ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Կյանքը մի քայլող ստվեր է միայն, մի խեղճ դերասան»

«Կյանքը մի քայլող ստվեր է միայն, մի խեղճ դերասան»
27.06.2008 | 00:00

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ
Հայաստանի ժողովրդական արտիստ ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆՆ իմ թատերական հետաքրքրությունների կենտրոնում հայտնվեց Իվանուշկայով («Մինչև առաջին աքլորականչ»), Մեֆիստոֆելով («Մեֆիստոֆել»), Ռակիտինով («Մի ամիս գյուղում»), Հենրիխով («Վիշապ»)... Չկար սիրակարոտ մի աղջնակ, որ սիրահարված չլիներ նրա քնարաշունչ Ֆլորանին («Վայրի աղջիկը»)` նախանձով լցված խաղընկերուհու` ՏԱԹԵՎԻԿ ՂԱՓԼԱՆՅԱՆԻ նկատմամբ։
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՍՄՈՒՆՔԻՑ ԴԵՊԻ ԽԱՂԱՑԱՆԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
Հայկական ռադիոթատրոնի և ասմունքի ազգային դպրոցի հիմնասյուներից մեկը դարձած Հրաչուհի Ջինանյանի և պատմագիտության դոկտոր Հայկարամ ՈՒթմազյանի որդին, գիր ու գրականության պաշտամունքով առանձնահատուկ ընտանեկան միջավայրում հասակ առնելով, նախ և առաջ պիտի բացահայտեր գեղարվեստական ասմունքի գենետիկ ունակությունները` դպրոցական գրական ցերեկույթներից մինչև համալսարանական։ Ռուս գրականության ու լեզվի բաժնի ուսանողը գուցեև դերասանական արվեստի փշոտ ճանապարհը չընտրեր որպես կյանքի ուղի, եթե բանաստեղծություն մատուցելու նրա յուրահատուկ արտահայտչականությամբ հիացած Լևոն Թուխիկյանն ու Աննա Պետրոսյանը չխանդավառեին նոր թատրոն ձևավորող Հրաչյա Ղափլանյանին։ Պրոֆեսիոնալ բեմում առաջին լուրջ քայլը թատերագիտական ուշադրության արժանացած Մարեկի դերակատարումն էր (Կ. Խոյինսկի, «Գիշերային պատմություն»)։ Համադրելով ստուդիական աշխատանքը համալսարանական ուսումնառության հետ` Արթուր ՈՒթմազյանը դերից դեր հղկում է կերպավորման կարողությունները Ղափլանյանի համագործակցությամբ։ Միմիայն սեփական հաճույքի համար ապրող Լասլո-Լացին (Պ. Մյուլլեր, «Մի բուռ մանրուք»), նորաբաց թատրոնի խաղացանկային հետաքրքրությունների կենտրոնից ասես մեկուսի` Անցորդը («Անուշ»), Նկարիչը (Գ. Արշակյան, «Այս աշխարհի փոքրերը»), Զինվորը (Ժ. Անույ, «Մեդեա»)... Արտաքուստ չմերձենալով բեմական հերոսի կաղապարված պահանջներին` ինքնատիպ իր տեսակն է հաստատում։ Հոգեբանական ենթաշերտերի տրամաբանորեն բացահայտումը, լռության բեմական պատկերումը, մեղմ կիսատոներից ցայտուն հնարքներին անցումը, դերի սեփական դրամատուրգիայի մշակումը դառնում են նրա դերասանական նկարագրի հիմնորոշ գծերը։
Իր սերնդի խտացված գույներով, հասարակության և անհատի միջև կոնֆլիկտի առաջմղիչ շեշտադրությամբ` ՈՒթմազյանի Մանչուկը (Ա. Մակայոնոկ, «Հալածված առաքյալը») առաջին խոշոր նվաճումն է դառնում արտիստական ինքնահաստատման։ ԽՍՀՄ 50-ամյակին նվիրված փառատոնում «Հալածված առաքյալը» ճանաչվում է լավագույն ներկայացումը, ՈՒթմազյանն արժանանում է գլխավոր պարգևին։ Նրա առջև բացվում են հեռուստաթատրոնի դռները։ Թատրոնի դերացանկը համալրվում է մնայուն անուններով։ Հանդիսատեսի բարեկամը, երբեմն գլխավոր հերոսի` Ստրաուդ-Գուժ Մանուկյանի երկրորդ ես-ը դարձող Հեղինակով (Պ. Զեյթունցյան, «Ամենատխուր մարդը»)։ Գրական սխեմատիզմի հաղթահարմամբ, սարկազմի վերաճող նուրբ հումորով կենդանացած Վարդանով (Գ. Տեր-Գրիգորյան, «Եկեք անկեղծ խոսենք»)։ Գրոտեսկով համեմված Բրինդսլիով (Պ. Շաֆեր, «Մթին պատմություն»)։ Էպիկականի ու դրամատիկականի խորհրդանշական սինթեզով Ալյոշայով (Բ. Վասիլև, «Անունը ցուցակներում չէր նշված»)։ Ռոմանտիկականի և ինտելեկտուալ-պրագմատիկականի համաձուլվածքով Ժենյայով (Գ. Պոլոնսկի, «Ռեպետիտոր»)... Մի շարք բեմադրություններում («Հայկական էսքիզներ», «Մինդաուգաս», «Երկիր Նաիրի», «Թաղի զավակը») հանդես գալով որպես հեղինակի դերակատար` ՈՒթմազյանը դառնում է ոչ միայն դրամատուրգի ու բեմադրիչի համահեղինակը, այլև ապրումների ու տրամադրությունների ճշմարիտ թարգմանն ու ներկայացման դիրիժորը։ Ներքին պաթոսով, խոհական խոսքով, ռիթմական ու տոնային կերպափոխումներով։
ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԺԱՆԻՔԸ
80-ականներից, Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»-ից (Վիկտոր) միահյուսվում է Խանդիկյանի և ՈՒթմազյանի ստեղծագործական ուղին։ Լակոնիկ, ճշգրիտ արտահայտչամիջոցներով դերասանը ստեղծել էր կյանքի ու բեմի ճշմարտությունների կենտրոնում կանգնած բարդ ու հակասական մի կերպար` հայտնագործելով վտիտ մարդու մեջ պարփակված հսկայական կենսուժը։ Գրական աշխարհի մի շարք երևելիների բեմատիպարներ մարմնավորեց Արթուր ՈՒթմազյանը` համահեղինակության աստիճան մերձենալով նրանց ստեղծագործական ընդհանուր նկարագրին, պատկերավոր վերապրելով մարդկային ճակատագրերը։ Անհատի և ժամանակաշրջանի միաձույլ արդիականացմամբ։ Իր գտած նրբերանգներն առավելագույնս խտացնելով ժամանակի խեղումների դեմ համարձակ ընդվզող Բանաստեղծի կերպարում` Պարույր Սևակի կյանքի ու գործի հավաքական հիմքով։ Սուրեն Հարությունյանի գրած «Անվերջ վերադարձ» դրամատիկական ֆանտազիան, բախտորոշ 88-ից մինչ օրս, հաստատվեց Դրամատիկի խաղացանկում։ Բեմադրիչ-հեղինակ Արմեն Խանդիկյանը, ակտիվ գործողության մեջ մտցնելով սևակյան պոեզիան` կենսափիլիսոփայական, հասարակական-քաղաքական բազմաշերտ խորքերի հստակ երևակմամբ, հնարավորություն էր ընձեռել պոետիկ խոսքի մատուցման նրբին արվեստին տիրապետող Բանաստեղծ-ՈՒթմազյանին` կենդանի երկխոսության մեջ մտնել ապրած ժամանակի հետ։ Արտիստական հարուստ կենսափորձով ու երանգապնակի բոլոր նրբին գույներով ՈՒթմազյանը հանդես եկավ Հուդայի (Պ. Զեյթունցյան, «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» դերում։ Սատանայականն ու աստվածայինն օրգանապես միահուսված էին նրա Հուդայի մեջ, մարդկայնորեն հիմնավորված։ Հուդայի մատնության առեղծվածի զեյթունցյանական նորահայաց մեկնությունը ՈՒթմազյանի մանրակրկիտ հղկված բեմավորմամբ` սեփական ելքերի ու ճշմարտության պրպտուն դեգերումներով, ողբերգական տառապանքով ու անկեղծ ապաշխարանքով մի նոր լույս էր սփռում հավիտենական անեծքի դատապարտված աստվածաշնչյան հերոսի արատավոր կերպարի վրա։ Մինչև ծնվելը ճակատագիրն արդեն երես էր թեքել այս Հուդայից («Ո՞վ ուղարկեց այդ երազը մորս...»)։ Եվ սեփական ոչնչությունը գիտակցող այս Հուդան, անզոր հաղթելու կանխորոշված իրականությանը, ասես ակամա, դավաճանում է (մատնում) պաշտելի ու ատելի ՈՒսուցչին` ողբերգական կործանման մատնելով ինքն իրեն։
Արթուր ՈՒթմազյան արվեստագետի գլխավոր արժանիքը որդեգրած հավատամքին հավատարիմ մնալն է։ Թատրոնի անմնացորդ նվիրյալն ամենայն պատասխանատվությամբ է ստանձնում յուրաքանչյուր նոր դերակատարումը։ Ինքնակիզմամբ տրվում կերպարի տրամաբանությունից բխող բեմական դրսևորումների որոնումներին` բացառելով միագծությունը, կասկածելով կարծրացած ստերեոտիպերի անհերքելիությանը։ Այս մեկնակետով էլ ներկայացրեց Դրամատիկի բեմում իր շեքսպիրյան դերացանկի (Գիլդենշտերն, Բրուտոս, Թիբալտ) վերջին զրնգուն անունը` Մակբեթ։ Փառամոլության արյունոտ որոգայթներում կապանքված երբեմնի հայրենանվեր հմուտ զորավարի անփառունակ վախճանը վերապրելով ինքնահատուկ համոզչականությամբ, մարդկային ամենժամանակյա ընդհանրական հատկանիշերի անձնավորմամբ։ Փառքի, հարստության, մարդկային կեցության ունայնությունը նուրբ հեգնանքով ու ողբերգական շեշտադրումներով փորձելով խտացնել ներկայացման լեյտմոտիվը դարձած մենախոսության մեջ.
«Կյանքը հեքիաթ է հիմարի պատմած,
Լցված շառաչով և կատաղությամբ,
առանց իմաստի...
Կյանքը մի քայլող ստվեր է միայն,
Մի խեղճ դերասան...»։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Թատերագետ

Դիտվել է՝ 14156

Մեկնաբանություններ