Իրանն ապրում է շատ բարդ ժամանակաշրջան և կանգնած է միջազգային պատժամիջոցների առարկայական սպառնալիքի առջև: Հազիվ թե Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեն հնարավոր պատժամիջոցների «ամբողջ ծրագրին», բայց նրանց համար դժվար կլինի առհասարակ անտեսել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, որոնց, անտարակույս, կաջակցեն Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն: Չնայած այն գնահատականներին, որ այդ պատժամիջոցներն աղետ չեն դառնա Իրանի համար և ՀՆԱ-ին կպատճառեն ընդամենը 5-15 տոկոսի հասնող վնաս, միևնույն է, դա էլ բավական նշանակալի կորուստ է, եթե նկատի առնենք, որ նույնիսկ, չնայած նավթի գների բարձրացումից Իրանի ստացած ահռելի եկամուտներին, նա շարունակում է ռազմավարական ներդրումների սուր կարիք ունենալ: Կարծիք կա, որ Իրանը վախենում է, ավելի շուտ, ոչ թե պատժամիջոցների վերաբերյալ ընդհանուր որոշումներից, այլ գործառական ու տարածաշրջանային շրջափակումից, որը կարող են պաշտպանել Մեծ Մերձավոր Արևելքի առաջատար պետությունները: Իրանն արդեն զգացել է գործառական շրջափակման արդյունավետությունը, երբ ԱՄՆ-ը կարողացավ դրան մասնակից դարձնել աշխարհի առաջատար արդյունաբերական-ֆինանսական կենտրոններին: Իրանը հասկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի հնարավոր որոշումների պայմաններում տարածաշրջանի մի շարք պետություններ կմիանային հաղորդուղիների և առևտրական շրջափակմանը, և աշխատում է կանխել այդ հեռանկարը:
Առանցքային պետություններից մեկը, որ կարող էր էական վնաս պատճառել Իրանին, Թուրքիան է: Սա, Սաուդյան Արաբիայի, Իրաքի և Պակիստանի հետ մեկտեղ, շրջափակման պայմաններում, կարող էր առանցքային դիրքեր գրավել տարածաշրջանում և Արևմտյան ընկերակցության համար դառնալ նախապատվելի գործընկեր: Դրա հետ մեկտեղ, հակաիրանական որոշումների ու գործողությունների պաշտպանությունից Թուրքիայի հրաժարումը կհանգեցներ տարածաշրջանային շրջափակման փաստական ձախողման: Ըստ էության, պատժամիջոցների հարցը Իրանի տարածաշրջանային քաղաքականության խնդրի մի մասն է, և այն էլ ոչ ամենամեծ մասը: Իրանը լարված ջանքեր է գործադրում այլընտրանքային հնարավորություններ գտնելու միջազգային մեկուսացումը կանխելու համար: Չնայած իրանա-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին նոր հնչողություն են ստացել` հակաամերիկյան տրամադրությունների բացահայտ սաստկացմամբ, Թուրքիան և Իրանը, առաջվա նման, հեռու են ռազմավարական հարաբերությունների ձևաչափից և շարունակում են սկզբունքային մրցակիցներ լինել տարածաշրջանում: Թուրքիայի «նոր» քաղաքականությունը, նկատի ունենալով իսլամական երկրներին ուղղված ամեն տեսակի սեթևեթանքները, ներառյալ Իսրայելի քաղաքականության քննադատությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ, թեկուզ և սահմանափակ, դաշինք կազմելու փորձերը, դրականորեն հետաքրքրում և միաժամանակ տագնապ է պատճառում Իրանին: Վերջինս շատ լավ է հասկանում, որ Թուրքիան ձգտում է նոր, ավելի գերադաս դիրքեր գրավել Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում, որը, այսպես թե այնպես, կվնասի իրանական դիրքերին: Առայժմ Թուրքիայի և Իրանի փոխհարաբերություններում «մեղրամիս» է, ինչը խիստ անհանգստացնում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև եվրոպացիներին: Արևմտյան ընկերակցությունը շահագրգռված է ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի շրջափակմամբ, ինչը համահունչ է նրա արտքաղաքական հավակնությունները զսպելու ընդհանուր մտադրություններին: Նույն կերպ է դիտարկվում նաև Թուրքիայի մերձեցումը Սիրիայի և Իրաքի հետ: Ընդհանուր առմամբ, իրանական քաղաքականության մեջ Թուրքիայի առնչությամբ կա մի անվերապահ չափանիշ. դա նրա հակաարևմտականության, միաժամանակ նաև Իրանի նկատմամբ որևէ ճնշում թույլ չտալու և տարածաշրջանային քաղաքականության մեջ նրա դիրքերը չսահմանափակելու Թուրքիայի կուրսի համակողմանի խրախուսումն է:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը միայն բացասական հանգամանքներ է պարունակում Իրանի շահերի համար: Նախ պետք է նշել, որ Իրանի համար առավել բացասականն այն է, որ այդ նախագիծը իր ձևաչափով, տրամաբանությամբ և բովանդակությամբ ամերիկյան է, և դա արդեն անհանգստացնում է Իրանին, նկատելի վնաս է հասցնում Թուրքիայի հետ փոխըմբռնման գործին: Թեհրանում, այդուամենայնիվ, շատ լավ են հասկանում, որ չնայած ամերիկյան մտադրությունների առաջնայնությանը, Թուրքիան ձգտում է վերանայել այդ նախագծի ուղղվածությունը, առավելագույնս դուրս գալ ԱՄՆ-ի ազդեցությունից և իր նպատակներով ու խնդիրներով ամերիկյան այդ նախագիծը վերափոխել թուրքականի: Սակայն Թուրքիայի այդ մտադրությունները չափազանց քիչ են Իրանին հանգստացնելու համար, որը գլխավոր վտանգը համարում է ոչ թե Թուրքիայի ու Հայաստանի վրա ԱՄՆ-ի ազդեցության մեծացումը, այլ Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության սկզբունքային փոփոխությունը:
Իրանցիները չեն կարող չտեսնել, որ Հարավային Կովկասում ամերիկյան շահերի մակարդակը նկատելիորեն ընկնում է, ինչը, այսպես թե այնպես, կհանգեցնի Թուրքիայի և Ռուսաստանի դերի ուժեղացմանը, որոնք ձգտում են ստեղծել մի դաշինք, որի նպատակը պետք է լինի ԱՄՆ-ին դուրս մղել Սև ծով-կովկասյան տարածաշրջանից: Միգուցե դա ամենատհաճն է Իրանի համար, հատկապես ռուս-իրանական համագործակցության տոնուսի ընդհանուր անկման, Իրանի հանդեպ եվրոպական պետությունների հետ ավելի շատ միաբանվելու Ռուսաստանի ներկա փորձերի պայմաններում, ինչը ԱՄՆ-ի համար դադարել է լինել զսպիչ գործոն: Իրանցիները հասկանում են նաև, որ Թուրքիայի զսպման քաղաքականություն վարելու` ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար պետությունների փորձերն այնքան էլ հաջող չեն և չեն հանգեցնի տեսանելի հեռանկարում ցանկալի արդյունքների, ինչը մեծացնում է այն տարածաշրջաններում Թուրքիայի նվաճամտության դիմակայման անհրաժեշտությունը, որտեղ Իրանը որոշ դիրքեր է ստեղծել և դրանք համարում է «իր շահերի գոտի»:«Հայկական գործոնը» շարունակում է Իրանի համար մնալ որպես թուրքական նվաճամտությունը զսպելու լծակ, և Թուրքիայի փորձերը` վերացնելու այդ գործոնը, չեն կարող չանհանգստացնել Իրանին, ինչպես նաև ԱՄՆ-ին, Եվրոպայի շատ պետությունների և Ռուսաստանին:
Իրանը շատ քիչ է շահագրգռված Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ, հատկապես թուրք-ադրբեջանական պարտավորեցնող կապերը թուլացնելու և ԱՄՆ-ից ու Ռուսաստանից Հայաստանի կախումը հնարավորինս նվազեցնելու առումով: Իրանը շահագրգռված է այնպիսի այլընտրանքային հաղորդուղիների ստեղծմամբ, որոնք ապահովեին Սուեզի ջրանցքի, սևծովյան նեղուցների և Իրաքի տարածքի «շրջանցումը»: Այս իմաստով, Իրանին հետաքրքրում են այն հաղորդուղիները, որոնք անցնում են Հայաստանով ու Վրաստանով և տանում դեպի հյուսիս-արևմուտք, այսինքն` Եվրոպա: Այդ ուղղությամբ իրանական բեռնահոսքերը կարող են հասնել 20 մլն տոննայի: Մինչև օրս Իրանը չի հետաքրքրվել իր սահմանից Թուրքիայի արևելյան շրջաններով դեպի Անատոլիայի մայրուղիներ երկաթուղու կառուցմամբ: Իրանը չի հետաքրքրվել նաև դեպի Միջերկրական ծովի արևելյան ափ երկաթգծի կառուցմամբ: Իրանա-ադրբեջանական սահմանի երկաթուղային կցույթը, որը գլխավորապես Ռուսաստանն է նախաձեռնել, մեծ ոգևորություն չի պատճառում Իրանին: Հարավային Կովկասի առնչությամբ Իրանի համար անթերի վարկածը տարածաշրջանից ԱՄՆ-ի ու Թուրքիայի առավելագույն հեռացումն է, Ռուսաստանի, Եվրամիության և հենց Իրանի դերի մեծացումը: Առայժմ դա իրագործելի չէ, սակայն իրանցիները կարծում են, որ արդեն որոշ միտում նկատվում է, ու, երևի, նրանք ճիշտ են:
Ներկայումս Իրանը ոչինչ չի ձեռնարկում ձախողելու հայ-թուրքական կարգավորման ամերիկյան ծրագիրը: Ընդհակառակը, իրանցիները համոզված են, որ այդ ծրագիրը դատապարտված է ձախողման կամ էլ վատթարացնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունները: Ադրբեջանի ու Վրաստանի նյարդայնությունը և Ռուսաստանի կողմից այն բանի հիշեցումը, որ ինքը կորցրել է նախաձեռնությունն այդ հարցում, լիովին ձեռնտու են Իրանին, որի համար դժվար կլիներ հնարել իր շահերի համար ավելի նպաստավոր իրավիճակ: Ամերիկյան այդ նախագիծը պատկերում է Թուրքիայի և ԱՄՆ-ի իրական հարաբերությունները, ի հայտ է բերում թուրքական քաղաքական խավի ու անբողջ հասարակության տրամադրություններն ու մտադրությունները, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի ընդունակությունը` հաջողությամբ վարելու այդ քաղաքականությունը, տվյալ դեպքում իրականացնելու այդ նախագիծը: Բացի այդ, ի հայտ են գալիս Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի շահերն ու վարքագիծը` որպես Թուրքիայի նկատմամբ ակտիվ քաղաքականություն վարող պետությունների: Երևում է, Թեհրանում բավականաչափ վերլուծական նյութ է կուտակվել այդ նախագծի առթիվ, և իրանցիները հակված են այդ նախագիծը համարելու փորձ, որը նպատակ ունի Թուրքիան ներառել որոշակի պարտավորեցնող ծրագրերի մեջ: Այսպիսով, Իրանը շատ հանգիստ է և որևէ անհանգստություն չի դրսևորում: Պետք է նշել, որ դա շատ կարևոր է այդ գործընթացի, նրա նպատակների ու խնդիրների իրականացման համար: Կասկածից վեր է, որ, ձեռնամուխ լինելով այդ նախագծին, ԱՄՆ-ը կարևոր ծառայություն մատուցեց Իրանին, քանի որ այդ նախագծի շնորհիվ թուրք -ամերիկյան հարաբերությունները կվատթարանան, Թեհրանում դրան չեն կասկածում:
Իրանն ակտիվորեն իր դիրքերն է ամրապնդում Հայաստանում, ջանքեր գործադրելով հաղորդակցական նոր ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որը, իրացվելու դեպքում, կոչված կլինի դառնալու աշխարհատնտեսական նախագծերի զարգացման միանգամայն նոր հնարավորությունների հիմք: Իրանը վճռական ճեղքում է կատարում հյուսիսարևմտյան ուղղությամբ, և մյուս բոլոր նախագծերն իրանցիները կարող են դիտել որպես թշնամական այլընտրանքային: Իրանը գոհունակությամբ է հետևում այն ֆինանսական և այլ օգնությանը, որ Հայաստանին տրամադրում են միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու Ռուսաստանը, և հույս ունի, որ Հայաստանը հավատարիմ կմնա իր դիրքորոշմանը ղարաբաղյան և թուրքական հարցերում:
Ներկայումս Իրանի և Ռուսաստանի փոխվստահալից հարաբերությունները որոշ, երևի, ժամանակավոր անկում են ապրում: Ռուսաստանն աշխատում է ներկայացնել իր եվրոպամետ քաղաքականությունը, ինչպես նաև պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցելու անվտանգության և Աֆղանստանում կուտակված խնդիրների լուծման ոլորտում: Ռուսաստանը հասկացել է, որ ինքն առավելագույնս լուծել է Իրանին առնչվող իր բոլոր հարցերը, և նա չի կարողանա հրաժարվել հարաբերությունների ներկա մակարդակից` միջազգային քաղաքականության ցանկացած ելևէջի պարագայում: Դրա հետ մեկտեղ, Իրանն իր միջուկային ծրագրի առթիվ Ռուսաստանին պատասխանել է նույն բանը, ինչ որ պատասխանել է եվրոպացիներին: Արդյունքում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպայի առաջատար պետություններն Իրանի կողմից իրենց գործառույթների ըմբռնում չեն տեսել, և երկար քննարկումից հետո եվրոպացիների դիրքերը մոտեցել են ԱՄՆ-ի դիրքին: Այսպես թե այնպես, Ռուսաստանը տվյալ պայմաններում չի կարող, գոնե մասամբ, չմիաբանվել եվրոպացիների հետ: Պատժամիջոցներն ինքնըստինքյան չեն համապատասխանում Ռուսաստանի շահերին, բայց նա հաճույքով է համաձայնում մասնակցելու այդ քայլերին: ՈՒստի Իրանը բավարարված է նաև նրանով, որ Ռուսաստանին նյարդայնություն է պատճառում այն հանգամանքը, որ Թուրքիան մասնակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագծին:
Իրանն արդեն ցուցադրել է, որ կարողանում է հաջողությամբ ձախողել վերջին 10-12 տարում Ռուսաստան-Թուրքիա-Իրան աշխարհաքաղաքական «եռանկյունու» հիմքի վրա իր տարածաշրջանային քաղաքականությունը կառուցելու ԱՄՆ-ի ծրագիրը: Բայց ԱՄՆ-ն այս անգամ չզիջեց Իրանի շրջափակման հարցում, և ամերիկացիներն, այնուամենայնիվ, որոշակի հաջողությունների հասան: Այսպես թե այնպես, ամերիկացիների հետ համամիտ են Պարսից ծոցի առանց բացառության բոլոր արաբական պետությունները և հայտնի չափով` Պակիստանն ու Հնդկաստանը: Թուրքիան ու Ադրբեջանը թեև չեն ձգտում համերաշխություն ցուցաբերել Իրանի տարածաշրջանային շրջափակման առնչությամբ, իրականում անհուսալի գործընկեր են մնում նրա համար: Իսկ տարածաշրջանի ոչ մեծ, թեև շատ վճարունակ երկրները ի վիճակի չեն որևէ էական բան մտցնելու Իրանի շրջափակման ծրագրերի մեջ: Հյուսիսային և արևմտյան ուղղությամբ վճռական նշանակություն ունեն Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ «եռանկյունու» ներսում եղած հարաբերությունները հսկայական ազդեցություն են գործում Մերձավոր Արևելքից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող բոլոր տարածաշրջանների վրա: Այդ «եռանկյունին», որի ներսում պետք է շատ լարվածություն և հակասություններ կուտակվեին, իրականում ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության գործիք չդարձավ: Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը ջանում են նոր քաղաքականություն կառուցել, ընդսմին առանց ԱՄՆ-ին ծառայություն մատուցելու: Նույն կերպ, Իրանը հույս ունի, որ ԱՄՆ-ի «թուրք-հայկական» նախագիծը կավարտվի կամ լիակատար ձախողմամբ, կամ օբյեկտիվորեն «իր մահկանացուն կկնքի»: Ընդ որում, միանգամայն հնարավոր է, որ Իրանը փորձի այդ նախագծի հետ կապված իր նպատակներն ու շահերը նույնացնել Ռուսաստանի շահերի հետ և դրանով իսկ դառնա «լռելու» գծով Ռուսաստանի գործընկեր:
Դրա հետ մեկտեղ, արաբական երկրներում ընթացող բուռն իրադարձությունների կապակցությամբ, Իրանի և Թուրքիայի միջև տեղի է ունեցել իրական հարաբերությունների պարզում: Չնայած Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների լուրջ զարգացմանը, այդ թվում պաշտպանական ոլորտում, Անկարան, այդպես էլ պատշաճ ազդանշաններ չստանալով այն մասին, որ Սիրիան պատրաստ է դառնալու Մերձավոր Արևելքում թուրքական քաղաքականության աջակից, նախընտրեց օգտվել հանգամանքներից և Սիրիային հարկադրել ստորադասության, այդպիսով իրականացնել «շիական գոտու» նախագիծը: Առանց «շիական գոտու» հաղթահարման Թուրքիան չի կարող արաբական աշխարհում իր ազդեցությունը սկզբունքորեն մեծացնելու հույսեր փայփայել: Անկարայում կարծում են, որ վճռորոշ կամ էական դեր խաղալով Սիրիայի ալավական վարչակազմի իշխանազրկության գործում, իրենք ձեռք կբերեն հուսալի դաշնակիցներ ու գործընկերներ` ի դեմս արաբական աշխարհի սուննիադավան երկրների: Սաուդյան Արաբիայի հետ դաշն կնքած և արաբական այլ երկրների աջակցությամբ Թուրքիան, ցուցադրաբար անտեսելով Իրանի դիրքորոշումը, վճռեց «ճեղքում» կատարել տարածաշրջանում: Դա հանգեցրեց Թուրքիայի և իրանի հարաբերությունների աննախադեպ սրման, երբ Իրանը բացահայտորեն և կոշտ հանդես եկավ Սիրիայի պաշտպանությամբ և Թուրքիային նախազգուշացրեց, որ Սիրիայի հանդեպ ռազմական ուժ կիրառելու նրա փորձերը կհանգեցնեն տարածաշրջանային պատերազմին Իրանի մասնակցության: Փաստորեն դա հենց այդպես է եղել: Այդ իրադարձությունը, և առհասարակ Մերձավոր Արևելքում իրական հարաբերությունների պարզումը կանխորոշեցին նաև Իրանի այն համոզմունքի խորացումը, որ իր հավասարակշիռ քաղաքականությունը Հարավային Կովկասում, անկասկած, ճիշտ է եղել և պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ: Իրանը, ինչպես միշտ, Հայաստանի հուսալի գործընկերն է և շահագրգռված է Ղարաբաղում առկա իրավիճակի հաստատմամբ: Ղարաբաղյան թեմայով Իրանի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ այդ հակամարտությանը մասնակցեն միջազգային խաղաղարար ուժեր, քանի որ համարում է, որ, միևնույն է, այդ ուժերը կախման մեջ կլինեն ԱՄՆ-ի քաղաքականությունից ու շահերից: Պետք է ասել, որ Իրանը միշտ չափազանցրել է Արաքսի ձախ ափին միջազգային խաղաղարար ուժերի հայտնվելու հնարավորությունը, սակայն չի կարող անտեսել դրա նույնիսկ աննշան հնարավորությունը: Իրանցիները նաև անհանգստացած էին «թուրք-հայկական» հարաբերությունների «կարգավորման» նախաձեռնություններից և աշխատեցին ինչ-որ ձևով, բայց առանց ավելորդ իրարանցման, հիշեցնել Հարավային Կովկասում իրենց ներկայության և իրենց շահերի մասին: Բայց այս դեպքում էլ Իրանի երկյուղները, պարզվեց, արդարացված չէին, թեև Իրանը, առաջվա նման, շարունակում է սպասել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների «կարգավորման» ԱՄՆ-ի փորձերի նոր փուլերի: Բանն այն է, որ Թեհրանի քաղաքական գործիչներին անհանգստացնում է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, այլ դեպի Արևմտյան ընկերակցություն Հայաստանի արմատական վերակողմնորոշումը, ներառյալ նրա ինտեգրոմը ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի ներկա հարաբերություններն Իրանի կողմից համարվում են իր շահերի համար ընդունելի, քանի որ, իրանցիների կարծիքով, Հայաստանի դերը, որպես տարածաշրջանային «հավասարակշռողի», կարևոր նշանակություն ունի: Բայց Թեհրանում անհանգստացած են, որ ԱՄՆ-ի ռազմավարության մեջ հնարավոր հարաբերություններում Հայաստանի լիածավալ ներգրավումը կարագացնի ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի ինտեգրումը և մի շարք տարածաշրջանային խնդիրների իրականացումն ուղղված կլինի Իրանի շահերի դեմ:
Ներկայումս վատ կանխատեսելի գործընթացներ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում, որով և պայմանավորված է Իրանի և Հայաստանի փոխշահագրգռությունը: ԱՄՆ-ը շարունակում է գործառական ճնշում բանեցնել Իրանի նկատմամբ, բայց ԱՄՆ-ի համար այդ տարածաշրջանում ի հայտ է եկել ավելի դինամիկ և ավելի հավակնոտ հակառակորդ` Թուրքիան: ԱՄՆ-ը, անկասկած, Իրանը չի համարում ագրեսիվ ու նվաճամիտ, և նրանից դժգոհություններ ունի ատոմային ծրագրի և տարածաշրջանի արմատական վարչախմբերին աջակցելու հարցի առնչությամբ: Մինչդեռ Թուրքիան համարվում է ծայրաստիճան հավակնոտ ու նվաճամիտ պետություն:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ