ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստան-2058

Հայաստան-2058
12.07.2019 | 00:54

Եվ եղավ, որ հեռավոր 2019-ին այն ժամանակվա ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ասաց, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով, իմա՝ 2018-ի մայիսի 8-ից կամ դեկտեմբերի 9-ից: Դա այլևս կարևոր չէ: Կարևոր է, որ այն հեռավոր ժամանակներում Հայաստանը՝ մեր հայրենիքը, ուներ բազմաթիվ խնդիրներ ու հերոսաբար մաքառում էր իր հնարած խնդիրների դեմ: Երբեմն հաղթում էր, երբեմն՝ ոչ այնքան, բայց հայտարարում էր, որ հաղթել է: Երանելի էին մեր նախնիները՝ նրանք հավատում էին իրենց սկզբունքներին, թեպետ սկզբունքներ չունեին, հավատում էին իրենց քայլերին, թեպետ դոփում էին տեղում:


Հետևելով հեռացածների մասին «կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքին՝ անդրադառնանք մեր այսօրվա իրողություններին: Սկսենք պաշտոնական լրահոսից: ՀՀ վարչապետ Փաշին Նիկոլյանը երեկ մեկնեց Զանզիբար՝ զարգացնելու այդ երկրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը, որ այսօր կազմում է 2000 դրամ: Ներեցեք՝ դոլար: Հեռանկարում ապրանքաշրջանառության աճն է մինչև 20000՝ դոլար, թե դրամ՝ կերևա ընթացքում: Վարչապետի մամլո քարտուղար Կարապետ Վլադիմիրյանը Զանզիբարից հաղորդեց, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը եռօրյա հագեցած հանդիպումներից հետո, որոնց ընթացքում վարչապետը հասցրել է նաև Զանզիբարի նորակառույց հայկական եկեղեցում լինել, որի քահանան սևամորթ է, բայց խոսում է մաքուր հայերեն, մտադիր է մեկնել Գալապագոսյան կղզիներ: Ճիշտ է՝ այնտեղ հայեր չկան, բայց արդեն 10 տարի այդ կղզիներում է աշխարհի ամենահզոր օֆշորային գոտին, որտեղ լողում են հայկական ծագումով փողեր:
Վարչապետ Փաշին Նիկոլյանը մտադիր է կոռուպցիայի դեմ համահայկական պատերազմի շրջանակներում ՀՀ վերադարձնել երկրից ապօրինի դուրս բերված գումարները: Աժ նախագահ Միրզո Արարատյանը մեկնել էր Կիպրոս, նա մասնակցեց 40 տարի առաջ Նիկոսիայում Աժ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի այցի պատվին ավանդական խաչքարի բացման արարողությանը: Այցից այլ մանրամասներ հայտնի չեն:


Շուրջ մեկ ամիս Հայաստանում է և ոչ մի տեղ չի մեկնել նախագահ Սարգիս Արմենյանը, նա այս օրերին շրջագայում է Հայաստանի մարզերում և լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 22-րդ դարը մերն է լինելու: Ճշտող հարցին՝ իսկ 21-րդը ումն էր, նախագահը պատասխանեց խորիմաստ ժպիտով ու հարցրեց. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում»:
Շաբաթվա սենսացիան ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Եղո Արմանյանի հայտարարությունն էր. ՊՔ-ի պատգամավորը խորհրդարանի ամբիոնից կասկածի տակ առավ հաջորդ ընտրություններում իր կուսակցության հաղթանակը և ասաց. «Մեր պապերն ու հայրերը 2018-ին չեն հաղթել, որ մենք անվերջ իշխանություն լինենք, նրանք հաղթել են, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական երկիր, իսկ ժողովրդավարական երկրում ոչ մի կուսակցություն 40 տարի չի իշխում: Առաջարկում եմ, որ առաջիկա ընտրություններին ՊՔ-ն չմասնակցի՝ հնարավորություն տալով այլ կուսակցությունների նույնպես իրենց ազդեցիկ խոսքն ասել երկրի զարգացման պատմության մեջ»:

ՊՔ խմբակցության ղեկավար Մակունց Լիլիթյանը վարման կարգով հակադարձեց, որ հարցը խմբակցությունում դեռ քննարկվում է ու պետք չէ հրապարակայնացնել այն հարցը, որի վերաբերյալ կուսակցությունը վերջնական որոշում դեռ չի կայացրել: Եղո Արմանյանը տեղից արձագանքեց՝ 20 տարի քննարկում եք, բա հետո՞: ԽՀԿ խմբակցության ղեկավար Մարուք Էդմոնյանը ևս անդրադարձավ Եղո Արմանյանի հայտարարությանը: ԽՀԿ-ի նախագահն այն կարծիքին է, որ իր կուսակցությունը վաղուց ապացուցել է այս պատմական խորհրդարանում երկրորդը լինելու իրավունքը, և ինքը ողջունում է ՊՔ-ի խելքի գալն ու համաձայն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: ԱՀԿ-ի նախագահ Ծառուկ Գագիկյանը՝ իբրև խմբակցության տեսակետ ներկայացրեց իր կարծիքը՝ նախ արտահերթ ընտրությունների մասին խոսք չկա, հետո ոչ ոք չի հարցրել իրենց կարծիքը: Իսկ եթե հարցնեն, կքննարկեն ու կորոշեն ազատ քվեարկել, որովհետև ԱՀԿ-ում, ի տարբերություն Հայաստանի, միշտ եղել է ժողովրդավարություն: ՆՆԿ կուսակցությունը տեսակետ չհայտնեց, խմբակցության ղեկավար Անուն Ազգանունյանը միայն նշեց, որ արտահերթ ընտրությունների մասին մտածելուց առաջ պետք է փոխել Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը: Իբրև հիմնավորում Անուն Ազգանունյանը նշեց, որ Հիմնական օրենքն ու Ընտրական օրենսգիրքը վերջին անգամ փոխվել են 2048-ին, ավանդույթները պետք է հարգել և 10 տարին մեկ պարտադիր փոխել Սահմանադրությունը:

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նրա տեսակետը շարունակում է մնալ խնդրահարույց՝ ՆՆԿ-ն առաջակում է վերջ տալ համաժողովրդական ընտրությունների ծախսատար ու ժամանակատար գործընթացին, որ ընտրողներին կտրում է ստեղծարար աշխատանքից, բևեռացնում հասարակությունը և հանգեցնում միևնույն արդյունքին: Անուն Ազգանունյանը ընտրությունների փոխարեն նշանակումների տեսակետի հիմնավորման 10 փաստարկ բերեց՝ շեշտելով, որ առայսօր ընդդիմախոսները հակափաստարկներ չեն նշում իրենց փաստարկներին: Նրա ելույթը ընդմիջվեց բուռն, երկարատև ծափահարություններով: Եվ քանի որ խորհրդարանում սկսվում են արձակուրդները, ԱԺ պատգամավորները որոշեցին իբրև համերաշխության ակցիա միասին այցելել ջրիմուռների թանգարան, որ նախկինում եղել է լիճ՝ Սևան անունով:


«Այսօր ջրիմուռների թանգարան այցելուների թիվն ավելի մեծ է, քան նախկինում եղել է զբոսաշրջիկների թիվը»՝ հպարտությամբ արձանագրեց շրջակա միջավայրի նախարար Գրիգոր Էրիկյանը կառավարության վերջին նիստում: Նա ներկայացրեց ճանապարհային քարտեզը, որ մշակվել է ՀՀ մարզպետների և ՌԴ իշխանությունների, մասնավորապես Բայկալ լճի ճահճացման հանձնաժողովի նախագահի հետ վերջին խորհրդակցությունում, որի ժամանակ որոշվել են այն քայլերը, որոնք կերկարացնեն ջրիմուռների կյանքը և թույլ չեն տա ջրի մակարդակի բարձրացում ու լճի վերականգնում: Դա ձեռնտու չէ բնապահպանական և զբոսաշրջության զարգացման տեսակետից:
Գրիգոր Էրիկյանը կառավարության նիստում հպարտորեն կարդաց մի իտալացի զբոսաշրջիկի գրառումը Բուքֆեյսում Հայաստան այցելելուց հետո. «Ապշեցուցիչ է, հայերը հանճարեղ ժողովուրդ են: Նրանցից բացի ոչ ոք չէր կարողանա խմելու ջրով լի լիճը ճահճացնել ու վերածել ջրիմուռների թանգարանի, որ գրանցվել է անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում»:


Կառավարության այդ նիստում վարչապետ Փաշին Նիկոլյանը առաջարկեց շահագործումից հանել էլեկտրամոբիլները և կառավարության անդամներին ապահովել երկտեղանի ինքնաթիռներով: Փոխվարչապետ Գրիգոր Մհերյանի հարցին՝ որտե՞ղ են ինքնաթիռները վայրէջք կատարելու, վարչապետը պատասխանեց. «Երևանից դուրս կկառուցենք մարզադաշտ, որ կծառայի և ֆուտբոլին, և իբրև օդակայան, իսկ մարզադաշտից ոտքով կգանք աշխատանքի, այդպես ավելի առողջարար է»: Փոխվարչապետ Ավին Տիգրանյանն առարկեց. «Փաստորեն ստացվում է՝ տնից ինքնաթիռով գնում ենք մարզադաշտ, մարզադաշտից ոտքով գալիս կառավարությու՞ն: Արդյո՞ք խելամիտ է, պարոն վարչապետ, և ժամանակի կորուստ է, և միջոցների վատնում»: Փաշին Նիկոլյանն արձագանքեց, որ որոշումը վերջնական է և ով համաձայն չէ, պատրաստ է ընդունել նրա հրաժարականը:
Տեղնուտեղը հրաժարական տվեց պաշտպանության նախարար Տոնո Դավիթյանը: Նա ասաց, որ բանակը միակ կայացած կառույցն է և ինքը չի կարող այդքան երկար ժամանակ հատկացնել քաղաքամերձ զբոսանքներին՝ կտրվելով բանակից: Արդարադատության նախարար Բադաս Ռուստամյանն առաջարկեց՝ սկսել գաղափարի վեթինգի գործընթաց՝ դիմելով Սահմանադրական դատարանին: Փաշին Նիկոլյանը ձեռքը խփեց բազկաթոռին ու հանձնարարեց ոստիկանապետ Օսիպ Վալերյանին հետևել հրամանի կատարմանը:

Ոստիկանապետը հրաժարական տվեց: Գլխավոր դատախազ Դավիթ Արթուրյանը ասաց, որ իրականում նման նախադեպեր եղել են, հարցը պետք է ուսումնասիրել ու համարժեք եզրակացության գալ: Նրա խոսքով՝ կարևոր է ԱԱԾ և ՊԵԿ տնօրենների տեսակետը: Վանեց Արթուրյանը միանգամայն համաձայն էր վարչապետի հետ և ասաց, որ պատրաստ է կատարել նրա ցանկացած հանձնարարություն՝ մարշալի կոչում ստանալուց հետո:
Անան Դավիթյանը հրապարակեց ՊԵԿ-ի վերջին ուսումնասիրությունների տվյալներն ու ասաց, որ այդ միջոցառումը վաղուց հասարակական պահանջ է ու տնտեսությանը 007. 7 տոկոսի եկամուտ կբերի, բայց ինքը չի շտապի ու եզրակացության համար ժամանակ է խնդրում:
Անակնկալ հրաժարական տվեց սուպերնախարար Հարություն Արայիկյանը: Նա ասաց, որ մշակութային տեսակետից որոշումն ընդունելի է, բայց երիտասարդ սերնդի մարզական դաստիարակության տեսակետից առաջանում են ֆինանսական խնդիրներ, եթե վարչապետի ու նախարարների օրինակով ուսանողներն ու աշակերտները ևս պահանջեն անձնական ինքնաթիռներ: Իսկ ուսուցիչներն ու դասախոսները պահանջեն աշխատավարձի բարձրացում:
Ֆինանսների նախարար Ջանջուղազ Ատոմյանը հրաժարական չտվեց. նա պատրաստ էր բյուջեի պահուստային ֆոնդերից ֆինանսական հատկացումներ անել, եթե ԱԺ-ն օրենք ընդունի: Արտաքին գործերի նախարար Մնացական Զոհրաբյանը առաջարկեց հարցին անդրադառնալ միջազգային գնահատականների տեսակետից: Նրա կարծիքով՝ մեթոդը պոզիտիվ է ու իննովացիոն, բայց կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ու Հայաստանը նախ պետք է քննարկի՝ ինչպես որոշումը կանդրադառնա ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացի վրա, որի շուրջ աշխատում են օրուգիշեր: Նա կառավարության անդամներին տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդ Էլմարովի հետ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչը Ադրբեջանի նախագահ Ալի Իլհամովին վերջին հանդիպման ժամանակ առաջարկել էր վերադառնալ ՌԴ ԱԳ նախարար Լավր Սերգեևի պլանին: Եվ քանի որ կառավարության անդամներից ոչ ոք չէր հիշում այդ պլանը, նախարարը ստիպված էր պատմել, որ ՌԴ-ն 70 տարի ցանկանում է Արցախում ռազմաբազա ունենալ ու այդ խնդրի լուծման համար… Կառավարությունը հարցի քննարկումը շարունակեց փակ նիստում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշին Նիկոլյանը չի ընդունել կառավարության անդամների հրաժարականները: Նա բոլորին ազատել է աշխատանքից: Նախկին նախարարներից ոմանք ասում են, որ վարչապետի պաշտոնական այցերը Զանզիբար ու Գալապագոսյան կղզիներ հաջողության չեն հասել, և կառավարության պաշտոնանկությունը նրա վատ տրամադրության հետևանքն է: Եղո Արմանյանը ևս հրաժարական տվեց՝ պատճառը չմեկնաբանվեց:


Վերջին պաշտոնական նորությունը՝ Աժ փոխնախագահներ Նազար Լենայանը և Սիմոն Ալենյանը նորից գնացել են Բեյրութ՝ հանդիպելու Արամ վերջին կաթողիկոսին: Անթիլիասի կաթողիկոսարանից տեղեկացրել են, որ հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում՝ վեհափառն ու պատգամավորները զբոսնել են Միջերկրականի ափին ու համատեղ որոշումներ կայացրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. 1. Հակառակ կառավարության չգոյության՝ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ցույց էին անում կառավարության շենքի առաջ՝ պահանջելով վճարել իրենց կես տարվա աշխատավարձերը: Նրանց կեսօրին միացան Ամուլսարի ու Ագարակի բնակիչները՝ պահանջները համարյա նույնն են՝ տեղի բնակիչները աշխատանք են ուզում: Օրավարտին ՀԷՑ-ը տեղեկացրեց, որ վաղը հոսանքազրկվելու է ամբողջ հանրապետությունը՝ պրոֆիլակտիկ նպատակներով, լույս չի լինի մի շաբաթ: Ոչ ոք չզարմացավ «Վեոլիա ջրի» հայտարարությունից, որ մի շաբաթ ջուր չի լինի: Եվ միայն «Սանիտեկն» է հավաքում ու չի կարողանում հավաքել ամբողջ աղբը:
Լույս ու ջուր կա մայրաքաղաքի Հարավային պողոտայում, վաղը հայտարարված է համազգային հանրահավաք՝ պարզելու Հարավային պողոտայի բնակիչների արտոնությունների պատճառները: Բոլորս դեպի Հարավային պողոտա, լուրեր կան, որ ելույթ է ունենալու վարչապետ Փաշին Նիկոլյանը:
Հ. Գ. 2. Գրված է Երևանում, 2019-ի հուլիսի 10-ին, ժամը 10-10.30-ին:

Դիտվել է՝ 2786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ