ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Բոլորովին էլ պարտադիր չէ հին հանրապետականներին գնահատելու համար այս կամ այն պաշտոնը տալ»

«Բոլորովին էլ պարտադիր չէ հին հանրապետականներին գնահատելու համար այս կամ այն պաշտոնը տալ»
07.10.2008 | 00:00

«ՈՒՂԵՐՁՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ»
Նախորդ շաբաթ ԱԺ-ում ՀՀ նախագահի ուղերձը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կային այդ ուղերձում։ Այս հարցով սկսեցինք մեր զրույցը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ։
-ՈՒղերձը բավականին մեծ արձագանք ունեցավ հանրության շրջանում, քանի որ այն, որպես այդպիսին, առաջինն էր,- ասաց պատգամավորը։- Ավելին, հայաստանյան քաղաքականության մեջ այդպիսի ավանդույթ չկար։ Իհարկե, ուղերձում առանձնահատուկ, նոր բան չասվեց, ու սենսացիոն լուրեր էլ չկային։ Նախագահական ընտրություններից հետո երկրի քաղաքական, տնտեսական իրավիճակի և այդ գործընթացների շարունակականության մասին ուղերձ էր, որում առավել կարևորված էին տնտեսական ծրագրերը, հասարակական արատավոր երևույթները, դեղին մամուլի խնդիրները և այլն։
-Հասարակությունն ակնկալում էր լսել ուղերձ նախ և առաջ համաներման մասին։ Չե՞ք կարծում, որ արժեր այդ մասին ևս խոսել։
-Նախ՝ ուղերձով համաներում չեն հայտարարում։ Այն լինում է նախագահի հրամանագրով։ Համաներում կլինի՞, թե՞ ոչ, այժմ դժվարանում եմ ասել, քանի որ քննչական գործընթացներ են տեղի ունենում, որոնք արդեն մոտենում են ավարտին։ Գուցե համաներման կարիք էլ չլինի, որովհետև դատավարությունների արդյունքում շատ մարդիկ պայմանականորեն ազատ են արձակվել։ Ամեն դեպքում այսօր համաներման խնդիր չեմ տեսնում։
-Մարտի 1-ի իրադարձությունների մասին արդյոք խոսելու անհրաժեշտություն չկա՞ր։
-Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ԵԽԽՎ-ի պահանջներն առայժմ իրագործման փուլում են, և ուղերձում, կարծում եմ, այս մասին հատուկ կետերով անդրադառնալն իմաստ չուներ։
-Սերժ Սարգսյանն իր խոսքում կրկին կարևորեց ԱԺ-ի դերի բարձրացումը։ Խոսնակի փոփոխության արդյունքում Ձեզ համար արդեն տեսանելի՞ է այդ «բարձրացումը»։
-Ազգային ժողովը, որպես երկրում քաղաքականություն իրականացնող և թելադրող օրենսդիր մարմին, իսկապես, ոչ շատ ցածր, բայց միջինից ավելի ցածր ակտիվություն է ապահովում։ Խորհրդարանի պատգամավորները, որոնք հանձն են առել երկրի օրենսդիր քաղաքականության իրականացումը, թերանում են այդ գործում։ ԱԺ նախագահին փոխելու պայմաններից մեկն էլ հենց այս իրողության շտկումն էր։ Տիգրան Թորոսյանը նիստերը լավ էր վարում, բայց չէր կարողանում ապահովել պատգամավորներով լեցուն խորհրդարան։ ԱԺ-ն պետք է նաև հետամուտ լինի իր ընդունած օրենքների կիրառմանը։ Այս առումով կարևորում եմ նախագահի՝ խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու որոշումը, քանի որ վերջինս կկոորդինացնի տարբեր գերատեսչությունների և օրենսդիր մարմնի ներդաշնակ գործունեությունը։
-Ասել է թե` Հովիկ Աբրահամյանն ավելի՞ շատ ուշադրություն է դարձնելու պատգամավորների կարգապահությանը, հատկապես այն պատգամավորների, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ են այցելում խորհրդարան՝ պատվավոր հյուրի կարգավիճակով։
-Անցած քառօրյայի ընթացքում արդեն տեսանելի էր տարբերությունը։ Երբ ԱԺ նախագահը դահլիճում էր, պատգամավորների մեծ մասը մասնակցում էր նիստերին։ Հուսով եմ, որ այսուհետ էլ այդպես կլինի։ Այս առումով Աբրահամյանը բավականին շատ գործ ունի անելու և, կարծում եմ, կանի։
-Սակայն խոսնակի փոփոխությամբ ԱԺ-ի ընդհանուր պատկերը հնարավոր չէ փոխել՝ դահլիճում ապահովելով առողջ և ակտիվ քննարկումների մթնոլորտ։ Այս պարագայում որակական փոփոխություններ ակնկալելն անիմաստ զբաղմունք չէ՞։
-ԱԺ պատգամավորներն ունեն և՛ քաղաքական, և՛ գաղափարական, և՛ ֆինանսական ներուժ, որը պետք է ճիշտ օգտագործվի։ ՈՒզում եմ կրկին հիշեցնել իմ այն միտքը, որ առյուծների բանակը խոյերը չեն ղեկավարում, այլ առյուծները։ Հովիկ Աբրահամյանի պարագայում այս համեմատությունը լիովին արդարացված է։
-Տիգրան Թորոսյանի հրաժարականից և ՀՀԿ-ի շարքերը լքելուց հետո թափուր է մնացել կուսակցության փոխնախագահի պաշտոնը։ Արդեն որոշվա՞ծ է, թե ով է այն զբաղեցնելու։
-Թորոսյանը քաղաքական հարցերով փոխնախագահ էր, և այժմ նրա պարտականությունները կատարում են մյուս փոխնախագահները։ Հրատապ հարց չէ նոր փոխնախագահ ունենալը։
-Թափուր է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի աթոռը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ տեղին հավակնում են Գալուստ Սահակյանն ու Էդիկ Շարմազանովը։ Կուսակցությունը քննարկե՞լ է այս հարցը։
-Նշեցիք, որ կա երկու թեկնածու, այնինչ ես այդպես չեմ կարծում, քանի որ կուսակցությունում թեկնածուների հարց դեռ չի քննարկվել։ Ո՛չ Գալուստ Սահակյանը, ո՛չ էլ Էդիկ Շարմազանովը թեկնածու չեն առաջադրվել։
-ՀՀԿ խմբակցությունը ե՞րբ կունենա նոր ղեկավար։
-Հավանաբար մինչև հաջորդ քառօրյա այդ հարցը լուծված կլինի։
-Այդուհանդերձ, այս հարցում ևս կուսակցությունում պայքար է գնում հին և նոր հանրապետականների միջև։ Այս երկդիմի պայքարն ո՞ւմ օգտին կցանկանայիք լուծված տեսնել։
-Ես չեմ ընդունում հնի ու նորի տարաբաժանումը, որովհետև կարող է նոր մարդ գալ կուսակցություն ու իր ակտիվությամբ, գիտելիքներով ավելի առաջ գնալ, քան 90-ականներից կուսակցությանն անդամագրված որևէ անհատ։ Կարևորն այն է, որ մարդիկ ընդունում են գաղափարախոսությունը, ծրագրերը, կուսակցական կարգապահությունը։ Ով ընդունակ և ուժեղ է, կուսակցությունը նկատում է նրան։ Սակայն սա չի նշանակում, թե կուսակցությունը չի գնահատում հին անդամներին։ Եթե չլինեին նրանք, ո՞վ պետք է այս տարիների ընթացքում կուսակցության զարգացումն ապահովեր։ Այսինքն, եթե բոլորը 92-93 թվականներին ջղայնանային ու հեռանային, ապա կուսակցությունը կլուծարվեր։ Բոլորովին էլ պարտադիր չէ հին հանրապետականներին գնահատելու համար այս կամ այն պաշտոնը տալ կամ խրախուսման այլ միջոց գտնել։
Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4515

Մեկնաբանություններ