ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՎԱՆԱՁՈՐ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՎԱՆԱՁՈՐ
07.12.2010 | 00:00

«Լոռվա ձորում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նախաձեռնել և կազմակերպել են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և «Փյունիկ» հիմնադրամը, կշարունակի գործել Վանաձորում` արվեստասերներին ներկայացնելով 75 աշխատանք։ Ինչո՞ւ 75, որովհետև նվիրված է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին։
Ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված հանդիսույթի ժամանակ բոլոր բանախոսները` Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Վանաձորի պատկերասրահի տնօրեն Փափագ Ալոյանը, կարևորեցին իրենց հայրենակից Հրանտ Մաթևոսյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը, ուր գեղանկարիչները ձգտել են հասկանալ, ընկալել և Լոռվա բնաշխարհը փոխադրել կտավին, բայց այս պարագայում ավելի շատ այն ամենը, ինչ առնչվում է մաթևոսյանական աշխարհին` նրա ծննդավայր Ահնիձորին և շրջակա բնակավայրերին։ Այստեղ ամեն մի նկարիչ փորձել է իր պատկերային լուծումը տալ։ Հայկ Մկրտչյանը «Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրը» գույների հետաքրքիր զուգորդումով է ներկայացել, Գևորգ Մշեցի Ջավրուշյանն «Ահնիձորը» տեսել է որպես մի կուռ ամբողջականություն` ձուլված իր բնական միջավայրին, Սուրեն Խորենյանը բնակավայրը պատկերացրել է «Գյուղ տանող ճանապարհից»։
Եվ եթե անգամ նկարները զուտ Ահնիձորին չեն նվիրված, ապա ընդգրկում են տարածաշրջանը` Մոտկորի գյուղախումբը, այստեղի բնությունը. Հովիկ Անտոնյան` «Ամառ», Անատոլի Ավետյան` «Լորուտ», Սրապիոն Դանիելյան` «Լոռվա բնանկար», Այսեր Մաթևոսյան` «Լուսաբաց», Լորիկ Մինասյան` «Գյուղ սարերում» (Մարց), Արամ Ապարանցի Սարգսյան` «Չաթինդաղ սարը», Հենրիկ Գարուկյան` «Ծաղկած ծառեր»։
«Լոռվա ձորը, որը նաև իմ ծննդավայրն է, շատ հետաքրքիր ու ինքնատիպ աշխարհ է,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանը։- Շատ կարևոր է, որ իմ գործընկեր-նկարիչները նրբորեն և ջերմությամբ են հասկացել Հրանտ Մաթևոսյանի աշխարհը և ցուցահանդեսում ինքնատիպ աշխատանքներ ներկայացրել։ Ընդհանրապես, նկարչական փառատոների և նման ցուցահանդեսների պրակտիկան մեծ ոգևորություն է առաջացրել նկարիչների շրջանում։ ՈՒրախալի է, որ կազմակերպիչները` «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և «Փյունիկ» հիմնադրամը, արդեն գործնականում լայնացրել են փառատոների շրջանակները»։
«Ի՞նչ տվեց այս ցուցադրությունը, և ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում» հարցադրմանը խնդրեցինք պատասխանել կազմակերպիչներին։
-Մենք, այս ցուցահանդեսի ավարտից հետո, Երևանում կբացենք «Արցախի աշնանային գույները» ցուցահանդեսը,- ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։- Իսկ «Արցախի գույները ….» արդեն ներկայացրել ենք արցախցիների դատին` Ստեփանակերտում։ Հաջորդ տարվա հունվարի կեսերին Երևանում` ՀՀ նկարիչների միությունում, կցուցադրվեն Վայոց ձորին նվիրված աշխատանքները։ Դրանից հետո նույն աշխատանքները կհյուրընկալվեն Վայոց ձորի պատկերասրահում։ Այսպես, կկազմակերպվեն փառատոներ, իսկ դրանց կհաջորդեն ցուցահանդեսները։
-Ցուցահանդեսներին զուգահեռ մենք նախապատրաստում ենք ապագա նկարչական փառատոները,- մանրամասնեց «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանը։- Չ՞է որ առանց նկարչական փառատոների ցուցահանդես չի լինի։ Արդեն պարզ է, որ նկարչական փառատոները դառնում են համահայաստանյան։ Առաջիկայում փառատոներ տեղի կունենան Ապարանում, Նոյեմբերյանում։ Վերջերս մենք, գտնվելով Ջավախքում, պայմանավորվեցինք, որ գալիք տարում նման փառատոն կկազմակերպվի նաև այնտեղ։ Անկեղծ ասած, մտադիր ենք, որ նկարչական փառատոները և ցուցահանդեսները նախ դառնան համահայկական, ապա միջազգային։ Հաջորդ տարի, հուսով ենք, որ, օրինակ, մի նկարչական փառատոն հնարավոր կլինի կազմակերպել Սիրիայում։ Այսօրվա Հայաստանը, նրա պատմական անցյալը, ինչո՞ւ չէ, նաև նրա երազներն ու տեսլականը, հնարավոր է ներկայացնել նաև կերպարվեստի միջոցով ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3531

Մեկնաբանություններ