Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Երկու գլուխ մի ղազանում չի եփվի»

«Երկու գլուխ մի ղազանում չի եփվի»
24.10.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Վաղուց ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ լրագրողների հետ երես առ երես չէր հանդիպել, ինչի հնարավորությունն ունեցավ երեկ՝ «Իրավունք de facto» ակումբում։ Շփման բացակայությունից առաջացած խորթությո՞ւնն էր պատճառը, թե՞ ակումբ մտնելու պահին սև կատու էր անցել ոչ վաղ անցյալում Ազգային ժողովի «4-րդ խոսափողը» դղրդացնող նախկին պատգամավորի առջևով, հայտնի չէ, սակայն ԱԺԴ նախագահը հենց սկզբից «սվիններով ընդունեց» հանրային հեռուստատեսության լրագրողուհու արտաքուստ շա՜տ անմեղ հարցը. «Որտե՞ղ է այժմ Ազգային ժողովրդավարների դաշինքը»։
Հիշեցնելով, որ շեղվում ենք ասուլիսի բուն թեմայից («Ներքին և արտաքին քաղաքական խմորումներ»), Սադոյանը յուրովի վերաձևակերպեց իրեն ուղղված հարցը. «Ի՞նչ դեր ունի ԱԺԴ-ն ներքաղաքական գործընթացներում։ Շատ մեծ դեր։ Մեր կուսակցությունը, համախոհ այլ ուժերի հետ (ԱԺՄ, ԱԺԿ, «Ազգային պետություն»), մշակել է ազգային ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված քաղաքական գործընթացների ծրագիր։ Այդ գործընթացները շարունակվում են և բավականին լուրջ ձևով։ Բնական է, որ մենք արձագանքում ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական բոլոր ընթացիկ հարցերին»։
Հատուկ շեշտելով, որ արդեն տևական ժամանակահատված ընդդիմադիր և իշխանամետ որոշ ուժեր ԶԼՄ-ներին միտումնավոր ուղղորդում են դեպի երկբևեռ քաղաքական դաշտ, որի մի թևում տերպետրոսյանական ընդդիմությունն է, մյուսում՝ իշխանությունը, Սադոյանը ցավով ընդգծեց, թե նման ուղղորդման արդյունքում զանգվածային լրատվամիջոցների կողմից չի «մարսվում» այն ակնհայտ իրողությունը, որ ոչ թե քաղաքական դաշտն է դարձել երկբևեռ, այլ տասնամյա լռությունից հետո որոշ ուժեր վերադարձել են քաղաքական դաշտ՝ վերադարձի հիմնական նախապայման համարելով «անցյալի կեղտերից մաքրվելու» անհրաժեշտությունը։
«Հույսները դնելով մարդկանց ոչ այնքան հետևողական հիշողության վրա՝ այս ուժերը մեծ հաջողությամբ կարողացան իրագործել իրենց մինիմում ծրագիրը՝ տեղ գրավելով քաղաքական դաշտում»,- եզրակացրեց ԱԺԴ նախագահը, հավելելով, որ առկա երկբևեռությանն իրենք փորձում են հակազդել ազգային ժողովրդավարական ուղղվածություն ունեցող ուժերին համախմբելով և այս հողի վրա ճանապարհ հարթելով քաղաքական դաշտում սահուն սերնդափոխության համար։ Իր իսկ բնորոշմամբ՝ «ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքականությամբ զբաղվող երիտասարդները՝ ապագայի նախարարներն ու պատգամավորները, գոնե մի քիչ շեղվեն այն այլանդակ մտածողությունից, թե քաղաքականությունն անբարոյականության արվեստ է»։ «Սահուն սերնդափոխություն» կոչվող այս մաքսիմում ծրագիրն ազգային ժողովրդավարները հույս ունեն առարկայական հիմքի վրա դնել վետերանների ու երիտասարդների քաղաքական ակումբ հիմնելու ճանապարհով։ Առայժմ սա ընդամենը գաղափար է, որին կյանքի ուղեգիր տալու համար նախ և առաջ տարածք է պետք, բնականաբար, քաղաքի կենտրոնում, ինչը փող արժե, իսկ փող, ցավոք սրտի, ժողովրդավարները չունեն։
«Այսօր շատ է խոսվում ԼՂՀ հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ ծրագրի՝ այսպես կոչված, գրավյալ տարածքները հայ-թուրքական սահմանի բացման դիմաց հանձնելու մասին։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ»։
«Ոչ թե շատ է խոսվում,-
լրագրողի հարցին ի պատասխան ասաց Սադոյանը,- այլ միտումնավոր փորձում են լրագրողների ուղեղների մեջ կաթեցնել, թե՝ վա՜յ-վա՜յ, Լավրովն էսինչ բանն ասաց, Պուտինն՝ էնինչ բանը, այն դեպքում, երբ Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքերից հետո Արցախն այսօր ամենահարմար իրավիճակում է հայտնվել՝ անկախության միջազգային ճանաչման առումով։ Մինչդեռ փորձ է արվում տպավորություն ձևավորել, թե այնպիսի սրված իրավիճակ է ստեղծվել, որ Ղարաբաղը տալու ենք։ Ինչո՞ւ։ Որպեսզի «Հիմա՛, հիմա՛» գոռացողներին պատճառ ունենան համոզելու, թե վտանգված Արցախը չզոհաբերելու համար անհրաժեշտ է առժամանակ դադարեցնել հանրահավաքային պայքարը։ Որովհետև, կրկնում եմ, տասը տարվա լռությունից հետո քաղաքական դաշտ վերադարձած տերպետրոսյանական թիմի նպատակը ոչ թե «հիման» էր, այլ անցյալի կեղտերից մաքրվելն ու 2012-ի ընտրություններին նախապատրաստվելը։ Այ, լրագրողներդ ասում եք՝ արմատական ընդդիմություն։ Ո՞նց կարող է արմատական ընդդիմություն լինել մի ուժ, որը նախկինում եղել է իշխանություն, տասը տարի լռել է, թքած է ունեցել երկրի ապագայի վրա ու մեկ էլ հանկարծ դարձել է «արմատական»։ Եթե արմատական ես, ո՞նց կարող ես մարտի 1-ից հետո, տասը զոհերի ու քաղբանտարկյալների առկայությունից հետո հնարովի պատճառաբանությամբ հայտարարել, թե՝ գիտե՞ք, Ղարաբաղի հետ կապված պրոբլեմներ կան, մի քանի ամիս հանրահավաք չպիտի անենք։ Ակնհայտ չէ՞, թե ով ինչ է ուզում և ինչ նպատակով։ Այդ նպատակին հետամուտ ուժի անունը դուք դնում եք «ընդդիմությո՞ւն»։ Այն էլ՝ արմատակա՞ն»։
Լավ, պարոն Սադոյան, եթե տերպետրոսյանական ընդդիմությունն էլ արմատական չէ, ո՞ր քաղաքական թիմն է, այդ դեպքում, հավակնում սույն տիտղոսին, հարցրինք ԱԺԴ նախագահին։ Պարզվեց՝ բոլոր այն ուժերը, որոնք իշխող կոալիցիայի մաս չեն կազմում և դժգոհ են ներկա իշխանությունների վարած քաղաքականությունից թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Դասական բանաձևում, որի մեջ, սակայն, Արշակ Սադոյանը չի ուզում «տեղավորել» տերպետրոսյանական ընդդիմությանը, քանզի առաջին նախագահի նկատմամբ, իր իսկ բնորոշմամբ, «անձնավորված վերաբերմունք ունի» (հիշենք 96-ը, երբ Վազգեն Մանուկյանին սատարող մի խումբ քաղաքական գործիչներ, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջը ձեռքներին, մուտք գործեցին նախագահական նստավայր, ու երբ Տեր-Պետրոսյանին ներկայացնում էին «ուլտիմատումը» բերածների ցուցակը և հասան Արշակ Սադոյանին, նախագահն ասաց. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։
Ինչ որ է։
Խորհրդարանի ամենաստաժավոր պատգամավորներից մեկին հարց ուղղվեց նաև, թե ինչ կարծիքի է ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտումով օրենսդիր մարմնում իշխանափոխություն գլուխ բերելու հանրապետական կուսակցության «քյանդրբազության» առնչությամբ։
«Ներողություն, հա՞,- տարակուսեց «մազութի գործով», «կոնյակի գործով», «ԱրմենՏելի» գործով» ԱԺ մի քանի նախագահ «պատին դեմ տված» նախկին պատգամավորը։- Եթե հանրապետական կուսակցությունը, որի կարկառուն ներկայացուցիչն էր Տիգրան Թորոսյանը, նպատակահարմար է գտնում Թորոսյանին փոխարինել Հովիկ Աբրահամյանով, դա իրենց ներկուսակցական գործն է։ Թեև, իհարկե, դժվար է պատկերացնել Հովիկ Աբրահամյանին՝ նժդեհական-ցեղակրոն։ Բավականին դժվար է պատկերացնել նաև Սամվել Նիկոյանին, օրինակ։ Էլ չեմ խոսում այլևայլ դեմքերի մասին, որոնք հանրապետականում շատ-շատ են։ Բայց խնդիրը դիտարկենք նաև այլ տեսանկյունից։ Տիգրան Թորոսյանը, լինելով պետության երկրորդ դեմքը, պետք է իր դիրքորոշումներն արտահայտեր Հայաստան պետությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ մարտի 1-ի։ Այսինքն, խնդիրը դիրքորոշում արտահայտելու քաղաքական համարձակության մասին է, իսկ այս հարցում Տիգրան Թորոսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև ես որևէ տարբերություն չեմ տեսնում։ Ցավոք, մեր քաղաքական դաշտն այնքան շուկայական, «բազարային», փողային է դարձել, որ այդ փողային դաշտում նյութական միջոցներ չունեցող արմատական ուժերը չեն կարողանում ինչ-որ գործ անել։ Եթե Տիգրան Թորոսյանը, օրինակ, կանգնի, այսպես ասած, արմատական պայքարի ուղու վրա և իր միջոցներն ու հնարավորությունները (եթե ունի դրանք) նպատակամղի այդ ուղղությամբ, դա կլինի, իրոք, համարձակ քաղաքական որոշում»։
Էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ նպատակ ունի կանգնել «արմատական պայքարի ուղու վրա»։ Սա՞ էլ համարենք «համարձակ քաղաքական որոշման» արգասիք, թե՞ առաջ մղող ուժն ու նպատակը, այդուհանդերձ, ուրիշ հարթության մեջ են։ Ինչպե՞ս է վերաբերվում այս հեռանկարին ԱԺԴ նախագահը։
«Վատ եմ վերաբերվում,- եղավ Սադոյանի պատասխանը։- Քոչարյանն ակտիվ մարդ է և հազիվ թե բավարարվի ԱՊՀ շրջանակներում ինչ-որ միջանկյալ պաշտոն զբաղեցնելով։ Իհարկե, նա կուզենա վերադառնալ քաղաքական դաշտ, բայց կա մի խնդիր, ինչի մասին ես զգուշացրել եմ դեռ այն ժամանակ, երբ 98-ի ընտրություններում Վազգեն Սարգսյանը Քոչարյանին դարձրեց նախագահ։ Այն է՝ «Երկու գլուխ մի ղազանում չի եփվի»։ Այսօր Հայաստանում համար առաջին դեմքը, իր կարողություններով, Սերժ Սարգսյանն է, և նա երբեք չի համաձայնի ո՛չ երկրորդ դեմքի, ո՛չ էլ, առավել ևս, հավասար հնարավորություններ տալու Ռոբերտ Քոչարյանին»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4786

Մեկնաբանություններ