Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ինչո՞ւ անցկացվեցին համատեղ զորավարժություններ` մկաններ ցույց տալո՞ւ»

«Ինչո՞ւ անցկացվեցին համատեղ զորավարժություններ` մկաններ ցույց տալո՞ւ»
21.11.2014 | 01:23

«Վիճակագրական վարչությունը երկար պրպտումներից հետո կարողացավ վերջապես այդ թիվը տալ թղթին` Հայաստանում 32 % աղքատություն է, իսկ ծայրահեղ աղքատների թիվը 82 հազար է։ Այսինքն, երբ առավոտ կանուխ տեսնում ենք, թե ինչպես ՀՀ երկու քաղաքացի աղբարկղի մոտ կռվում են, թե ով պետք է օգտվի այդ աղբարկղից... Սա ֆիքսում եմ, որ հասկանանք, թե ինչ հնարավորություններով ենք մուտք գործում Մաքսային միություն։ Երկրորդ, եթե հայերս ժամանակի ընթացքում մոռանում ենք, թե ինչ է արել մեր գլխին թուրքը, ապա թուրքը միշտ էլ մնալու է թուրք և իր թրքությունն անելու է, ուզում ես ֆուտբոլ խաղա, ուզում ես պինգ-պոնգ կամ բասկետբոլ։ Մեզ ավելի քան հարկավոր է վստահելի գործընկեր, և Ռուսաստանը 200 տարվա ընթացքում ապացուցել է դա։ Ես ողջունում եմ մեր մուտքը Մաքսային միություն, և եթե գործող իշխանություններն ինչ-որ բան արել են տրամաբանությանը մոտիկ և ոչ հակամարդկային, դա ՄՄ-ին անդամակցելն է»,- «Իրատես de facto» ակումբում, խոսելով «Նոր մարտահրավերներ. 2015-ի հունվարից Հայաստանը ՄՄ-ի անդամ է» թեմայի շուրջ, ասաց ԱԱ նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ։
Ինչ վերաբերում է ՄՄ անդամակցությանը դեմ արտահայտվողներին, բանախոսը հիշեցրեց. «Անկախ երկիր գոյություն չունի որպես այդպիսին։ Ես մեր անկախությունը հասկանում եմ հետևյալ կերպ. մենք ունենք պետական սահմաններ, Սահմանադրություն։ Եթե մարդն ունի ողնաշար, նրանից անկախությունը հենց այնպես չես վերցնի և քո կամքը չես թելադրի»։ Նա նկատեց նաև, որ տնտեսական դաշտում ՄՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանը հաջողություն կարձանագրի, ընդգծելով դրամական փոխանցումները, գյուղմթերքների արտահանման հետ կապված խոչընդոտի վերացումը և արդյունաբերական ապրանքների իրացումը ռուսական շուկայում։ «Մաքսային միությանն անդամակցությունը տարածաշրջանում մեզ կապահովագրի նաև որոշ լրջագույն սողուններից»,- նշեց բանախոսը։
Բնականաբար, ՄՄ-ին և հետագայում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ենթադրում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փոփոխություններ։ Ինչպե՞ս այն կազդի Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա` հարցրինք Գուրգեն Եղիազարյանին։
-Ղարաբաղի հարցը մեր դիվանագիտությունը մտցրել է բացարձակ փակուղի, քանի որ Ղարաբաղը բանակցային կողմ չէ։ Իսկ Ղարաբաղի ժողովուրդն իր անկախությունը իր ձեռքով է հաստատել։ Եվ եթե մեկը պետք է բանակցեր թուրքի հետ, նա պետք է լիներ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Եթե մեկը պետք է զորավարժություն անցկացնի, դա պետք է անի Ղարաբաղի գլխավոր հրամանատարը, ում ձայն է տվել ժողովուրդը, ով լեգիտիմ է։ Եվ երբ մենք գնում ենք Ղարաբաղ և խառնվում ենք այդ ամենին ի ցույց աշխարհի, փոքրիկ Ղարաբաղն էլ, որը ձեռք է բերել իր անկախությունը հանրաքվեով, պիտի մնա ստվերում։
-Պարոն Եղիազարյան, մի «բայց» կա. չէ՞ որ 18-19 տարի է, ինչ Հայաստանը բանակցային կողմ է, և դա նորություն չէ։
-Ոչ, այդպես չէ։
-Երբևիցե Ղարաբաղը եղե՞լ է բանակցային կողմ։
-ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Լևոն Տեր-Պետրոսյանը նստում էր բանակցությունների ավագ Ալիևի հետ, և Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը նրա կողքին էր։ Զորօրինակ, Սադարակում կայացած բանակցությունները։
-Այսինքն, ստացվում է, որ էլի Լևոն Տեր-Պետրոսյանն է բանակցել։
-Ոչ, նա դրսում ծխում էր։ Ես եմ տեսել։
-Խոսքը պետական մակարդակով ընթացող բանակցությունների մասին է։
-Լավ, այսպես ասեմ. Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ղարաբաղը բանակցային կողմ էր համարվում։
-Մինչև ո՞ր թիվը։
-Մինչև 1998-ը։ Ամեն ինչ փոխվեց, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ։ Բնականաբար, մի պահ կարծիք հաստատվեց, որ նա կներկայացնի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի շահերը։ Մեխանիկորեն այդ պահը գնաց։ Հետո, այս վերջին 6 տարում, Ղարաբաղը, որպես կողմ, դուրս մնաց գործընթացից, այն էլ` ընդգծված ձևով։ Ադրբեջանն էլ ռմբակոծում է մեր սահմանները` մեզ համարելով ագրեսոր։ Ինչո՞ւ անցկացվեցին համատեղ զորավարժություններ` մկաններ ցույց տալո՞ւ, ինչի՞ համար, որ նրանք հաչա՞ն։
-ՈՒզում եք ասել` տակտիկական սխա՞լ է թույլ տրվել։
-Ինչո՞ւ, այդ մի սխա՞լն է, անընդհատ սխալվում են։
-ՈՒզում եմ հասկանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ամեն ինչ ճի՞շտ էր արվում, տակտիկական սխալներ չկայի՞ն։ Ո՞րն էր այդ ժամանակվա տակտիկական սխալը։
-Հազար ներողություն, բայց ես 1996-ից ընդդիմություն եմ, հիմա ինչո՞ւ եք ինձ խոսեցնում տասնութ տարի անց։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 29685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ