ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փառատոնը կայացավ, միջոցառումը` ոչ

Փառատոնը կայացավ, միջոցառումը` ոչ
22.07.2008 | 00:00

ՄԱՍՆԱԿՑԻ ԱՉՔԵՐՈՎ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին մենք հատուկ հավատարմագրված պրոֆեսիոնալ լրագրող ունեինք: Այս պատճառով է, որ, գոնե իբրև մասնակից, ոչինչ չգրեցի այն բոլոր տհաճ իրողությունների մասին, որոնք մեծ ուրախության և ոգևորության կողքին առկա էին փառատոնում: Չնայած, որպեսզի ասվածը մերկապարանոց չստացվի, մի երկու բան կարող եմ նաև շատ արագ թվել:
Օրինակ` ո՞վ է տեսել, որ փառատոնը սկսվի, մեկուկես օր անցնի, նոր միայն կազմակերպիչները մտածեն ծրագիր կոչվածը բուկլետներով մարդկանց բաժանելու մասին: Ո՞վ է տեսել, որ գոնե իրենց պաշտոնական կայքէջը չթարմացնեն, և հուլիսի 14-ին դեռ ամսի 9-ի ասուլիսի մասին պատմող նորություն միայն տեսնես` տարատեսակ լավ-լավ խոստումներով:
Կամ` ծրագրում գրված է` ժ. 18:50-ին` «Երկու ազգերի սիրտը. Հրանտ Դինք», Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճ: Զանգահարում ես թատրոն, ասում են` ո՞վ է այդպիսի բան ասել` այդ ֆիլմը 18-ին է, տոմսերն էլ քիչ են մնացել: Արագ-արագ վազում ես, որ հասնես, ուղիղ 18-ից 5 պակաս շնչակտուր մտնում ես դահլիճ, որտեղ, ասում են, 5 րոպե առաջ ֆիլմը սկսված է, և.. ո՜վ զարմանք` Դինքի փոխարեն ինչ-որ Սան Սանիչի ես տեսնում էկրանին: Բայց դա էլ ահագին հետո ես գլխի ընկնում` բոլորի դժգոհ ձայներից և ինչ-որ մեկի բացատրությունից: Նույն բանը «Ես Գուրջիևն եմ, ես չեմ մեռնի» և «Գաթա» ֆիլմերի դեպքում եղավ: Գնել էի առաջինի տոմսը, նախ` «Գաթան» նայեցի: Չէ, չեմ ասում, թե վատ բան եղավ, որ ձեռքի հետ երկու այլ ֆիլմ էլ նայեցի: Բայց հնարավոր է` ես իմ օրը, նույն ֆիլմերի դիտումներն այլ կերպ եմ, չէ՞, պլանավորել, դուք ինչու՞ եք ինձ ստիպում մեկ ժամ ավելի մնալ դահլիճում:
Չերկարացնեմ: Եթե այս ամենին հավելենք նաև այն իրարանցումը, որ ստեղծվում էր հրավիրատոմսերով ֆիլմերի դեպքում (ի դեպ, սիրելի կազմակերպիչներ, կամ առանձին «VIP դիտում» կազմակերպեք՝ ձեզ հարմար ժամերին, կամ առհասարակ մի դրեք այդ ֆիլմերը ծրագրում, ընդ որում` առանց հիշատակման, որ դրանք հրավիրատոմսերով են, կամ էլ ի՞նչ է ստացվում` որ ռեժիսորներով, կինոաշխարհի մարդկանցով ու կառավարությունով-բանով հավաքվել եք ձեր արածը դուք նայե՞ք, դա՞ ինչ բան է), և մանավանդ «Մոսկվա» կինոթատրոնի շոգը (չես հասկանում, թե «աննախադեպ վերանորոգման» ժամանակ դրված զովացուցիչներն ուր էին անհետացել, որ ստիպված լուսամուտներն էին բացում, քամին էլ ժամը մեկ նկարիչ Սամվել Սևադայի լուսանկարներն էր պատից պոկում), գյուղական ակումբների հանգույն` ֆիլմերի ընդհատումները, ուշացումները, կարելի է ասել, որ կրկնում եմ` շատ մեծ ուրախությամբ հանդերձ, այս մի ցուցահանդեսն էլ մի կերպ անցկացրինք:
Ի դեպ, ուշացումների առումով ռեկորդայինը Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմն էր։ Նախ` ծրագրում հուլիսի 18-ի և 19-ի ֆիլմերն այնպես էին դրել, որ անհասկանալի էր, թե որը որ օրը պիտի լինի, և կինոթատրոնի աղջիկներն արդեն ուղղակի լաց էին լինում` ասելով, թե այդ ֆիլմը 19-ին են ցույց տալու, հետն էլ` հրավիրատոմսով, իսկ 22:00-ի կրկնությունն էլ վաճառվել է…դեռ մի շաբաթ առաջ: Այսինքն, այն ժամանակ, երբ դեռ չգիտեինք էլ, թե ինչ ենք նայելու, զարմացանք: Պատասխան չպնդեցինք (մի քիչ էլ երևի էգոիստական նկատառումներով. հրավիրատոմս ունեի), երբ տեսանք, թե արտասվաթոր աչքերով աղջիկներն առհասարակ ոնց փակեցին դրամարկղն ու հարցերից խուսափելու համար գնացին` չգիտեմ ուր…
Ի դեպ, ֆիլմը սկսելուց դեռ շատ առաջ, մոտավորապես, 17:20-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն դրսում «նկարվում էր կամերաների առաջ», կինոաշխարհի մարդկանց հետ էր շփվում (թե էն կեղտոտված կարմիր ուղեգո՞րգն ինչու չէին հանել, որ վարչապետը մի տեսակ ամաչելով` անընդհատ հայացքը դրան էր հառում) և նախագահ Սերժ Սարգսյանին էր սպասում, որ գա` Էգոյանի «Երկրպագությունը» նայեն: Չասենք, թե ինչ կատարվեց այն բանից հետո, երբ հրավիրատոմսերով մարդիկ, հավաքված մարդկանց նախանձոտ աչքերի առաջ, ժ. 18:00-ի սահմաններում, այսինքն` ֆիլմի սկսման ժամին նոր մտան դահլիճ (մարդիկ ուղղակի հսկիչներին տապալելով ներս մտան ու նստեցին անգամ հատակին, մինչդեռ բոլորովին դժվար չէր մարդկանց ասել, որ հաջորդ օրն էլ պիտի այն ցուցադրեն` Անտոնիոնիի «Ամպերից էլ վեր» ֆիլմի հետ միասին), բայց դրանից հետո պատահածն ուղղակի ցնցող էր: 18:20-նն է, չեն սկսում, անց երեսուն, էլի՛ ձեն-ձուն չկա: Դահլիճն արդեն զայրանում է կամաց-կամաց, մանավանդ որ շնչելու օդ չկա: Եվ հանկարծ, 18:40-ի սահմաններում, Սերժ Ազատիչը նոր-նոր մտնում է դահլիճ, և փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ, ընդամենը մի քանի նախադասություն ասելուց հետո, արագ-արագ մեղքն իր վրա է վերցնում, իբր` կներեք, ես էի մեղավոր այս ուշացման համար:
Մի խոսքով, եթե «Ոսկե ծիրանը» կայացել էլ է որպես մշակութային երկխոսություն, որպես թարմ շունչ, նոր քամի, նոր ոգևորություն ու երջանկություն, ինչը շատուշատ փառատոների համար երազանք է, իբրև միջոցառում դեռ ճանապարհ ունի անցնելու։ Կոնկրետ ես, օրինակ, հաջորդ տարի այս ամենի միջով հաստատ պատրաստ չեմ անցնելու: Չնայած, ասում եմ, էլի. փառատոնի բերած ուրախությունն այնքան մեծ էր, որ «հայավարի համբերելու» հարցում, վախենամ, էլի պաշարներ գտնենք: Հանգամանք, ինչն, ի դեպ, կազմակերպիչներին հանգիստ շունչ քաշելու իրավունք բնավ չի ընձեռում։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9033

Մեկնաբանություններ