ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կյանքի հյութը (Ջուր։ Միայն ծարավ մարդը կհասկանա այս երեք տառանոց բառի իրական մեծ արժեքը)

Կյանքի հյութը (Ջուր։ Միայն ծարավ մարդը կհասկանա այս երեք տառանոց բառի իրական մեծ արժեքը)
31.07.2009 | 00:00

ՋՈՒՐԸ ՈՐՊԵՍ ԱՅՍ ԵՎ ԱՅՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
(սկիզբը` նախորդ համարում)
«ՈՐՏԵՂ ՋՈՒՐ, ԱՅՆՏԵՂ ԿՅԱՆՔ»
Գուցե թվա, թե այս մասին երկար գրվեց, բայց հատուկ ընդարձակություն տվեցի այս նյութին, որպեսզի կարողանանք համեմատվել և տեսնել, թե ինչ հարուստ ենք մենք՝ հայերս, և որ զուր չեն ասել մեծերը. «Որտեղ ջուր, այնտեղ կյանք»: Մեր լեռներն իր ժողովրդին տալիս են բավարար քանակությամբ այդ կենսատու հեղուկը, բայց մեր անփույթ և անտարբեր վերաբերմունքի պատճառով այդ հարստությունը վատնվում է անմտաբար: Մի գանձ, որը հարուստ երկրների բնակիչները միայն կարող են մեծ գին վճարելով գնել, այլ ոչ մեզ պես իրենց տան ծորակից լցնել ու խմել:
Երբ Իսրայելում դասավանդելուց հետո ամառային արձակուրդներին գալիս էի հայրենիք, ինձ համար հրճվանքի, ուրախության և նույնիսկ հպարտության առարկա էին գիտե՞ք ինչը, մեր փողոցների պարզ ու անպաճույճ ցայտաղբյուրները: Երբեմն ծարավ էլ չէի լինում, բայց երբ ցայտաղբյուր էր հանդիպում, մոտենում և գոնե մի քանի կում ըմպում էի, նախ՝ համն ըմբոշխնելու, հետո՝ զովարար սառնությունը վայելելու համար, որովհետև Իսրայել երկրի ջուրը, որ հոսում է տներում, գոլ է ու խիստ տհաճ համ ունի, իսկ մեկ օր բաժակի մեջ մնալուց հետո տակը կավանման նստվածք է տալիս: Խմելու համար դրանից չունևոր խավն է օգտվում, այն էլ միայն եռացնելուց հետո, իսկ մնացածն օգտագործում է հատուկ շշերով գնովի ջուր, որի լիտրն արժեր մոտ մեկ դոլար, համն էլ նման էր մեր երկրի ամենավատ ջրի համին. այնպես որ, Գառնիի լեռների մեր սառնորակ ու քաղցրահամ ջուրն այնտեղ թագավորական ըմպելիք կհամարվեր: Իսկ մեծ հիմնարկներում դնում են հատուկ սարքեր, 20 լիտրանոց գլանոթներով (ինչպես որ հիմա սկսեց տարածվել մեր երկրում), որոնք հերմետիկորեն փակվելուց հետո մեկ տարվա երաշխիք ունեն, այնպես որ մարդիկ կարող են 365 օրվա հնություն ունեցող ջուր խմել: ՈՒրեմն, եկեք չասենք, թե աղքատ երկիր ենք, այլ ասենք` եղածն անխնա վատնող ժողովուրդ ենք:
Իսկ որ այնտեղ ջրի հարցն ամենաառաջնայիններից է, այդ երևում է թեկուզ նրանից, որ հրեական ռադիոյի ամենօրյա հայտարարությունների մեջ երբեմն կարող ես լսել, որ ջրի պաշարի մակերեսը այսքան-այսքան սանտիմետրով մոտեցել է կարմիր գծին. այսինքն՝ որից հետո ջրի կարոտ պիտի քաշենք, հետևաբար հարկավոր է աղոթքները շատացնել և ավելորդությունից խուսափել: Իսկ բոլոր ռադիոհաղորդումների` թեկուզ լրատվական փոքրիկ հայտարարությունից հետո խնդրում են հնարավորին չափ խնայել ջուրը: Բայց և այնպես ոչ մի անգամ, թեկուզ և մի քանի րոպեով, տների ջուրը չկտրվեց:
«ՋԵՐՄՈՒԿԸ»
Սկզբի ամիսներին, երբ սկսում ես հարմարվել այնտեղի կլիմայական բարդ պայմաններին, առաջին հերթին մեծ կարոտով անպայման հիշում ես Հայաստանի քաղցրահամ ու սառնորակ ջուրը, մանավանդ «Ջերմուկը», որի կարիքն ու կարևորությունը մենք այնտեղ շատ խիստ զգացինք: Իսկ երբ հայաստանցի հայերով պատրաստվում էինք տոնելու գալիք նոր` 2000-րդ տարին, տարվա առաջին օրը, ըստ մեր կարողությունների, ջանացինք սեղանին հայաստանյան համ ու հոտ տալ մեր ձեռքով պատրաստված տոլմայով ու արաբական բաստուրմայով, բայց էլի ինչ-որ բան պակաս մնաց: Իսկ երբ այդ օրերին այնտեղ ուխտի եկած հայերից մեկը մի մեծ շիշ «Ջերմուկ» դրեց սեղանին, բոլորս այնպես ուրախացանք, կարծես աշխարհի լավագույն ու ամենաթանկարժեք խմիչքը տեսած լինեինք. այդ «լեռնահամ թագուհի» ըմպելիքը կենարար հեղուկի նման բոլորս կում-կում ըմբոշխնում էինք ամբողջ երեկոյի ընթացքում:
Համանման դեպք պատմեց մի ուրիշ հայորդի ևս, որը մի քանի տարի առաջ Գերմանիա էր գնացել: Այդտեղ մի հայի տանը հյուրասիրվելիս հանկարծ վատ է զգացել. տանտերն ասել է` սպասիր, հիմա մի զորավոր դեղ կբերեմ, և իսկույն կլավանաս: ՈՒ բացելով խմիչքադարանը (բարը)՝ մի շիշ թափանցիկ պարունակություն է հանել և փոքրիկ բաժակով, զգուշությամբ, որպես թանկագին մի բան, տվել է նրան, նա էլ նույն զգուշությամբ ըմպել է այն և զարմացած տանտիրոջն է նայել՝ գուցե կատակ է անում, որովհետև ըմպածն ընդամենը պարզ ջուր էր: Բայց տանտերը առավել քան լուրջ ասել է. «Համբերի՛ր մի քիչ, և կհամոզվես, որ օգնում է»: Անցել է մի քանի րոպե, և, իսկապես, ցավերը դադարել են: Երբ հիվանդը տանտիրոջը տեղեկացրել է, որ էլ ցավեր չունի, և շնորհակալություն է հայտնել այդ հրաշք հեղուկի համար, նա պատասխանել է. «Կարծում ես` հասարակ բա՞ն էր տվածս. Հայաստանի ջո՜ւրն էր, որ հատուկ բերել եմ վերջին այցելությունիցս: Երբ այստեղի հայերս վատ ենք զգում, իսկույն օգտագործում ենք որպես բուժամիջոց»:
Իսկապես որ «մերն ուրիշ է»: Այնպես որ, ունեցածի ճիշտ գնահատությունը, խնայողաբար ու տեղին օգտագործումը կարող է, իրոք, մեր ազգի հարստության աղբյուրը լինել: Ինչևէ, հրեաները տարվա այս օրն առանձնացրել են հատուկ «անձրևաբեր» աղոթքների համար, որպեսզի Բարձրյալը բարի աչքով նայի իրենց և անձրև տա երկրին:
Հայտնի է, որ Երուսաղեմը երեք կրոնների կիզակետն է (Մովսիսականություն կամ հուդաիզմ, քրիստոնեություն և մահմեդականություն), բայց բոլորն էլ ունեն աղոթքի որոշ նյութեր, որոնք ընդհանուր են. օրինակ` խաղաղության, բարեկամական հարաբերության և այլն: Դրանց մեջ է նաև անձրևի համար աղոթքը: Երբ անցյալ տարվա աշնանը չորային եղավ, ձմռան ամիսներին բոլորը սկսեցին եռանդուն աղոթել անձրևի համար, որովհետև եթե այդ ժամանակ էլ անձրև չգար, ապա գարնանն ու ամռանը հաստատ չէր գալու: Գրում եմ ձմռան, որովհետև այնտեղ ձմեռը մեր աշնանային եղանակների նման է, իսկ այնպիսի ձմեռ, ինչպիսին մենք գիտենք, այնտեղ խիստ հազվադեպ է. մի քանի ժամ եկած ձյունն իսկույն հալվում է: Եվ այս երկրում ձյուն ասվածն այնքան անսովոր մի բան է, որ երբ այն գալիս է, տեղացի հայերն ասում են. «Ձյուն զարկավ»:
Պատմեմ 2000 թվականի հունվարի 19-ի (այնտեղ տոնում են հին տոմարով)` Ծննդյան տոնի օրերին կատարված մի դեպքի մասին:
Այդ տարվա առատ անձրևների համար աղոթեցին հրեաները, անձրև չեկավ. աղոթեցին մուսուլմանները, չեկավ, աղոթեցին կաթոլիկները, չեկավ, աղոթեցին ուղղափառները, չեկավ... Եվ այդ օրը, երբ հայերը պատրաստվում էին թափորի, որպեսզի Բեթղեհեմ ուղղվեն Սուրբ Ծննդյան գիշերային պատարագին մասնակցելու, ճիշտ այդ ժամանակ մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ նույնիսկ ուղեկցող հրեա ոստիկանները ստիպված հայկական վանքը մտան պատսպարվելու, որպեսզի չթրջվեն մինչև ոսկորները: Ասում եմ` ստիպված, որովհետև հրեաները սովորություն չունեն ուրիշ դավանության կրոնական հաստատություն մտնելու, որ «չպղծվեն»: Իսկ մի քանի օր հետո, երբ հարանուն եկեղեցիների ներկայացուցիչները եկել էին հայոց պատրիարքի մոտ Սուրբ Ծննդյան տոնի շնորհավորանքների համար, բոլորը խոստովանեցին հայոց հավատքի անաղարտ դավանության մասին, որը հաստատվեց երկնային օրհնաբեր ու անձրևաբեր կնիքով: Եվ թող այսքան օրինակները հայորդիներիս համար արթնության ազդակ լինեն, որպեսզի մենք էլ հույսներս Աստծո վրա դրած՝ ջանքով և աղոթքով կարողանանք մեր բոլոր նեղություններից հաղթությամբ դուրս գալ:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6591

Մեկնաբանություններ