Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ, գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են պայմաններն Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար։
«Բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև ի վերջո դա համատեղ է ընդունվել: Այսինքն, այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի», - ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որտեղ կարող է հարցը քննարկվել և որոշվել:
«Ինչը չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի Մինսկի խմբի համանախագահությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է աջակցի, բայց քննարկումների ձևաչափը հենց դա է», - շեշտել է վարչապետ Փաշինյանը: