«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՈՎ

ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՈՎ
13.10.2009 | 00:00

Հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 20.00-ին, Ցյուրիխում նախատեսված էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ: Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում արարողությանը հրավիրված էին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Արձանագրությունները պետք է ստորագրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշելին Քալմի-Ռեյին վերապահված էր արարողությունը բացելու պատիվը:
Հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 20.00-ին Ցյուրիխում ոչինչ չստորագրվեց:
Հոկտեմբերի 10-ին «Աշխարհազոր» կազմակերպությունը Երևանի մարդաշատ վայրերում «Դավաճան» մակագրությամբ թռչող պաստառներ բաց թողեց` ակցիան նվիրելով հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ իշխանությունների քաղաքականությանը:
Հոկտեմբերի 10-ին «Միացում» ազգային նախաձեռնությունը «Գարեգին Նժդեհ» հրապարակին հարող տարածքում այրեց արձանագրությունները, ակցիան շարունակվելու է Երևանի այլ համայնքներում ևս:
Հոկտեմբերի 10-ին լրատվամիջոցները տարածեցին նախկին դեսպան Արա Պապյանի ուղերձը` «Հնչեցրեք զանգերը, սա մեր վերջին Սարդարապատն է»: Արա Պապյանն ահազանգում է. «Մեզ ժամեր են բաժանում Հայոց ցեղասպանություն կոչված մեծագույն ողբերգության նախավերջին արարի ավարտից: Այսօր ևս մի քայլ են անելու Հայոց ցեղասպանության հետևանքներն օրինականացնելու գրեթե դարավոր ճանապարհին: Այսօր Թուրքիան, պատժի փոխարեն, որպես պարգևավճար ստանալու է մեր հազարամյա Հայրենիքը, միջազգային իրավունքի անբեկանելի վճռով առայսօր մեզ պատկանող, սակայն մեզնից խլված Հայրենիքը: Այսօր խրախուսելու են ջարդարարին, այսօր մեր Հայրենիքը որպես ընծա են փաթեթավորելու»: Եվ որովհետև նրան թվում է, որ մենք միշտ վերջում հաղթում ենք, զիջում ենք անառիկ ամրոցները, սակայն բաց դաշտում թշնամուն ջախջախում ենք, կոչ է անում այդ բաց դաշտը դարձնել Ազգային ժողովի դահլիճն ու համարել նոր Սարդարապատ` հաղթանակի վերջին հույսով:
Հոկտեմբերի 9-ին ՀՅԴ-ն երթ ու հանրահավաք կազմակերպեց: Վահան Հովհաննիսյանը, քաղաքական քաղաքավարության կանոններով շնորհակալություններ շռայլեց մեկ ամիս ԱԳՆ-ի շրջակայքում հացադուլ ու նստացույց արածներին, քարոզչական աշխատանքով զբաղվածներին, 60 հասարակական կազմակերպություններին, 12 կուսակցություններին, որոնք միավորվեցին «ո՛չ» ասելու արձանագրություններին, սփյուռքին, որ ոտքի կանգնեց Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Ռոստովում` դեմ լինելով նախապայմաններին: Վահան Հովհաննիսյանն ամփոփեց. «Արձանագրությունները ստորագրելու դեպքում պահանջելու ենք ամբողջական իշխանափոխություն` նախագահի հրաժարականը»:
Հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 21.00-ին Ցյուրիխում ոչինչ չստորագրվեց:
«Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդեց, որ բոլոր երկրների ներկայացուցիչները համալսարանի շենքում են, չկան միայն Հիլարի Քլինթոնն ու Էդվարդ Նալբանդյանը: Շրջանառվող լուրերը` Նալբանդյանը հրաժարվում է ստորագրելուց, գուցե արձանագրություններն ընդհանրապես չստորագրվեն, արվեն հայտարարություններ, պաշտոնական տեղեկատվությունը` ստորագրումը հետաձգվում է:
«Ասսոշիեյթեդ Պրես» գործակալությունը լուր տարածեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անսպասելիորեն հեռացել է համալսարանի շենքից: Անանուն դիվանագետի փոխանցմամբ` հայկական կողմը «մտահոգություն է հայտնել ստորագրման արարողությունից հետո թուրքական կողմի հայտարարության ձևակերպումների կապակցությամբ»: Թուրք դիվանագետներն ու լրագրողները կարծում էին, որ Հայաստանի արտգործնախարարի ճառում կան թուրքական կողմի համար անընդունելի ձևակերպումներ: Բոլոր դեպքերում տիկին Քլինթոնը, ըստ «Ասսոշիեյթեդ Պրեսի», զբաղված էր փոխընդունելի տեքստի մշակմամբ և տևական ու հաճախակի զրուցում էր Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարների հետ:
«Ֆրանս պրես» և «Ռոյթեր» գործակալություններին հղումներով` շրջանառվող լուրերից էր, որ թուրքական կողմը ԱՄՆ-ին ներկայացրել է արձանագրությունների նոր տեքստ, ինչպես հաղորդել էր ԱՄՆ-ի պետքարտուղարության անանուն աղբյուրը, որից հետո կողմերն ընդհանուր հայտարարի չեն գալիս:
Հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 22.00-ին Ցյուրիխում ոչինչ չստորագրվեց:
Ի՞նչ էր եղել մինչ այդ:
Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի պետական նախարար Ջեմալ Չիչեկը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, թե Թուրքիայի հասցեին հնչող ցեղասպանության մեղադրանքներն «ամենամեծ զրպարտությունն են»:
Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանը CNN Turk-ի լրագրողներին հայտարարեց, որ Թուրքիան երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին: Առաջին անգամ չէր: Բայց ասվում էր հոկտեմբերի 10-ին: «Մենք երբեք գլուխ չենք խոնարհի Հայաստանի պահանջների առաջ», ասել էր Էրդողանը: Նա հաստատել էր, որ Թուրքիան Հայաստանին «լուրջ պահանջներ է ներկայացնում ադրբեջանական հողերի օկուպացիային վերջ տալու առումով», և հավելել էր, որ արձանագրությունների ստորագրումը զուգահեռվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարմանը, թեպետ պաշտոնապես այդ մասին չի ասվում: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է դուրս գա միջազգային հայկական լոբբիի ճնշման տակից: ՈՒրիշ ի՞նչ կերպ են հաստատում նախապայմանների առկայությունը:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանն այդ հայտարարություններին պատասխանեց ՀՀ նախագահի ուղերձով` կարճ ու խիստ: ՈՒղերձն ուղղված էր հայ ժողովրդին, բայց իրական հասցեատերը Թուրքիան էր: Սերժ Սարգսյանն ուղղակի պատասխանում էր Էրդողանին. «Այս գործընթացն ընդհանրական առիթ ու խթան հանդիսացավ նոր` շահագրգիռ քննարկում ծավալելու Հայաստանի և հայության տեղի ու դերի մասին, Հայաստանի և հայության ներկայի ու ապագայի մասին: Արդյունքում ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլև տասը միլիոնանոց հայ ժողովրդի հետ: Եվ թող ոչ ոք չտեսնելու չտա, որ, ի հեճուկս ցանկացած վանկարկումների, հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում և ուժեղ է իր զավակներով: Եվ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև, մեր քույրերի ու եղբայրների` Հայաստանի ապագայի համար անհանգստությունը ներկայացնելով որպես Հայաստանի Հանրապետությանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ»: Սա` սփյուռքի պարտադրանքի մասով: Եվ ընդհանրապես. «Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի: Դա ժամանակի հրամայականն է: ...Իրատեսորեն գնահատելով այս հանգամանքները, համոզված լինելով ձեռնարկված քայլերի անհրաժեշտության ու ճշմարտացիության մեջ, պնդում եմ.
1. ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ։
2. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում։
3. Այս հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որևէ առնչություն ունեցող հիշատակում։
4. Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որևէ պարտավորություն, չի կատարում որևէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: ՈՒստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»:
ՀՀ նախագահի ուղերձը դրդել էր Թուրքիայի արտգործնախարարին` իր բանավոր ելույթում նախատեսել պատասխան, որտեղ, ամենայն հավանականությամբ, արծարծվելու էին Թուրքիայի առաջադրած հայտնի նախապայմանները. Էդվարդ Նալբանդյանը դրան չէր կարող համաձայնել, որովհետև դա նշանակելու էր` թանաքը չչորացած կասկածի տակ դնել ստորագրածը:
Հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 23.23-ին արձանագրությունները երկու նախարարներն արդեն ստորագրել էին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հաջողվեց տարբերակ գտնել. արձանագրությունները ստորագրվում են, ելույթներ չեն հնչում: Լուռ ակցիա` համարյա ինչպես համալսարանի շենքի պատերից այն կողմ աշնանային անձրևի տակ անցկացվող բողոքի լուռ ակցիան` արձանագրությունների ստորագրմանը դեմ հայերի կողմից: Նրանք հրաժարվեցին նախապես հայտարարված 3-րոպեանոց ելույթներից ու հեռացան համալսարանից` քննությունը մի կերպ հանձնած ուսանողի փութկոտությամբ:
Համարյա երեք ժամ հեռուստադիտողին դատարկ եթեր հրամցրած հեռուստաընկերությունները 11.30-ից սկսեցին տեղ տալ նաև հոդաբաշխ խոսքին: Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն արարողության հետաձգումը պայմանավորեց այն փաստով, որ ստորագրումից հետո նախատեսված էր Թուրքիայի արտգործնախարարի ելույթը` Հայաստանի համար անընդունելի ձևակերպումներով: Հայաստանի ԱԳ նախարարի 4-ժամյա բանակցությունների արդյունքում կողմերը հրաժարվեցին ելույթներից: Տիգրան Բալայանը գերադասեց չմեկնաբանել Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող ենթադրությունները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ արձանագրությունների ստորագրումից հետո ասաց, որ ձգձգման պատճառն այն էր, որ արարողությունից հետո թուրքական կողմը նախատեսում էր հայտարարություն, որը չէր բխում ստորագրվելիք արձանագրությունների և բանակցային գործընթացի էությունից: «Կարծում եմ, որ այս պահից ի վեր այլևս արձանագրություններում պետք է կարդալ ու տեսնել միայն այն, ինչ գրված է թղթի վրա: Դրանք իրավաբանական փաստաթղթեր են, որոնք ենթադրում են քայլերի հստակ հաջորդականություն և ժամանակացույց: Այս պահին պահանջվելու է ուղղակի մասնագիտական ջանքերի համադրում, որ հնարավոր լինի փաստաթղթերի վավերացման ու իրագործման փուլում հասնել ՀՀ-ի համար առավել նպաստավոր պայմանների ու արդյունքների», նշել է Վիգեն Սարգսյանը:
Երկու նախարարներին առաջինը շնորհավորեց Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը` շնորհակալություն հայտնելով նրանց մեծ աշխատանքի համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ փաստաթղթերի ստորագրումը: Քաղաքավարի շվեյցարուհին հիշեց և Թուրքիայի նախորդ արտգործնախախար Ալի Բաբաջանի ջանքերը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ասաց, որ Ռուսաստանն ուրախ է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված պատմական արձանագրությունների համար, որոնք նպաստելու են տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, և պատրաստ է երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել երկու երկրների միջև:
ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան վստահություն հայտնեց, որ արձանագրությունների ստորագրումն ամբողջ տարածաշրջանի համար դրական մեծ նշանակություն է ունենալու: «Բրյուսելը հուսով է, որ արձանագրություններն ամենակարճ ժամկետներում կվավերացվեն երկու խորհրդարաններում և գործողության մեջ կդրվեն»:
TrendNews գործակալությունը, հղում անելով թուրքական TRT2 հեռուստաալիքին, ընթացքում նաև հաղորդեց, որ արձանագրությունները կարող են ստորագրել ոչ թե նախարարները, այլ Շվեյցարիայում երկու երկրների դեսպանները: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Ցյուրիխում էր:
REGNUM գործակալությունը տեղեկացրեց, որ Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի համանախագահ Սարգիս Շահինյանի հաղորդմամբ` և՛ հայկական, և՛ թուրքական կողմերը համաձայն չեն եղել հայտարարությունների որոշ դրույթների: Ամենայն հավանականությամբ, հայերին դուր չի եկել, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հիշատակում է Լեռնային Ղարաբաղը, թուրքերին դուր չի եկել, որ Հայաստանի արտգործնախարարը հիշատակում է ցեղասպանությունը:
Իհարկե, կողմերին շնորհավորեց և Հիլարի Քլինթոնը, ակնհայտորեն առանց նրա արձանագրությունների ստորագրումը կարող էր և չկայանալ, պատահական չէ, որ դեռ Ցյուրիխի օդանավակայան չհասած` նրան արդեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հասցրեց շնորհավորել կատարած հաջող աշխատանքի համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ևս հաջողության իր մաղթանքներն ուղղեց կողմերին:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները, արտաքին գործերի նախարարների ստորագրումից հետո, ներկայացվելու են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Ցյուրիխյան փորձից դատելով` վավերացումը լինելու է նույնքան նյարդային ու անկանխատեսելի, թեպետ ամերիկյան Happy end-ի ավանդույթներից ելնելով` ամեն ինչ լավ ավարտ է ունենալու: Թուրքիայի խորհրդարանը, ինչպես և վարչապետ Էրդողանն է խոստանում, պաշտպանելով Ադրբեջանի շահերը, տոգորվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված տեսնելու անհրաժեշտության անհետաձգելիության գիտակցությամբ, և այլմոլորակայինների պես անվերջորեն ներկա ու անտեսանելի նախապայմանները վերստին գլուխ են բարձրացնելու` համառորեն մերժվելով հայկական կողմում, հաստատվելով թուրքական կողմում: Իսկ ԱՄՆ-ն ասելու է, որ դրանք տարբեր հարցեր են, բայց երկուսն էլ պիտի լուծվեն` ահա և մեր ամբողջ դեսուդենը....
Իսկ այդ լուծումից Հայաստանին չի կարող փրկել արդեն նույնիսկ իր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ում համառ դիմադրությունը և անժպիտ ժպիտն առավել քան խոսուն էին:
Անգամ այդքանից հետո չավելացան երաշխիքները, որ Թուրքիայի խորհրդարանն արձանագրությունները կվավերացնի, դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ ու կբացի սահմանը, և Ադրբեջանն իր լացակումած հայտարարություններով այս դեպքում ընդամենը պատրվակ է, պատճառը բուն թուրքական հասարակության ներսում է, իր քրեական օրենսգրքում, իր ղեկավարության մեջ ու ժամանակի, որ պիտի անցնի: Կարծես Թուրքիան նոր թևակոխել է ոչ թե 2009 թ., այլ 1919, երբ, թեկուզ ձևական, բայց իր ռազմական տրիբունալն էր դատապարտում հայերի ցեղասպանության կազմակերպիչներին... Իսկ Հայաստանում դեռ 1909 թվականն է, երբ Ադանայի ջարդերից հետո նույնիսկ անհավանական է համարվում ցեղասպանության հնարավորությունը: Եվ ինչո՞ւ 21-րդ դարը չի կարողանում անցնել Հարավային Կովկասի սահմաններն ու հաստատվել այդ տարածքներում իր օրենքներով:
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ