ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՄԵԾ ԼՈՌԵՑԻՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԻՐՈ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԵՋ Է

ՄԵԾ ԼՈՌԵՑԻՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԻՐՈ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԵՋ Է
16.10.2009 | 00:00

Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված միջոցառումներից հերթականը կազմակերպվել էր գրողի հայրենի գյուղում՝ Դսեղում։ Արդեն ավանդույթի համաձայն, ամեն տարի այստեղ հոկտեմբերի առաջին տասնօրյակում «Թումանյանական օր» հանդիսույթն է լինում, որի ժամանակ Մեծ լոռեցու տուն-թանգարանի սրահներում թևածում է թումանյանական ոգին՝ ասմունք, երգ, պար, գնահատանքի և երախտիքի խոսքեր։ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը բացման խոսքում նշեց, որ Թումանյանն օրհասական և դժվարին պահերին եղել է իր ժողովրդի կողքին։ Ողջույնի խոսք ուներ նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը։ Ի դեպ, միջոցառումների մեկնարկը տրվել է նույնպես Դսեղում, փետրվարի 19-ին, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ հանդիսույթի կազմակերպիչը «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն էր, որի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը միջոցառման մասնակիցներին տեղեկացրեց, որ ամեն տարի այստեղ են գալիս ուխտագնացության ու իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ հայրենակցին։ Այս տարի միությունը միջոցառումների մի ամբողջ շարք է կազմակերպել՝ գիտաժողովներ, հանդիսույթներ, գրքերի հրատարակություններ, քննարկումներ։ Ամենաուշագրավը, թերևս, այն գրքերի հրատարակությունն է, որոնք համատեղ իրականացրել են միությունը և «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը։ Դրանք Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործություններն են, բանաստեղծությունները, քառյակները, ընտանեկան նամակագրությունը, հուշագրությունները, ինչպես նաև Թումանյանի թոռնուհու, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանի` «Էջեր Թումանյանի ընտանիքի պատմությունից» մենագրությունը։
Դսեղյան հանդիսույթի բանախոսներից հաջորդը հենց թոռնուհին էր, որը վստահեցրեց, թե ամեն տարի Դսեղ ձեռնունայն չի գալիս, փորձում է թումանյանական վերջին մասունքները փոխանցել իր ծննդավայրին։ Այս անգամ ևս Դսեղի տուն-թանգարանին թոռնուհին հանձնեց ավելի քան 100 տարի առաջ գնած գրքերի պահարանը, որի վրա բանաստեղծն իր ձեռքով ներսից գունավոր ծաղկազարդ պատկերներով թղթեր էր կպցրել։
Հյուրերի թվում էր նաև Թումանյանի՝ Թբիլիսիից Դսեղ եկած ծոռնուհին՝ ԵԼԵՆԱ ԿՈԼԵՍՆԻԿՈՎԱՆ։ Նա այսօր ապրում է Թումանյանի թբիլիսյան տանն ու մտահոգություններ ունի, որ օդում կախված է մնացել իր բնակարանին կից բնակարանի՝ նախկին գրադարանի տարածքի վիճահարույց խնդիրը։ «Վախենում եմ, որ տարածքն անվերադարձ կորցնենք,- ասաց ծոռնուհին,- ուրախ եմ, որ այսքան մարդ է հավաքվել իմ պապիկի ծննդավայրում, նրա տուն-թանգարանում։ Լավ է, որ ավելի շատ են երեխաները, որոնք երգում են, արտասանում, իրենց գրադարաններում ցանկանում են ունենալ Թումանյանի ստեղծագործությունները»։
Հանդիսությանը ներկա էր թբիլիսահայության ներկայացուցիչ, բանաստեղծ, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։ Նա փոխանցեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնները, նկատելով, որ իրենց համար 2009-ը եղել է թումանյանական, ինչը նշանավորվել է բազմաբնույթ միջոցառումներով։ «Մի փոքրիկ պատվիրակությամբ թիֆլիսահայերի հարգանքն ենք բերել մեր մեծ հայրենակցին։ Փաստորեն, Դսեղը և Թիֆլիսը եղան այն նվիրական վայրերը, որոնց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցավ մեծ մտածողը։ Բայց նա երբեք չմոռացավ իր ծննդավայր Դսեղը, Դդի ուսը, Ծովերը, այն ամենը, ինչ բովանդակավորվել ու անմոռաց է մնացել մինչև վերջ։ Ես այստեղից կտանեմ նրա նախնիների կանչը, իմաց տալու, որ հավերժական սիրո և հարգանքի մեջ ես, մեծ մա՛րդ»,- ընդգծեց Բոստանջյանը։
Օրվա մյուս բանախոսները՝ բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը, բանաստեղծ Սուրեն Մուրադյանը, բանաստեղծուհի Վեներա Վարդումյանը և մյուսները, շեշտեցին, որ թումանյանական դասերը միշտ մեզ հետ պետք է լինեն, սովորեցնեն հաղթահարել դժվարությունները, միասնական ու անկեղծ լինել, հավատ ունենալ ապագայի նկատմամբ։
Հավելենք, որ Դսեղում էին նաև Երևանի Խ. Աբովյանի, Գյումրու և Վանաձորի մանկավարժական ինստիտուտների ուսանողները, որոնց պատրաստած գրական կոմպոզիցիաներում ներկայացվեցին մեծ բանաստեղծի կյանքի տարբեր տարիները։
Թումանյանական միջոցառումները շարունակական են լինելու։ Առաջիկայում տպագրության է պատրաստվում նաև «Ժամանակակիցների հուշերը Թումանյանի մասին» գիրքը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5685

Մեկնաբանություններ