ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռուսաստան, Իսրայել, Իրան

Ռուսաստան, Իսրայել, Իրան
04.06.2019 | 11:15

Սպիտակ տունը վերջերս հայտարարեց հունիսին եռակողմ հանդիպման մասին՝ անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի, նրա իսրայելցի գործընկեր Մեիր բեն Շաբատի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի: Այդ ժամանակ Կնեսետը քվեարկեց ինքնալուծարման և արտահերթ ընտրությունների օգտին՝ Mediapart.fr-ում գրում է Ժան Պոլ Բակիաստը: Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են տարածաշրջանի անվտանգության հարցերը: Իսրայելն աներկբա հայտարարեց, որ հանդիպմանը սկզբից քննարկվելու է Իրանի դերը Սիրիայում: Դա զարմացնում է նրանց, որ համարում են՝ Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական ալյանսը հաստատուն հիմքեր ունի, արդեն ստուգված է ու քննարկման ենթակա չէ, հատկապես ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ: Իրականում այդ դաշինքը թեպետ կասկածներ չի հարուցում, բայց տուրբուլենտությունից զերծ չէ: Իսրայելը միշտ զգուշացել է տարածաշրջանում Իրանի հայտնվելուց: Թեպետ, հաշվի առնելով ուժերի համամասնությունները, չի քննարկել Թեհրանի հետ հնարավոր լուրջ ռազմական առճակատման հարցը և ուզում է խուսափել մշտական կոնֆլիկտներից, որոնց գինը բավականին շոշափելի է: Այդ պատճառով Իսրայելը վաղուց էր պահանջում, որ Իրանի ամբողջ զորքը դուրս բերվի Սիրիայից: Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը միշտ նույն է եղել՝ Իրանի մասնակցությունը Սիրիայում օրինական է և չի հակասում միջազգային իրավունքին: Ռեալիստական է համարել, որ Մոսկվան չի ցանկանում՝ Իրանը Սիրիայում տեղակայի իր զինուժը, որ կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանում կայունություն հաստատելու Ռուսաստանի ցանկությանը: Իրանը հիմա ռազմական բազա է կառուցում սիրիական Բանիյաս նավահանգստում՝ Լաթաքիայի ռուսական ռազմաբազայից ոչ հեռու: Վերջիվերջո, ռազմաբազան կարող է դառնալ հենակետ՝ Իրանը Միջերկրականում ներգրավելու համար, որ հակասում է մասշտաբային խաղաղարար դերին, որը մտադիր է խաղալ Ռուսաստանը տարածաշրջանում: Միջուկային զենքի չտարածման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Մոսկվան խնդրել էր Թեհրանին հապճեպ որոշումներ չկայացնել, որ կարող են հանգեցնել առանց որևէ վերահսկողության միջուկային զենք ստանալուն: Մոսկվան զգուշանում է, որ այդօրինակ իրադարձությունները կարող են դրամատիկ հետևանքներ ունենալ խաղաղության պահպանման համար, որ ծայրահեղ կարևոր է իր սեփական անվտանգության համար: Իսրայելը կողջունի զսպիչ դերը, որ Մոսկվան ունակ է խաղալ իր դռների մոտ Իրանի ռազմական ներկայության ուժեղացման ձգտումների վերահսկողության մեջ: Զարմանալի է՝ ինչու՞ Ջոն Բոլտոնը, որ ոչ առանց հիմքի ներկայանում է այդ հանդիպման նախաձեռնող, համաձայնել է, որ հանդիպումը Երուսաղեմում լինի: Գուցե այն պատճառով, որ ԱՄՆ-ի հրեա քաղաքացիները, որ հատուկ ազդեցություն են ստացել Հասարակական կապերի ամերիկաիսրայելական կոմիտեի շրջանակներում, ուզում են օգնել Իսրայելին՝ ավելի լավ վերահսկել Իրանին: ՌԴ հրեա քաղաքացիների ազդեցիկ փոքրամասնությունը, անկասկած, նույն նպատակն ունի:
Ժան Պոլ Բակիաստ Mediapart


Հ.Գ. ԱՄՆ-ը ու Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտության կարգավորման առաջարկ անել: Արաբական Asharq Al-Awsat պորտալը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրներին՝ գրել է. «Կողմերը կքննարկեն «ճանապարհային քարտեզը», որի շրջանակում ԱՄՆ-ը և դաշնակիցները Մոսկվային Սիրիայի հարցով առաջարկներ կանեն, օրինակ՝ երկրի վերականգնում, նախագահ Բաշար Ասադի օրինական իշխանության ճանաչում, պատժամիջոցների չեղարկում, ինչի փոխարեն Ռուսաստանը պետք է հանձնառություն ստանձնի այդ երկրում Իրանի դերը զսպելու հետ կապված հստակ գործողությունների իրականացման գործում»: The Times of Israel-ը հավելում է, որ եռակողմ հանդիպումը կայանալու է հունիսի վերջին: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն ու Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր բեն Շաբատը մտադիր են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր քննարկել: Առանցքային է լինելու տարածաշրջանում Իրանի՝ վերջին շրջանում նկատվող դիրքի ամրապնդումը: Մոսկվան Դամասկոսի և Թեհրանի մերձավոր դաշնակիցն է, մինչդեռ Իսրայելն ու ԱՄՆ-ն իսլամական պետության թշնամիներն են: Իսրայելը փորձում է կանխել իր սահմանների մոտ՝ Սիրիայում, թշնամական պետության դիրքերի ամրապնդումը:


Մոսկվան ընտրության առաջ է, բայց կա նաև հարցի այլ կողմ՝ եթե անգամ Մոսկվան ընդունի Իսրայելի ու ԱՄՆ-ի առաջարկը, կարո՞ղ է ստիպել Իրանին հեռանալ Սիրիայից: Բացի այդ՝ տարածաշրջանում կա նաև այլ խաղացող՝ Թուրքիան, որ պակաս հավակնություններ չունի Սիրիայում հաստատվելու՝ հիմնավորելով սեփական սահմանների պաշտպանությունը: Էրդողանը այդպես էլ չի հաշտվում Ասադի հետ: Փաստացի՝ ԱՄՆ-ը և Իսրայելը դեմ են գնում Սիրիայի մասնատման Անկարայի ծրագրին: ՌԴ-Իրան հարաբերությունները փորձության առաջ են՝ յուրաքանչյուրն էլ փորձում է տարածաշրջանում իր դերն ամրապնդել: Բացի այդ՝ իսկ ի՞նչ է ստանալու Իրանը իբրև փոխհատուցում: Գուցե ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները հանե՞լը, որ ձեռնտու են Ռուսաստանին՝ նավթագազային շուկայում մրցակցին դուրս մղելու առումով: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում Բաշար Ասադը: Ի վերջո՝ այս բոլոր գործընթացները վերաբերում են Սիրիայի տարածքին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ