Երբեմն այնպիսի՜ անհավատալի բաներ են կատարվում: Պատմեմ՝ դուք էլ իմացեք:
Թոռնիկս, երեկոյան խաղալիս, կորցրել էր գնդակը: Հետո անձրև էր սկսվել, բարձրացել էր տուն: Գնդակն էր ուզում: Ասացինք՝ ոչինչ, էլի ունես, ասաց.
- Չէ, պապի, դա եմ ուզում: Դրա վրա Հայաստանի դրոշն է…
Անձրևը դադարելուց հետո իջա բակ՝ գնդակը փնտրելու: Վերջապես գտա, ծառի ճյուղերի արանքում էր: Ձեռքս պարզեցի, որ վերցնեմ, և հանկարծ… շրջապատի բոլոր շենքերի բաց պատուհաններից մարդիկ գոռացին.
- Գոոոոոոո՜լ…
Մարմնովս մի հաճելի սարսուռ անցավ: Հայաստանի դրոշով գնդակը՝ իմ ձեռքում ու Հայաստանի գոլը… Զգացողություններս անբացատրելի են…
Հովիկ Չարխչյան