ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Արաբական աշխարհի գլխավոր թշնամին Իսրայելի սիոնիստական վարչակազմն է»

«Արաբական աշխարհի գլխավոր թշնամին  Իսրայելի սիոնիստական վարչակազմն է»
31.05.2012 | 14:17

Արաբական ասացվածքը փաստում է. «Երկու սուր մի պատյան չեն մտնի, երկու լարախաղաց մի լարի վրայով չեն անցնի»։ Դատելով արաբական աշխարհում, հատկապես «ոսկեբեր» Պարսից ծոցի (ի դեպ, շատ արաբներ այդ ծոցն անվանում են Արաբական) մերձակայքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, այստեղ թե՛ բուռն կրքեր են բորբոքվում, թե՛ օր օրի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր մտադիր են իրական կյանքում հաստատել ժողովրդական այդ իմաստությունը և պատմության նոր էջ բացել։ Վերջերս համաշխարհային լրատվամիջոցները հաղորդեցին, որ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրները` Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Օմանը, քննարկում են ավելի սերտ փոխգործակցության գաղափարը, իսկ դա կարող է հանգեցնել Պարսից ծոցի ավազանում արաբական միապետությունների դաշնության օրինակով միություն ստեղծելուն։ Այդ գործի գլխավոր նախաձեռնողը, ինչպես և սպասվում էր, դարձան «սաուդցիները», որոնք սկսել են արագորեն իրականացնել իրենց 86-ամյա միապետի պատգամը. «Ես ձեզ կոչ եմ անում կոոպերացիայի և համագործակցության շրջանից անցնել միասնական կազմավորման շրջանակներում միության փուլին»։ Նոր «արաբական խալիֆաթի» ստեղծման առաջին քայլ է համարվում Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի ապագա միությունը, որի պարագայում կղզիապետությունը, փաստորեն, կուլ կգնա։ Ընդ որում, համարվում է, որ ինքը` Բահրեյնը, շատ էլ շահագրգռված չէ գործընթացով, քանի որ չունի փոքրիշատե նշանակալի բնական պաշարներ, իսկ երկրի բնակչության մեջ շիաների զգալի թիվն այն դարձնում է առավել թույլ օղակը։ Միաժամանակ, թեև Բահրեյնում նավթ չկա, բայց, որ պակաս կարևոր չէ, կան համաշխարհային առաջատար բանկեր և ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի բազան։ Այնպես որ, 2011-ի գարնանը, այսպես կոչված, «արաբական գարնան» օրերին, սաուդցիներն ու Էմիրությունները, առանց երկար մտածելու, զորքերը մտցրին Բահրեյն` իբրև «թերակղզու պաշտպանական վահանի» զորամիավորումներ։

Համարվում է, որ Ծոցի վեց երկրների հետագա միավորումը կարող է տնտեսապես շատ հրապուրիչ լինել նաև մնացած բոլորի համար։ Ընդհանուր տնտեսական գոտին` 1,42 տրիլիոն դոլարի արտադրության ծավալով և 42-միլիոնանոց բնակչությամբ, ակներևաբար կդառնա ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային կարևորագույն գործոն։ Բացի այդ, պարզվում է, որ Ծոցի արաբները մտադիր են լրջորեն առաջ մղել առայժմ սակավ իրագործելի համաարաբական գաղափարը և պատրաստվում են ոչ միայն խորացնելու ներմիավորումը, այլև լրջորեն ընդլայնելու` իրենց կազմում ներառելով Եգիպտոսն ու Հորդանանը։ Բայց գլխավորն այն է, որ միության անհրաժեշտությունը պատճառաբանվում է ոչ այնքան տնտեսական գործոններով, որքան անվտանգության նկատառումներով, և ընդհանուր սպառնալիք է համարվում Իրանը։ Նկատենք, որ վերջին ամիսներին համաշխարհային փորձագիտական ընկերակցությունը լարվածության նոր օջախ է սպասում Մերձավոր Արևելքում, և, վերլուծաբանների կարծիքով, դա կարող է լինել Սաուդյան Արաբիայի ու Իրանի զինված ընդհարումը։ Ավելին, ժամանակին գերմանական «Շպիգել» հանդեսը մի հոդված էր հրապարակել, ուր ասվում էր, թե Էր Ռիադն այնքան հեռու է գնացել Թեհրանի հանդեպ իր անհանդուրժողության մեջ, որ նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններ է վարել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության շուրջ։ Հանդեսը վկայակոչում է նաև արևմտյան հետախուզության ներկայացուցիչներին, որոնք համոզված են, որ Էր Ռիադը պատրաստ է իր օդային տարածքը բացելու իսրայելական ռազմական ավիացիայի համար։ Թեհրանը մեղադրվում է Քուվեյթում ու Բահրեյնում լրտեսական ցանց ստեղծելու մեջ, արաբների կարծիքով` «Իրանը և Իսրայելը նման են, քանի որ զավթում են արաբական տարածքները, թշնամաբար են տրամադրված արաբների նկատմամբ և անկարգություններ են հրահրում արաբական երկրներում»։ Դրանից հետո Եգիպտոսում սաուդյան դեսպանը սպառնաց. «Չարժե, որ Իրանն ստուգի մեր ուժը, քանի որ մենք ի վիճակի ենք ռազմական առումով դիմակայելու նրանց», և ավելացրեց, որ, ցավոք, Ծոցի երկրներում երբեք չեն դադարում իրանական խարդավանքները, իսկ Թեհրանում «մինչ օրս էլ պատրանքներ ունեն Պարսից կայսրության առնչությամբ»։ Այս կապակցությամբ հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր է կնքել 60 մլրդ դոլար արժողությամբ ամենաարդիական սպառազինության մատակարարման վերաբերյալ, և պաշտոնապես հայտարարվել է, որ գործարքի նպատակն է բարձրացնել Սաուդյան Արաբիայի ընդունակությունը` ինքնուրույն պաշտպանվելու Իրանի հնարավոր ագրեսիայի դեպքում։ Բացի այդ, Ծոցի երկրներն սկսել են զանգվածային ու համակարգված դիվանագիտական հարձակումները Թեհրանի հասցեին, ներգրավելով ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կառույցները։ Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել այդ պետությունների «ներքին գործերին Իրանի միջամտության դեմն առնելու» համար, կոչ են անում «դադարեցնել Իրանի կոպիտ միջամտությունն ու քայքայիչ սադրանքները հակամարտությունների բորբոքման ուղղությամբ»։
Հետ չի մնում նաև Թեհրանը։ Նախագահ Ահմադինեժադը հայտարարել է, թե չի հանդուրժի ռազմական ուժերի կուտակումը Իրանի սահմանների մոտ, նավթահանքերից ոչ հեռու, որ դա կդիտվի որպես ռազմական գործողությունների սկիզբ և համարժեք պատասխան կստանա, որ որոշ արաբական պետություններ իրանական միջուկային ծրագրի հարցում որոշել են Արևմուտքի կողմը բռնել, մոռանալով, որ «արաբական աշխարհի գլխավոր թշնամին Իսրայելի սիոնիստական վարչակազմն է»։ ՈՒ անգամ սկսվել է կամավոր մահապարտների հավաքագրումը, որոնք պատրաստ են սաուդյան բանակի դեմ մարտնչելու Բահրեյնի շիաների ազատության համար։
Եվ այդուամենայնիվ, ո՞րն է իրանա-արաբական հարաբերությունների ներկա վիճակի առանձնահատկությունը։ Պետք է նշել, որ դրանք երբեք առանձնակի ջերմությամբ աչքի չեն ընկել։ Պատճառը թե՛ շիա-սուննիական կրոնական տարաձայնություններն են, թե՛ ազգամիջյան հողի վրա պարսիկների ու արաբների միջև եղած բարդությունները, թե՛ դարերի խորքերից եկող տարածքային վեճերը։ Սաուդյան Թագավորության և Իրանի հարաբերությունները լարվեցին Իրանում շիական հոգևորականության իշխանության հաստատումից հետո։ Մասնավորապես, իրանական հեղափոխությունից հետո բարդություններ առաջացան իրանցիների կողմից Սաուդյան Արաբիայում գտնվող սրբավայրեր ուխտագնացության հարցում։ ՈՒ հիմա սաուդցիները հայտարարում են, որ հաջի (մահմեդականների ուխտագնացությունը Մեքքա) վերջին մի քանի սեզոնում իրենք խիստ տուժել են իրանցիների պատճառով, «որոնք Սաուդյան Արաբիա են գալիս անկարգություններ հրահրելու համար»։ Նրանց պառակտում են նաև տարածքային վեճերը։ Դա վերաբերում է ռազմավարական կարևորություն ունեցող երեք կղզիներին, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի մոտ (Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբեր)։ Այդ խնդրի արմատները գալիս են անցած դարի 70-ական թվականներից, երբ Իրանը վերահսկողություն հաստատեց հիշյալ կղզիների նկատմամբ։ Արաբական պետությունների լիգան Միացյալ Էմիրությունների և Իրանի տարածքային վեճը համարում է կղզիների զավթում, իսկ Թեհրանն այդ կղզիները «վիճելի տարածքներ» չի համարում և բացասաբար է վերաբերվում հարցը Հաագայի միջազգային դատարան հանձնելու գաղափարին։ Կրակին յուղ ավելացրին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի խորհրդական Նաթեգա Նուրիի խոսքերն այն մասին, թե «Բահրեյնը նախկինում եղել է Իրանի նահանգներից մեկը»։ Հասկանալի է, որ դա հերթական ցասումն առաջ բերեց Պարսից ծոցի արաբական երկրների շրջանում։ Ավելին, երկրներն արդեն քանիցս կանգնել են պատերազմի եզրին։ Այսպես, 1986 թ. Իրանը մշտապես խախտում էր Սաուդյան Արաբիայի օդային տարածությունը, իսկ սաուդցիները ռմբակոծում էին իրանական ռազմական ինքնաթիռները։ Բացի այդ, արաբները համարում են, որ Իրանը վարում է արաբական հասարակության մեջ շիաների ուժեղացման քաղաքականություն, եթե դրանում գերիշխում են սուննիները։ Դա առաջին հերթին վերաբերում է, իհարկե, Իրաքին, բայց ոչ միայն։ Եմենում, ուր կառավարական զորքերը վերջերս ճնշեցին զեիդների շիական աղանդի խռովությունը, այդ երկրի ղեկավարության կարծիքով, երևում է Թեհրանի ձեռքը։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Արդի աշխարհում կուտակվել են նաև հույժ քաղաքական խնդիրներ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին հավակնում է իսլամական աշխարհի առաջատարի դիրքերին, ինչը, բնականաբար, չի ընկալվում արաբական երկրների մեծ մասում։ Բացի այդ, նման լարվածության հիմնական պատճառներից մեկն էլ իրանական միջուկային ծրագիրն է։ Արաբները կարծում են, որ Իրանը միջուկային տեխնոլոգիաները զարգացնում է ոչ միայն խաղաղ նպատակներով, այլև ռազմական խնդիրներ լուծելու համար` նպատակ ունենալով գերիշխանության հասնելու տարածաշրջանում։ «Ի՞նչ կկատարվի, եթե Իրանը միջուկային զենք ունենա»,- հարց են տալիս արաբները։ Միջուկային ծրագիր մշակելով, Իրանը տարածաշրջանի այնպիսի երկրների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Եգիպտոսը, հրահրում է ունենալու նույնպիսի տեխնոլոգիաներ ու ատոմային էներգիա։ Անցած տարի Էր Ռիադն արդեն հայտարարել է ԱՄՆ-ի աջակցությամբ առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման մասին։
Իրանա-արաբական հարաբերությունների խնդիրներից ամենաբարդը պաղեստինյան հարցն է։ Իրանը մերժում է Արևմուտքի կողմից թելադրվող հաշտության գործընթացի ծրագիրը։ Քիչ չեն հարցերը նաև Իրաքում, ուր Իրանը, փաստորեն, տարածաշրջանային միակ ուժն է, որը կարող է ազդեցություն գործել իրաքցի շիաների վրա, որոնք կազմում են բնակչության 60 տոկոսը, և անգամ իր խնամակալության տակ առնել Իրաքի հարավի շիական պետությունը, եթե այդպիսին ստեղծվի։ Ինչ վերաբերում է Ծոցի երկրների նոր դաշնության ստեղծմանը, ապա, եթե դա տեղի ունենա, խնդիրները չեն լուծվի, այլ ավելի կսրվեն։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ