ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մկրտիչ Սարգսյան. պատերազմի և խաղաղության զինվորը

Մկրտիչ Սարգսյան. պատերազմի և խաղաղության զինվորը
19.04.2024 | 19:54

Մկրտիչ Սարգսյան գրողի, զինվոր զավակի գրավոր ու բանավոր կյանքը տեսնելով, առավել լավ հասկացա, որ ստեղծագործել, չի նշանակում ստեղծել կամ էլ հորինել: Ճշմարիտ գրողը ոչ թե չեղած բանը ստեղծող-հորինող է, այլ պարզապես եղածը հայտնաբերող: Եվ քանի որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, մարդկայինից բացի, կրելու է աստվածային, նույնն է թե ասեի` Աստծո բնությունը: Դա այդպես է, այլապես մարդացյալ Աստված Հիսուս Քրիստոսը չէր ասի.
«Ինձ նման եղեք», այսինքն՝ ինձ նման մարդ եղեք, որպես մարդ ինձ նմանվեցեք: ՈՒրեմն, հնարավոր է այս աշխարհում գտնվելով, գործել աստվածային բնությամբ: Ոչ միայն գործել, այլև ապրել աստվածային բնությամբ: Առաջին մարդ Ադամը հնազանդ չգտնվեց, երկրորդ մարդը, որ Հիսուս Քրիստոսն է, Հորը հնազանդ մնաց մինչև վերջ, և այդ հնազանդությամբ էլ հաղթեց աշխարհին:
Իսկ ի՞նչ է նշանակում հնազանդ լինել:
Ո՞վ է, որին կարելի է հնազանդ համարել:
Հնազանդը նա է, ով լսում է:
ՈՒրեմն, հնազանդ լինել, նշանակում է լսել, լսածը կատարել, լսելով կատարել:
Մկրտիչ Սարգսյանով, ահավասիկ, առավել պարզ դարձավ ինձ, որ Ճշմարտությունը գրելը լսելով է լինում և ոչ թե խելքին զոռ տալով, խելացի կամ էլ խորագետ խաղալով: Գրելը զբաղմունք չէ և ոչ էլ խաղ, ինչպես ոմանք կարծում են: Եվ եթե գրելն արվեստ էլ է, ապա, թերևս, ոչ մարդու ստեղծած:
Մարդը մի նոր բան ասելու ունակ չէ, ո՜ւր մնաց ունակ լինի ստեղծելու:
Նույնիսկ Աստված ինքը աշխարհը չի ստեղծում-ստեղծագործում: Աստծունը արարչագործություն է և ոչ թե ստեղծագործություն:
Աստված լույսը չի ստեղծում, լույսը, որ կար քաոսի մեջ, բերում առանձնացնում է և Ինքն էլ ուրախությամբ տեսնում, որ լույսը բարի է:
Մինչ այդ, Աստված ոչ մի բան բարի չի կոչել, բանին նոր կյանք տալով, առանձնացնելով, անհատականացնելով, բանը զանազանելով, բարին տեսնում է, գրած է, չէ՞. «Եվ տեսավ Աստված լույսը բարի է»:
Այդպես, դասակարգման ընթացքում, Աստված ամեն
բան-երևույթ բարի է տեսնում:
Մկրտիչ Սարգսյան գրող մարդու կյանքի օրինակին հետևեմ: Պատերազմի դաշտ մեկնելիս, համաշխարհային քաոսում հայտնված` նա գիտե՞ր արդյոք, թե որքան սիրելի են մարտական ընկերները, գիտե՞ր արդյոք, թե որքան սեր կրող է լինել-կուտակվել-ծովանալ իր պատանեկան անփորձ, մարմնաբնակ սրտի մեջ:
Չգիտեր:
Նա գիտեր միայն, որ կռվի դաշտ է իջնելու, բայց չգիտեր, թե այն իրականում ի՞նչ դաշտ է: Ընթացքում պարզվում է, որ կռվի դաշտ կոչվածը նվիրումի, կարեկցանքի, ընկերության, հավատարմության ու նաև անանձնական, անշահ սիրո, հավիտենական սիրո դաշտ է:
Գրիչ վերցնող և գրող Մկրտիչ Սարգսյանին գուցե և բացատրելի չլիներ իր գրիչ վերցնել և գրելը: Գրելու պահին տեսնում էր գրիչը, թուղթը ու մեկ էլ իր ձեռքը, բայց չէր տեսնում Նրան, ով գրել է տալիս:
Նա գրում էր վեպ, վիպակ, պատմվածք, որ միայն իրենը չէին, այսինքն` հեղինակը միայն ինքը չէր: Եվ քանի որ դա այդպես էր, ուրեմն, գրում էր լսելով, ոչ թե դրսիններին լսելով, այլ լսելով նրանց, ովքեր իր մեջ էին, իր կյանքին խառնված, իր սրտի զարկն ու տրոփյունը դարձած: Գրողի շնորհը հենց այս լսելն է: Լսելը շնորհ է, որ Աստծուց է: Նա երբեք հորինելով մտածող չեղավ և ոչ էլ մտածելով հորինող: Գրեց լսելով, զինվորի սրտի զարկը, հայ ժողովրդի, Աստծո և բնության իր ներսի ձայները լսելով:
Գրողի առաջին հատկանիշը ուրեմն լսելն է, ճշմարիտ գրողը լսելով է գրում:
Ձևակերպեմ միտքս` գրել, նշանակում է լսել: Անշուշտ, լսելով գրողի գիրը գրվում է: Գրողի մյուս հատկանիշը տեսնելն է: ՈՒրեմն, գրել, նշանակում է տեսնել, տեսնել այն, ինչը չի կարող տեսնել սովորական (մարմնավոր) մարդը սովորական (մարմնի) աչքով: Այնուհետև. գրել, նշանակում է հավատալ:
Այնուհետև. գրել, նշանակում է սիրել, ասել է թե` գրելը սիրո հետ կապված աշխատանք է:
Եվ վերջապես, գրել, նշանակում է վկայել, հաստատել կյան¬քի հավիտենական լինելը: Ավելի պարզ ասած, ճշմարիտ գրողը մարդու աչքը բացում է հավիտենական կյանքի ճանապարհը տեսնելու համար: Իսկ նրանք, ովքեր Աստծո դաշտի մշակներ են, գրելը միջոց են ծառայեցնում կյանքի հավիտենական թշնամի մահին պարտության մատնելու և հավիտենական կյանքը հաստատելու:
Առաջին պայմանը չարից հեռանալն է, մինչև գրողը չարից չհեռանա, չի կարող գրական մնայուն ժառանգություն թողնել: Խնդրեմ, պեղիր Մկրտիչ Սարգսյանի գրի ծալքերը, չարության սերմեր, թշնամանքի նշաններ չես գտնի:
Երիտասարդներին ինքը խորհուրդ էր տալիս՝ չարացած գրիչ չվերցնել, որովհետև չարացած մարդը չի կարող գրել բարու մասին: Այս մարդու անձի և գրի մեջ նենգություն չես տեսնի: Նա կարող է բանը մերժել և փոխարենը սերմանել սերը: Անշուշտ, մարդ Մկրտիչ Սարգսյանի և գրող Մկրտիչ Սարգսյանի միջև կապը կա, բայց կարծում եմ, նույնը չեն, չեն էլ կարող նույնը լինել. մի՞թե, ասենք, խնձորը‘ որպես պտուղ և խնձորենին` որպես ծառատեսակ, նույնն են: Կապը կա, բայց նույնը չեն: Մարդը միս և արյուն է, իսկ միսը և արյունը չեն կարող հրաշքներ գործել, հայտնություններ անել: Հրաշքներն ու հայտնությունները տիեզերական հաղորդակցությունների միջոցով ու շնորհիվ են տեսանելի կյանքի կոչվում:
Այն որ ասում են` Մկրտիչ Սարգսյանի պատերազմական կյանքը, ձևակերպման առումով, ըստ իս, այնքան էլ ճիշտ ու ճշգրիտ չէ. դա ոչ թե պատերազմական կյանք է, այլ կյանքի պատերազմ, պատերազմ հանուն կյանքի: Զինվորը չէ, որ հաղթելու է զինվորին: Կռիվը զինվորների միջև չէ, զինվորների մեջ չէ: Թեև զինվորն է զինվորին սպանողը, բայց, մեծ հաշվով, կռիվը զինվ-րին սպանության մղող չար ուժի դեմ է: Այնպես որ, Մկրտիչ Սարգսյանի աչքին զինվորը զինվոր է, նույն դատապարտվածն է, նույն զոհը, կախաղանի սյան տակ կանգնածը:
Իրակա՞ն են Մկրտիչ Սարգսյանի նկարագրած կերպարները: Այո: Նա ամենայն ինչը կյանքից է վերցրել և ոչ թե օդից: Այստեղ մի նուրբ ճշմարտություն կա, մի հարց. արդյոք նրանք իրականում այնպիսի՞ն են եղել, ինչպես ներկայացված են: Ո՞վ գիտե, թե իրականում ինչպիսին է եղել, ասենք, «Ճակատագրով դատապարտվածները» վիպերգի Նատաշան, սակայն, Մկրտիչ Սարգսյան գրողը, որ զինվոր էլ է, այս ռուս աղջկան նայում և տեսնում է այնպիսին, ինչպիսին կուզեր տեսնել, նրան ներկայացնում է այնպես, ինչպես վայել է գթության քրոջը. «Միակ մխիթարությունը Նատաշան էր, որը միշտ մի բուռ արցունք ուներ՝ մեռածների և քրոջական մի ջերմ սիրտ` վիրավորների համար»:
Այս բաները ե՞րբ է գրել, այն պահերի՞ն, թե հետո: Կարևոր չէ, որովհետև Մկրտիչ Սարգսյան մարդը ինքն իրեն շարունակ զգում-տեսնում է պատերազմի դաշտում: Մի կյանքը` ժամանակի առումով, քիչ է, որպեսզի լիցք¬թափվի և դադարի կռվող զինվոր լինելուց: Պատերազմի դաշտում ձևավորված, կյանքի կոչված մարդկային հարաբերություններն այնպես են արմատավորվել նրա սրտի մեջ, որ եթե դրանք` այդ հարաբերությունները, դուրս հանելու լինի իրենից, սիրտն էլ հետն է հանելու կամ էլ սիրտը պատառպատառ է անելու: Արմատակալած ծառը հողից հանելիս, հողի մեջ փոս է առաջանում, արմատները հողով են դուրս գալիս, խուրձ-խուրձ հողով: Իսկ հողը այլ բան չէ ծառի համար, եթե ոչ կյանք: Ծառը հողից հեռացնել, նշանակում է կյանքից հեռացնել: Այդպես էլ Մկրտիչ Սարգսյանը չհեռացավ կյանքի պատերազմից, որովհետև չուզեց ինքն իրեն մահվան դատապարտել: Այս չհեռանալը նույնպես զոհաբերություն էր, թեև ինքը ողջ էր մնացել, վերադարձել էր, բայց շարունակում էր երբեմնի կենդանի իր զինվոր ընկերոջ դեմքին տեսնել մեռնողին: Մահը տեսնելը գուցե և այնքան սարսափելի չէ, որքան մահվան դատապարտվածությունը, որքան քայլող մարդու երեսին մահվան կնիքը տեսնելը: Այս տեսնելն էլ կյանք էր, կյանքի սահմաններում էր, բայց ցավագին ու տանջալի:
«Դժվար է ասել, սպանվածնե՞րն ավելի շատ բան կորցրին, թե ապրողներս, որ աշխարհավեր պատերազմի ականատեսն ու տարեգիրը դարձանք»,- գրել է Մկրտիչ Սարգսյանը:
Հետաքրքիր է, զինվոր դարձած մարդիկ, որ նախկինում իրար չեն ճանաչել և չունեն արյունակցական, բարեկամական նույնիսկ հեռավոր կապեր, ոչ միայն ճակատագրով հանդիպածներ են, ոչ միայն ճակատագրով դատապարտվածներ են, այլև ճակատագրով հարազատ դարձածներ, մի բան, որ մեծագույն նվեր է: Նրանք այնքան են միասնական ու միաձույլ, որ միասնաբար մեկի հետ մեռնում և միասնաբար մյուսի մեջ ապրում են: Այստեղ մոռանալ չկա, հիշողություն դառնալ իսկ չկա, որովհետև մնացողը գնացողի մեջ է, գնացողը‘ մնացողի, կենդանի մնացողի: Այնպես որ, Մկրտիչ Սարգսյանը գրել է ինքն իր սրտին նայելով, ինքն իր հոգու դաշտում հայտնվելով: Նրա գրի մեջ պատերազմը չէ, որ կարևորվում է: Պատերազմը լինելով չարիք, որպես այդպիսին մարմնացած է, վերևում զինվորների հոգևոր կապի աշխարհն է:
Եվ քանի որ պատերազմի դաշտի օրն ու ժամը երաշխիք չունեն հաջորդ օրվա և ժամի, ամեն բան բացառիկ է երևում, ամեն պահը թվում է հավիտենություն: Մարդկային փոխհարաբերություններն այստեղ` մարտադաշտում, մոտենում են աստվածայինին: Այստեղ կարեկցանքն էլ, սերն էլ վերերկրային են: Մահվան հետ գործ ունեցողները, ուզեն թե չուզեն, Աստծուն մերձենալու են և այդ մերձեցումը սկիզբ է առնելու սիրո և հավատի միաբանության մեջ գալով: Այստեղ ոչ ոք մենակ չէ, մենակ է վաշտը` մի հոգի և մի մարմին դարձած:
Մահվան ճամփին հայտնված մարդը ամեն բանի մեջ ընդհանրություն, հարազատություն է փնտրում և գտնում. «Անտառը երգեց, կամ էլ թվաց թե երգում է: Վահանը մինչ այդ չգիտեր, որ իսկական, մարդավարի ժպտալ գիտեն ծաղիկները: Չգիտեր, որ անտառը մի հզոր երգչախումբ է և կարող է սիրո հիմն շառաչել»:
Անշուշտ, իրականում ոչ անտառն է երգում և ոչ էլ ծաղիկը ժպտում «մարդավարի», ոչ երգչախումբ կա և ոչ էլ «սիրո հիմնի շառաչ». այս ամենը, հիրավի, այն է, ինչը կոչում են գրողի աշխարհ: Իսկ ես կասեի, գրական արդար մշակի աշխարհը ոչ միայն նման է, այլև գրեթե նոնանում է Աստծո աշխարհի հետ:
Շարունակ հարց է հնչել.
«Ո՞վ է Սերժանտ Կարոն»:
Շարունակ պատասխանը եղել է.
«Սերժանտ Կարոն Մկրտիչ Սարգսյանն ինքն է»:
Իսկ ինչու՞ չենք կարող հարցնել.
«Ո՞վ է նրա նկարագրած Վահանը» («Ճակատագրով դատապարտվածները» վեպում): Դարձյալ պատասխանը նույնն է լինելու: Վաշտի հրամանտար Վահանը միգուցե ռազմադաշտում այնքան կատարյալ ու ամբողջական չի եղել, որքան գրական մշակ Մկրտիչ Սարգսյանի հոգևոր դաշտում: Եվ դա բնական է, քանի որ գրողի գործը, գրողի կոչումը մարդուն վեհացնել, ազնվացնելն է` այդ կերպ սերունդներին տալով կյանքի կատարելության օրինակը: Մկրտիչ Սարգսյան գրողի առջև դրված խնդիրը բոլորովին էլ բարդ ու դժվար չէ, որովհետև նա ինքը բավարար չափով իր ներաշխարհում թե՛ ազնվություն, թե՛ առաքինություն և թե՛ բարություն ունի: Այս ամենի հետ, այս ամենից առաջ, հայ ժողովրդի զավակը Հայաստան ունի իր մեջ, Հայաստանն է մարմնավորում իր անձով, հային հատուկ կարոտ ունի. «Թռչունների ծլվլոց լսվեց և ընդունվեց հայրենական երգի պես»:
Նույն բխումով գրում է.
«Որքա՜ն ես թանկացել և սրբացել, հո՜ղ հայրենի»:
Ինչ խոսք, աշխարհում այն ամենը, որ մտնում է Աստծո արարչագործության մեջ, սուրբ է: Պատերազմը, որպես երևույթ, հեռու է սուրբ լինելուց, մինչդեռ պատերազմի դաշտի մարդկային հարաբերությունները հասնում են սրբության աստիճանի: Պատերազմը չէ, պատերազմի դաշտում հանուն հայրենիքի և հանուն խաղաղ կյանքի կռվող զինվորների եղբայրութունն է, որ դիտվում է որպես սրբազան ու հա-վիտենական ժառանգություն:
Մենք` ընթերցողներս, պատերազմը տեսնում ենք ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ զինվոր գրողի ներաշխարհում: Մկրտիչ Սարգսյան մարդու մեջ պատերազմի հոգևոր պատկերն է, որ արտացոլվում է: Տեսանելի է պատերազմական երկու ճակատ, մեկը` հողի վրա, մյուսը` զինվորի սրտում: Այս երկուսի ընթացքը միասնական է, այն տարբերությամբ, որ մի տեղում ավարտվելու է պատերազմը, մյուսում‘ շարունակվելու: Ընկնող զինվորների գերեզմաններն էլ թե՛ հողի մեջ են և թե՛ զինվորի սրտի մեջ: Ասացի, ընկնողի հետ ընկնում է ապրողը, իսկ ապրողի հետ, ապրողի մեջ շարունակում ապրել ընկնողը: Հիշա-տակեմ Մկրտիչ Սարգսյանի վկայություններից մեկը.
«Ամփոփված իմ ընկերների և մտերիմների հետ ես թողել եմ նաև իմ սրտի, իմ հոգու մի մասը»: Ահա այս կերպ է աշխարհն ու աշխարհի այս կամ այն անկյուն-հողակտորը սրբանում, դառնում հոգեհարազատ: Ահա այս կերպ է հոգին մարմնին հաղթում, նույն այդ մարմնին մի նոր կյանքի կոչելով: Վաշտի հրամանատար Վահանը գրողի աչքին այլևս մարմնավոր չէ, մարմին չէ.
«Կանգնել է գնդակների հեղեղի տակ կենդանի արձանի նման, մազախռիվ, իրբև վշտի և վրեժի ոգի…»:
Վշտի և վրեժի ոգի դարձած Վահանի ներսում գործողը հաղթանակ տանողը սերն է, ոչ թե զուլալ աղբյուր, հիշեցնող, կարկաչող սերը, այլ սիրո հորդառատը, փոթորկածինը, հեղափոխականը, մահ չճանաչողը. «Եվ նրա մեծ սիրո առաջ...»:
Այո՛, մեծ սիրո առաջ ամեն բան տեղի է տալու: Այս սերը սոսկ զգացմունք չէ, որ մարմնից ծնվի ու մեռնի: Այս սերը հոգու պոռթկումն է, հոգուց ծնված է և կոչված է հավիտենական կյանքի: Եվ քանի որ կյանքով հավիտենական է այս մեծ սերը, փոխանցվելու, անցնելու է սերնդից սերունդ: Ասածիս վկայությունը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի տղաների անձնուրաց վարքն է, որ աղերս ունի Ավարայրի նահատակների հետ:
Մկրտիչ Սարգսյան գեղագետը զինվորի մահն իսկ դիտելով սիրո դաշտում, ոչ միայն սիրո մեջ տեղ գտած կյանքի վեհցումն է տեսնում, այլև տեսնում է մահվան գեղեցկությունը, այլ կերպ ասած` նա բերում է «գեղեցիկ» մեռնելու արվեստը: Վաշտի հրամանատար Վահանը բոլորին հասել էր, ոչ մեկին մենակ ու անօգնական չէր թողել, բայց ինքը` իր վերջին, մնացել էր մենակ ու անօգնական, տղաները չկային, ընկել էին: Վահանը գիտակցում էր, որ ընկնելը դեռևս պարտվել չէ, պարտվելը հանձնվելն է: Նա իր կռիվը մղում է մինչև վերջ, մինչև ուժերի հատնումը.
«Ձեռքերը հրաժարվում էին սրբել աչքերը խեղդող արյունը: Նրանց առջև կարմիր վարագույր կար, վարագույրի հետևում‘ կարմիր ստվերներ… Մեջքով հենվեց ծառին ու բարձրացավ… Տասնյակ ավտոմատներ կրակ ժայթքեցին այդ ահավոր մարտիկի վրա… Ծվեն-ծվեն եղած շապիկը, կարմիր դրոշի նման, վերստին ծփաց առաջ: Վերստին առաջացավ… Մեռած էր արդեն, դանդաղ չոքեց, ապա արմատահան ծառի նման տապալվեց գետնին»:
Ամեն բառ¬պատկերի մեջ մահվան սահմանն անցած լինելու խորհուրդը կա: Մահն էլ կա, բայց ոչ որպես վերջ:
Դու կարող ես սիրել մեկին և դա սովորական բան է, սակայն մեծ շնորհ է քո սիրած մարդուն` ով էլ որ լինի, սիրելի դարձնել, սիրել տալ շատերին, քո իսկ սիրով սիրել տալ: Այս արվեստին էլ է տիրապետում Մկրտիչ Սարգսյան գեղագետը: Օրինակ, ինչպես Մկրտիչ Սարգսյան հեղինակն ինքը, այնպես էլ ես` բախտի արժանացած ընթերցողս, սիրեցի նրա տեսած, նրա սիրո դաշտում հայտնված հերոսներին: Մեկը չգտնվեց, որի հանդեպ ատելության նշույլ հայտնվեր իմ մեջ: Բոլորն էլ լավ ու այդչափ սիրելի են եղել իրականոո՞մ, թե՞ գրողի սրտում: Չգիտեմ: Միայն մի բան ակնառու է. Մկրտիչ Սարգսյանը բոլորին նայել է սիրո աչքով, մոտեցել սիրող սրտով: Ասացի, իր մեջ տեսել է նրանց, ովքեր իր նման օտարական էին, ջահել, սիրո ու կյանքի ծարավ: Բոլորի մեջ փնտրել է իրեն և գտել, տեսել է, որպես բախտակից: Այդպես նա աշխարհի ճամփեքին նայել և տեսել է հայրենի տան ճամփան, այլ կերպ ասած, ինքն իրեն սիրո ու կարոտի մեջ է պահել, որպեսզի շարուն¬կի պատերազմական վտանգավոր ուղին անցնել:
Զինվորը զինվոր է, լավ ու վատ զինվոր չի լինում, քանի որ կյանք է, ինչպես Մկրտիչ Սարգսյանն ասում է՝ կյանք՝ «կրակի տակ» հայտնված:
Ինչպես զինվորների կերպարները, այնպես և Մկրտիչ Սարգսյանի կերտած մյուս կերպարները, սկսած Նազարից ու Նազանից («Քաջ Նազար» հեքիաթ-վեպ), այս աշխարհ եկած և այս աշխարհի ճահճի մեջ հայտնված հոգիներ են, որ կարեկցում են միմյանց, կորչող աշխարհում միմյանց փնտրում են, փորձում են փրկել միմյանց: Եվ այդ ամենը գրողի գրչի տակ տեղի է ունենում հոգու վեհացման, հոգուն առաջնություն տալու, հոգու հավիտենությանը հավատալու ճանապարհով: Գրողն առաջնությունը տվել է ոչ թե կռվի զինտեսակին, այլ զինվորի անկոտրում ոգուն: Չկան մերժելի մարդիկ, կան մերժելի բարքեր: (Ի դեպ, ես երանելի եմ կոչել Մկրտիչ Սարգսյանին, որովհետև երբեք իրեն դուրս չի դրել մարդ լինելու, մարդ մնալու կարգավիճակից: Նա իմացել է մարդու կոչումը: Ճշմարտության առաջ, իմ խղճի առաջ մեղանչած չեմ լինի, եթե ասեմ, որ նա սրբությամբ կրել է այն պատկերը, որ Աստված ի սկզբանե տվել է մարդուն: Մկրտիչ Սարգսյանը որպես մարդ, վերաբերմունքով գրեթե նույնն էր բարձր պաշտոնյայի և, ասենք, շենքի մուտքի մոտ կանգնած հերթապահ պահակի հետ: Մկրտիչ Սարգսյանի համար ոչ դիմացինի հագած շորն էր կարևոր, ոչ մաշկի գույնը և ոչ էլ ազգային պատկանելությունը: Միշտ մտածում էր` մարդու հետ գործ ունի):
Ամեն մարդ կերպար Մկրտիչ Սարգսյանի հայացքի ու գրչի տակ, իր տեսկի մեջ, կատարյալ է: Օրինակ, Քաջ Նազարի վարքի մեջ փոխելու բան կա՞, կարծում եմ, չկա: Եվ քանի որ Քաջ Նազարն իր տեսակի մեջ կատարյալ է, ուրեմն դառնում է ընդունելի և հետաքրքիր: Չէ՛, սովորական մարդ չէ Նազարը, ոչ էլ սովորական ծույլ ու վախկոտ, Նազարը անհատականություն է, որովհետև տարբերվում է շատ շատերից, գրեթե բոլորից: Նրա շրջապատի մարդկանցից ոչ մեկը նման չէ նրան. ահա թե ինչու հավաքվում են շուրջը: Ասենք թե Նազարը խաղում է` կյանք-բեմում տանելով ծույլ-անբանի և ալարկոտ-վախկոտի դերը: Թեկուզ այդպես. չէ՞ որ խաղում է հանճարեղորեն: Կասե՞ս, որ Նազարը վատ մարդ է, չես ասի: Կասե՞ս, որ Նազարը չար հոգի ունի: Չես ասի: Կասե՞ս, որ Նազարը Նազանին` որպես կնոջ, չի գնահատում, դարձյալ չես ասի: Նազարը ոչ թե ծույլ էլ է, վախկոտ էլ է, այլ ծույլ է ու վախկոտ, այսինքն` ծուլության ու վախկոտության մարմնացում է: Նազարի քաջ լինելը կատարյալ ծուլությամբ և կատարյալ վախկոտությամբ է պայմանավորված: Նազարը քաջ է ծուլության մեջ, վախկոտության մեջ, այնքան անթերի է իր տեսակի մեջ, որ մարդիկ արժևորում են, որովհետև նրանց մտքին ու խելքին հասու չէ նորին մեծություն Անհայտը: Հիրավի, Նազարի հավիտենական ծուլության և հավիտենական վախկոտության մեջ փոխելու բան չկա: Նազարը ոչ իր ծուլությունից կհեռանա և ոչ էլ իրեն հարազատ դարձած, իրեն հաջողություն բերող վախկոտությունից: Դրանք իր հոգևոր զենքերն են աշխարհի հետ ու աշխարհի դրվածքի դեմ կռիվ տալու: ՈՒրեմն, Նազարը սկզբունք ունի, սկզբունքային է գործելիս: Գործելիս ասացի, սակայն իրականում Նազարի փոխարեն և Նազարի անունից գործում են այլոք: Նազարի անունն է, որ առջևից տանում են…
Հարց. հեղինակը Նազար անունով մարդուն ծաղրու՞մ¬ է: Իհարկե, ոչ: Ոչ միայն չի ծաղրում, այլև սիրում է Նազարին: Նազարի բերանից դուրս եկած բառերը Նազար մարդու հետ կապ չունեն: Նազարն ինքը, գիտակցաբար, իր մեջ պահում է մարդուն, ներսի մարդուն: Նազարը ոչ միայն խելացի է, այլև «խորագետ, իմաստուն»: Նա գիտե, որ աշխարհին իր մեջ ծածուկ ապրող մարդը հարկավոր չէ: Նա իր քիթը վիրահատության չի ենթարկել, մաշկի գույնը չի փոխել, չի կերպարանափոխվել այնպես ու այն աստիճան, որ վնասի ներսի աներևույթ մարդուն: Ավելի պարզ ասած, Նազարը Աստծո դեմ չի գործում և թույլ էլ չի տալիս, որ աշխարհն իրեն հասկանա: Ինչու՞: Որովհետև գիտե, թե ինչ կա աշխարհի մեջ, այսինքն` մարդու մեջ:
Կատարյալ ծուլությամբ, կատարյալ վախկոտությամբ և
պարծենկոտությամբ թագավոր դարձած Քաջ Նազարն ավելի ընդունելի է, քան դավադիր ճանապարհներով, արդարի արյուն թափելով իշխանության գլուխ անցածները, որոնց մենք այսօր տեսնում ենք, մեր աչքի առաջ են: Մկրտիչ Սարգսյան գրողը մի նուրբ ճշմարտություն էլ է անխոս անցկացնում. Քաջ Նազարի շրջապատի մարդիկ, բարոյապես անկում ապրած, փչացած պալատականներն ու քաղքենիները ավելիին արժանի չեն: Կարելի է ասել, նրանց մեջ հայտնված կարգին մարդը Նազարն էր, որին քաջ էին կոչել: Նազարն իր ներսում ծածուկ ընդունում էր իր վախկոտությունը, բայց տեսնելով մարդկա¬ին ստորաքարշությունն ու գետնաքարշությունը, գայ¬թակղ¬վում և ընդունում էր նաև իր թագավոր լինելը: Նա ցանկացավ հավատալ ստին‘ մտածելով, որ այդպես լավ է ու հետաքրքիր: Իսկ թե քանի՞ տեսակ մարդ է տեսել Մկրտիչ Սարգսյանը Նազար անունով մարդու մեջ, ապագայի հոգևոր պեղումները կպարզեն: Նազարն ավարտուն կերպար է, բայց ավարտվող չէ, սկիզբ է, որի վերջը հեռու է, Հովհաննես Թումանյանի ասած. «Եվ հեռու է մինչև մարդը իր ճամփան»:
Մինչև մարդը, այսինքն‘ դեպի Աստծո մարդը տանող ճանապարհը երկար ու երկար է, սերունդներ են գալու և գնալու, բայց ճանապարհը ձգվելու է: Եվ ինչպես մեր մեծերից շատերը, ինչպես, Հովհաննես Թումանյանն է տեսել ու նաև հայտնվել այդ ճանապարհին, այնպես էլ հայ մարդ-մտավորական Մկրտիչ Սարգսյանը, որի համար, ասեմ դարձյալ, ավելի մեծ նպատակ չի եղել, քան Մարդ մնալը: Անշուշտ, աշխարհի դրվածքը չընդունելը, իր հոր, մոր և երկրի զավակը լինելը, Աստծո տված պատկերը կրելը նկատի ունենալով եմ Մկրտիչ Սարգսյանին դասել երանելիների շարքը: Նրան չարից ու չար բանից հեռացած եմ տեսել: ՈՒսանելի է նա` որպես մարդու և գրողի օրինակ: Երբեք սպիտակ, մաքուր թուղթը չպղծեց ատելություն կամ էլ անբարոյականություն սերմանելով: Նույնիսկ չարի հանդեպ բարի եղավ: Մկրտիչ -Սարգսյանն ինձ հասկացնում էր, հիմա էլ հասկացնում է, որ մարդուն չար դարձնում են, չարացնում: Մկրտիչ Սարգսյան հայ մարդու, հայ գրողի կռիվը չարություն սերմանողի դեմ էր և ոչ երբեք չարության մեջ հայտնվածի: Եվ ես` Հարություն Հովնաթան ընթերցողս, որ բախտավոր էլ եմ, դեպի Մկրտիչ Սարգսյան հոգին գնալով, հոգով հաղորդակցվելով, ինքս ինձ, աշխարհական չարից ու չարությունից հետզհետե հեռացած եմ տեսնում: Ես դարձյալ փնտրում եմ նրան, որովհետև դարձյալ լսել և լսելով գրել եմ ուզում, ապրել եմ ուզում, շնչել եմ ուզում, բարության մեջ մնալ եմ ուզում, ազատություն, անկախություն, հանգիստ ու նաև ուրախություն գտնել եմ ուզում: Իմ նպատակը մեկ այլ բան չէ, եթե ոչ ինքս ինձ քաջալերելը, ինքս իմ ձեռքը բռնելը: Իմ նպատակը անտեսանելին տեսանելի դաշտ բերելու, իմ ու իմ դիմաց կանգնած մարդու մեջ մեռածը կենդանացնելու, իմ մեջ, մարդու մեջ կորածը գտնելու օրինակը տալն է: Աշխարհը սերունդներին տանում է այլասերման ճանապարհով. իմ նպատակը իմ և այլոց երեխաներին կորստյան այդ ճամփից դուրս բերելն է: Իմ նպատակը մինչև օրս չասված բարի խոսքն ասելն է: Իմ ու քո չապրած կյանքն ապրելն է իմ նպատակը: Արդ, գնում եմ դեպի Մկրտիչ Սարգսյան մարդը, մարդ-անխաթարը, որպեսզի մաքուր մնալու, մարդ մնալու, անանձնկան սիրով սիրելու արվեստը սովորեմ: Շարժիչ ուժը, անշուշտ, կարոտից բացի, կյանքի ծարավն է՝ կարեկցանքի ծարավը:

Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ
Երևան, մայիս, 2019 թ.

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ