ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին

Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին
01.09.2024 | 13:36

Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։ Ամենավտանգավորը կլինի գրագետ հակադարձման բացակայությունը։

Ֆիքսենք, որ սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների։ Անմիջապես ասուլիսից հետո Նիկոլի բոլոր ձևակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ովքե՞ր. Ադրբեջանի պաշտոնյաները։

Մնացած անհրաժեշտ հակադարձումների մասին՝ կետ առ կետ.

1. Արցախի իշխանություններն իրենց ուղղված ծանրագույն մեղադրանքներին վերջապես պարտավոր են հստակ ու բաց պատասխանել՝ ինչի՞ց սկսվեց շրջափակումը, ի՞նչ անդառնալի հետևանք ունեցավ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը, ի՞նչ մենակություն էր զգում Արցախը շրջափակման 9 ամիսներին, ինչպե՞ս էր զգացվում ՀՀ իշխանությունների բացակայությունն այդ վճռորոշ փուլում, ինչպե՞ս էր Արցախը մենակթողնվել՝ իր վրա վերջին հարձակման ժամանակ, ի՞նչ հիմնավորված կասկածներ կան առ այն, որ Հայաստանը տեղյակ էր Արցախի վրա հարձակման մասին և նախապես տվել էր դիտորդ մնալու հավաստիացում։ Պետք է վերջապես խոսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու նրա կատարած ֆունկցիաների մասին։ Արցախի պահով մեզ համար մութ կետեր չպետք է մնան, այլապես Նիկոլը բոլոր այդ կետերն օգտագործելու է ի վնաս արցախցիների և ի շահ իր իշխանության պահպանման։

2. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և Ռ. Վարդանյանի համակարգերը (եթե դրանք դեռ կան) պարտավոր են կոշտ արձագանքել ասուլիսի ընթացքում նրա հասցեին արված հարցադրումներին։ Այդ արձագանքը պետք է ստանա միջազգային հնչեղություն։ Անթույլատրելի է, երբ թշնամու բանտում գտնվող, գերեվարված մարդու մասին ստոր ակնարկներով հարցադրումներ է հնչեցնում երկրի ղեկավարը։ Դրանք Ալիևի բառերն էին։ Պատանդի վիճակում գտնվող քո քաղաքացու, քո հայրենակցի մասին նման բան անելը բարոյական նեխման դրսևորում է։ Շատ կարևոր է, որ Վարդանյանի ընտանիքի, միջազգային ու հայկական շրջանակների կողմից հստակ դիրքորոշում ձևակերպվի սրա հանդեպ։

3. Հայաստանի ընդդիմությունը (առաջին հերթին՝ խորհրդարանական) պետք է պարզ ֆիքսի տեղի ունեցածը. ամեն ինչ հուշում է, որ ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն Նիկոլի ու Ալիևի միջև՝ «վերարտադրում՝ զիջումների դիմաց»։ Ադրբեջանի ու նրա հետ ուղիղ բանակցությունների շուրջ ասուլիսում հնչած բոլոր հիմնական ձևակերպումները դրա մասին են խոսում։ Ալիևն օգնելու է, որ Նիկոլը վերարտադրվի, իսկ դրանից հետո ստանալու է այն ամենը, ինչ ուզում է։ Նիկոլը հենց դրա´ համար է մերժում բանակցություններում միջնորդի գոյությունը։ Այո, միջնորդի դեպքում Հայաստանն ավելի շահեկան դիրքերում կլիներ իր շահերը պաշտպանելիս, և Ալիևի անվերջ պահանջները կզսպվեին, բայց այդպես հնարավոր չէր լինի Ալիևի հետ ձեռք բերել սեփական իշխանության վերարտադրությանն աջակցության պայմանավորվածություն։ Այն ընթացքը, որ կա հիմա Հայաստանում, տանում է Նիկոլի վերարտադրման ընտրությանը՝ հերթական, թե արտահերթ, տեխնիկական հարց է։ Ժամանակն է սրա մասին բաց խոսել, որպեսզի հնարավոր լինի խափանել այս սցենարային ընթացքը՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով։ Եթե, իհարկե, կա կամք և ցանկություն՝ դա անելու։ Հառակը լրիվ ուրիշ բանի մասին է հուշելու։

4. Հանրային կյանքի կարևոր դերակատարը՝ Սրբազան շարժումը, զարգացումներին համարժեք լինելու համար պետք է հաշված օրերի և ժամերի ընթացքում վերլուծի ասուլիսում հնչեցված կարևորագույն վտանգավոր թեզերը՝ հասարակության առաջ դրանց քաղաքական և բարոյական ճիշտ պատասխանները ձևակերպելու և դրանց իրականացման տապալումը սկսելու համար։

5. Եվ վերջապես, շատ կարևոր է օգնել հասարակությանը՝ վիրավորվածությունը, արժանապատվության ստորացումը վերածել համապատասխան վերաբերմունքի, մերժման։ Նիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր կամ ֆինանսական դոտացիայի հոդված։ Էս մարդը այդպես էլ չի հասկանում Արցախը ինչ է։ Ինչ ասել է հայրենիք, Ամարաս, Գանձասար, հարազատի՝ ամուսնու, կնոջ, ծնողի, երեխայի գերեզման, տաք տուն, երեխայի օրորոց, տանը թողնված թանկ հուշ, հայերեն գրված գրատախտակ, երեխայի դպրոց ու մանկապարտեզ, բակ, ծառ, թուփ, կյանք, հանդ, մանկություն, երազանք… Նա չի հասկանում և չի հասկանալու, դրա համար էլ էդպես ի միջի այլոց է խոսում արցախահության վերադարձի գաղափարի մասին։ Բայց հարյուր հազարավոր մարդիկ հասկանում են։ Այս հասկացողները չե՞ն վիրավորվում նրա պահվածքից։ Ինչպե՞ս է դրսևորվում այդ վիրավորվելը։ Սա պետք է լուծենք։ Բարոյական հասարակություններն ունենում են վիրավորվելու հատկություն, ու նման արտահայտություններ լսելուց հետո դրանց հեղինակին «մեծարգո» ասողների շարքերը կտրուկ խարխլվում են։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5773

Մեկնաբանություններ