ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մոսկվայում մեծանում է վարչապետի աթոռին «ռուսամետ գործչի» տեսնելու ցանկությունը

Մոսկվայում մեծանում է վարչապետի աթոռին «ռուսամետ գործչի» տեսնելու ցանկությունը
28.10.2008 | 00:00

ԿԱՐՈՏԱԽՏ «ԿԼԱՆԱՅԻՆ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Քաղաքական և պետական գործիչների տարբերությունն այն է, որ առաջինները կողմնորոշվում են հաջորդ ընտրություններով, իսկ մյուսները կողմնորոշված են դեպի հաջորդ սերունդը։
ՈՒինստոն Չերչիլ
Հայկական քաղաքական իրողությունների պայմաններում Անգլիայի պատմության մեջ ամենախոշոր գործիչներից մեկի վերոհիշյալ արտահայտությունը կարելի է վերաձևակերպել հետևյալ կերպ. հայկական քաղաքական էլիտան իր մեծամասնությամբ կողմնորոշված էր նույնիսկ ոչ թե առաջիկա ընտրությունների, այլ անհամեմատ ավելի նեղ խնդիրների ուղղությամբ։ Առաջին հերթին հայկական էլիտան մտահոգ է բացառապես սեփական գոյատևմամբ, և, ըստ այդմ, պատահական չի շարունակաբար խոսվում այն մասին, որ առանց ներիշխանական ու տնտեսական հարաբերությունների վերանայման, կրիմինալ-օլիգարխիական փոխհարաբերությունների կազմաքանդման և արմատական բարեփոխումների, Հայաստանը զարգանալ չի կարող։ Ավելին, երկիրը կմտնի կայուն անկման մի փուլ՝ իշխանությունների և ժողովրդի բացարձակ օտարացման պայմաններում։ Բարեփոխումները ոչ միայն ներքին, այլև արտաքին պահանջ են դարձել և հանդիսանում են Հայաստանի հետ փոխհարաբերությունների բազային պայմաններից մեկը միջազգային կազմակերպությունների համար, ինչպես նաև ներդրումային ծրագրերի առումով։
Բնական էր և հասկանալի, որ այդ խնդիրներն ընդգրկվեցին ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ նրա առաջնորդ և գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում և տրամաբանորեն ենթադրում էին իշխանական բուրգի վերին հատվածում նոր որակներով օժտված քաղաքական գործիչների ի հայտ գալը, որոնք զերծ են անցյալի բեռից և կորպորատիվ պայմանավորվածություններից։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրանից դուրս, բարեփոխումների ֆորպոստը դարձել է Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը՝ նախագահի աշխատակազմի լիարժեք աջակցությամբ և Սերժ Սարգսյանի երաշխավորություններով։ Բոլոր թերացումներով հանդերձ, իրականացվող կադրային փոփոխություններն ակնհայտորեն միտված են իշխանական համակարգի կենսագործունեության կարգավորմանը։
Սակայն հայաստանյան վերնախավում հաստատված ընկալումների համաձայն, թղթի վրա գրված, նույնիսկ ժողովրդի առջև հնչեցված խոսքն ընդամենը քարոզչական հնարք է, որի մասին հնարավորինս արագ պետք է մոռանալ։ Ըստ այդմ, կառավարության բոլոր ջանքերը, հատկապես կադրային քաղաքականության մեջ կարծրացած իրողությունները ջարդելու առումով, իշխանական էլիտայում առաջացրել են ոչ միայն ակտիվ դժգոհություն, այլև կարոտախտ «կլանային բարգավաճման» ժամանակների նկատմամբ։ Ավելին, առկա են դիմադրություն ցուցաբերելու առաջին միտումները։ Անշուշտ, սրանով են պայմանավորված առանձին օլիգարխների և տեղական իշխանիկների առանձին զգացմունքային պոռթկումները (հիշենք, ինչպես Գագիկ Ծառուկյանը կամ Սուրեն Խաչատրյանը փորձում էին կրծքով պաշտպանել «յուրայիններին»), նախկին ռեժիմի կարկառուն դեմքերի հայտարարություններն իշխանության քաղաքականությունն անտեսելու վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Ալեքսան Հարությունյանի արձագանքն իր հնարավոր հրաժարականի վերաբերյալ, որը ենթականերին «հանգստացրել» էր «նրանք ով են, որ ինձ հանեն» արտահայտությամբ։ Ավելին, մի շարք ԶԼՄ-ների և առանձին քաղաքական գործիչների «փոխանցումով», սկզբից շշուկով, իսկ այժմ արդեն վստահորեն և բարձրաձայն, նախկին իշխանության առանձին ներկայացուցիչներ սկսել են բարձրաձայն խոսել Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության համակարգ վերադառնալու մասին։ Սկզբում իբրև վարչապետ, ապա և իշխանության տեր ու տիրակալ։ Այս առումով կրակին յուղ են ավելացնում ռուսական առանձին քաղաքական գործիչներ և փորձագետներ, ովքեր շարունակում են հրապարակավ դիտարկել նախկին նախագահին իբրև կայուն և իրենց շահերի տեսակետից կանխատեսելի գործչի, որն իրավիճակը կվերադարձնի նախկին հուն։
Մինչդեռ հայտնի է Կոնֆուցիոսի արտահայտությունը, որ տարբեր ուղիներով գնացողները համատեղ ծրագրեր չեն կազմում։ Ըստ այդմ, լուրեր են շրջանառվում, որ բարեփոխումներ նախաձեռնող իշխանության դեմ հարձակում սկսելու լավագույն ժամանակը խորհրդարանում բյուջեի քննարկումներն են լինելու։ Ինչպես հայտնի է, սահմանադրությամբ պատգամավորների կողմից բյուջեի տապալումը պետք է հանգեցնի կառավարության հրաժարականին և նոր վարչապետի նշանակման։ Իսկ այդպիսի թեկնածու կարող է դառնալ եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, ապա վերահսկելի մեկը նրա շրջապատից։ Այս խնդրի լուծման համար չի բացառվում, որ ՀՅԴ-ն նույնիսկ նախաձեռնի կոալիցիայի փլուզման գործընթաց, ինչը նույնպես կարող է դառնալ կառավարության հրաժարականի պատճառ։ Այս մասին խոսում են ոչ միայն կուսակցության քաղաքականությունից դժգոհ շարքային կուսակցականները, այլև նույնիսկ բարձրաստիճան դաշնակցական ֆունկցիոներները։ Եվ ընդհանուր առմամբ, տարբեր տրամադրություններից ու հնարավոր քաղաքական վերադասավորումներից ելնելով, ինտենսիվ բնույթ են ընդունել խոսակցությունները, թե իրավիճակը շատ նման է 1998-ին։ Այդ համատեքստում, բազմաթիվ դիտորդների կարծիքով, ներկա վարչապետի հնարավոր հրաժարականը կդառնա պետական հեղաշրջման փաստացի փորձ՝ հեռանկարում նպատակ ունենալով նախկին ռեժիմի վերականգնումն ամբողջությամբ։
Սակայն այս կանխատեսումներն իրականում չափից ավելի լավատեսական են նախկին նախագահի համար։ Մասնավորապես, թեկուզ և նա ունի ֆինանսական լծակներ, աջակիցներ կառավարման միջին օղակներում և ՏԻՄ մարմիններում, բարձրագույն պետական պաշտոններում նրան հավատարիմ մարդկանց թիվն այսօր նվազագույնն է, և դա հատկապես վերաբերում է հայաստանյան քաղաքական գործընթացներում կարևոր դերակատարություն ունեցող ուժային կառույցներին։ Բացառություն կարող է կազմել միայն ԱԺ ղեկավարությունը, որի իշխանական լիազորությունները խիստ վիրտուալ են, դրան գումարած, որ ԱԺ խոսնակը բնութագրվում է իբրև բարդ իրավիճակներում շատ արագ կողմնորոշվող մարդ։ Այսպիսով, իրական «ուժի կենտրոն» ստեղծելու համար, որը կարող էր իսկապես մղել պատգամավորներին կառավարության հետ հակադրության և դառնալ նրանց անվտանգության երաշխավորը, որևէ նախապայման չկա։ Իսկ մեր ժողովրդի ընտրյալները չափազանց զգուշավոր են հատկապես իրենց անձնական շահերի պաշտպանության հարցերում, ուստի նրանց կառավարության դեմ դուրս գալու արկածախնդրության մղելը խիստ բարդ խնդիր է։ Որպես օրինակ կարող է ծառայել 1997-ը, երբ վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները տնօրինում էին Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները, և այդքանով հանդերձ իշխանափոխության նախապատրաստման փուլը տևեց շատ երկար և անցավ բավականին բարդ։ Ավելին, կային ոչ անհիմն ենթադրություններ, որ եթե այն ժամանակ անգամ Տեր-Պետրոսյանն ավելի վճռական գտնվեր, ինչը պահանջում էր Վանո Սիրադեղյանը, իշխանափոխությունն առհասարակ անհնարին կդառնար։ Այնպես որ, գիշերային վագրաթռիչքը, որի մասին շատ է գրվել և խոսվել, որպես կանոն, իրենից ներկայացնում է միայն սառցալեռան տեսանելի մասը, իսկ ներկայիս պայմանները որևէ հիմք չեն տալիս կարծելու, թե «խորհրդարանական խռովության» կրկնությունը հնարավոր է։
Միաժամանակ Հայաստանի տիպի երկրներում իշխանության բարձրագույն օղակներում որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց արտաքին հովանավորների համաձայնության և աջակցության։ «Չար լեզուները» պնդում են, թե 1998-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականը հասունացավ միայն այն բանից հետո, երբ նա չստացավ անհրաժեշտ աջակցություն երեք գերտերությունների մայրաքաղաքներից, որտեղից օգնություն էր խնդրել։ Այսօր աշխարհաքաղաքական կենտրոնների` մեր տարածաշրջանում զարգացող սուր հակադրության պայմաններում, արտաքին գործոնի կարևորությունն ավելի է մեծացել։ Ընդ որում, նկատի ունենանք, որ մարտի 1-ի դեպքերից հետո արտաքին աշխարհը կասկածի տակ չի դնում Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը, և Սերժ Սարգսյանն ամբողջությամբ է կատարում իր գործառույթները նաև ներկայացուցչական առումով։ Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա վերջինիս արտաքին քաղաքական շփումները, հատկապես Արևմուտքում, բավականաչափ ծանրակշիռ են և երաշխիք են մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Ըստ այդմ, թեկուզ «չար լեզուները» պնդում են, թե Մոսկվայում գնալով ավելի է մեծանում վարչապետի աթոռին «ռուսամետ գործչի» տեսնելու ցանկությունը, դա բոլորովին էլ բավարար չէ արմատական փոփոխություններ իրականացնելու համար։ Տնտեսական մահակ կիրառելու ռեսուրսներ Մոսկվան առանձնապես չունի, մանավանդ որ այլ հետխորհրդային երկրների փորձն էլ ապացուցում է, որ այդ մեթոդը տարեցտարի սպառում է իրեն։ Ավելին, իշխանության մեջ կրիմինալին պաշտպանելու իրենց ուղղագիծ ձգտման արդյունքում ռուսական կողմը կարող է հայտնվել թակարդում։ Այդ համատեքստում պատահական չէ, որ խոսակցություններ կան արևմտյան մի շարք երկրներում քոչարյանական շրջապատի որոշիչ դեմքերի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Այդ լծակը կարող է օգտագործվել ցանկացած պահի, և դրան դիմադրելը բավականին բարդ է։
Այսպիսով, կառավարության հավանական հրաժարականի շուրջ խոսակցություններն ավելին չեն, քան փոթորիկ մեկ բաժակ ջրում։ Որքան էլ առանձին դժգոհողներ կան, որոնք հրահրվում են քոչարյանական շրջանակի կողմից, նրանք, միևնույն է, վերջնահաշվում կողմնորոշվում են սեփական մաշկի ապահովությամբ։ Չի բացառվում, որ «նախաձեռնողներն» էլ այդ լուրերը տարածում են սեփական շրջապատի փլուզումը կանխելու պարզ մտադրությամբ։ Կառավարությանը մնում է միայն տոն չտալ զգացմունքային դրսևորում ունեցող սադրանքներին և համարձակորեն ու հետևողականորեն իրագործել խոստացված ռեֆորմները, որոնք բավականին ուշացած են, և որոնց ժողովուրդը սպասել է շատ երկար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4563

Մեկնաբանություններ