ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ». ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՈՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ». ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՈՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
21.05.2010 | 00:00

Տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական վերադասավորումների` հատկապես վերջին քսան տարիների ընթացքում առկա տեկտոնիկ փոփոխությունների արդյունքում վերաիմաստավորվեց Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և դաշնակից պետությունների շրջանակներում: Փոփոխությունները բացառիկ հնարավորություն տվեցին Թուրքիային` ակտիվ և որոշակի ինքնուրույն դերակատարություն ունենալու տարածաշրջանի քաղաքական գործընթացներում գրեթե բոլոր ուղղություններով:
Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարությունը հիմնականում մշակվում և թելադրվում է լավ սպառազինված և ռազմատեխնիկապես բավականին հագեցված զինված ուժերի կողմից: Թուրքիայի զինված ուժերը ռազմաքաղաքական կարևորագույն գործոն են ողջ տարածաշրջանի կտրվածքով: Թուրքական բանակը, որը ՆԱՏՕ-ի կազմում երկրորդն է ԱՄՆ-ի բանակից հետո, նրա բարձր կարգապահությունն ու զորախմբերի մարտական, գաղափարական պատրաստվածությունը, ժամանակակից սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու զարգացումն ապահովող ռազմարդյունաբերական համալիրը դիտարկվում են որպես ամենամարտունակներից մեկը Մերձավոր և Միջին Արևելքում, Միջերկրածովային Արևելքում, Հարավային Կովկասում ու Սևծովյան-կասպիական կարևորագույն տարածաշրջանում:
Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, ռազմատեխնիկայի, սպառազինման և սեփական ազգային ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունն ապահովում էր ԱՄՆ-ի և եվրոպական երկրների օժանդակությամբ և մատակարարումներով, ինչը նրան զգալի կախվածության մեջ էր պահում վերոնշյալ երկրներից: Սակայն նոր մարտահրավերներին դիմակայելու համար զինված ուժերի արդիականացման գործընթացը վերափոխեց Թուրքիայի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը տարածաշրջանում։
Ինչպես ռազմաքաղաքական, գիտական, այնպես էլ սոցիալական և տեխնոլոգիական նորագույն մշակումները պայմանավորվում են ռազմական արդյունաբերության զարգացմամբ և հանդիսանում են տարածաշրջանում Թուրքիայի միջազգային հեղինակությունը բարձրացնելու կարևորագույն խթան: Ժամանակակից ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն ու ռազմական գերարդիականացված ծրագրերը հետապնդում են ոչ միայն Թուրքիայի առջև ծառացած ռազմական խնդիրների լուծման, այլև արտաքին քաղաքական կարևոր լծակներ ապահովելու նպատակ, ինչն ուղղված է նաև նվազագույնի հասցնելու կախվածությունն արտաքին «գործընկերներից»: Վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերություններում զգալիորեն աշխուժանում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմական արտադրության, մշակման և մատակարարման երկկողմանի շփումներով: Ռուս-թուրքական նոր հարաբերությունները կառուցվում են մի կողմից` ԱՄՆ-ի ազդեցությունից դուրս գալու Թուրքիայի ձգտումների, մյուս կողմից` Հարավկովկասյան տարածաշրջանում բազմավեկտոր քաղաքականություն իրականացնելու հնարավորության շրջանակներում:
Թուրքիայի նոր դերակատարման համար օբյեկտիվ նախադրյալները զգալիորեն աճում են: Նախ, Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը` Բալկաններ-Կովկաս-Մերձավոր Արևելք եռանկյան կենտրոնում, որը նոր վտանգների ու մարտահրավերների հնոց է, մյուս կողմից էլ, գտնվելով բնական ռեսուրսների և ճանապարհային կոմունիկացիաների խաչմերուկում, Թուրքիան բավականին լուրջ նախադրյալներ է ձեռք բերում` վերածվելու տարածաշրջանային գերտերության: Թուրքիան ձգտում է միակ երաշխիքը լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, ինչպես նաև հանդես գալ միջպետական համագործակցությանն ու տարածաշրջանային պետությունների մերձեցմանն ուղղված սեփական ծրագրերով:
Թուրքիան բավականին լավ է հասկացել տարածաշրջանում իր կարևորության նշանակությունն ու այդ հողի վրա փորձում է վարել բազմավեկտոր նվաճողական արտաքին քաղաքականություն: Նոր ձևավորվող արտաքին քաղաքականության կոմպլեմենտարությունը բխում է տարածաշրջանում սեփական ազգային և արտաքին գլոբալ հետաքրքրությունների զուգորդումից, որը նախատեսում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իսրայելի հետ բազմակողմանի համագործակցություն, անդամակցում Եվրոպական Միությանը, նոր որակական հարաբերություններ արաբական երկրների, Իրանի, հարևան պետությունների ու եվրասիական տարածաշրջանում առկա թրքալեզու հանրապետությունների ու մուսուլմանական երկրների հետ:
Մինչդեռ Թուրքիայի ներքաղաքական և արտաքին քաղաքական ուղղվածությունները դեռևս իրենց մեջ կրում են բավականին հակասություններ, ինչն էլ բացասաբար է ազդում զարգացման ծրագրերի իրականացման վրա: Թուրքիայի հարավարևելյան շրջաններում անջատողական միտումների ճնշման իրողությունը միանշանակորեն հանգեցրել է եվրաինտեգրման ուղղությամբ իրականացված ջանքերի զգալի կորուստների, սակայն ոչ վերջնականապես: ԵՄ-ի պահանջները բարեփոխումների անցկացման գործընթացում պարունակում են մարտահրավերների տարրեր` ուղղված թրքական պետությանը և վտանգելով երկրի ներքին միասնությունն ու ընդհանուր զարգացման հեռանկարները:
Ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին և տարածաշրջանային պետություններին շահավետ չէ ուժեղ Թուրքիան, հատկապես երբ այն ավելի քան հակված է նվաճողական արտաքին քաղաքականության: ԱՄՆ-ի շահերից չի բխում նաև Թուրքիայի նոր կոմպլեմենտար քաղաքականությունը, որը հանգեցնելու է տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի թուլացման։
Թուրքիայի նոր որակական փոփոխությունը, որը ձեռք է բերել սոցիալ-տնտեսական և ռազմական որոշակի զարգացման արդյունքում, հնարավորություն է տալիս ընդարձակվելու տարբեր ուղղություններով, աստիճանաբար դուրս գալով Արևմուտքի վերահսկողությունից: Մինչդեռ ԱՄՆ-ը վերջին տարիներին մեծ հետաքրքրությամբ հետևում է Թուրքիայի շահերին առնչվող տարածաշրջանային խնդիրներին, փորձելով դրանք վերաիմաստավորել, տեղափոխել մի նոր իրավիճակային հարթություն` հիմք դնելով նոր նախագծերի ստեղծման: Թուրքիային առնչվող խնդիրներն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ միշտ էլ դիտվել են որպես ազդեցության հիմնական լծակներ, սակայն վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները թույլ են տալիս ԱՄՆ-ին ձևավորելու նոր գործոններ, որոնց կիրառումը Թուրքիայի քաղաքական և տնտեսական էքսպանսիայի զսպման համար կարող են լինել ավելի քան արդյունավետ և միանգամայն արդա-րացված:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր նախագծի հայտնությունն իրականում չի հետապնդում հարաբերությունների կարգավորման նպատակ, ճիշտ հակառակը, այն բխում էր ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ուղղված ադեկվատ քաղաքականության, ապա նոր փոխհարաբերությունների ձևավորման պահանջից: Այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերություններն իբրև «Հայկական հարց» ԱՄՆ-ի քաղաքականության մեջ օգտագործվում են որպես սառեցված վիճակից դուրս բերված «Հայկական գործոն», հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխելով հակադրությունների և փոխադարձ պահանջների հարթություն, որն անմիջապես անդրադարձավ նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակի վրա: ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում «Հայկական գործոնի» ուժեղացմամբ ազդելու Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վրա, խթանելով առաջացած հակամարտությունները քաղաքական էլիտայի ներսում, միևնույն ժամանակ խափանել Ռուսաստանի առաջ քաշած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` իր համար ոչ այնքան ընդունելի ծրագրերը: Մինչդեռ Ռուսաստանը նույնպես շահագրգռված է Թուրքիայի զսպմամբ և թուլացմամբ, դա Ռուսաստանին լայն հնարավորություն է տալիս կցելու Թուրքիան իր տնտեսական ու էներգետիկ նախագծերին և աստիճանաբար իրականացնելու Եվրասիայի ինտեգրման քաղաքականությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ լծակ է` Թուրքիայում միտումնավոր հակաամերիկյան շարժումներ ստեղծելու, որը, ըստ էության, բավականին լուրջ մարտահրավեր է` ուղղված Թուրքիայի կառավարությանը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-Թուրքիա ռազմական դաշնակիցների փոխհարաբերությունների բարդացման ֆոնին «Հայկական գործոն»-ը ձեռք է բերում բավականաչափ ուժ և կարևորություն:
Հայաստանի քաղաքական էլիտան և հատկապես ընդդիմությունը, բացարձակապես չտիրապետելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի էությանը, ոչ մի ջանք չխնայեցին, մի կողմից, կոռեկտության սահմաններն անցնելով` անհարկի քննադատել ՀՀ նախագահին, պորտֆելների ձեռքբերման մոլուցքով տարված հրաժարականների պահանջներ ներկայացնել ԱԳ նախարարին, մյուս կողմից էլ` հանրությանը ներկայանալ որպես ազգային շահերի միակ պահապան ու ռահվիրա` վերածվելով քաղաքական ծաղրանկարի, սակայն բավականին լուրջ խոչընդոտներ առաջացնելով ներքին քաղաքական գործընթացներում: Քաղաքական էլիտան, բացառիկ «ինտելեկտի» ու վերլուծական աննախադեպ կարողությունների դրսևորմամբ, ծիծաղելիորեն քննարկում էր իրեն հրամցված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման էլեմենտներն ու հանկարծակիորեն հայտնագործում խնդրի հետ էականորեն կապ չունեցող և քաղաքական տրամաբանությունից զուրկ Ղարաբաղի հիմնախնդրի կախվածությունը` ենթարկվելով ժպտացող Արևմուտքի մանիպուլյացիային: Ընդդիմությունն ավելի քան լուրջ էր ընդունել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու իր դատողությունները կառուցում էր միայն և միայն առանց նախապայմանների սահմանների բացման շրջանակներում, համոզված լինելով, որ գործընթացը ներփակված է միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նեղ շրջանակում: Այսպիսի պարզունակ դիրքորոշումները, սակայն, ցավալիորեն դարձել են գրեթե ողջ հայ քաղաքական մտքի և ընդդիմության քաղաքականության մշակույթը:
Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այս փուլի ավարտը միանշանակորեն ամրագրել է, մի կողմից, թուրքական արտաքին էքսպանսիայի քաղաքականության ձախողումը, մյուս կողմից էլ` ներքին քաղաքականության մեջ հակամարտության բոլոր նախադրյալների ստեղծումը, որը լրջորեն հարվածելու է Թուրքիայի պետականության կայունությանը: Նախ, Հայաստանին ուղղված պահանջները, սպառնալիքների աճն ու անհանդուրժողականությունը Թուրքիային տվեցին բացարձակ ագրեսիվ պետության կարգավիճակ, որի արդեն զրոյականացված իմիջը թույլ չի տալիս անգամ մտածելու Եվրամիության կազմում ընդգրկվելու մասին: Ստեղծված իրավիճակը ոչ միայն խափանեց Թուրքիայի` տարածաշրջանում սեփական ծրագրերի իրականացման նախաձեռնություններն ու տարածաշրջանային տերության մենաշնորհի իրավունքը, այլև սպառեց մինչև իսկ համաշ-խարհային հանրության առջև ժամանակակից Թուրքիայի նոր որակական իմիջի ստեղծման հույսերը: Միևնույն ժամանակ ստեղծվեցին բոլոր նախադրյալները, որպեսզի Ռուսաստանը սեփական շահերի դիտանկյունից վերաիմաստավորի Հարավային Կովկասում ունեցած իր միակ ռազմավարական դաշնակիցը համարվող Հայաստանի անվտանգության խիստ կարևորությունը, ինչը որոշ չափով կհանգեցնի ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության:
Հակառակ այն հանգամանքին, որ դադարեցվել կամ փակված է համարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այնուամենայնիվ «Հայկական գործոնը» նոր է ձևավորվում որպես ազդեցության լծակ` «Հայկական հարցի» ձևակերպմամբ ԱՄՆ-ի ու եվրոպական քաղաքականության մեջ աստիճանաբար ձեռք բերելով նոր որակական իմաստ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի միայն երկկողմ բանակցային կառուցողական հատվածն է սպառված, մինչդեռ դրանով իսկ նախանշվել է բուն գործընթացի սկիզբը: «Հայկական հարցն» այսուհետ օգտագործվելու է ոչ միայն որպես միջազգային քաղաքականության գործիք, այլև տարածաշրջանային քաղաքականության համատեքստում դիտարկվելու է որպես աշխարհաքաղաքական լուրջ գործոն:
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-«Դրո» գործով մահապատժի դատապարտված
9 մայիսի, 2010 թիվ

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ