Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լուրեր

Լուրեր
02.12.2008 | 00:00

Հերթով «վառվում» են
Թեև հայրենի կառավարությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը միաբերան հավաստիացնում են, թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամի խառնակ պայմաններում անգամ մեր երկրի բանկային համակարգը զերծ է ցնցումներից և շարունակում է մնալ բավականին կայուն, սակայն ֆինանսիստ-վերլուծաբաններն այլ բան են պնդում, հատկապես այն տեղական բանկերի առնչությամբ, որոնք այս կամ այն չափով ինտեգրացված են միջազգային բանկային կառույցներին։ Ընդ որում, խոսքն ամենից առաջ ռուսական մի շարք խոշոր բանկերի դուստր-կառույց համարվող հայաստանյան բանկերի մասին է (անուններ չենք հիշատակում՝ տվյալ բանկերի հաճախորդների շրջանում խուճապ չառաջացնելու համար)։ Վերլուծաբաններն իրենց այս պնդումները հիմնավորում են ֆինանսական շուկայում աքսիոմայի արժեք ձեռք բերած այն իրողությամբ, որ եթե մայր-բանկն ինչ-ինչ խնդիրների առաջ է կանգնում, դուստր-կառույցը, մեծագույն ճիգերի պարագայում անգամ, չի կարող խուսափել համարժեք ցնցումներից։ Զորօրինակ, ռուսաստանյան խոշոր բանկերից մեկը վերջերս հայտարարեց, թե դադարեցնում է սպորտի ոլորտում հովանավորչական խոշոր ծրագրերը, ավելի կոնկրետ՝ ֆուտբոլային ակումբների ֆինանսավորումը։ Ոչ պակաս հայտնի մեկ այլ ռուսական բանկ լիկվիդայնությանն առնչվող լուրջ խնդիրներ ուներ, ինչն էլ Ռուսաստանում դժգոհության տաք ալիք էր բարձրացրել ավանդատուների շրջանում, որոնց կանխիկ գումարները բանկը դժվարանում էր վերադարձնել։ Այսօր այդ բանկը Հայաստանում դադարեցրել է հիպոթեքային ծրագրերի վարկավորումը, պատճառաբանելով, թե իր պորտֆելում տվյալ վարկի տոկոսը բավականին բարձր է։ Մասնագետ վերլուծաբանները պնդում են, սակայն, որ վարկային պորտֆելի ծանրաբեռնվածությունը սոսկ շիրմա է՝ շատ ավելի լուրջ ֆինանսական խնդիրներ կոծկելու համար։ Ինչ վերաբերում է համարժեք պրոբլեմներ ունեցող ռուսաստանյան մյուս խոշոր բանկին, ապա սեփական ավանդատուների շրջանում խուճապ չառաջացնելու համար վերջինս բարձրագոչ հայտարարել է, թե Հայաստանում իր գործերն այնքան լավ են գնում, որ մտադիր է նույնիսկ մեծացնել շուկան՝ «ձեռքի հետ» մեկ-երկու բանկ ևս գնելով։ Այնինչ, վերլուծաբանների գնահատմամբ, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բանկային համակարգում վաղուց ի վեր հայտնի PR-տրյուկ։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

ՈՒշացած քայլեր
ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը բավականին կարևոր է Հայաստանի համար, հատկապես, եթե հաշվի առնենք ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարի այն դիտարկումները, թե ինքը խիստ գնահատականներ է տալու հայաստանյան զարգացումներին։ Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն այդ նստաշրջանից, հարցրինք երեկ խորհրդարան եկած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։ «Մինչև հիմա մենք չենք բավարարել ոչ միայն ԵԽ-ի պահանջները, այլև մեր իսկ որդեգրած չափանիշները։ Եթե մինչև հունվար այս ուղղությամբ որոշակի քայլեր չձեռնարկենք, կարելի է սպասել, որ կհայտնվենք ոչ դուրեկան իրավիճակում, ինչն էլ կարտացոլի այդ կառույցի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ»։ Ասել է` չե՞ք բացառում, որ Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից։ «Ամեն ինչ հնարավոր է, քանի որ մարդու իրավունքների հանձնակատարն իր դիրքորոշումն այստեղ հայտնեց, ու, կարծում եմ, դրան հետամուտ է լինելու»։ Դեկտեմբերի 17-ին նախատեսվող մոնիտորինգի հանձնաժողովի նիստի առնչությամբ էլ Հովհաննիսյանը նշեց, որ այդտեղ ներկայացված զեկույցի հիման վրա կարելի է կանխատեսել, թե հունվարին ինչ է սպասվելու։ «Ես կարիք չունեմ սպասելու, որ Ստրասբուրգը պատժամիջոցներ կիրառի, նոր միայն ասեմ` Հայաստանը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության առումով վտանգված է»։ Վստահեցնելով, որ Հայաստանի «քայլերն արդեն ուշացած են», «Ժառանգության» խմբակցության պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ նստաշրջանում առավել մեծ ուշադրություն կդարձվի իշխանությունների կատարած գործին, ոչ թե խոսքին։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՈՒզողի մի երեսն է սև...
Երբ իշխանությունն ուզում է ինչ-որ բան հասկացնել ընդդիմությանը, առավոտյան արթնանում ու հիշում է սոցհարցումների մասին։ ՈՒ դրանք էլ ավելի արժանահավատ դարձնելու համար անունը դնում է` «Գելափ»։ Հասարակական կարծիքը ճշտող հերթական հարցման արդյունքները հրապարակվեցին նախորդ շաբաթավերջին։ Ըստ այդմ, հանրային վստահության առումով Սերժ Սարգսյանն առաջին հորիզոնականում է։ Ինչի՞ արդյունք է այդ մեծ վստահությունը, հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ։ «Այն ծրագրերն ու ծրագրային առաջադրանքները, որ քաղաքական թիմն իր վրա է վերցրել երկրի հանրապետական նախագահը, կարծում եմ, արդյունավետ առաջ է տանում»։ Իսկ ընդդիմության վստահության ցածր տոկոսն էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես բացատրեց. «Մինչ այսօր ընդիմությունն իր ծրագրերի մասին ոչ մի խոսք չի ասել, բացի իշխանություն ուզելուց»։
Ռ. Խ.

Հորով-մորով արեցին
Երեկ Ազգային ժողովի վերջին քառօրյան էր, սակայն խորհրդարանի դերի բարձրացմանը միտված «քայլերն» այս նստաշրջանում այդպես էլ չտեսանք։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում օրենսդիրները ստիպված կլինեն մեկ անգամ էլ «իրար գլխի հավաքվել»` կիսատ-պռատ օրինագծերն արտահերթ նիստում «հորով-մորով» անելու։ Իսկ երեկ, անխախտ ավանդույթի համաձայն, ուրիշի փոխարեն քվեարկելու սիրահար պատգամավորները կրկին նույն «գործի վրա» էին, «Ժառանգությունն» էլ վերստին ըմբոստանում էր այս «փիս խասիաթի» դեմ։ Մինչ օրս արդյունքի չհասած «Ժառանգության» պատգամավորների երեկվա հերթական նախազգուշացումը վերջապես տեղ հասավ։ Հովիկ Աբրահամյանը խրոխտ հրովարտակեց` վերջ պետք է դրվի այս երևույթին, քվեարկեք ձեր փոխարեն։ ՈՒ մինչ այդ գրանցված 111 պատգամավորները մի ակնթարթում «վերածվեցին» 99-ի։ Բա որ այսքան հեշտ էր ամեն պատգամավորի ցույց տալ «իր կոճակի տեղը», ինչո՞ւ էին ձեռքները ծալած նստել։ Ինչևէ, «դարակազմիկ առաքելությունն» ավարտած ԱԺ նախագահը հեռացավ, դահլիճը լքելու երջանիկ պահին սպասող պատգամավորներն էլ, իրար հերթ չտալով, հետևեցին նրա օրինակին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աշխարհը հոգնել է հզորներից, կամ` մտածեք, էլի...
Ո՞Ւմ եք համարում աշխարհի ամենահեղինակավոր և հարգարժան առաջնորդը (առաջնորդները). ահա այսպիսի հարցով է «The International Herald Tribune»-ը դիմել արևմտյան քաղաքացիներին և վերջին տասնամյակների համար բավական անակնկալ պատասխան ստացել:
Պարզվում է` համարյա ողջ Արևմուտքն առաջին տեղի հարցում «միաբանվել է» նախկինում հիմնականում բուդդայական աշխարհի համար թիվ մեկ հեղինակություն հանդիսացող, Չինաստանի կոմունիստական ռեժիմի գործունեության պատճառով հալածական և աստանդական Դալայ լամայի շուրջ: «Հարգարժան քառյակի» երկրորդ տեղը զբաղեցրել է Անգելա Մերկելը, ում Արևմուտքը հարկ եղած դեպքում «կոշտ, իր գիծն առաջ տանող, բայց սուր անկյուններ չսիրող-բարի տատիկ» է համարում (չնայած Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում քչերը կամ ընդամենը 30%-ն է նրան համարել հարգարժան և միաժամանակ ազդեցիկ գործիչ): Որքան էլ տարօրինակ թվա` այս ցանկը շարունակում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ում, պարզվում է, աշխարհը սկսել է շատ հարգել` Վրաստանի պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի այն օրերին երկրաչափական պրոգրեսիայով աճող թշնամանքը գոնե «կանոնավոր հուն բերելու համար» և Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:
Ի դեպ, հարկ է նաև նշել, որ Սարկոզիին Արևմուտքում սկսել են շատ սիրել (հարգել) հատկապես այն կանայք, ովքեր նույնիսկ բեռնակիր տղամարդուց չէին սպասում խնդրահարույց կնոջից բաժանվելու և արդեն սիրած կնոջ հետ միանալու քաջությունը, ուր մնաց` նախագահից այդպիսի «ազնիվ քայլ» ակնկալեին...
«Սա նշանակում է, որ աշխարհը ծարավի է եթե ոչ անգամ հոգևոր-կրոնական, գոնե մարդասիրական մոտեցման, որը ոչ թե ուժի ցուցադրումն է գովերգում, այլ անկյունաքար է դարձնում մերձավորի համար հոգածությունն ու անհանգստությունը»,- իրերի այսօրինակ դրությունն է բացատրել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի նախկին խորհրդական Բրենթ Սքաուքրոֆթը` ակնարկելով այն փաստը, որ Բուշը, Պուտինը, Ահմադինեժադը, Ֆիդել Կաստրոն, Հուգո Չավեսը, Դ. Մեդվեդևն ու Խու Ցզինտաոն համարյա հավասարապես «վերջին տեղերն են իրար հետ կիսել»:
«Սա մեզ շա՜տ լուրջ մտորումների տեղիք է տալիս»,- «The International Herald Tribune»-ում ամփոփել է Սքաուքրոֆթը:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2993

Մեկնաբանություններ