«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման 2012-2014 թվականների ծրագրի» շրջանակներում, որի իրականացման համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է 1 միլիարդ 632 միլիոն դրամ, մինչև տարեվերջ կանխարգելիչ պատվաստման կենթակվեն հանրապետության շուրջ 600 հազար գլուխ խոշոր (որից 283 հազարը` կով), 590 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն ու շուրջ 100 հազար գլուխ խոզ:
Ո՞րն է ծրագրի գլխավոր նպատակաուղղվածությունը: Այս հարցով դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։
-Ընդհանուր առմամբ, ծրագրի նպատակն է ունենալ կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների նկատմամբ վարակամերժ գլխաքանակ, հանրապետության տարածքում ստեղծելով կայուն անասնահամաճարակային վիճակ` ապահովելով կենդանիների ու մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությունը,- պարզաբանեց վարչության պետը։- Ասեմ, որ մեր երկրում տնտեսության կայուն զարգացման գործում բավականին կարևոր, իսկ գյուղատնտեսության ոլորտում առավել կարևոր է անասնաբուժության ճյուղը։ Ընդհանրապես աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը: Ելնելով հարևան երկրներում և հանրապետության առանձին մարզերում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծել-պահպանելու նպատակով ամեն տարի իրականացվում են կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև` կենդանիների ու մարդու համար ընդհանուր հիվանդությունների կանխարգելմանն ուղղված հակաանասնահամաճարակային միջոցառումներ։ Օրինակ, 2009-2011 թթ. իրականացված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում պահպանվել է կայուն անասնահամաճարակային իրավիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել` բացառությամբ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության, որի վերացման համար արդյունավետ միջոցներ առայժմ չկան: Անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 931 համայնքում առկա գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական սպասարկումը (հակաանասնահամաճարակային միջոցառումներ, ախտորոշում և պատվաստումներ) իրականացվել է 850 անասնաբույժ-մասնագետների կողմից, որոնց մինչև օրս վճարվել է հավասարաչափ աշխատավարձ: Այս տարվա ծրագրով փոխվել է վարձատրության ներկայիս կարգը և ներդրվել նոր կարգ` հիմնված պայմանական անասնագլխաքանակի պատվաստումների ու ախտորոշիչ աշխատանքների մեկ միավոր գնի հաշվարկի վրա։
Ծրագրի մյուս խնդիրը նպատակաուղղված է անհրաժեշտ տեսակի, քանակի անասնաբուժական նշանակության պատրաստուկների, այլ պարագաների ժամանակին ձեռք բերմանն ու հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներում ընդգրկված անասնագլխաքանակի պատվաստումների, ախտորոշիչ հետազոտությունների կատարմանը: Այս և հաջորդ երկու տարիներին գյուղատնտեսական կենդանիներին պատվաստելու համար պահանջվում է շուրջ 1 մլրդ 632 մլն դրամ:
-Աշխատանքների ծավալներին համապատասխան` անասնաբուժական ծառայության վարձատրության կամ վճարման ընթացքն ինչպե՞ս է իրականացվելու:
-Մինչև 2011 թվականն անասնաբուժության ոլորտում պատվիրակված լիազորությունների դիմաց գումարների վճարումը համայնքներին իրականացվել է անասնաբույժների հաստիքների թվին համապատասխան` նույն գումարի չափով, անկախ տվյալ համայնքում առկա անասնագլխաքանակից և իրականացվող միջոցառումների ծավալից, որը բացասաբար է անդրադարձել աշխատանքի արդյունավետության վրա։ ՈՒստի, աշխատանքների ծավալներին համապատասխան վարձատրության կարգ սահմանելու, համայնքի տարածքում անասնաբուժական ծառայությունների, հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ծրագիրը կազմվել է պայմանական անասնագլխաքանակի պատվաստումների ու ախտորոշումների միավոր գնի հաշվարկմամբ: Ծրագրով նախատեսվել է համայնքը սպասարկող անասնաբույժ-մասնագետի աշխատանքի դիմաց վճարումները կատարել կենդանիների մեկ պայմանական գլխի հաշվով. մեկ միավորի գնի հաշվարկը կազմում է 102,8 դրամ: Նշեմ նաև, որ մի շարք վարակիչ հիվանդությունների նկատմամբ պատվաստումները կամ ախտորոշիչ հետազոտությունները կկատարվեն ոչ միայն կրկնակի, այլև եռակի: 102,8 դրամը բավարար է, որ իրականացվեն ամբողջ տարվա ընթացքում մեկ գլուխ պայմանական կենդանու համար ծրագրավորված բոլոր պատվաստումները և ալերգիկ կամ շճաբանական ախտորոշիչ միջոցառումները:
-Ի՞նչ է արվում անասնաբույժի շահագրգռվածությունն ավելացնելու համար:
-Որոշ համայնքներում 500 գլխից պակաս գլխաքանակի դեպքում կմիավորվեն անասնաբուժական ծառայությունների ծավալները` կրճատելով նշված համայնքների անասնաբույժ-մասնագետների հաստիքները: Արդյունքում սպասարկող անասնաբույժ-մասնագետը կստանա կրկնակի աշխատավարձ:
-Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները։
-Ծրագրի իրականացումից ակնկալվում է հանրապետությունում յուրաքանչյուր տարի շուրջ 900 հազար գլուխ խոշոր եղջերավոր, 950 հազար գլուխ մանր եղջերավոր, 130 հազար գլուխ խոզերի (ներառյալ սերունդը) և այլ գյուղատնտեսական կենդանիների պատվաստված և վարակամերժ անասնագլխաքանակի ապահովում: Այն, հանրապետությունում կայուն հակահամաճարակային վիճակ ստեղծելուց, կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդությունները կանխելուց բացի, կնպաստի նաև անասնաբուժասանիտարական տեսակետից կենդանական ծագման անվտանգ մթերքների և հումքի արտադրության անվտանգության ապահովմանը: Նշեմ, որ ծրագրի շրջանակներում միաժամանակ կիրականացվեն թռչունների նյուքասլ և մեղուների վարրոատոզ հիվանդությունների կանխարգելման հակաանասնահամաճարակային միջոցառումներ:
Վերջին երկու տարում հանրապետությունում իրականացվող անասնաբուժական, հակահամաճարակային և տոհմաբուծական մի շարք ծրագրերի շնորհիվ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է շուրջ 5 տոկոսով (ներկայումս կազմում է 599 հազար գլուխ, որից 283 հազարը` կով), իսկ ոչխարներինն ու այծերինը (ներկայումս 590 հազար գլուխ)` ավելի քան 10 տոկոսով: Զուգահեռաբար մսի իրացման ծավալներն աճել են 3 հազար տոննայով (կենդանի զանգված), որը նախորդ տարվա ցուցանիշներից ավելի է 4 տոկոսով:
Զրույցը վարեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ