ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ»

«ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ»
28.09.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում հաստատվեց Բլեզ Պասկալի հայտնի միտքը` «Ամբողջ մարդկությունը հավերժ ապրող մի մարդ է»։ Խնդիրը նույնիսկ երբն ու որտեղը, ինչպեսն ու ինչքանը չէ, խնդիրը «ինչու»-ն է, որին նույնիսկ Պասկալը չգիտեր ինչ պատասխանել:
Սեպտեմբերի 21-ին իր 114-ամյակը նշեց ՈՒոլտեր Բրյոնինգը: Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամերիկացին 19-րդ դարի միակ ներկայացուցիչն է 21-րդ դարում և իրեն լավ է զգում:
Եգիպտոսի ներդրումային հարցերով նախկին նախարար Մահմուդ Մուհեդինը նշանակվել է Համաշխարհային բանկի նախագահ: Նախկին նախագահ Ռոբերտ Զելիկը հայտարարել է, որ տնտեսական ու ֆինանսական համակարգի մուհեդինյան բարեփոխումներով Եգիպտոսը հաղթահարեց համաշխարհային ճգնաժամի հետևանքները:
Սեպտեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր սահմանադրության նախագիծը` 123 կողմ, 4 դեմ քվեարկությամբ: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին հայտարարեց, որ նոր սահմանադրությունը մեծ քայլ է պետության ձևավորման, խորհրդարանի դերի ամրապնդման, իշխանության թևերի միջև հավասարակշռության հաստատման ճանապարհին: Ընդդիմությունը նախագծին դեմ է քվեարկել, որովհետև համոզված է, թե վարչապետի ինստիտուտն ուժեղացնելու փորձ է արվում: Ընդդիմադիր մի քանի կուսակցություններ հայտարարում են, որ սահմանադրությունն ընդունվում է, որպեսզի 2013-ին նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո, Սաակաշվիլին կարողանա վարչապետ դառնալ:
Ադրբեջանը բանակցություններ է վարում հորդանանյան Seabird Aviation Jordan ավիաընկերության հետ` գնելու Seeker SB7L որոնողական աշխատանքների համար նախատեսված ինքնաթիռներ: Ինքնաթիռը կարող է բարձրանալ մինչև 1480 ֆուտ: Ադրբեջանից բացի, Seeker SB7L հավակնում են ունենալ Իրաքը, ՀԱՀ-ը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Տանզանիան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը հերթական համատեղ հայտարարությունն են արել: Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում նրանք հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և տեղեկացրել նրանց դաշտային գնահատման առաքելությունը հոկտեմբերի 4-14-ին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում անցկացնելու մասին: Համանախագահները հրավիրել են միջազգային փորձագետների:
ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ դաշտային առաքելությանը համաձայնել են պայմանով, որ նույնպիսի առաքելություն անցկացվի Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող մասերում: Համանախագահները, ըստ խոսնակի, առաջարկն ընդունել են: Մնում է իրականացնել:
ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Անդրեյ Կելինն ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղը չի կարող երրորդ կողմ լինել, այդ ձևաչափով կողմերը ոչ մի խնդրում համաձայնության չեն գա»: «Իրոք, Երևանը նախկինում պարտադիր պայման էր համարում Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, որոնք պետք է եռակողմ լինեին, բայց դա այն փուլում էր, երբ Հայաստանում հիմնականում կարծում էին, որ Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս կազմի կամ լիովին անկախ պետություն լինի: Հետո տեսակետները փոխվեցին: Որոշ նախագահների օրոք, անուններ չեմ տալիս, որոշվեց, որ ավելի լավ է առանց նրանց, որովհետև դա ուղղակի ոչ կառուցողական մթնոլորտ է ստեղծում: Երկու կողմերը կարող են պայմանավորվել, բայց նման ձևաչափով ոչնչի մասին պայմանավորվել հնարավոր չէ»: Անդրեյ Կելինի կարծիքով` ներհայկական քննարկումներին Ղարաբաղը, միևնույն է, մասնակցում է, բայց «անմիջական բանակցային կողմ դառնալն ուղղակի անհնար է, քանի որ Ադրբեջանը պնդում է, որ դա իր տարածքն է, ուստի ոչ մի համաձայնագիր, ոչ մի փաստաթուղթ չի կարող նախապատրաստվել այդ ձևաչափով»:
Սեպտեմբերի 23-ի ասուլիսում ՌԴ Պետական դումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին, ըստ Trend գործակալության, հայտարարել է. «Ամբողջ աշխարհն այսօր պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Ռուսաստանը»: Պատգամավորը կարծում է, որ, Ռուսաստանից բացի, ոչ ոք չի ջանում հակամարտությունը կարգավորել, Ռուսաստանն էլ շահագրգռված է, որովհետև երկու կողմերն էլ իր ռազմավարական գործընկերներն են: Բայց Ռուսաստանը չի կարող հարցը լուծել, կարծում է Օստրովսկին, քանի դեռ Բաքուն ու Երևանը չեն ցանկանում, իսկ խանգարողը երկու երկրների հասարակություններն են. «Հայաստանի ներսում ազդեցիկ ուժերը երբեք չեն համաձայնի Ղարաբաղի և օկուպացված տարածքների վերադարձին, իր հերթին Բաքուն էլ զիջումների չի գնա»:
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` հայտարարելով, որ Մերձավոր Արևելքում մշտական խաղաղությունը հետագայում ամբողջ աշխարհում խաղաղություն ու կայունություն հաստատելու բանալին է: «Վերջին տարիներին մենք ականատես դարձանք, թե ինչպես սառեցված հակամարտությունները տարածաշրջանում կարող են հեշտությամբ վերածվել ակտիվ բախումների», հիշեցրել է նա` կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը: Գյուլը հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը. «Կովկասի հարցում մենք հավատարիմ ենք մնում ջանքեր գործադրելուն` համընդհանուր ու կայուն խաղաղություն գտնելու տարածաշրջանում` հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը»:
2010-ին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 574000 ուղևոր, վերադարձել` 513000-ը, չեն վերադարձել 61000-ը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տրանսպորտային միջոցներով ՀՀ-ից մեկնածների և վերադարձածների տարբերությունը 48000 է: Արտագաղթի նոր հոսքին տրվել է «Երրորդ ալիք» անվանումը: Արտագաղթողները ֆինանսապես ապահով ընտանիքներ են:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակիցների առաջ խնդիր է դրել բոլոր մակարդակներում ավելի ակտիվ և համարձակ գործել: Դժվար է ասել` դա ինչ է նշանակում, բայց ԲՀԿ-ականները երդվում են, որ իրենք կողմ են ազնիվ մրցակցության, խաղեր չեն տվել ու չեն տալու, որևէ մեկին չեն խփել ու չեն խփելու ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր ճամբարում: Նրանք նաև կարծում են, որ 2012-ին խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայներ են հավաքելու: Հայաստանի քաղաքական դաշտում այս չլսված-չտեսնված, ֆանտաստիկ մարտավարությամբ ինչի՞ կարող է հասնել ԲՀԿ-ն, հասկանալի չէ: Առավել հավանական է, որ կուսակցությունն անգիտակցաբար սկսել է ինքնալիկվիդացիայի կուրս:
Եթե ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը չլիներ, Ադրբեջանը կարող էր համարել, որ ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջանն իր պատվին է հրավիրվել` ելույթներ, հանդիպումներ, քննարկումներ, համարյա` բենեֆիս: Բայց եկավ ԻԻՀ նախագահը և ասաց այն, ինչը նրանից ոչ ոք չէր սպասում, կամ միանգամայն սպասելի էր: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարեց. «Իրանի ժողովրդի ակնկալիքներն ու բարի կամքը ներկայացնելու փոխարեն պարոն Ահմադինեժադը նախընտրեց դավադրության նողկալի տեսությունները և հակասեմիտական վիրավորանքները, որոնք նույնքան զառանցագին ու զազրելի են, որքան կանխատեսելի»: ԱՄՆ-ի և Եվրամիության 27 երկրների ներկայացուցիչները նրա ելույթի պահին, ի նշան բողոքի, հեռացան դահլիճից: ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի խոսքով` «Մենք այդպես վարվեցինք ի նշան համերաշխության` ահաբեկչության զոհերի և նրանց հարազատների հետ»: Նա Ահմադինեժադի ելույթը որակեց «հրեշավոր և անընդունելի»: Հեռացող ամերիկացիներին ու եվրոպացիներին միացան Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Կոստա Ռիկայի ներկայացուցիչները: Բարաք Օբաման պարսիկ պաշտոնակցի ելույթն անվանեց «վիրավորական և անթույլատրելի»:
Իսկ ի՞նչ էր ասել ԻԻՀ նախագահը: Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում Ղուրանն այրելու դեպքերին անդրադառնալով` նա դրանք անվանել էր «հակամարտությունը սրող արգահատելի արարք», վեր էր բարձրացրել և՛ Ղուրանը, և՛ Աստվածաշունչը` հավատացնելով, որ հարգում ու ակնածում է երկու Սուրբ գրքերից հավասարապես: Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության երեք վարկած կա. առաջին` ԱՄՆ-ի տարածք է ներթափանցել հզոր ահաբեկչական խումբ, երկրորդ` «ԱՄՆ-ի ղեկավարության որոշ ներկայացուցիչներ իրենք են կազմակերպել ոճրագործությունը, որպեսզի կասեցնեն ամերիկյան տնտեսության անկումը և ուժեղացնեն իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա», երրորդ` ահաբեկչական խմբի հարձակում, որին աջակցել է ամերիկյան կառավարությունը և ստեղծված վիճակն օգտագործել իր նպատակների համար: Թեպետ երկրորդ վարկածից հետո դահլիճը գրեթե դատարկվել է, ԻԻՀ նախագահն առաջարկել է ՄԱԿ-ին ձևավորել անկախ խումբ և ահաբեկչությանն առնչվող փաստերի անկախ ուսումնասիրություն իրականացնել:
Մթագնեց ԻԻՀ նախագահն Ադրբեջանի նախագահի ամերիկյան «փառքը»: Նման սկանդալից հետո արդեն ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ լուր էին դառնում Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումն ԱՄՆ նախագահի և այլ պաշտոնյաների հետ, նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը և հանդիպումները:
Օբամա-Ալիև հանդիպման ժամանակ, ըստ Սպիտակ տան տեղեկության, ԱՄՆ-ի նախագահը վերահաստատել է իր երկրի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հարցի կարգավորմանը և ընդգծել շփման գծում հրադադարը պահպանելու կարևորությունը: Օբաման նշել է, որ անհրաժեշտ է հակամարտության խաղաղ կարգավորում գտնել, որը պետք է հիմնված լինի հելսինկյան սկզբունքների` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման վրա: Քննարկվել են նաև երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու, ժողովրդավարության, տարածաշրջանային անվտանգության և էներգետիկ համագործակցության հարցեր:
ԱզերԹաջ գործակալության տեղեկատվությամբ` հանդիպման ժամանակ փոխադարձ գոհունակություն է հայտնվել ռազմավարական համագործակցության հաջող զարգացման, տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների մակարդակից: ԱՄՆ-ի նախագահը, նախագահ Իլհամ Ալիևի առաջնորդական դերը նշելով, ընդգծել է, թե Ադրբեջանը տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներից մեկն է, որն առավել հաջողությունների է հասել: Ընդգծվել է երկու երկրների քաղաքական կապերի, տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտում հարաբերությունների բարձր մակարդակը: Խոսվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջազգային հակաահաբեկչական համատեղ գործողությունների մասին: Նշվել է, որ երկու երկրների միջև երկար տարիներ գոյություն ունի արդյունավետ համագործակցություն էներգետիկայի ոլորտում, հատուկ ընդգծվել է Ադրբեջանի ներդրումը միջազգային էներգետիկ համագործակցության ընդլայնման գործում: «Անդրադառնալով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը, պետության ղեկավարները նշել են խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման տեսակետից: Բանակցային գործընթացի առնչությամբ նախագահ Իլհամ Ալիևը նորից շեշտել է հակամարտության հաղթահարման կարևորությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,- նշում է «ԱզերԹաջը»:
Իլհամ Ալիևը հանդիպել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով քարտուղար Ռիչարդ Մորնինգսթարի հետ` քննարկելով էներգետիկ համագործակցության և հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: Հանդիպմանը մասնակցել է պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Ֆիլիպ Գորդոնին Նյու Յորքում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` քննարկելու հայ-ամերիկյան գործընկերության զարգացման հարցեր, «հանգամանալից զրուցելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ»:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Խոսքն սկսելով կազմակերպության անցած 65 տարիների աշխատանքի գնահատականով` նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի անդամների թիվը 51-ից հասել է 192-ի, կայացվել են կարևորագույն որոշումներ, ընդունվել պատմական փաստաթղթեր: Նախարարը տվել է Հարավկովկասյան տարածաշրջանի բնութագիրը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության պատմությանն ու բանակցային գործընթացին: «Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` միջազգային մանդատ ունեցող միջնորդությամբ, որոնք շարունակում են հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Հուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ` վերահաստատելով, որ առաջարկված սկզբունքներն ու դրույթները մշակվել են որպես մեկ ամբողջություն, և որևէ մեկին մյուսների հանդեպ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը: Հայաստանը լիովին համամիտ է այս տեսակետին` շարունակելու բանակցությունները դրա հիման վրա` փնտրելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Ցավոք, Ադրբեջանը մերժում է նշված երեք սկզբունքներից երկուսը և ձգտում գլխիվայր շուռ տալ ոչ միայն բանակցային գործընթացի էությունը, այլև միջազգային տարբեր հարթակներում խեղաթյուրել հակամարտության բնույթը, ներառյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ինչպես տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ, նաև երկու օր առաջ: Այս երկիրը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` հակամարտության հետևանքները ներկայացնելով որպես պատճառներ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը: Նրա դասական ելույթը կազմված էր խորիմաստ դրույթներից։ Ցավալի կլինի, եթե, ինչպես միշտ, չհասկացվի այն:
«Այսօր դուք ոչ միայն երաժշտություն կլսեք, այլև կլսեք այն երիտասարդների սրտի աշխատանքը, որոնք աշխարհ են եկել բոլոր այն հակամարտություններից հետո, որ ստեղծել ենք մենք` ավագներս: Այս երեխաներն աշխարհ են եկել` օգնելու մեզ, որ լուծենք հակամարտությունները»,- զուտ ռուսական պերճախոսությամբ բացելով ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում` ասել է մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Վլադիմիր Սպիվակովի գլխավորած սիմֆոնիկ նվագախումբը երեք տարի առաջ է ստեղծվել` վարելու «մշակութային քաղաքականություն»` համախմբելով տարբեր երկրների և ազգերի ներկայացուցիչներին, ցույց տալու, որ արվեստի միջոցով հնարավոր է ավելիին հասնել, քան քաղաքականության:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ