«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
13.11.2009 | 00:00

Երեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրն էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Նա լրատվամիջոցներին ներկայացրեց իր մոտեցումները ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, 2010-ի բյուջեի և տնտեսական խնդիրների վերաբերյալ։ Ասուլիսից հետո մի քանի առանձին հարցով բանախոսին խնդրեցինք պարզաբանել ՀԱԿ-ի ներսում ընթացող որոշ զարգացումներն ու դրանց հնարավոր հետևանքները։
-Պարոն Խաչատրյան, նախօրեին տեղի է ունեցել ՀԱԿ-ի քաղաքական խորհրդի նիստ, ուր Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել։ Սակայն մինչ դրան անդրադառնալը, փորձենք պարզաբանել` որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Տեր-Պետրոսյանը որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից և այժմ զբաղված է ժառանգորդի խնդիր լուծելով։
-Քանի որ դա տարածել է իշխանական մամուլը, նպատակները պարզ են։ Անշուշտ, դա իրականությանը չի համապատասխանում, սակայն հասկանալի է, որ նպատակը ՀԱԿ-ի շարքերում խուճապ կամ հիասթափություն առաջացնելն է։ Որովհետև բոլորի համար էլ պարզ է, թե ինչ որոշիչ դեր ունի Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր դաշտում, որպես ՀԱԿ-ի հիմնադիր առաջնորդ և հասարակության մեջ հեղինակություն ունեցող գործիչ։ Այսինքն, կա նաև հասարակական հիասթափություն առաջացնելու նպատակ, թե` տեսեք, Տեր-Պետրոսյանն էլ է հեռանում քաղաքականությունից, և նրանք, ովքեր այս երկրում փոփոխությունների հույս ունեն, այլևս այդ հույսը չունենան։ Դրա պատասխանն անուղղակիորեն տրվեց հենց քաղաքական խորհրդի նիստի անցկացումով, ուր Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ և հասկացրեց, որ ինքը ոչ միայն հեռանալու մտադրություն չունի, այլև ավելի ակտիվ ու վճռական է շարունակելու պայքարը։ Մենք պայքարի դաշտը լքել չենք կարող, որովհետև բանտերում ընկերներ ունենք, չենք կարող կիսատ թողնել սկսած գործը, քանի որ այս ժամանակահատվածը պարզապես ճակատագրական նշանակություն ունի Հայաստանի համար։
-ՀԱԿ-ի քաղաքական խորհրդի նիստում Տեր-Պետրոսյանը խոսել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացից։ Սակայն մամուլում կար հղում, որ եղել է նաև հարց ու պատասխան, հետո եզրափակիչ ելույթ, որը լրատվամիջոցներով լուսաբանված չէր։ Ի՞նչ էր ասված այդ ելույթում։
-Քաղխորհրդի նիստը ոչ միայն մեր հետագա ուղենիշները հստակեցնելու, այլև ՀԱԿ-ի ներքին խնդիրները քննարկելու, կուսակցությունների միջև փոխադարձ դիրքորոշումները ճշտելու, կոնգրեսի ակտիվին հետագա մարտավարությունը ներկայացնելու նպատակ էր հետապնդում։ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական ելույթից հետո եղան այլ ելույթներ, որոնցում հնչեցին հարցադրումներ, և առաջին նախագահը եզրափակիչ բանավոր ելույթով պատասխանեց դրանց։ Դա կարևոր էր այն իմաստով, որ տարակարծություններ ու տարաբնույթ մեկնաբանություններ չլինեն մեր հետագա անելիքների վերաբերյալ։
-Ակտիվ գործողությունների անցնելու որոշում կայացվե՞լ է։
-Եթե նկատի ունեք միայն հանրահավաքները, առայժմ` ոչ, թեպետ այդպիսի որոշում կարող է կայացվել ցանկացած պահի։ Մեր համախոհների հետ քաղաքական ակցիաներ, անկասկած, շարունակելու ենք իրականացնել, սակայն հանրահավաքների վերսկսումը պետք է իմաստավորված լինի։ Այս պահին առաջնային կարևորություն ունի այն, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները չվավերացվեն։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ նշեց, որ ՀԱԿ-ի համար այդ արձանագրություններում մեկ հիմնական անընդունելի կետ կա` պատմաբանների ենթահանձնաժողովի ձևավորումը։ Եթե ցեղասպանության հարցը տեղափոխվի այդ հարթությունում քննարկման, ապա անուղղելի վնաս է հասցվելու մեր ազգային խնդիրներին։ Դա պետք է կանխել հրապարակային գործողությունների միջոցով։
-Նկատի ունեք Հայաստանի խորհրդարանի վրա ճնշում գործադրե՞լը։
-Այո՛։ Անկասկած, մենք մեր ջանքերը փորձելու ենք համատեղել ու համագործակցել այն քաղաքական միավորների հետ, որոնք դեմ են այս բովանդակությամբ հաստատվելիք արձանագրություններին և ընդունում են իշխանափոխության անհրաժեշտությունը։ Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ այս իշխանությունը ներքին դրական փոփոխությունների ենթարկվել չի կարող։ Դրանից ելնելով` մենք պատրաստ ենք համագործակցելու այն ուժերի հետ, ովքեր դեմ են այս վարչակազմի քաղաքականությանը։
-Այդպիսի ուժեր կան, որ համախմբված են 12-ի ձևաչափում և բարձրաձայնել են իրենց տեսակետը արձանագրությունների վերաբերյալ։ Մինչդեռ համագործակցությունը նրանց հետ չստացվեց։
-Որովհետև այդ ձևաչափում ներկայացված ուժերից մեկը կարևորում է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը միայն, մյուսները, ինչպես «Ժառանգությունը» կամ ՆԺԿ-ն, հանդես են գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։ Դա նշանակում է, որ մենք նախկինի պես պահպանում ենք նրանց հետ համագործակցության հնարավորությունները։ Իշխանափոխությունից դուրս որևէ այլ տարբերակ դրական արդյունքի հանգեցնել չի կարող, որևէ ենթակա պաշտոնյայի հեռացումն իշխանության բուրգից սկզբունքորեն ոչինչ չի փոխի։
-Թուրքիան ակնհայտորեն ձգձգում է արձանագրությունների վավերացումը, եթե, իհարկե, առհասարակ, վավերացնի։ Այդ ֆոնի վրա 12-ի ձևաչափի մեջ մտնող կուսակցությունների ակտիվությունն էլ ակնհայտորեն նվազել է։
-Հենց դա է անհասկանալին։ Կարևորն այն է, որ մեզ մոտ այդ արձանագրությունները չվավերացվեն, ոչ թե մենք կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ է անելու Թուրքիան։ Իշխանությունները մինչ այժմ պնդում էին, թե ակնհայտ կամ քողարկված նախապայմաններ այս արձանագրություններում չկան, այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ առաջինն իրենք չեն ներկայացնում վավերացման, եթե համոզված են, որ հայ ժողովրդի և Հայաստան պետության համար օգտակար գործ են անում։ Ինչո՞ւ են սպասում, որ Թուրքիան վավերացնի, հետո միայն` Հայաստանը։ Այս գործելակերպի տրամաբանությունը հուշում է, որ նախապայման կա, և դա կապված է Ղարաբաղի հետ։ Ես իրավունք ունեմ այդպիսի ենթադրություն անելու։
Ինչ վերաբերում է 12-ի ձևաչափին, նրանց լռությունը նույնպես հասկանալի չէ, եթե նկատի ունենանք, որ վտանգը չի վերացել։ Եթե սպասում են, տեսնեն` Թուրքիան ինչ կանի, հարց է առաջանում` իսկ եթե Թուրքիան վավերացնի՞։ Ինչի՞ համար Հայաստանը դնել կրկնակի հարվածի տակ։ Եթե պետք է մերժել, ուրեմն պետք է մերժել ի սկզբանե։ Այսինքն, ստացվում է, որ մենք միշտ գնում ենք իրադարձությունների պոչից, և մեր պետության դերակատարությունն այս գործընթացում որևէ նշանակություն չունի։ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ջանքերով Հայաստանի դիմադրողականությունն իջեցվել է զրոյական աստիճանի, քանզի իշխանության հենարանը ոչ թե ժողովուրդն է, այլ օլիգարխիան ու կոալիցիայի կուսակցությունները։ Բայց դա կայուն հենարան չէ և, ի վերջո, իրեն սպառելու էր։ Արտաքին ճնշումների աննախադեպ մեծացումը դա է վկայում։
-Ճնշումներ Ղարաբաղի՞ հարցում։
-Այո՛։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ նշեց, որ արտաքին աշխարհի ճնշումները հիմա այդ ուղղությամբ են զարգանալու, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման, հնարավոր չէ։ Ինչ էլ ասեն Հայաստանի իշխանությունները, ակնհայտ է, որ այս երկու գործընթացները փոխկապակցված են։
-Բայց իշխանությունները հենց դա են շարունակ հերքում ու պնդում, որ զուգահեռ կարգավորում լինել չի կարող։
-Խոսքը և գործը տարբեր բաներ են, իսկ իրենց գործողություններն այլ բան են հուշում։ Պարզապես իրենք հանգել են այն նույն համոզման, ինչ մենք ասում էինք 1997-ին, որ փակ սահմաններով Հայաստանը զարգանալ չի կարող։ Օսկանյանի «հարյուր տարվա մենությունը» զարգացման կոնցեպցիա չէ, ըստ որի, փակ սահմանով ինչքան ասես կարելի է ապրել ու զարգանալ։ Աշխարհը չի կարող սպասել, նա էլ իր խնդիրներն ունի։ Այլ բան է, որ նույն քաղաքակիրթ աշխարհը նույնքան հետևողական չեղավ Հայաստանի ներսում իր արժեքները` ազատ ընտրության իրավունքը, մարդու և քաղաքացու իրավունքները պաշտպանելու հարցում։ Աշխարհն այդ հարցերի վրա աչք է փակել մեկ նպատակով. որպեսզի ժողովրդի ներսում հենարան չունեցող իշխանությանն իր պահանջները պարտադրի։
-Ըստ Ձեզ, ղարաբաղյան հարցի սրացումը կհանգեցնի՞ բոլոր ընդդիմադիր ուժերի միավորման։
-Այդ կապակցությամբ ես մտավախություններ ունեմ, որովհետև պրագմատիկ մոտեցում է անհրաժեշտ։ Այսինքն, մենք պիտի հաշվարկենք մեր ուժերն ու տեսնենք, թե որքանով կարող ենք արտաքին պարտադրանքի դեմ ճակատ ճակատի դուրս գալ ու շահել։ Այն, ինչ 1997-ին առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը և ինչի պատճառով իշխանությունից հեռացավ, ավելի լավ հեռանկար էր խոստանում, քան այսօր ներկայացված «մադրիդյան սկզբունքները»։
-Այնքան էլ համամիտ չեմ։ 1997-ին Ադրբեջանին էր վերադարձվում 6 շրջան, Լաչինն ունենում էր սոսկ միջանցքի անհասկանալի կարգավիճակ, Ղարաբաղի կարգավիճակի հարցը, առհասարակ, չէր հստակեցվում։ «Մադրիդյան սկզբունքներում» գոնե հանրաքվեի դրույթ կա։
-Այդպես չէ։ 1997-ին առաջարկվում էր վերադարձնել միայն 5 շրջան, կարգավիճակի հարցը, իսկապես, հետաձգվում էր։ Բայց այդ փաստաթուղթն այլ տրամաբանությամբ էր կառուցված, պայմանավորվածություններն էլ այլ էին։ Հանրաքվեի մասին իսկապես խոսք չկար, բայց այսօր էլ չկա։ «Մադրիդյան սկզբունքներով» նախատեսված է անցկացնել պլեբիսցիտ, այսինքն` դա հանրաքվե չէ, որի արդյունքները կարող են պարտադիր ուժ ունենալ Ադրբեջանի համար։ Դրան հավելենք, որ առաջարկվում է վերադարձնել ոչ թե 5, այլ 7 շրջան։
Օբյեկտիվորեն պետք է ընդունենք, որ «մադրիդյան սկզբունքներն» այսօրվա իշխանությունը ժառանգել է նախորդից, բայց ինքն էլ նրա իրավահաջորդն է ու չի կարող հրաժարվել այդ պայմանավորվածություններից։ Անցած տասը տարիներին Ղարաբաղը, առհասարակ, դուրս է մղվել բանակցային գործընթացից, ու Ղարաբաղի իշխանությունները միայն հիմա են հիշել, որ ինքնուրույն են, ԼՂՀ վարչապետն ինչ-որ հայտարարություններ է անում, բայց ինչո՞ւ դա չէր անում մեկ տարի առաջ։ Զարմանալի է, որ մերոնք ուղղակի հորթային հրճվանք ապրեցին, երբ դիտարկման հատուկ խումբ ժամանեց Ղարաբաղ ու արձանագրեց, որ հարակից տարածքներում բնակչություն չկա։ Ավելի լավ չէ՞ր, որ լիներ, տնտեսական նախադրյալներ ստեղծվեին այն տարիներին, որ գոնե 50 հազար մարդ բնակվեր, և այդ դեպքում կարելի լիներ այլ կերպ խոսել։ Կոսովոն անկախություն ստացավ ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական որոշում կայացվեց, այլ որովհետև այնտեղ 2 միլիոն մարդ էր ապրում։
-Բյուջե-2010 նախագծի մասին ի՞նչ կասեք։
-Սա ոչ մի հարց չլուծող բյուջե է` ո՛չ տնտեսական զարգացման, ո՛չ էլ սոցիալական։ Խնդիրը միայն այս տարվա համեմատ 400 միլիոնի պակասորդը չէ։ Իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքը չէ։ Ճգնաժամի ազդեցությունը թող լինի 50 տոկոս, բայց մնացածն այն արատավոր համակարգի հետևանք է, որը դրսում արդեն անթաքույց կոչում են օլիգոպոլիա։ Բյուջեն այդ սկզբունքներով է կառուցված, որ ոչ թե հասարակ քաղաքացին, միջին կամ մանր բիզնեսմենը զարգանա, այլ խոշոր հովանավորություն ունեցող բիզնեսն ավելի խոշորանա։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ