ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Բաղդադ-Բեռլին երկաթուղային մեգա-նախագիծն ու Հայոց ցեղասպանությունը

Բաղդադ-Բեռլին երկաթուղային մեգա-նախագիծն ու Հայոց ցեղասպանությունը
24.04.2024 | 13:36

Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը, ինքնորոշմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին: Դրանք հավելյալ ռիսկեր են ստեղծում գերտերության շահի սպասարկման, դրա առաջխաղացման համար: Նույն կոնցեպտը կարելի է կիրառել նաև Հայոց ցեղասպանությունը վերլուծելիս:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության համատեքստում տրանսպորտային միջանցքներին՝ նախ և առաջ անհրաժեշտ է դիտարկել Բաղդադ-Բեռլին երկաթուղային մեգա-նախագիծը, որի նպատակը Գերմանիայի գաղութականացման ռազմավարության իրականացումն էր: Մասնավորապես, այդ՝ 2500 կմ երկարություն ունեցող երկաթուղու նախագիծը կոչված էր ապահովելու Գերմանիայի ելքը դեպի նավթային պաշարներով հարուստ Միջագետք՝ ներկայիս Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հյուսիսային, Սիրիայի արևելյան տարածքներ, որոնք այն ժամանակ մտնում էին Օսմանյան կայսրության կազմի մեջ: Այս լոգիստիկայում առանցքային նշանակություն ուներ Բասրայի նավահանգիստը՝ Շատ-ալ-Արաբ գետի ափին, որով հնարավոր էր ելք ապահովել դեպի Պարսից ծոց: Նախագիծը հակասության մեջ էր մտնում Անգլիայի աշխարհաքաղաքական նկրտումների հետ, ինչի հետևանքով 1913 թ. Պարսից ծոցի ու Քուվեյթի կարգավիճակի շուրջ ընթացող անգլո-գերմանա-ֆրանսիական բանակցությունների արդյունքում որոշվեց, որ Բեռլին-Բաղդադ միջանցքը կավարտվի հենց Բասրայում՝ առանց Պարսից ծոց դուրս գալու հնարավորության: Դրանով իսկ Անգլիան վերահաստատեց սեփական ազդեցությունը Թուրքիայում, ինչը մեծ հաշվով շարունակվում է առ այսօր: Ի դեպ, պատահական չէ, որ մի շարք արևմտյան հետազոտողներ դիտարկում են Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը որպես Առաջին աշխարհամարտի առանցքային շարժառիթ:

Թուրքիայի տարածքով երկաթուղու կառուցումը հսկայական աշխատուժ էր պահանջում: 1914-ից ի վեր թուրքական կառավարությունը որոշում կայացրեց 16-60 տարեկան բոլոր հայ տղամարդկանց պարտադիր զինվորական աշխատանքի զորկակոչել՝ տանջամահ անելով նրանց երկաթուղու շինարարական աշխատանքներում. աշխատանքն ավարտելուն պես հայերը տեղում սպանվում էին: Նաև հենց այդ երկաթուղով դեպի սիրիական անապատներ տարհանվեցին բազմաթիվ հայեր:

Բեռլին-Բաղդադի կառուցման աշխատանքները ավարտին հասցվեցին 1940-ին՝ լիովին այլ աշխարհաքաղաքական պայմաններում, սական դրա դերը թե՛ ցեղասպանության, թե՛ հայերի տարհանման հարցում առավել քան ակնհայտ է:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 9133

Մեկնաբանություններ