ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թուրքը չունի խնդիր, խնդիր ունի հայը

Թուրքը չունի խնդիր, խնդիր ունի հայը
30.12.2023 | 16:35

Հաղթել է, տիրել, քո քաղաքներն ու մշակույթը իրենով արել: Հիմա գնա, փող տուր, տես ու ետ արի: Չգիտեմ էլ, մեր հետևից ծիծաղու՞մ են, թե՞ կարեկցում:

ՄՈՒՇ

Ամեն քաղաք իր խորհրդանիշն ունի թուրքական տարածքում: Վանում տառեխն է ու կատուն: Արձաններ կան և՛ տառեխի, և՛ կատվի:

Կարսում պանիրն է. պանրի արձան:

Մուշը կակաչների քաղաք է: Փողոցի լուսարձակները կակաչներ են պատկերում. երկու կողմի մայթեզրերից խոնահված ճանապարհներին: Խաչմերուկներում կակաչների մեծ մետաղական ուրվապատկերներ են դրված: Ծաղկանոցներում` բնական կակաչներ, հյուրանոցների պատերին` կակաչների լուսանկարներ:

Շենքերը հիգ-յոթ հարկանի են, հիմնականում սպիտակավուն: Փողոցները համեմատաբար լայն են, կոկիկ ու մաքուր` ի տարբերություն Վանի:

Մուշում և այլուր չես գտնի ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց, եթե չկան հին հայկական շինություններ: Խիտ-խիտ շենքեր են լուցկու տուփերի նման` շնչահեղձ անող, բոլորի առաջին հարկերը` խանութ: Ամենուր առևտուր է: Ճակատային մասերը կամ ներկած պատեր են, կամ երեսպատված են սինթետիկ ու պլաստիկ հիշեցնող ինչ-որ նյութով:

Դուրս եմ գալիս հյուրանոցից մենակ, ձեռքերս գրպաններս խոթած` քայլում գիշերային Մուշի փողոցներով: Հանդարտ, անաղմուկ ընթացք է քաղաքում: Մտնում եմ այգի, շրջում, հետո նստում եմ նստարաններից մեկին ու ծխում: Կողքիս նստարանին երկու թրքախոս աղջիկ են զրուցում, դիմացս տղաներ են` այգու զուգահեռ երիզին, իսկ մյուս կողքիս` տարեց կին ու տղամարդ: Գուցե այս մարդիկ հետաքրքիր են ինձ, բայց ես հետաքրքիր չեմ որևէ մեկին:

Մարդիկ նույն տարբերն են, տարաբնույթ հագ ու կապով, դեմքերի հակասական արտահայտությամբ և իրարամերժ շարժ ու ձևով: Փողոցի աղոտ լուսավորության մեջ` հյուրանոց իջնելիս, երկու վարտիքավոր, բոլորովին մերկ ազդրերով աղջիկ եմ տեսնում: Սպիտակամաշկ ու մի քիչ շիկավուն: Չգիտեմ, տեղացի՞ են, թե՞ հյուր: Քիչ վերևում երկարափեշ կանանց էի հանդիպել: Մշակույթների, կեցության ու կենցաղի այս բախումն է` Արևելք ու Արևմուտք, միջնադար ու մեր ժամանակներ, մզկիթ-մինարեթ ու «Hotel Pariz», որ զարմացնում է ինձ. անդաշնորեն ներդաշնակվում են մի ամբողջության մեջ, միմյանց ժխտող, ոչնչացնող գունապնակ, սակայն համակ, խաղաղ, անխոչընդոտ կեցություն:

Ջուր վերցնելու և արագ սնունդ հայթայթելու նպատակով ճանապարհի կանգառների ժամանակ, որ սովորաբար բենզալցակայաններում էին լինում, կից խանութների վաճառողները, երբ իմանում էին, որ հայ ենք, իսկ դա հասկանում էին անմիջապես, պարտադիր հայկական երգ ու երաժշտություն էին միացնում, մասնավորապես` Սուպեր Սաքո: Ժպտում, ջերմ ընդունելություն էին ցույց տալիս. միայն թե առևտուր արա, փող թող: Չեմ պատկերացնում. թուրքը մտնում է Հայաստանի որևէ խանութ և տերը թուրքական երաժշտություն է միացնում, թեկուզ հանուն փողի, անգամ շատ փողի: Եթե անգամ անի էլ, կողքից կտանք կսպանենք կամ կփչացնենք հարիֆին:

Թուրքը չունի խնդիր, խնդիր ունի հայը: Հաղթել է, տիրել, քո քաղաքներն ու մշակույթը իրենով արել: Հիմա գնա, փող տուր, տես ու ետ արի: Չգիտեմ էլ, մեր հետևից ծիծաղո՞ւմ են, թե՞ կարեկցում: Անգամ հյուրանոցներում կտեսնես հայկական փոքրիկ դրոշ Թուրքիայի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դրոշների կողքին: Ի դեպ, որևէ տեղ չտեսա Ադրբեջանական թեկուզ ամենափոքրիկ դրոշ: Իսկ մեզ տեղափոխող մեքենայի թուրք վարորդն ազերիների մասին ուղղակի ասաց` խառախուռա:

Առավոտյան գնում ենք քաղաքի հին թաղերից մեկը: Սուրբ Մարինե եկեղեցու ավերակներն են: Գմբեթը քանդվել է, ներսում հողակույտ է ու աղբ, շիվեր ու թփեր են աճել: Միայն անհրապույր պատերն են: Աջ կողմում երկհարկանի հայի տուն է. քրդեր են ապրում: Ասում են, որ տանտերը գալիս գնում է. չի ուզում կորցնել պապերից մնացածը: Դիմացը ձորն է ու ելնող սարը. լանջին` հովիվն ու ոչխարի հոտը, իսկ գլխին Գևորգ Չաուշի գերեզմանն է ծառերի տակ:

Պարտադիր գնում ենք Սուլուխի կամուրջ: Հայերիս երդվյալ կանգառն է: Այստեղ է կռվել և մահացու վիրավորվել Չաուշը 1907-ի չքնաղ մայիսի 20 և 7-ին: Հիմա տարածքը սելջուկ սուլթանի անունով արգելոց է: Քայլում եմ քարակերտ կամարներով կամրջի մի ծայրից մյուսը, նստում ու նայում շուրջս և հետո ետ գալիս մյուս ծայրը: Հենվում եմ եզրերին, գլխահակ նայում ջրերին ու չգիտեմ, թե էլ ի՞նչ պիտի անեմ: Հա՛, պարտադիր լուսանկարում եմ:

Չաուշն է, կամուրջը ու ես: Արագահոս, լայնահուն Արածանին է` կապտապարզ ջրերով: Իսկ ժամանակին հայերի դիակներ է տարել: Հետաքրքիր է, գետը ունի՞ հիշողություն:

Անցնում ենք հռչակավոր Մշո դաշտով: Այդքան երգված ու ախուվախ քաշած մեր խոկումներում: Հայերիս համար դրախտ երկրի վրա, որ գրեթե առանց դիմադրելու ենք հանձնել 1915-ին: Մենք մեր դրախտը սիրում ենք, երբ հեռու ենք, բայց այն երբեք չենք պաշտպանում, երբ ներսում ենք. հոգս է: Եվ միշտ արդարանալու միջոց ենք գտնում հանձնելուց հետո. մեղավորը սատանան էր: Արդեն և վաղուց մեր երազի դաշտը հավասար տարածվել է ճանապարհի երկու կողմում, շատ հավասար: Այլ չափման մեջ է, իրական է որպես տարածություն ժամանակի մեջ, բայց կարծես հեքիաթային ու երազային է, անժամանակ տարածություն: Չես կողմնորոշվում, ոտքերիդ տակ շոշափվող հո՞ղ է, թե՞ ափիդ մեջ գույն է, երփներանգ: Բնական է, բայց բնանկար է. Սարյանական գույներ, Սարյանական Հայաստան: Մեծ չէ Մշո դաշտը, բայց անեզր է իր եզերքի մեջ, սահմանված տիեզերք է: Երկնային, աստվածային ներդաշնակություն: Եվ ակամա բարձրաձայն ասում եմ` Մշո դաշտը դուրա՜ն, դուրա՜ն:

Մուշից Կարս ահռելի երկար ճանապարհ է, հատկապես հայերիս համար, որ մեր երկիրը բերել, ի վերջո, տեղավորել ենք մի փոքրիկ սահմաններում: Սահուն ու սրընթաց ճանապարհներ, լեռներ, ժայռեր, բնական հուշարձաններ` անձեռակերտ ու չքնաղ. բնությունը թանգարան է բաց երկնքի տակ: Փշատերև անտառներ են, երբ մոտենում ես Սարիղամիշին: Անծայրածիր տարածքներ են, չավարտվող սարեր: Սարալանջերին գյուղեր են 15-20-25 տուն, երբեմն էլ մի քիչ ավելի` ասենք 50. իրարից շատ անջատ ու հեռու, և ահռելի արոտավայրեր ու անասնապահություն, վարելահողեր` ցորեն, արևածաղիկ, եգիպտացորեն: Դրախտային առատություն: Վայելի՛ր:

Մուշից Կարս տանող ճանապարհի մեր վերջին կանգառը Հովվի կամուրջն է` այն ջրերի վրա, երբ Արաքս և Մուրց գետերը խառնվում են իրար: Կամրջով քայլում եմ մինչև վերջ: Մյուս ծայրին, մեջքով ինձ, նստած են մի տղա ու մի երիտասարդ` ձեռքին ճիպոտ: Կամրջի տակից ելնող էգ շանն է կանչում` ճիպոտը ոտքերի տակ` ավազին խաղացնելով: Մոտեցող շան կախ ծծերից երևում է, որ ձագերին նոր է կերակրել: Շրջանցում եմ, դիմացները կանգնում, ձեռքս օդում` թույլ բարևում եմ. ես էլ եմ շանը կանչում` քուչ-քուչ: Շեշտակի նայում եմ, դիմագծերից ակնհայտ երևում է, որ քուրդ է, քուրդ հովիվ: Հարցնում է` Հայաստանի՞ց ես, ասում եմ` հա՛: Մուշի՞ց ես գալիս: Հա՛, Կարս եմ գնում: Հարցնում եմ` քո՞ւրդ ես: Ասում է` հա՛, քուրդ եմ:

Ամուր միմյանց ձեռք ենք սեղմում: Անմիջապես ջերմություն ու մտերմություն ենք զգում միմյանց նկատմամբ: Ընդամենը մեկ րոպե: Եվ բնավ էլ լեզու իմանալը պայման չէ մեկմեկու հասկանալու համար: Նա խոսում էր թուրքերեն, որ ես չգիտեի, ես խոսում էի հայերեն, որ ինքը չգիտեր: Արդեն մեքենայի բաց պատուհանից, երբ կամրջի այս ծայրն էր հասել քուրդ հովիվը, ձեռքով ողջունում եմ, որ պատասխանում է նույն կերպ` ինչպես հին ընկերներ, որին մինչ այդ չէի տեսել և, հավանաբար, չեմ տեսնելու այսուհետ էլ:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 4770

Մեկնաբանություններ