ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱԶԳՈՎԻՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՊԱՀԸ

ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱԶԳՈՎԻՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՊԱՀԸ
20.04.2010 | 00:00

Այո, ամերիկյան այցով ներքաղաքական կինոն էլ պրծավ։ Քոչարյանի թիմը բացահայտվեց, թուլացավ ու անկյուն քշվեց:
Քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք, այնուհանդերձ, պոկումը եղավ: Չարժե մտորել` ինչպե՞ս պատահեց, որ քաղաքական հաշվարկներից գլուխ հանող Քոչարյանը մեկեն նման ապահաշվարկ թույլ տվեց, թե՞ դա նույնպես մեծ շախմատային խաղատախտակի խաղերից էր` խիստ նուրբ ծրագրված, այնուհանդերձ, փաստն առկա է` ամեն ինչ խեղդվեց օրորոցում։
Ճիշտ է, դեռ արտաքաղաքական վեկտորում մի քիչ «բզբզոցներ» կլինեն, փորձ կարվի հայ-թուրքականում ինչ-որ բանի հասնել, սակայն հարցը մեկ էլ տեղից կշարժվի եկող ապրիլի 24-ին: Պարզապես, 2011 թիվը Հայաստանի ընտրությունների նախաշեմն է, և այս անգամ արդեն ճնշման լծակներն ազդեցիկ կլինեն Հայաստանի նկատմամբ, փորձ կարվի զիջումների նոր մեխանիզմ աշխատեցնել, ինչն արդեն իսկ շարժման մեջ է` «մադրիդյան» նոր պահանջով` վերադարձնել գոնե երկու շրջան` Աղդամն ու Ֆիզուլին, որոնց հաշվով իր օրերում Սերժ Սարգսյանը թևավոր ասույթներ է արտաբերել: Եվ քանի որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իր նախորդի, չի սիրում անհարկի եզրույթներ շոշափել ու նույնքան անհարկի մտքեր արտահայտել, պետք է կարծել, որ այն օրերի «գորշ կարդինալ», պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «բալքի մի բան գիտեր», որ խորհրդարանում նման բան ասաց։
Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա` ապրիլի 24-ին և Մեդվեդևի` մայիսին Թուրքիա այցին ընդառաջ` համոզվելու Մեդվեդևից` «գուցե, իսկապե՞ս այդ երկու շրջանը տաք, սահմանը բացեք, տարածաշրջանում, ինչպես միջուկայինի հարցում, ես և Օբաման առաջխաղացում արձանագրենք` ընդդեմ գլոբալ այն ուժերի, որոնք ոչ թե ղեկավարվող քաոս են ուզում, այլ ուզում են ուժային եղանակներով տիրել, Սերժ Ազատովիչ, հը՞, ի՞նչ կասեք», կհարցնի Դմիտրին:
Այո, խնդիրը կոնկրետ Մեդվեդևի դեպքում առնչված կլինի նաև Պուտինին, ով, ինչպես Քոչարյանը մեզ մոտ, այնպես էլ ինքը վերջին զարգացումների ֆոնին (ռուսաստանյան ահաբեկչություններ, Ղրղզստան, Կաչինսկու ինքնաթիռ, ՀՀՊ պայմանագիր, Իրանի միջուկային ծրագիր) հետ է քաշվել: Մեդվեդևը նաև կասի Սերժին` սիրելի Սերժ Ազատի, ես Թուրքիայում կհայտարարեմ, որ անհրաժեշտ է այդ շրջանները հետ վերադարձնել, բայց Դուք մի նեղացեք ու շատ մի հավատացեք դրան, «տակ նադո»:
Սերժը կասի` թխի գա:
ՈՒ վերջապե՜ս կվերադառնա Հայաստան, ուր իրեն սպասում են անհամբեր: Ընդ որում, ոչ միայն ամերիկյան ու ռուսական այցերն ամփոփելու համար, այլ, որ առավել կարևոր է, ներքաղաքական «տուսովկաների» հաշվով:
Այո, նախ Պուտինի հայաստանյան «պարտված» ուժերն են սպասում Սերժին, թե ինչ է անելու նա իրենց հետ, մեղմ շշուկով տարածելով` բա չեք ասի, եղբայրներ, ողջ աշխարհիս հրեա-ամերիկյան (դե էլի` ջհուդա-մասոնական) լոբբին խնդիր է դրել` ուժեղացնել Սերժին, տեսնում եք` ինչե՜ր կան աշխարհում, եղբայրներ, նկատի ունենալով նաև Մեդվեդևին, ու նույնքան «լուռ» կհորդորեն միմյանց` «էսպես չի կարող շարունակվել, պետք է մի բան անենք, մի բան լինի»:
ՈՒ քանի որ դեռ չեն մարսել մեկ ամիս առաջ արած «մի բանը», ամեն ինչ կմնա ընդամենը «բարի ցանկությունների» մակարդակում: Եթե ոչ` հակառակը:
Առավել լուրջ և ուշադրության արժանի է Սերժ Սարգսյանին սպասողների մյուս բանակը։ Սրանք մտածում են` Սերժն անպայմանորեն պետք է օգտվի ստատուս-քվոյի այս բարենպաստ ժամանակից (չնայած դուրսն էլի չի թողնի, որ Սերժն ուժեղանա ներսում, որպեսզի նրա նկատմամբ «վերահսկողությունը» չկորցնի):
Այս խմբի անհամբեր սպասողները բաժանվում են երկու մասի: Մի մասը, պրագմատիզմից ելնելով, ասում է` պետք է մի քանիսին, ասենք` Սյունիքի մարզպետին, մաքսա-հարկայինի «շեֆին», Հովիկ Աբրահամյանին ոչ թե կարմիր քարտ ցույց տա Սերժը, նրանց այսպես մեկուսացնելով, տակից կառույցները, մարդկանց տանելով, այլ «գործից հանելով»: Իմա` Սերժը հատկապես այս անգամ, և մանավանդ գործկոմի վերջին նիստից հետո, ուր Հովիկ Աբրահամյանը ցանկացել է բացատրություն տալ, թե ինչու է դեմ քվեարկել Վարդան Այվազյանին նկատողություն տալու հույժ պետականամետ խնդրին, նախագահը սաստել և ասել է` արդեն քվեարկությամբ բացատրեցիր: «Կարո՞ղ է ինձ չեք վստահում, Ազատիչ»,- խիստ անվարան ու անկաշկանդ` «դուխը» տեղը հարցրել է Աբրահամյանը: «Որ չվստահեի, չէի աշխատի հետդ»,- նետել է Սերժը: «Ես էլ չէի աշխատի»,- «աբարոտկա է ֆռռացել» ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` իր «կողմնակիցներին» ցույց տալով, որ իր «դուխը հազարի վրա է», ու վերջին խոսքն էլ իրենն էր: Այս «կապիտալի» վրա է այսօր աշխատում ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահը` յուրայիններին իբր «ցույց տալով», որ ինքը կա, անմահ է ու շարունակելու է թիթեռնիկներ նկարել:
Հիմա բոլորը, այդ թվում և` ՀՀԿ-ում, կարծում են, որ Սերժ Սարգսյանը մի անգամ պիտի գնա մինչև վերջ, որ չինովնիկական ապարատը «շողուլի» գա, որովհետև այնտեղ գործընթացները լավ չեն պատկերացնում և մտածում են, որ Քոչարյանն ու իր ֆավորիտիկները դեռ ուժեղ են, ու նաև` չինովնիկները ուժեղ ձեռք են սիրում և ոչ թե մարդավարի վերաբերմունք ու լավ չեն հասկանում` հիմա ո՞նց` պետք է քնե՞ն, թե՞ պետք է ուտեն: Երրորդ կողմից էլ բացարձակ չեն ընկալում, թե իրականում ինչ է անում Սերժ Սարգսյանը, որ հասկանան` անհանգստանալու շատ կարիք չկա. Սերժը գլխից է գործը բռնել, և «դուխով» խաղացողներն առ ոչինչ են, ցանկացած պահի նրանց հարցը գրչի կամ բանավոր մեկ «հարվածով» կլուծվի:
Այո, Սերժ Սարգսյանն այս պահին շատ հետաքրքիր «ստրուկտուրնի» քայլեր է կատարում, առայժմ` «տյոմնի»: Եվ այնուհանդերձ, ԱՄՆ-ից և Ռուսաստանից նրա վերադարձին անհամբեր սպասողների մյուս շերտի համար դա ընդունելի, սակայն բավարար չէ, որովհետև նախ` բացահայտ, հրապարակային գործընթաց չէ (չնայած նման գործընթացը ծիծաղելի կլիներ, որ հրապարակային լիներ, իսկ հասարակությունը տեսնում է դրանց միայն «պոչերը». ասենք` Գորիկ Հակոբյանը չկար ոստիկանության «պարադին». պահո՜, մտածում է հասարակությունը, ասենք` ՀՀ ոստիկանապետը «մեջքով» էր զեկուցում ԱԺ նախագահին. պահո՜, մտածում է հասարակությունը, և վերջ), և հետո, բոլոր քայլերը` կադրային, օլիգոպոլիկ ու մնացյալ, պետք է լինեն համակարգային, ոչ` «պարտեզում վարդ է բացվել» կտրվածքով: Իմա` մեկ-երկու հոգու հանեն, մեկ-երկու հոգու պատժեն, համակարգը «շողուլի» գա, չինովնիկները Քոչարյանին չկարոտեն, մտքների ծայրով չանցնի, թե Հովիկ Աբրահամյանն այլևս հարց է լուծում էս երկրում:
Մի խոսքով, հասունացել է Սերժ Սարգսյանին ազգովին խնդրելու պահը, որ վերջինս իրական ու ոչ իմիտացիոն քայլեր կատարի նաև ներքաղաքական կյանքում` փոփոխելով, բարձր կհնչի, եթե ասենք` նորոգելով այն, ձևավորելով նոր էլիտա, նոր խաղատախտակ: Այլապես այս ճփճփացող ճահիճը կկլանի բոլորին, այդ թվում և` իրեն:
Համ էլ որ` առջևում ընտրություններ են:
Կանի՞ Սերժը: Թույլ տանք մեզ կարծել` դանդա՜ղ, կիսաջան անելով` հաստա՛տ:
Արդեն սկսել է: Չերևացողի, «չհրապարակայինի» մասով ասենք, որ նա, ինչպես և Մեդվեդևը, ուժեղացնում է ոստիկանությունը: Ընդ որում, Հայաստանում դա մասամբ ավելի լավ է ստացվում, քան Մեդվեդևի մոտ` Ռուսաստանում: Բանն այն է, որ տևական ժամանակ է` Մեդվեդևը ցանկանում է ազատվել ՆԳ նախարար Նուրգալիևից, բայց դեռ ոչինչ չի ստացվում: Մեզ մոտ տեսաք` ԱԱԾ «շեֆը» չմասնակցեց «պարադին», իսկ ոստիկանապետը պարգևատրվեց «մեդալով»` նրա կոչումը բարձրացվեց, վերջինս հավատարմության խոստումներ տվեց երկրին, նախագահին, «օրորոցում եղողներին»:
Շատ բանի Սերժ Սարգսյանն էլ «չեկիստների» հաշվով առայժմ չի հասել (այո, ի վերջո այն սովետներից եկող կառույց է ու «սիրում» է Պուտինին)։ Տևական ժամանակ խոսվում է, որ Գորիկ Հակոբյանը թոշակի կգնա, և նրան կփոխարինի Անաստաս Հարությունյանը, այնուհանդերձ, դեռ նման փոփոխություն չկա: Չնայած հետաքրքիր կադրային փոխատեղումներ եղան. Երիցյանը դարձավ նախարար, իսկ ոչ անհայտ պարոն Նանյանը թոշակի գնաց:
Ինչ վերաբերում է քաղաքացիական կյանքին, պետք է տեսնել, թե վերադարձից հետո ինչ ուղենիշ է որդեգրվում ընդդիմության, հատկապես քաղբանտարկյալ տղաների հանդեպ: Կարծել, թե «վերադարձածը» կստեղծի հասարակական երկխոսության այն հարթակը, որի մասին այսքան տարփողվում է, ուտոպիական կլինի, քանզի առավել հավանական է, որ իշխանություն-ընդդիմություն ընդերքային գործընթացները կշարունակվեն: Առայժմ:
Հաջորդական «ընդդիմադիրների» մասով էլ պետք է ասել, որ նրանք արդեն շատ զգուշավոր ու կրկին համախմբված են հանդես գալիս: Քաղաքական ճշգրիտ ձևակերպմամբ` «դաշնակցությունը մեռավ, կեցցե դաշնակցությունը»: ՀՅԴ-ն, որ Քոչարյանի ջրաղացին սկզբում «ջիգյարով», հետո` անհավես, իսկ Սերժ Սարգսյանի` ՀՅԴ բյուրոյի և Հայ դատի ղեկավարների հետ հանդիպումից հետո (այն էլ երկու անգամ` ամերիկյան տուռնեի ժամանակ պայմանավորվել են, որ եթե հայ-թուրքական ճակատում ղարաբաղյան ֆիքսումներ չլինեն, համ էլ նոր «ճանապարհային քարտեզ չլինի»` էն ո՜նց են սիրում Սերժին, էն ո՜նց են սիրում. Քոչարյանի ականջը խուլ) «անառակ որդի» ՀՅԴ հայաստանյան կառույցին կրկին «կառուցողական» դառնալու «անհրաժեշտության» է մղել: Վերջինս էլ խելոք ու էլի` «ազգային ճակատ» է կազմում` ոչ անհայտ 13 կուսակցությունների հետ` հանուն Սերժ Սարգսյանի` գլոբալ աշխարհի առաջ կատարելու ազգային կուսակցության ու պահանջատիրության իր առաքելությունը:
Չնայած այս դեպքում ճիշտ է ասել, որ դաշնակցությունը «մեռավ», որովհետև Սերժ Սարգսյանը, որ մի ձեռով լիբերալ բարեփոխումների սպասում է առաջացրել բոլորիս «անթեղված հոգիներում», մյուս ձեռով տեղը տեղին` լավ-լավ դաշնակցական, իմա` ազգային-ազգայնական ելույթներ է ունենում Դեր Զորում, Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ` «ՊՉՈ Չ ՏՊվՏՎ» տարբերակով:
ՈՒ քանի որ առջևում նաև խորհրդարանական ընտրություններն են, պետք է սպասել, որ ՀոՀիԴա-ն ավելի կխելոքանա ու գոհ կմնա պարոն ու վսեմաշուք Սերժ Սարգսյանից ու նաև` կբարձրաձայնի այդ գոհունակությունը: Ինչն էլ անում է: Նվիրումով ու անմնացորդ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին, ապա առանց հարցադրման էլ ամեն ինչ պարզ է: Այստեղ ոչ միայն «գոհունակ» են, այլև «սաղ-ուրախ-չաղ ու բախտավոր»:
Եթե թողնեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ