Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների հետ: Նա ֆեյսբուքում գրել է, որ քննարկել են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:
Արցախի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ նաև ինքն է դիմել Հայաստանի վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ որոշումը, Հարությունյանի պնդմամբ, կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: «Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը», - ասել է Արցախի նախագահը։