդը հանցանք է գործում, պիտի պատիժ կրի, այսինքն՝ պիտի օրենքը գործի: Բայց անտեղի գործող օրենքն էլ շատ սխալ բան է: Ես Ձեր հիշատակած դեպքի մասին բոլոր մանրամասները չգիտեմ, բայց որպես այս երկրում ապրող մեկը՝ ունեմ իմ վերաբերմունքը, և ինձ թվում է, որ այդ մարդկանց ազատ կարձակեն, որովհետև իզուր տեղն են բանտարկել:
-Ընդդիմությունը պնդում է, թե «7-ի գործով» դատավարությունն ընթանում է հոկտեմբերի 27-ի դատավարության սցենարով: Ձեր տեսակետը։
-«7-ի գործին» ավելի շատ եմ տեղյակ: Նաև միտինգներին եմ մասնակցել: Ընդունել, թե չեմ ընդունել դրանց ուղղվածությունը, առանձին հարց է: Իմ հոգու պարտքը ժողովրդի կողքին լինելն էր: Այդ տրամաբանությամբ եմ մասնակցել: Իսկ «7-ի գործը», իմ կարծիքով, քաղաքական դատավարություն է: Բոլորովին չարժե այդ մարդկանց դատել: Արդեն մեկ տարուց ավելի նստած են բանտում, բայց հասկանալի չէ, թե որ հիմքով են նրանց դատում: Եթե մենք ուզում ենք իրավական պետություն դառնալ, ինտեգրացվել Եվրամիությանը, ուրեմն պիտի շատ սթափ նայենք նման հարցերին: Իրենց կարծիքն արտահայտելու համար մարդկանց չի կարելի դատել: Եթե դատողները նույնիսկ օրենքի առաջ պատասխան չտան, իրենց խղճի առաջ պիտի պատասխան տան: Այդ մարդիկ պիտի պատժվեն, որովհետև անմեղ մարդկանց մեկ տարուց ավելի պահում են բանտում: Ես այս կարծիքին եմ՝ անկախ բանտում գտնվողների նկատմամբ իմ անձնական վերաբերմունքից: Ես գիտեմ, որ եթե անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը գար իշխանության, ժողովրդի կյանքում ոչ մի լավ բան չէր կատարվելու: Արդեն մի անգամ եղել է, տեսել ենք: Հիմա էլ ենք տեսնում: Ինչպես Խորենացին էր ասում. «Ճաշակելով ճաշակեցինք սակավ մի քաղցր»:
-Զարմանալի իրավիճակ է ստեղծվել այդ դատավարության շուրջ. զոհերի իրավահաջորդները ոչ միայն որևէ գանգատ չունեն ամբաստանյալների դեմ, այլև վերջիններիս հետ ընդդիմանում են մեղադրող կողմին: Այս աբսուրդից ելք տեսնո՞ւմ եք:
-Լսել եմ, թե ամբաստանյալներին ուզում են ներում շնորհել, բայց իրենք են դեմ: Գուցե ինչ-որ տեղ իրենց էլ ձեռնտու է, որ այդ դատավարությունն ու դրա շուրջ ծավալվող ասեկոսեները երկար շարունակվեն: Անգամ խոսում են, որ դատարանն ուզում է նրանց ազատ արձակել, միայն թե ներկայանան դատին և պատշաճ ձևով իրենց պահեն: Բայց տեսնում ենք, որ նրանք երբեմն չեն ներկայանում դատին, ոտքի պիտի կանգնեն, չեն կանգնում, արհամարհում են օրենքը: Այսինքն՝ ուզում են դրանով շեշտել, որ իրենք անմեղ զոհեր են: Եվ սրանում ավելի շատ հերոսանալու միտում կա, որի արդյունքում ունենք այս անվերջ չարչրկվող, ձգձգվող դատավարությունը:
-Ի՞նչ եք կարծում, «Չերյոմուխա 7» տեսակի զենք գործածած ոստիկաններին (որոնք, ենթադրվում է, չորս հոգի են եղել) կբացահայտի՞ դատարանը:
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Թերևս, միայն քեզ կարող եմ ասել իմ կարծիքը: Դու ի՞նչ ես կարծում, հոկտեմբերի 27-ի գործը մինչև վերջ բացահայտվե՞ց:
-Կարծում եմ՝ չբացահայտվեց:
-Այնինչ անցել է տասից ավելի տարի, բավականին երկար մի ժամանակահատված՝ որևէ գործ բացահայտելու համար: Այդ գործի ակունքներում ովքե՞ր էին կանգնած: Իմացա՞նք: Մի Նաիրի Հունանյան դատելով հարցը փակվե՞ց: Ովքե՞ր են նրան հրահրել, ովքե՞ր են կանգնած եղել թիկունքին, ովքե՞ր են այդ արյունահեղությունը կազմակերպել: Այս ամենը չիմացվեց: Եթե իրավական պետություն ենք ուզում դառնալ (իսկ Սերժ Սարգսյանն անվերջ հայտարարում է, թե ուզում ենք իրավական, դեմոկրատական, չգիտես էլ ինչ պետություն դառնալ), ուրեմն մեզ մոտ պիտի գործի օրենքը, հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը: Իսկ եթե որոշ գաղտնիքներ մեզանում չեն բացահայտվում, և վստահ էլ չենք, որ կբացահայտվեն, ուրեմն չենք կարող ասել, թե որքան կձգձգվի և ինչ հանգուցալուծում կունենա այս կամ այն դատավարությունը:
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՈՒՆԵՆԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԴԻՐՔ ՈՒ ՏԵՂ ՈՒՆԵՆԱՆ»
-Բարաք Օբամայի ելույթը Թուրքիայում Ձեզ ի՞նչ է հուշում. ապրիլի 24-ին ԱՄՆ-ի սևամորթ նախագահը կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը։
-Միշտ մտածել եմ, որ քաղաքական գործիչները մեծ խաղի մեջ են: Նրանք իրենց խաղն են խաղում: Եվ կան ժողովուրդներ, որ հավատում են այդ խաղին, կան ժողովուրդներ, որ չեն հավատում: Ես քաղաքականությանը չեն խառնվում: Երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել և ընդհանրապես դեմ եմ կուսակցություններին: Որովհետև ինձ թվում է, որ հեռավոր մի կետում դրանց ներկայացուցիչներն ընդամենը աթոռակռիվ են տալիս: Այսինքն՝ էդ կուսակցություններն ստեղծում են, որ հետագայում պաշտոններ ունենան, Ազգային ժողովում դիրք ու տեղ ունենան: Ամերիկայի նման մեծ երկիրն ընդամենը երկու կուսակցություն ունի՝ հանրապետական և դեմոկրատական, իսկ մեր փոքրիկ Հայաստանը` 70-80 կուսակցություն: Մի տղայի եմ ճանաչում (չեմ ուզում անունը տալ), մեն-մենակ մի կուսակցություն է հիմնել, մարդ էլ չկա հետևից գնացող, բայց իրեն հռչակել է կուսակցություն: Երբ այդ կուսակցական գործիչների խոսքը գործի վերածվի, երբ ժողովրդի վիճակը լավանա, գրողը դրանից միայն կշահի: Ժողովուրդն ի՞նչ է, գրողի ընթերցողն է, չԷ՞, ի վերջո: Գրողն ուզում է, որ այդ ընթերցողը հնարավորություն ունենա իր գիրքն առնելու ու կարդալու: Ինչ վերաբերում է Բարաք Օբամային, ասեմ, որ անկախ այն բանից՝ կարտաբերի նա «ցեղասպանություն» բառը, թե ոչ, ես կարծում եմ, որ նրա հորդորը թուրք նախագահին՝ Հայաստանի հետ սահմանները բացելու, հայ-թուրքական կոնֆլիկտը սթափ գնահատելու, իրենց մոտ անցյալը ճիշտ արժևորելու մասին, արդեն ինչ-որ դրական շարժ է ենթադրում: Համենայն դեպս, մինչև հիմա այդպիսի բաներ չէին ասվում: Իսկ թե ինչպիսի հեռանկար ունի այս ամենը, չեմ կարող ասել: Կապրենք, կտեսնենք: Այնուամենայնիվ, կրկնում եմ, հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժն առկա է:
-Ադրբեջանը խռովկան երեխայի կեցվածք է ընդունել Թուրքիայի նկատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» պատճառով: Անգամ սպառնացել է, որ կդադարեցնի բնական գազի վաճառքը Թուրքիային: Հավատո՞ւմ եք այս վարքագծի անկեղծությանը:
-Արդեն ասացի, որ քաղաքական գործիչները, հատկապես քաղաքական վերնախավը, մշտնջենական խաղի մեջ են: Դրանց ելույթներին, դրանց խոսքերին շատ չպիտի հավատալ: Պիտի հավատալ իրականում կատարված փաստերին, կոնկրետ գործերին: Ինձ թվում է, որ ադրբեջանցի պաշտոնյաների ելույթները հերթական բարբաջանքի, հերթական խաղի դրսևորումներ են: Ըստ խաղի կանոնների՝ Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանը պիտի խռովի, պիտի նեղանա, եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Իրականում դրանք հնարովի բաներ են: Ով կհավատա դրանց ու կարևորություն կտա` իր գործն է: Ես անձամբ գիտեմ, որ Ադրբեջանն ուղղակի դատարկ հոխորտանքներ է հնչեցնում, ուրիշ ոչինչ:
«ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄԵԶ ԴՐԵԼ ԵՆ ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ»
-Ո՞րն եք համարում ժողովրդի` գրականությունից հեռանալու բուն պատճառը: Հիմքը սոցիալակա՞ն է, հոգեբանակա՞ն, թե՞ այլ:
-Ե՛վ սոցիալականը կա, և՛ հոգեբանականը, և՛ տեխնիկական հեղաշրջումների դերակատարությունն է մեծ: Էդ ինտերնետները, էդ հեռուստաէկրանները ժողովրդին ակամա հեռացնում են գրքից: Իմ մանկության տարիներին առանց գրքի նույնիսկ չէինք շնչում: Պիտի գիրք լիներ ձեռքներիս, որ կարողանայինք ապրել: Այո՛, հոգևոր դաշտում էլ կարելի է ապրել: Մեր նախնիները որ պատգամել են «ոչ միայն հացիվ…», հենց այնպես չէ: Կիրակոս Գանձակեցին Գետիկ վանքի մասին, որտեղ ինքը սովորել է, հոգևոր սնունդ է ստացել, ասում է. «Ի տեղն սննդեանս»: Նույն Կիրակոս Գանձակեցին Հովհաննես Սարկավագի մասին պատմում է, թե ինչպես մեկ շաբաթ մոռացված-փակված է մնացել քարայրում, որը, փաստորեն, գրապահոց էր, և առանց հաց ու ջրի, առանց նյութական սննդի կարողացել է ողջ մնալ` գրքերից ստացած հոգևոր սննդի շնորհիվ: Ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը միշտ էլ ընթերցող է եղել: Հիմա ի՞նչ պատահեց, չես հասկանում: Մարդիկ ամեն ինչի վրա փող կծախսեն, բայց գիրք չեն առնի: Դրա անհրաժեշտությունը, հոգևոր սննդի կարիքը չեն զգում: Չգիտեմ` ժամանա՞կն է նրանց դարձրել այդպիսին, թե՞ այլ պատճառներ կան: Բայց մտածում եմ, որ շատ բան էլ գալիս է պետական այրերից: Պիտի հատկապես քննադատական խոսք հղեմ մեր հեռուստաընկերություններին: Աստծո ամեն օր միացնում ես հեռուստացույցը և տեսնում, որ հայհոյում են գրողներին: Ի՞նչ են արել ձեզ գրողները: Առանց կարդալու այդ գրողների ստեղծագործությունները ինչո՞ւ եք հայհոյում: Լավագույն դեպքում ասում են, որ Չարենցից ու Համո Սահյանից հետո հայ գրականությունը դադարել է գոյություն ունենալուց: Ո՞վ ասաց, որ գոյություն չունի: Մենք այսօր հրաշալի գրականություն ունենք: Բայց կարդացող չկա: Եվ էդ հայհոյողները չկարդալով են հայհոյում: Եթե կարդային, երբեք չէին հայհոյի: Այսինքն` դա նաև պետական քաղաքականություն է դարձել: Եվ էս քաշքշուկները գրողների միության շուրջ ուղղակի մեզ դրել են անհարմար վիճակի մեջ: Անգամ ամաչում ենք դուրս գալ փողոց: Ծանոթ-անծանոթ մարդիկ մոտենում ու հարցնում են` ի՞նչ է կատարվում գրողների միությունում: Ո՞ր մեկին բացատրես, որ ոչինչ էլ չի կատարվում: Ես համարյա ամեն օր էլ գնում եմ գրողների միություն և վստահեցնում եմ, որ այնտեղ խաղաղ, հանգիստ մթնոլորտ է: Բայց մի քանի հոգի, որ ուզում են պաշտոններ ստանալ, կարոտախտով են հիշում նախկին պաշտոնները, փորձում են խառնաշփոթ ստեղծել և ստեղծում են: Պետությունն էլ, փաստորեն, սատարում է դրանց, հակառակ պարագայում այդքան հեռուստաալիքներ չէին անդրադառնա դրան: Կրկնում եմ` իրականում արտառոց ոչինչ չկա գրողների միությունում: Հնարում են, թե գրողներն իրար են ծեծում, իրար են հրմշտում, բայց այդպիսի բաներ չկան:
-Ներեցեք, բայց իրար ծեծել-հրմշտելու փաստն անժխտելի է: Գոնե այդպիսի մի դեպք սեփական աչքերովս եմ տեսել:
-Հեռուստաեթերից ցուցադրվեց, որ «7-ի գործով» դատվողների մոտ զենք է հայտնաբերվել, որ նրանք կրակել են, քրեական հանցանք են կատարել: Հավատա՞նք: Հեռուստատեսությունն առհասարակ ցանկացած փաստ կարող է խեղաթյուրել: Եթե որոշեն, որ մածունը սև է, այնպես կներկայացնեն, որ կհավատաս, թե սև է: Նույնն էլ գրողների այդ պատմությունն է: Այդ մարդն ինքը (անունը չեմ ուզում տալ) ամբողջ ժողովը խանգարեց, հանճարին հալածելու մասին ինչ-որ բաներ էր բղավում: Բայց նրան ոչ ոք չի հալածել, ուղղակի ասել են. «Ձենդ կտրիր»: Բա էդ էլ չասեի՞ն, թողնեին` հայհոյե՞ր: Եվ հենց ինքն էլ հրահրեց, որ գան, տեսախցիկի առաջ քաշքշեն իրեն: ՈՒ ընդամենը քաշքշել են: Բայց մի անհերքելի բան կա` ծուխն առանց կրակի չի լինում: Բոլոր արժանիքներով ու առավելություններով հանդերձ` գրողների միության նախագահը մի էական թերություն ունի, որից կառչում են նրա հակառակորդները: Նա բոլոր գրողներին նայում է հավասարի պես, հավասարի աչքով: Այդպես չպետք է լինի: Բնության մեջ էլ այդպես չէ. մեկը ծառ է, մյուսը թուփ է, երրորդը փուշ է: Պիտի կարողանաս, չէ՞, ջոկել մեկը մյուսից: Բոլորը հո հավասար չե՞ն: Այդպես էլ գրողները. մեկը տաղանդավոր է, մյուսը` պակաս տաղանդավոր, երրորդը` ապաշնորհ: Եթե բնության մեջ այդ երևույթը բնական ենք ընկալում, մարդկության, հասարակության մեջ էլ պիտի կարողանանք բնական ընկալել: Ճիշտ չէ բոլորին նայել հավասարի նման, մրցանակներ բաշխելիս հաճախ ընտրել անարժան մարդկանց: Երբեմն մենք` գրողներս, նախօրոք գիտենք, թե ում են տալու մրցանակը ու, պատկերացրեք, որ չենք սխալվում մեր կանխատեսումներում: Դրա համար էլ շատ դեպքերում չենք մասնակցում այդ մրցույթներին: Ինչո՞ւ մասնակցենք, երբ ամեն ինչ պարզ է մինչև մրցանակաբաշխությունը: Ով որ մրցանակ է ստանում, նախօրոք գիտի, որ այդ մրցանակն իրենն է:
-Այս իրողությունը Դուք կապում եք գրողների միության նախագահի անձի՞ հետ:
-Սա ես կապում եմ գրողների միության նախագահի անձի հետ և բոլորին հավասարի պես նայելու քաղաքականության հետ: Թեև պիտի ասեմ, որ գրողների միության նախագահը շատ գործունյա է, նախաձեռնող է, կարևոր գործ է անում: Ու ես չեմ ընդունում նաև հակառակ կողմի քաղաքականությունը: Ափինյանը և ափինյանները, երբ քննադատում են գրողների միության նախագահին, շեշտը դնում են հենց այդ մրցանակաբաշխությունների վրա, անարժան մարդկանց մրցանակներ շնորհելու փաստերի վրա: Եթե գրողների միության նախագահը սթափ հայացքով նայեր այդ ամենին, տարաձայնությունների առիթ չէր լինի: Անգամ մրցանակը շնորհող ժյուրիի կազմին նայելիս արդեն հասկանում ես, թե ում կողմն է նրանց համակրանքը, և ով պիտի արժանանա մրցանակի: Անձամբ ինքս խիստ դժգոհ եմ այս բաներից: Կարծում եմ` նման սկզբունքով չի կարելի աշխատել:
-Այդ խժդժությունները ստեղծագործության թեմա դառնո՞ւմ են գրողների համար, թե՞ խանգարում են ստեղծագործական ընթացքին:
-Ընդհանուր առմամբ՝ խանգարում են: Որքան էլ անձամբ չես առնչվում այդ ամենին, քեզ հեռու ես պահում խառնաշփոթից, հավատում ես միայն քո տողին, գիտակցաբար չես մտնում որևէ կուսակցության մեջ (չնայած տարբեր տեղերից արված հրավերներին), քո կարիերան անում ես ոչ որպես քաղաքական, կուսակցական գործիչ, այլ որպես գրող, միևնույն է, օրվա մեջ կամա-ակամա առնչվում ես քո շուրջը կատարվող խժդժություններին, դառնում ընդհանուր լարվածության կրողը: Դու ապրում ես, և այլ կերպ լինել չի կարող:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ