Թվում է, թե նախկին խորհրդային տարածության վերաձևումն իր առավել կարևոր` տնտեսական, աշխարհաքաղաքական և, վերջին հաշվով, կողմնորոշման առումներով, ոչ միայն չի մարում, չնայած Կրեմլի բոլոր ջանքերին, այլև թևակոխում է առավել ակտիվ փուլ։ Ընդ որում, շատ հավանական է, անդառնալի։ Այստեղ վերջին ժամանակներս, բացի Ռուսաստանի վաղեմի մրցակիցներ Եվրոպայից ու ԱՄՆ-ից, շահագրգիռ ուշադիր դիտորդի տևական դերից հետո գործին եռանդուն միացել է Չինաստանը։ ՈՒ նկատենք. եթե Արևմուտքը նորաթուխ պետություններում իր գործողություններում փոքր-ինչ կաշկանդված է «ժողովրդավարական նորմերի կապանքներով», ապա Պեկինը լիովին զերծ է այդ պատրանքներից։ Ավելին, նրա հիպոթետիկ բարեկամությունը Մոսկվայի հետ կարծես մեղմում է ռուսների խանդը։ Կիևն էլ, որը կքել է «Գազպրոմին» ունեցած պարտքերի և շարունակվող «գազային պատերազմի» բեռան ծանրության տակ, չկարողացավ դիմանալ չինական քաղցր «ընծաների» հմայքին։ Այսպես, վերջերս Չինաստանի զարգացման բանկը, հասկանալի է, Կենտրոնի ամենաբարձր օրհնությամբ, ՈՒկրաինայի իշխանությունների հետ պայմանավորվածության եկավ 3,6 մլրդ դոլար գումարի հերթական վարկի հատկացման շուրջ, որը տրվելու է բավական հարմար տոկոսով։ Նկատենք, որ երկու տարի առաջ Պեկինն արդեն հուշագիր է ստորագրել ուկրաինական յոթ ածխահանքերում մեկ միլիարդ դոլար ներդրումների վերաբերյալ։ Գաղտնիք չէ, որ հերթական «արքայական նվերի» գլխավոր նպատակն է տեխնոլոգիաներ ձեռք բերել ռուսական գազի ներմուծման ծավալների կրճատման համար, որն ավելի ու ավելի մեծ բեռ է դառնում ՈՒկրաինայի բյուջեի համար։ Տեխնոլոգիաները պետք է երկրին հնարավորություն ընձեռեն էլեկտրաէներգիայի արտադրության գործում գազից անցնելու ածխի։ Տեխնոլոգիաների հանձնման ակտիվացումը կդառնա այս տարվա նոյեմբերին ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Պեկին կատարելիք այցի գլխավոր թեման։
Եվ կարծես ի հեճուկս ռուսների, այդ նույն օրերին գազի ու նավթի այլընտրանքային էներգիայի աղբյուրների շուկայի համար աշխարհի 40 երկրների գրավչությունը վերլուծած միջազգային կառույցների հաշվետվության մեջ Չինաստանը գրավել է առաջին տեղը, իսկ նախկին ԽՍՀՄ-ից վարկանիշային ցանկում ներկայացված էր միայն 29-րդ հորիզոնականում տեղ գտած ՈՒկրաինան։ Այսուհետ չինական տեխնոլոգիաներով ուկրաինական ածուխը խառնվելու է ջրին և վերածվելու է, այսպես կոչված, «սինթետիկ գազի», որն այնուհետև կօգտագործվի էլեկտրակայաններում։ Ներկա փոխառությունը կուղղվի «ածխի գազացման» երեք գործարանների կառուցմանը, ինչպես նաև պետությանը պատկանող ՋԷԿ-երից չորսի շուտափույթ անցմանը ածխի։ Կանխատեսվում է նաև, որ չինացիների հետ համագործակցության ծրագրի շնորհիվ կստեղծվի 15 հազար աշխատատեղ։ ՈՒ ինչպես նշում են փորձագետները, ուկրաինական ՋԷԿ-երի վերափոխության, այդ թվում` դրանցում առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու ածուխ այրող բարձրտեխնոլոգիական նոր ջերմաագրեգատների տեղակայման համար բավարար կլինի չինական վարկի սոսկ մեկ հինգերորդ մասը։ Այսինքն, դժվար չէ ենթադրել, որ հսկայական միջոցների հիմնական մասը կնպատակամղվի ՈՒկրաինայի ամբողջ էներգատնտեսության հեռանկարային վերակողմնորոշմանը։ Համաձայնագրի շրջանակներում առաջին հինգ նախագծերի իրականացման արդյունքում կարելի է սպասել ավելի քան երեք միլիարդ խորանարդ մետր ռուսական բնական գազի ներմուծման և տարեկան մեկ միլիարդ 200 միլիոն դոլար ծախսի կրճատում։
Որպես «չինական ճեղքման» հետևանք, նախագահ Յանուկովիչը հայտարարել է, որ «առաջիկայում ՈՒկրաինան կազատվի էներգետիկ պաշարների օտարերկրյա մատակարարներից ունեցած անտանելի կախումից»։ Այդ նույն առումով նա հիշեցրել է, որ ՈՒկրաինան ունի մեթանի և թերթաքարային գազի հարուստ պաշարներ, ածխաջրածինների հանքեր` Սև ծովի առափնյա գոտում, ինչպես նաև էներգիայի, նախ և առաջ, «կանաչ էներգետիկայի» այլընտրանքային աղբյուրների զարգացման լավ հեռանկարներ։ Այդ բոլոր ուղղությունների շահագործման համար արդեն ներգրավվում են առաջատար օտարերկրյա ընկերություններ, իսկ Չինաստանի` ժամանակին ցուցաբերած օգնությունը շատ գործուն համալրում դարձավ։ «Արդի աշխարհում էներգաանվտանգությունը դարձել է պետության անկախության և ինքնիշխանության հոմանիշ, ուրեմն, մենք պետք է ճեղքում կատարենք էներգետիկ խնդիրների լուծման գործում»,- հայտարարել է Յանուկովիչը։ Այսինքն, ներմուծված թանկարժեք գազի փոխարինումն ՈՒկրաինայում արտադրվածով նրա համար ռազմավարական նշանակություն ունի։ ՈՒ դժվար չէ ենթադրել, որ Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ հերթական քայլը խոսում է այն մասին, որ Կիևը մտադիր չէ մոտ ապագայում վերականգնելու սերտ կապերն իր նախկին ավատատիրոջ` Մոսկվայի հետ։
Ի դեպ, ուկրաինացի բոլոր փորձագետները միաբերան պնդում են, «թե միակ բանը, որ ՈՒկրաինային կստիպի զբաղվելու էներգամատակարարման քաղաքականությամբ, գազի բարձր գինն է», բանը ոչ թե չար կամեցողությունն ու «հակառուսական տրամադրությունն» է, այլ Մոսկվայից ըմբռնման լիակատար բացակայությունը։ Այսինքն, դա ուկրաինացիների համար, նրանց խոսքերով, բնական և հարկադրական վարքագիծ է։ Ինչպես հայտնի է, Կիևը վրդովված է այն բանից, որ ստիպված է 425 դոլար վճարել ռուսական 1000 խմ գազի դիմաց, իսկ դա ավելի բարձր գին է, քան վճարում է Գերմանիան։ Նկատենք, որ ռուսական «էներգետիկ թակարդի» պայմաններում ապրող ՈՒկրաինան ծայրաստիճան ցավագին է ընդունում նաև այն փաստը, որ Ռուսաստանը, կարծես, հասկանում է գազի բարձր գների խնդիրը, երբ խոսքն այլ երկրների մասին է։ Օրինակ, ռուսներն ընթացիկ տարում ռուսական գազի գնումների կրճատման կապակցությամբ գնային զիջումներ արեցին իտալական, գերմանական և մի շարք այլ եվրոպական ընկերությունների։ ՈՒկրաինական կողմը երկար ժամանակ նույն բանն սպասում էր իր առնչությամբ, բայց փոխարենը հանդիպեց Ռուսաստանի կոշտ ու անզիջում դիրքորոշմանը։ Վերջերս էլ Սոչիում Պուտինն ու Յանուկովիչը համաձայնության չեկան գազի հարցում։ Կրեմլում ռուսական լրատվամիջոցների աղբյուրի ասելով, «նախագահները շատ արդյունավետ շփումներ ունեցան, սակայն ասել, թե այդ հարցը լուծված է, առայժմ հնարավոր չէ»։ Իսկ ՈՒկրաինայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներն ուղղակիորեն հայտարարեցին, որ գազի ոլորտում սկզբունքային համաձայնություն ձեռք չի բերվել։ «Մենք հույս ունեինք, թե գազի գնի իջեցման հարցը հնարավոր կլինի լուծել գազափոխադրման համակարգի հիման վրա կոնսորցիումի ստեղծման միջոցով, բայց դրա փոխարեն Ռուսաստանի կողմից հնչեցին Մաքսային միության մասին նույն քաղաքական առաջարկությունները»,- հայտարարում են նրանք։
Իսկ ի՞նչ դերակատարում ունի Չինաստանն այդ աշխարհաքաղաքական և տնտեսական դիմակայություններում։ Մենք արդեն բազմիցս նշել ենք Պեկինի անկասելիորեն ու մշտական մեծացող դերը նախկին խորհրդային տարածությունում։ Ընդ որում, ոչ միայն չինական խոշոր ներդրումների առումով, այլև հարաճուն ապրանքաշրջանառության։ Որպես Չինաստանում ապրող մարդ ձեր ուշադրությանը ներկայացնեմ այն հանգամանքը, որ վերջերս ավիաչվերթ է հաստատվել Բաքվի ու Շանհայի միջև, իսկ չինական ավտոարդյունաբերության մի խոշոր ձեռնարկություն այցելությանս ժամանակ ինձ ցույց տվեցին «լոնդոնյան տաքսիների» հրաշալի նմանակներ, որոնք մեծ քանակությամբ պատրաստվում են Ադրբեջանի մայրաքաղաքի տաքսամոտորային համակազմի համար, որը հրաժարվել է ռուսական ավտոմեքենաներից։ Ահա ուկրաինա-չինական հարաբերություններում էլ, դատելով ըստ ամենայնի, բանը միայն գազով չի սահմանափակվի. բացի երկու երկրների մերձեցման առանցքային էներգետիկ համաձայնագրերից, Պեկինը մտադիր է Կիևին հատկացնել մինչև երեք միլիարդ դոլար` 15 տարով, տարեկան վեց տոկոս տոկոսադրույքով, որը նախատեսվում է չինական սարքավորումներով ու պարարտանյութերով ուկրաինական գյուղատնտեսության արդիականացման համար, ինչն իր հերթին պետք է մեծացնի ուկրաինական պարենամթերքի` Չինաստան կատարվող արտահանության ծավալները։ Շատ ակտիվորեն ու բուռն է զարգանում նաև Բելառուսի ու Չինաստանի բազմակողմանի համագործակցությունը։ Ընդ որում, համատեղ տնտեսական նախագծերը` զարգացման հատուկ արտոնյալ կարգավիճակի ինդուստրիալ համակազմից մինչև Մինսկի մերձակա «չայնա-թաունը», ինչպես նաև Չինաստանից հոսող ներդրումները, այդ թվում` բարձրտեխնոլոգիական, գիտատար ճյուղերում, վաղուց որևէ վեճ ու կասկած չեն առաջացնում առավել ռուսամետ այդ հանրապետությունում։ Ավելին, խոսվում է Բելառուսի և Չինաստանի հիմնավոր, ռազմավարական դաշինքի մասին, որը երկարաժամկետ բնույթ է կրում։
Նկատենք ևս մեկ շատ հետաքրքիր հանգամանք։ Ինչպես գրում են «Ռեգնում» գործակալության փորձագետները, որոնց դժվար է կասկածել ռուսական հայրենասիրությունից զուրկ լինելու մեջ, «առանց Չինաստանի մասնակցության Եվրասիա աշխարհաքաղաքական հասկացությունը ոչ միայն լիարժեք չի լինի, այլև անհեթեթ և սնանկ է»։ Բացի այդ, նրանց կարծիքով, Չինաստանն ամերիկյան ազդեցությունից հեռու է պահում ինչպես Բելառուսը, այնպես էլ Ռուսաստանը գոտևորող կովկասյան և միջինասիական հանրապետությունները և անգնահատելի կայունացնող դեր է խաղում։ Եվ վերջապես, նրանք որոշակի քաղաքական շրջանակներին հատուկ ոճով ամփոփում են. Չինաստանը, իրենց կարծիքով, դառնալու է ապագա աշխարհակառուցվածքի «ֆաշիստաազատական մոդելի դեմ հանդես եկող անգնահատելի դաշնակից, իսկ այդ սպառնալիքն Արևմուտքի կողմից հերթական անգամ կախվել է մեր երկրների գլխին»։
Տվյալ դեպքում չէինք ցանկանա մեկ անգամ ևս մատնանշել, որ ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի բաղձալի դիմակայությունը, տվյալ փուլում, ավելին չէ, քան ցանկալին իրականություն ներկայացնելու փորձ, որ համաշխարհային մի շարք թեմաների շուրջ Վաշինգտոնի ու Պեկինի թվացյալ հակասություններն անգամ, չնայած բոլոր ցանկություններին, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում այդ երկու երկրների տնտեսական, տեխնոլոգիական և ֆինանսական համագործակցությանը։ Կանգ առնենք երևակայական Եվրասիայի և նրանում Չինաստանի դերի վրա։ Այդ կապակցությամբ նկատենք, որ դեռ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ստեղծելիս շատերը Ռուսաստանում չէին կարողանում թաքցնել բերկրանքը Մոսկվայի ու Պեկինի դաշինքի կապակցությամբ, Ռուսաստանը համարում էին գերակա այդ կառույցում, իսկ Չինաստանը` «հականատօյական» գործիք ռուսների համար։ Սակայն կյանքը և ՇՀԿ-ի բոլոր վերջին նիստերը խոսում են հօգուտ այն բանի, որ կրեմլյան այդ ծրագրերը մնացել են երազների աշխարհում։ Ավելին, ինչպես ժամանակին դառնորեն նկատել են որոշ ռուս փորձագետներ, «ՇՀԿ-ն Մոսկվայի համար դարձել է ընդամենն ահավոր երազի իրականացում, ուր չինական բանակը զորախաղեր է անցկացնում Միջին Ասիայում»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից