ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

««Օբամա» նախագիծն ամերիկյան իսթեբլիշմենթի փայլուն մշակումն էր»

««Օբամա» նախագիծն ամերիկյան իսթեբլիշմենթի փայլուն մշակումն էր»
30.01.2009 | 00:00

ՂԵԿԱՎԱՐՎՈՂ «ՔԱՈՍ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Պարոն Տեր-Հարությունյան, սկսենք ԱՄՆ-ից. աշխարհում սպասվելիք գլոբալ փոփոխություններն այսօր շատերը կապում են ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հետ: Արդյո՞ք այդ սպասումներն արդարացված են, թե՞ դա ամերիկյան նրբագեղ արտիստիզմի հերթական դրսևորում է` «ամերիկյան երազանքն» աշխարհի վրա սփռելու ճամփին:
-Դեռևս 2006-ին ամերիկյան վերլուծական խոշոր կենտրոնները կանխատեսում էին մեծ փոփոխություններ, դրանք առնչվում էին նաև ամերիկյան իշխող վարչակարգին: Այնպիսի հայտնի կառույց, ինչպիսին Հետախուզության ազգային խորհուրդն է, միակը, որն իր զեկույցներն անմիջապես ներկայացնում է Միացյալ Նահանգների նախագահին, կանխատեսել էր նման զարգացում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ԱՄՆ-ի քաղաքական իսթեբլիշմենթի ընդերքում հասունանում էր Նահանգների քաղաքականության նոր նախագիծ:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ներամերիկյան գլոբալ լճացումն էր նման «այլընտրանքի» առջև կանգնեցրել այդ ընտրանուն: Եվ, ընդհանրապես, դա պարտադրվա՞ծ քայլ էր, որը պետք է հանրապետականների արածները «լվանար», թե՞ կային այլ պատճառներ ևս:
-Որոշված էր փոխել ամեն ինչ վերից վար, քանզի Միացյալ Նահանգներն արդեն գործ ուներ բազմաբևեռ աշխարհի հետ, և իրեն զուգահեռ արդեն կային Չինաստան, Եվրոպական Միություն (վերջինս, ճիշտ է, խոշոր գեոպոլիտիկ բովանդակություն չունի, բայց տնտեսական և քաղաքական նշանակություն ունի) և, իհարկե, Ռուսաստան: Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե հանրապետականները կատարել էին արարքներ, որոնք պետք էր անհապաղ շտկել. Ջորջ Բուշը մեծ պրեզիդենտ էր Նահանգների համար:
-Եվ, այնուհանդերձ, 20 տոկոս ռեյտինգով լքեց Սպիտակ տունը, չնայած տեսակետ կա, որ այդ «տոկոսները» նույնպես ամերիկյան նրբագեղության դրսևորում էին` բարենպաստ ֆոն ապահովել եկող նախագահի համար:
-Գիտե՞ք, Բուշն այն նախագահն էր, որը, զոհաբերելով իր սեփական ռեյտինգը, խոշոր աշխարհաքաղաքական ձեռքբերումների հասավ Միացյալ Նահանգների համար:
-Թվենք:
-Վերաձևված Մերձավոր և Միջին Արևելք` նոր բովանդակություն ստացած տարածաշրջան: Կենտրոնական Ասիա, ուր այսօր արդեն ամերիկյան ներկայությունը կա: Եվ, ընդհանրապես, ես կարծում եմ, որ Ջորջ Բուշը կատարեց իր առաքելությունն առավելագույնս. դա կարող է ոմանց դուր գալ, ոմանց` ոչ:
-Նրբագեղորեն շրջանցեցիք Հարավային Կովկա՞սը, թե՞ իսկապես մոռացաք: Իրանն էլ:
-Իրանն առանձին խնդիր է և` շատ հետաքրքիր խնդիր: ՈՒ հենց Բուշի օրոք, կիրառելով և՛ ուժային մեթոդներ, և՛ դիվանագիտական խոշոր խուսանավումներ, ԱՄՆ-ը կարողացավ Իրանի հետ նոր հարաբերությունների հիմքերը դնել: Որոշ կանխատեսումների համաձայն, այդ նոր հարաբերությունները կարող են ստանալ գործընկերային բնույթ: Հասկանալի է, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և հատկապես Իրաքում, զարգացումներն առանց Իրանի, առանց շիա բաղադրիչի չեն կարող լուծվել: Ի դեպ` Իրաքի մասով. հիշենք, որ այն գրեթե վերացել էր որպես աշխարհաքաղաքական-տեղական միավոր: Եվ այդ հիմնական խնդիրն էր, որ լուծեց Ջորջ Բուշը, լուծեց սերտ ռազմավարական դաշնակից Իսրայելի հետ, արդյունքում առաջացավ քրդական գործոն, որն այսօր սպառնում է և՛ Իրանին, և՛ Թուրքիային: Ասել է` Մերձավոր Արևելքում ունեցանք «ղեկավարվող քաոս» իրավիճակը, և այս կոնցեպտին ԱՄՆ-ը փայլուն տիրապետում և մշտապես օգտագործում է:
-Իսկ ի՞նչ եք կարծում` Գուանտանամոյի բանտին, ԿՀՎ-ի որոշակի «ֆունկցիաներին» առնչվող Օբամայի հրամանագրերը, հայտարարությունը, որ ինքը սկսում է Աֆղանստանից, նույնպե՞ս որոշակի ու նրբագեղ թատրոնի բաղկացուցիչներն են, թե՞ կան այլ խնդիրներ ևս:
-Սկսեմ վերջից` Աֆղանստանից. այնտեղ խոսքն ամերիկյան զորակազմի բազմապատկման մասին է: Հասկանալի է, որ այս դեպքում որևէ թատրոն լինել չի կարող. շատ ռեալ է ամեն ինչ Աֆղանստանում: Խոսենք Գուանտանամոյի, այսպես կոչված` ԿՀՎ-ի գաղտնի բանտերի մասին: Անշուշտ, դրանք կան: Սակայն կա մեկ այլ ճշմարտություն ևս, որի մասին խոսում են հենց իրենք` ամերիկացի փորձագետները։ Ցավոք, ստացվում է այնպես, որ ահաբեկիչների մեծ մասը, ովքեր անցնում են Գուանտանամոյի բանտերով, նորից վերադառնում են ահաբեկչական գործունեության: Կան վարկածներ, որոնց ես չեմ տիրապետում, և, ըստ այդ վարկածների, ահաբեկիչներին բանտերում ծրագրավորում են, և նրանք իրենց միսիան կատարում են արդեն այլ ձևով:
-Ասել է` հանուն Ամերիկայի՞. հետաքրքի՜ր է:
-Համենայն դեպս, Միացյալ Նահանգների մի շարք գործակալություններ հայտնում են, որ Գուանտանամոյի բանտարկյալների մեծ մասը կրկին վերադարձել է ահաբեկչական գործունեության:
-Ի դեպ, ոչ անհայտ Ռոբերտ Քլարքը վերջերս իր «հուշերում» պատմել է, որ սեպտեմբերի 11-ից հետո, «էքստեռն խորհրդակցության» ժամանակ, Ջորջ Բուշը, որի քաղաքական ստրատեգիան քիչ առաջ Դուք բավականին բարձր գնահատեցիք, շատ հանգիստ ասել է. «Մեզ պետք է Իրաքը` այս վիճակից դուրս գալու համար»: Ասել է` չպետք է թույլ տալ Առևտրի երկնաքերների տակ մնա ամերիկյան երազանքը, և արևելքի «փորատակը խառնելով», պետք է պահել-պահպանել գերտերության միֆը:
-Ներկայացնեմ իմ տեսակետը, որը «տարբերվում» է Քլարքի տեսակետից: Ըստ այլ փորձագետների, գոյություն ունի, այսպես կոչված, բացասական էֆեկտներից դրական արդյունք ստանալու շատ հին և հայտնի քաղտեխնոլոգիա, ինչի հետ ես համաձայն եմ:
-Իսկ ինչո՞ւ մենք` հայերս, որ ավելի հին ազգ ենք, նման «նրբագեղ» քաղտեխնոլոգիաներ չենք կիրառում։
-Գիտե՞ք ինչ, հայտնի ճշմարտություն է. երբ խոսում ես այլ և այն էլ Միացյալ Նահանգների նման երկրի մասին, շատ հեշտ է. գերհզոր տերություն է, կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ: Իսկ Հայաստանն ու հայությունն ունի իր ուրույն տեղը, քաղաքակրթական իր նշանակությունը: Եվ, այնուհանդերձ, պատմական կտրվածքով մենք ևս հետաքրքիր տեխնոլոգիաներ կիրառել ենք:
-Հույս տվեք` կոնկրետ օրինակներով:
-Դե, թեկուզ վերցնենք ղարաբաղյան շարժումը: Եթե մենք խնդիրը թողնեինք այլոց, գուցեև շատ տխուր արդյունքների հասնեինք: 1988-ին, երբ սկսվեց շարժումը, մենք ունեինք բավականին պատրաստված, խելամիտ հանրություն: Քլարքից անցնելով ամերիկյան այլ փորձագետների, պետք է ասել, որ նրանք շեշտում են հետևյալը. հայերն այդ պատերազմում հաղթեցին միայն և միայն իրենց տեխնոլոգիական հնարքների շնորհիվ: Վերցնենք թեկուզ Շուշիի գրավման օպերացիան, որն անչափ հզոր և լուրջ օպերացիա էր:
-Պարզ է, բայց մենք դեռ Ամերիկայում «գործ» ունենք, պարոն Տեր-Հարությունյան, ավարտենք այնտեղ ու «կվերադառնանք» Հայաստան: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ Ամերիկա է ունենալու աշխարհն առաջիկայում, երբ արդեն կա նախագահ, որը գերել է ողջ աշխարհին:
-Անշուշտ, 2006-2007-ին և նույնիսկ 2008-ի սկզբներին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ սևամորթ սենատորը կարող է դառնալ Միացյալ Նահանգների նախագահ: Չնայած, երբ հետահայաց նայում ես, նկատում ես, որ տեղեկատվական հոսքերը հենց այդ էին հուշում. հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում հանդես էր գալիս սևամորթ նախագահը, իսկ ամերիկացիները քիչ բան են անում հենց այնպես` պատահական:
-ՈՒզում եք ասել, որ գլոբալ աշխարհի, այդ թվում և` ամերիկյան, ենթագիտակցությունը պատրաստելու խնդի՞ր էր դրված:
-Ինչ-որ բան, այո, պատրաստվում էր: Այլ խնդիր է, որ մենք` շարքային դիտորդներս, չէինք կարծում, որ դա այդքան արագ տեղի կունենա:
-Գիտե՞ք, Օբամայի խարիզման, կնոջ` Միշելի և նույնիսկ շուն սիրող, բայց և ալերգիա ունեցող դուստրերի «ստոիկ» պահվածքը, ակնհայտորեն ցուցանում են, որ աշխատանքները շա՜տ վաղուց էին սկսված, և Օբամայի հաղթանակը ենթա-ենթա լուրջ գործընթացների արդյունք էր:
-Անպայման. դա ամերիկյան իսթեբլիշմենթի փայլուն մշակումն էր: Այո, դա «Օբամա» նախագիծն էր, որը ցայսօր շարունակում է նույնքան փայլուն գործել: Երբ դիտարկում ես` ինչ է արել պարոն Օբաման, պարոն նախագահն անցնող ընթացքում, ռեալ գործեր, փաստեր քիչ ես գտնում: Բայց որ «փիար»-աշխատանքը կատարվեց գլոբալ մասշտաբով և նույնքան փայլուն, անվիճելի է: Այսօր Ճապոնիա, Աֆրիկա, Եվրոպա.... ամենուր օբամամանիա է: Տեսնում եք` նույնիսկ մենք ենք իրենից խոսում: ՈՒ երբ ինչ-որ մեկին հարցնես` ինչո՞ւ ես նրան այդպես համակրում, ոչ մեկը չի կարող հստակ ու փաստացի ասել` ինչու:
-Գուցե 25-րդ կադրի (որի դեպքում կադրի տակ դրվում է ենթագիտակցական կոդ, կադրը հետո հանվում է, կոդը` մնում-հեղ) սինդրո՞մն է աշխատել:
-25-րդ կադրի առկայությունը կասկածելի է, որովհետև Միացյալ Նահանգներում կա օրենք, որն արգելում է 25-րդ կադրն օգտագործել, և կան հատուկ մոնիտորինգային խմբեր, որոնք դա կարգելեն: Բայց որ շատ վարպետ է աշխատվել ամեն դետալի վրա, կասկածել պետք չէ:
-Կոդերը, սիմվոլները նույնիսկ Օբամայի երդմնակալության ժամանակ էին ակնառու. ի դեպ, «Եվրանյուզի» ուղիղ եթերի ժամանակ շատ «չարաճճի» հաղորդավարները, չգիտես ինչու, մի հազար անգամ հեռուստադիտողի ուշադրությունը հրավիրեցին Միշել Օբամայի ոչ այն է կարմիր պայուսակի, ոչ այն է արկղիկի վրա, որը երդմնակալության արարողության վերջում այլևս նրա ձեռքում չէր: Այդպես էլ «չհասկացանք»` ինչու:
-Ես էլ չեմ կարող ասել` ինչու: Բայց կարող եմ ասել, որ սիմվոլիկայի խնդիրը տեղեկատվական տեխնոլոգիաների անքակտելի մասն է:
-Մենք կիրառո՞ւմ ենք նման սիմվոլիկաներ, բացի «հոգեխանգարմունքից»:
-Ընդունում եմ հումորը: Անցնելով առաջ ասեմ, որ երևի ձեզ հայտնի է, որ մեկ շաբաթ առաջ Ազգային անվտանգության խորհրդում հրավիրվեց առաջին միջգերատեսչական խորհրդակցությունը` նվիրված տեղեկատվական անվտանգության խնդիրներին: Այո, տեղեկատվական անվտանգության ոլորտը մեզ մոտ բավականին խոցելի է, մենք չենք տիրապետում տեխնոլոգիաների «փիարային» բաղկացուցիչներին, չնայած, կարծես թե, ստեղծվել է նոր-հատուկ կառույց, որը կզբաղվի այդ խնդիրներով: Մյուս կողմից էլ` եկեք մեզ չհամեմատենք Միացյալ Նահանգների հետ, որն անչափ հզոր ինտելեկտուալ ռեսուրսներ ունի:
-Բայց չէ՞ որ երբ մենք կայինք, իրենք, ախր, «ծառից ծա՜ռ էին թռչում»:
-ՈՒրեմն` հաջող էին թռչում:
-Ամբողջացնենք «Օբամա» նախագիծը, որովհետև մեզ «Ռուսաստան-Մեդվեդև» նախագիծն է դեռ «սպասում»: Ի վերջո, հաջողելո՞ւ է նա, թե՞ ոչ:
-Օբամայի քաղաքականությունը տրամաբանական շարունակությունն է Բուշի քաղաքականության: Այ, տեսեք, Օբաման ասում է` պետք է շուտափույթ լքենք Իրաքը: Եթե սա դիտարկում ենք «կառավարվող քաոսի» կոնցեպտի շրջանակներում, ապա զորքերի դուրսբերումն այդ քաոսն ավելի կխորացնի: Ասել է` այն խնդիրը, որ դրել էր Բուշը` տարածաշրջանը «խառնելու» առումով, նպատակասլաց կշարունակվի:
Օբամայի պաշտոնավարման ընթացքում շեշտադրումներն է՛լ ավելի կտեղափոխվեն դեպ Կենտրոնական Ասիա: Նկատենք, երբ օգոստոսին ընթանում էր ռուս-վրացական պատերազմը, քչերն ուշադրություն դարձրին Մուշարաֆի հրաժարականին, բոլորը զբաղված էին այդ պատերազմով: Մուշարաֆի հրաժարականն էլ ավելի նվազեցրեց միջուկային Պակիստանի ղեկավարելիության աստիճանը, ինչն էլ մեծացնում է մյուս միջուկային երկրի` Հնդկաստանի հետ առճակատման հավանականությունը, սա էլ իր հերթին կարող է էականորեն ազդել Չինաստանի, Ռուսաստանի անվտանգության վրա, և այս ամենը նույնպես հրաշալիորեն տեղավորվում է «ղեկավարվող քաոս» կոնցեպտի մեջ:
-«Քաոսի» գաղափարական «հայր» պարոն Բժեզինսկին այդ կոնցեպտը վերջերս «թեքել» է դեպի Չինաստան. ասել է` առաջարկում է ԱՄՆ-ին համագործակցել Չինաստանի հետ:
-Գիտե՞ք, ժամանակին մի դասական քաղաքագետ ասել է` աշխարհում ամենավտանգավոր գործն անգլո-սաքսոնների դեմ պայքարելն է, բայց է՛լ ավելի վտանգավոր է նրանց հետ բարեկամանալը: Չինացիներն ունեն փորձ` Միացյալ Նահանգների հետ համագործակցելու, եթե հիշենք նիքսոնյան ժամանակահատվածը, երբ ջերմացան հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչն էլ ստիպեց Խորհրդային Միությանը վերակառուցել իր ողջ պաշտպանական համակարգը: Որքանով կստացվի Չինաստան-ԱՄՆ համագործակցությունն այսօր, դժվար է ասել: Մյուս կողմից էլ` չինացիներն ունեն նաև «օփիումային» պատերազմների փորձ` 19-րդ դարում. երկու պատերազմ, որի հետևանքով Չինաստանն ստորացվեց անգլո-սաքսոնների կողմից:
Բոլոր դեպքերում, կարծում եմ, Չինաստանը դժվար շատ գրկաբաց նետվի Օբամայի` Միացյալ Նահանգների գիրկը, բայց և միևնույն ժամանակ, շատ հավասարակշռված մոտեցումներ հանդես կբերի: Նույնը` ԱՄՆ-ը:
-Դե, ուրեմն, «մտնենք» Ռուսաստան:
-Մոտիկ է` կարելի է:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հ. Գ. -«Ռուսաստան-Մեդվեդև» նախագծի վերաբերյալ պարոն Տեր-Հարությունյանի կարծիքը «Իրավունքը de facto»-ի հաջորդ` փետրվարի 3-ի համարում։

Դիտվել է՝ 3600

Մեկնաբանություններ