Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Միքելանջելոն և Պյուռոսն այսօր էլ մեզ հետ են ու մեր մեջ. անուններն են փոխվել

Միքելանջելոն և Պյուռոսն այսօր էլ մեզ հետ են ու մեր մեջ. անուններն են փոխվել
21.05.2012 | 11:15

Ասեմ ի սկզբանե` եթե հետընտրական իրավիճակի անդրադարձ եք սպասում, մի՛ կարդացեք: Ես չեմ անդրադառնալու ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությանը: Ես չեմ գրելու ո՛չ կազմվող, ո՛չ չկազմվող կոալիցիաների, ո՛չ կազմման ու չկազմման պատճառների մասին: Ես չեմ գրելու, թե ինչու հաղթած ՀՀԿ-ն համառորեն ուզում է չհաղթած ԲՀԿ-ին ներքաշել իշխանության վերին ոլորտներ, իսկ հաղթած (իրականում չհաղթած) ԲՀԿ-ն չի ուզում իբր ներքաշվել: Չեմ գրելու, որովհետև խոշոր հաշվով ոչ մի նշանակություն չունի` ո՞ր կուսակցությունն է հաղթել` ՀՀԿ՞-ն, թե՞ ԲՀԿ-ն, երբ շարունակվում են նույն մարտավարությունն ու ռազմավարությունը, որ ածանցյալն են նույն քաղաքականության: Չեմ գրելու, որ ավելի տարտղնված վիճակ է ընդդիմադիր հարթության մեջ, ու եթե իշխանությունը չգիտի` ինչ անի իր հաղթանակի հետ դեմ առ դեմ, ընդդիմությունն էլ չգիտի` ինչ անի իր հաղթանակի հետ դեմ առ դեմ, որովհետև երբ բոլորն իրենց համարում են հաղթած ու, իրենց կարծիքով, փաստարկում են իրենց այդ հաղթանակները, ուրեմն պարտվել է հասարակությունը: Չեմ գրելու` ինչու հաղթած իշխանությունը չի կարողանում համախմբվել, իսկ հաղթած ընդդիմությունն ինչու է տրոհվում: Որովհետև իրականում կա շատ ավելի կարևորը և շատ ավելի էականը: Որովհետև ամբողջը մասերի է բաժանվում, երբ արդեն դադարել է ամբողջություն լինելուց, երբ մասերից յուրաքանչյուրն ինքն արդեն նոր ամբողջություն է դառնում: Որովհետև եթե վերացարկվում ես կոնկրետ անձերից ու անուններից և փորձում ես հասկանալ երևույթի էությունը, պարզվում է` անձերն ու անունները պայմանականություն են ի վերջո, կարևորն այն է, ինչ լինում է, ու բնության մեջ, հասարակության մեջ, տիեզերքում ոչինչ պատահական չէ: Ոչինչ հենց այնպես չէ, կա անխախտ տրամաբանություն` առաջընթացի: Երբ այդ առաջընթացին միավորումներ են պետք, միասնություն է ձևավորվում, տրոհումներ են պետք, միավորումներ են քակվում: Այդ օրինաչափությունը ժամանակի մեջ սահմաններ չի ճանաչում: Չեմ գրելու նաև այն պատճառով, որ խոսքը նյութական է, այսօրվա բառը` արտաբերված, թե գրված, վաղվա իրականությունն է: Եվ այդ այսօրվա ու այդ վաղվա միջև տարածության անցման արագությունն ընդամենը չափվում է կամքի ուժով ու նպատակի բարոյականությամբ: Դուք միանշանակ կատարված եք տեսնում ձեր բոլոր ցանկությունները, երբեմն` երբ այդ ցանկություններն արդեն ցանկալի չեն: Չեմ գրելու ևս մի պատճառով. չի կարելի օրը 48 ժամ ասել ու լսել նույնը, հնարավոր չէ այդ նույնության դեմ առ դեմ հավասարակշռություն պահպանել:
Ապարդյուն մի ակնկալեք ձեր ներքին կասկածների հերքում կամ համոզմունքների հաստատում: Ձեր ներքին ձայնը ձեր ներքին ձայնն է` անձեռնմխելի ու անոտնահարելի: Այլապես կորչում է նրա իմաստը:
Նույնքան ապարդյուն մի ակնկալեք բացատրություն ու աջակցություն քաղաքականությունից: Քաղաքականությունը միջոց է` այս կամ այն խնդիրը լուծելու: Բոլորովին պարտադիր չէ, որ հրապարակված խնդիրը համապատասխանի բուն խնդրին, որ այդ միջոցով լուծվում է: Թեպետ այդ միջոցը գունավորվում ու բառավորվում է ի շահ հրապարակված նպատակի, իրականանում է ի կատարումն բուն նպատակի: Եթե այդ տարածության վրա դուք հաղթում եք, իշխանության հետ եք, պարտվում եք, ընդդիմության մեջ եք: Իսկ եթե անտարբեր եք, ուրեմն այն երրորդն եք, ում անունից աշխարհում բոլոր անօրինականություններն են կատարվում ու ներկայացվում իբրև օրինականություն ու անհրաժեշտություն: Ձեր բախտը բերել է, դուք գտնելու ու կորցնելու ոչինչ չունեք: Ձեր փոխարեն որոշումներ կընդունեն ուրիշները:

Իսկ գրելու եմ Միքելանջելո Բուոնարոտիի մասին: Միքելանջելո դե Ֆրանչեսկո դե Ների դե Մինիատո դել Սերա և Լոդովիկո դի Լեոնարդո դի Բուոնարոտի Սիմոնիի` ծնված 1475 թվականի մարտի 6-ին Կապրեզեում և վախճանված 1564 թվականի փետրվարի 18-ին` Հռոմում, 88 տարեկանում: Չվախենաք, բոլոր 88 տարիների մասին չեմ գրելու: Ընդամենը մի քանիսի:
1506 թվականի ապրիլի 18-ին Հուլիոս Երկրորդ պապը և պապի ճարտարապետ Դոնատո Բրամանտեն Սուրբ Պետրոս տաճարի հիմնաքարը դրեցին` մարմարի մի բեկոր, որ մնացել էր Կոնստանդինոսի կառուցած տաճարից, և Հուլիոս Երկրորդի բրևեն (պապի կոնդակը): 40 տարի հետո` 1546 թվականին 71-ամյա Միքելանջելոյին երկար խնդրում էին տաճարն ավարտել: Նա երկար հրաժարվում էր: Համաձայնեց` երկու պայման դնելով: Առաջինը` ամբողջովին քանդում է կառուցածը և սկսում հիմքից, երկրորդը` ոչ մի դուկատ չի վերցնում իր աշխատանքի դիմաց: ՈՒ` քանդեց: ՈՒ` ձրի աշխատեց: Ինչո՞ւ: 40 տարում տաճարը կառուցողները` Ռաֆայելը, ֆրա Ջոկոնդոն, Ջուլիանո դա Սան Գալոն, Պերուցին այնքան էին շեղվել Բրամանտեի նախագծից, որ անհնար էր կառուցել ու հավատալ, որ չի քանդվելու: Միքելանջելոն հիմնահատակ քանդեց հսկայական կիսակառույցը ու սանտիմետր առ սանտիմետր վերականգնեց Բրամանտեի նախագիծը, վերականգնեց այն մարմարով ու այն տեսքով, ինչ ուզում էր Դոնատո Բրամանտեն, ինչ երազում էր Հուլիոս Երկրորդը: Հանճարեղ քանդակագործը, որ արդեն ապացուցել էր իր հանճարեղ նկարիչ լինելը, որ վաղուց արդեն անհայտ ու աղքատ քանդակագործ չէր, բայց ամբողջ կյանքում հիանալի իմացել էր իր աշխատած յուրաքանչյուր դուկատի գինը, արդեն նաև հիանալի գիտեր ժամանակի գինը, 71 տարեկանում հանձն առավ մի աշխատանք, որ վստահ չէր, թե կհասցնի ավարտել, աշխատեց անիծյալի պես` ամեն օր ու նույնիսկ ամեն գիշեր, երբ Հռոմում խարույկներ էին վառում, որ լույս լինի: ՈՒ` ոչ մի դուկա՞տ: 40 տարի առաջ նրան սարսափելի նյարդայնացնում էր ինդուլգենցիաների վաճառքը, թեև գիտեր, որ մեծ ու փոքր մեղավորներին իբր թե մեղքերի թողություն տվող թղթերի վաճառքից է գոյանում այն գումարը, որով կառուցվում է Սուրբ Պետրոսը: Ճարտարապետն ու պապը վաղուց մահացել էին, հիմա նա միայնակ էր ավարտում տաճարը, որ կառուցվում էր մեղքերին թողություն տվող թղթի զարդանկար կտորների հաշվին, նա չէր ուզում ևս մի մեղք ավելացնել մարդկանց մեղքերին: Եթե նա դեռ աղոթում էր, աղոթում էր, որ Տերն իրեն այնքան ուժ ու կյանք տա, որ ավարտի տաճարը: Նա գիտեր, որ երբ Հռոմի սրտում տաճարն սկսի ապրել իր կյանքով, ոչ ոք արդեն չի հիշի ո՛չ Հուլիոսին, ո՛չ Դոնատոյին, ո՛չ էլ իրեն, առավել ևս ոչ էլ նրանց, ովքեր մեղքեր էին գործում ու ինդուլգենցիաներ գնում, որ արվեստն ապրի: Նա յոթերորդն էր, բայց ոչ վերջինը. տաճարն ավարտեց Ջակոմո դելլա Պորտոն 1590 թվականին, ոչ մի սանտիմետր չշեղվելով Միքելանջելոյի նախագծից, գետնից 150 մետր բարձրությամբ տաճարի գմբեթը հպարտ ու հանգիստ իշխում է Հռոմին ու կաթոլիկ աշխարհին: Արդեն մի քանի հարյուրամյակ: Եվ դա այն չափումն է, որտեղ ապրում է հավերժությունը: Սուրբ Պետրոսը դարձավ Միքելանջելոյի վերջին ընծան Հռոմին, տաճար, ուր մարդն Աստծո հետ մենակ է, ուր մարդը մենակ չէ:
ՈՒ` հավելելու եմ Էպիրոսի արքա Պյուռոսի մասին: Նա ծնվել է մ.թ.ա. 319 թվականին` Ալեքսանդր Մակեդոնացու մահից չորս տարի անց ու հարկադրված է եղել ապրելու այն աշխարհում, որ փորձում էր ինքն իրեն գտնել մեծ կայսրության ավերակներում: Նրան համարում են անտիկ աշխարհի մեծագույն զորավարներից մեկը, որն իր անկայուն ու արկածախնդիր դարաշրջանի մարմնավորումն էր: Պյուռոսը հեշտությամբ էր փայլուն հաջողության հասնում բաց ճակատամարտում, բայց չէր կարողանում ամրապնդել իր հաջողությունը: Հաղթանակի ծարավը նրան տեղից տեղ էր գայթակղում` Իտալիա, Սիցիլիա, Պելոպոնես: Փառահեղ հաղթանակներից հետո Պյուռոսը հաճախ էր նահանջում, բայց կարողացավ ծավալել իր թագավորության տարածքները: Պյուռոսի ամբողջ կյանքի մեծագույն դժբախտությունը հեռու հետնորդները համարեցին նրա բնավորությունը` նա երբեք իրեն չէր առաջադրում ընդհանրական նպատակներ, մերձավոր ու հեռավոր ապագայի ծրագրեր չէր մշակում, պարզապես մի որոշումից ցատկում էր մյուսին` պատահականության բերումով կամ վայրկենական քմահաճույքով` բոլորովին չմտահոգվելով հնարավոր հետևանքների մասին: Թվում էր` նրան առաջնորդում են ոչ թե պետական շահերի ընկալումը կամ մեծագույն գաղափարները, այլ բնազդները, օրվա ընթացիկ շահերը, նա սիրում էր ռիսկը, սիրում էր խաղը և վայրի հաճույք էր զգում ռազմական սխրանքներից` իբրև սխրանքից, բացարձակապես անտարբեր էր, թե ինչի համար է այդ սխրանքը գործվում: Վիթխարի իշխանություն ունենալով` Պյուռոսը տևական հաջողության չէր հասնում: Նրա արարքներում չկար համառություն կամ հաստատունություն, ամբողջ քաղաքական կարիերայում նրա գործողություններում չեն գտնվում ավարտուն նպատակներ: Նա պատրաստ էր ցանկացած գործից հրաժարվելու` հենց դժվարությունների էր հանդիպում, որոնց հաղթահարումը համբերություն, անձնազոհություն էր պահանջում և առանց մտածելու նետվում էր նոր արկածախնդրության մեջ, որն արագ հաջողություն էր խոստանում: Նրա բանակը կազմված էր վարձկաններից, և նրան առանձնապես չէր հետաքրքրում զինվորների կյանքը, հետաքրքրում էր ճակատամարտի արդյունքը: Նա տաղանդավոր այն մարդկանցից էր, որոնք իրենց կյանքն ու տաղանդը վատնում են անպտուղ գործերում և հասարակական կարծիքի մակարդակում հասնում են որոշակի դիրքի ու փառաբանվում են ոչ նրանով, ինչի կարող էին իրականում հասնել, այլ նրանով, ինչի կարող էին իրենց հզորությամբ հասնել: Պյուռոսը զոհվեց Արգոսում. իր տան տանիքից ծեր կինը նրա վրա շպրտեց կղմինդրի կտոր, որպեսզի փրկի որդու կյանքը: Կղմինդրը դիպավ արքայի պարանոցի չպաշտպանված մասին և կոտրեց ողերը: Արքան ընկավ ձիուց... Վիրավոր ու արնաքամ արքային գլխատեց անանուն մի արգոսցի: Նա 47 տարեկան էր: Հետո նրա անվանն ու գործին հավելեցին այլ բացատրություններ` ով ինչ հասկացավ նրա կյանքից: Այդպես է, մարդիկ ընկալում են միայն այն, ինչին պատրաստ են, և ոչ այն, ինչ կատարվում է:
Ինչո՞ւ Միքելանջելո, և ինչո՞ւ Պյուռոս: Որովհետև նրանք այսօր էլ մեզ հետ են ու մեր մեջ. անուններն են փոխվել, ու եթե նրանցից մեկը կառուցում է իր Սուրբ Պետրոսը, իսկ մյուսը շարունակում է հաղթանակներ տոնել վարձկանների իր բանակով, պատճառները որոնեք նրանց մեջ, ովքեր փորձում են մեղքերը քավել ինդուլգենցիաներով ու վարձկաններ դառնալ: Որովհետև, ի վերջո, կյանքն էլ միջոց է` ինքներդ որոշեք ինչի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ