Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Թուրքիայի գլոբուսը» ոչ այլ ինչ է, եթե ոչ քարե լցոնով կոնֆետ

«Թուրքիայի գլոբուսը» ոչ այլ ինչ է, եթե ոչ քարե լցոնով կոնֆետ
01.11.2012 | 15:50

Դեռ Արիստոտելն է իր ժամանակին նկատել. «Զարմանքն իմացության սկիզբն է»: Եվ ահա այժմ բազմատեսակ «քաղաքական գուշակներ» շատ ջանադրաբար ու մեծ հմտությամբ չեն դադարում պատվարժան հանրությանը զարմացնելուց իրենց, շատ հաճախ հայտնության ձգող, կանխատեսումներով: Անգամ կարողացել են տարածում տալ մի այնպիսի ակադեմիական գիտության, ինչպիսին աշխարհառազմավարությունն է, և այն գրավիչ բեսթսելլեր դարձնել ամենալայն զանգվածների համար: Հասկանալի է, որ երբ աշխարհը թևակոխում է անորոշության դարաշրջան, այսինքն` ինչ ասես կարող է լինել, մեծ է գայթակղությունը պատմելու, թե ինչ է մեզ սպասում, ինչպես կփոխվի իրականությունը, ուր մենք ապրում ենք: Մարդկանց կարելի է այսպես զարմացնել և անգամ մի քիչ էլ փող աշխատել: Այնպես որ, այս հաշվով երևակայության պակաս հիմա չի զգացվում: Նման գուշակներին առանձնապես դուր է գալիս իրենց «գյուտերը» համալրել դիդակտիկ նյութերով` տարածաշրջանների, մայր ցամաքների, ամբողջ մոլորակի նոր քարտեզներով: Եվ այստեղ, ինչպես ասում են, ընտրիր ինչ սիրտդ կուզի:

Համաշխարհային լրատվամիջոցներում «քաղաքական գուշակության» առանձնապես սիրելի թեմա է դարձել այն, որ երբ Սիրիան քաղաքացիական պատերազմի հետևանքով պատառ-պատառ արվի, ապա ոչ միայն նրան, այլև Սև ծովից մինչև Պամիր ընկած ամբողջ հսկայական տարածության երկրներին ու ժողովուրդներին սպասում է մեծ վերաձևում: Այսպես, վերջերս «Նյու Յորք թայմս» թերթի կայքում երևաց այդ թեմային նվիրված մի շատ հետաքրքիր հետազոտություն-հոդված: Հոդվածն ուղեկցվում է երկրագնդի ինտերակտիվ պատկերով, այն կարելի է պտտեցնել «մկնիկով» և տեսնել, թե ինչպիսին է լինելու նոր քաղաքական աշխարհագրությունը: Այդ գիտական շոուի հեղինակներն են ամերիկացի հայտնի քաղաքագետ Պարագ Խաննան և հանրամատչելի «Արտասովոր քարտեզներ» բլոգի հեղինակ Ֆրենկ Ջեյկոբսը: Եթե Պարագ Խաննան երիտասարդ, բայց շատ ճանաչված հետազոտող է, աղմուկ հանած «Ինչպես կառավարել աշխարհը» և «Երկրորդ աշխարհ» գրքերի հեղինակը, որոնք վիթխարի հաջողություն են ունեցել, ապա համահեղինակ Ֆրենկ Ջեյկոբսը մինչև վերջերս միայն զվարճացնում էր ընթերցողներին` հետաքրքրական, հաճախ էլ ծիծաղաշարժ տեղեկություններ հաղորդելով քարտեզագրության ասպարեզից (օրինակ, նրա գունեղ պատմվածքը «կայսեր մատի» և Մոսկվա-Պետերբուրգ երկաթուղու մասին): Շատ հավանական է, որ այդ անսպասելի համագործակցությունը, ինչպես նաև թվացյալ լուրջ նյութի բուն մատուցումը պատահական հանգամանք չէ, այլ ճարպիկ ու խորամանկ հնարք: Նկատենք` հնդկացիների ընտանիքից սերված, լավ ու բազմակողմանի կրթություն ստացած Պարագ Խաննան, լինելով «բազմաբևեռ աշխարհի» կողմնակից, երևելի դեմք է դարձել ռուսական փորձագիտական ընկերակցության համար, իսկ նրա «Հրաժեշտ գերիշխանությանը» քաղաքական էսսեն ամերիկյան գերիշխանության վախճանի մասին, ամենաընթերցվածն ու հիշատակվածն է եղել, թեև նա Ռուսաստանը գերտերությունների շարքին չի դասում, այլ թողնում է «երկրորդ աշխարհում»:
Եվ այսպես, այդ ծավալուն հրապարակման մեջ և փոքրիկ գլոբուսի վրա ներկայացված են «մեծ վերաբաժանման» արդյունքները` նոր պետություններ, միջպետական միավորումներ, որոնք, իբր, կարող են առաջանալ որպես հետևանք այն պայմանների, որոնցում մենք գտնվում ենք: Այստեղ նկատի է առնվում թե՛ Բելգիայի փլուզումը, թե՛ չինացիների կողմից Սիբիրի «զավթումը», թե՛ Աֆղանստանի հարավի միացումը Պակիստանին, թե՛ աֆրիկյան երկրների համատարած վերաձևումը: Զգալի ուշադրություն է դարձված Մերձավոր Արևելքին ու մեր տարածաշրջանին: Հոդվածի հեղինակների ասելով, դեռ վերջերս թվում էր, թե աշխարհում այլևս խոշորածավալ փոփոխություններ չեն լինի, «ինչպիսիք հրահրվեցին կոմունիստական հասարակարգի ձախողմամբ, երբ Խորհրդային Միության և Հարավսլավիայի փլուզման հետևանքով աշխարհի քարտեզի վրա ի հայտ եկան բազմաթիվ նոր պետություններ»: Բայց իրողությունն ստիպում է վերստին մտորել տարածքային բաժանման գործում իրավիճակի կայունության մասին: Եվ աշխարհի քարտեզի վրա պետությունների քանակի վերաբերյալ վերջին խոսքը դեռ ասված չէ: Այս թեզին, երևի, դժվար է չհամաձայնել: Սակայն այն, որ Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Իրանի վերաբերյալ նրանց շատ կանխատեսումներ, ինչպես հավաստիացնում են արևմտյան փորձագետները, խարխսված են բավականին տրամաբանական հիմքերի վրա, մեր կարծիքով, մեղմ ասած, այնքան էլ հիմնավորված չէ: Դրանք, թվում է, ավելի շուտ, ինչ-որ հնարմունք են` որոշակի հեռահար նպատակներով: Ի դեպ, այդ «կանխատեսումները» «ուռայով» ընդունվեցին թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում, բազմացվեցին և զանգվածաբար տարածվեցին այդ երկրների ամեն տեսակի «հայրենասերների» կողմից:
Այսպիսով, պարզվում է, այս «նոր աշխարհում» Թուրքիան կպահպանի ամուր դիրքերը, բայց նրա մերձակայքում տեղի կունենան նշանակալի փոփոխություններ: Հյուսիսային Իրաքի քրդերի տարածաշրջանային կառավարությունը կվերածվի անկախ Քրդստանի. «Իրենց ամբողջ պատմության ընթացքում քրդերը քիչ են այնքան մոտ եղել անկախ Քրդստանի ստեղծման հնարավորությանը, որքան այսօր: Իրաքի քրդերն այժմ բանակցություններ են վարում Թուրքիայի էներգետիկ ֆիրմաների հետ, և դրանից, հետևում է, որ նրանք ևս ծանրակշիռ ավանդ կմուծեն Քրդստանի ստեղծման գործում»: Այլ խոսքով, Քրդստանի ստեղծումը տեղի կունենա ոչ թե ի հեճուկս Թուրքիայի, այլ նրա ակտիվ աջակցությամբ: Ավելին, նոր երկրի գոյատևումը, իբր, կախված կլինի թուրքական էներգետիկ համաձայնագրերից, որոնք էլ «կյանք կտան Քրդստանին»: Հեղինակների կարծիքով, անմիջականորեն Թուրքիային վերաբերող մեկ այլ կարևոր փոփոխություն տեղի կունենա սիրիական սահմանին և կապված կլինի Սիրիայի տարածքային բաժանման հետ: Առափնյա գոտում ալավիները սեփական պետություն են կազմավորում, իսկ երկրի այլ շրջաններում, ինչպիսիք են մայրաքաղաք Դամասկոսն ու Հալեպը, կկազմավորվեն քաղաք-պետություններ: Բոլոր կողմերից շրջափակված անապատում հնարավոր է, որ սիրիացի քրդերին թույլատրվի բարձրացնել իրենց դրոշը, բայց դա ուժեղագույն հարված կլինի թե՛ քրդերի միասնությանը, թե՛ միասնական պետության մասին նրանց դարավոր երազանքին:
Մյուս երկիրը, որտեղ, կանխատեսման համաձայն, նշանակալի փոփոխություններ տեղի կունենան, Իրանն է: Ներկա վարչակազմի անկման դեպքում երկրում ապրող 20 մլն ադրբեջանցիները կմիանան Ադրբեջանին: Այսպիսով, տարածաշրջանում կառաջանա երկրորդ խոշոր թյուրքական պետությունը, որը կկարողանա դառնալ Թուրքիայի դաշնակիցը:
Նախ և առաջ հիշենք, որ ամենամեծ հիմարություններն արվում են դեմքի բացարձակապես լուրջ արտահայտությամբ, իսկ Հեբելսի սկզբունքը` «որքան մեծ է սուտը, այնքան շատ են հավատացողները», դեռ ոչ ոք չի վերացրել։ Իսկ Անկարայում եթե հանգիստ շունչ չեն էլ քաշել, ապա լուրջ տեսք են ընդունել, թե ըստ արժանվույն են գնահատել իրենց համար այդպիսի ուրախ պատկերը և Վաշինգտոնի բացահայտ քաջալերանքը: Չէ՞ որ մոռանալու բան չէ, որ վերջերս թուրքերը ծայրաստիճան մտահոգված էին «Բարելավված Մերձավոր Արևելք» հորջորջված ամերիկյան ծրագրի կապակցությամբ, որը, ինչպես համարվում է, իրացման փուլ էր մտել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո: Հետագայում, ԱՄՆ-ի Ազգային զինվորական ակադեմիայում աշխատող հետախուզության վետերան, պահեստի փոխգնդապետ Ռալֆ Պետերսը Պենտագոնում լույս տեսնող «Armed Forces Journal» հանդեսում հրապարակեց «Արյունոտ սահմաններ» հոդվածը և մի քարտեզ (ևս մեկը և, հավանաբար, ոչ վերջինը)` «Ինչպես կարող է ավելի լավ տեսք ունենալ Մերձավոր Արևելքը» խիստ բազմանշանակ վերտառությամբ: Այդ աղմկահարույց քարտեզը, բնականաբար, իր տեղը գտավ նրա հեղինակած «Երբեք մի դադարեցրեք պատերազմը» ոչ պակաս բազմանշանակ վերնագրով գրքում, որտեղ նա գրում է. «Ամենաաղաղակող անարդարությունը քրդական անկախ պետության բացակայությունն է»: 27-36 մլն քուրդ է ապրում Մերձավոր Արևելքի սահմանակից տարածաշրջաններում, և Քրդստանը, փոխգնդապետի կարծիքով, պետք է ներառի Իրաքի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի տարածքի որոշակի մասերը: Ընդ որում, ինչպես նա է կարծում, «ազատ Քրդստանը ամենաարևմտամետ պետությունը կլիներ Բուլղարիայից մինչև Ճապոնիա ընկած ամբողջ տարածքում»: Թուրքերը, ինչպես և պետք է լիներ, խուճապի մատնվեցին, իսկ Պենտագոնն անմիջապես հայտարարեց, թե այդ ամենը հեչ, սա, իբր, պաշտոնական քարտեզ չէ: Սակայն «Պետերսի քարտեզը» ուսումնասիրվում է ԱՄՆ-ի զինվորական կրթական հաստատություններում, այդ թվում նաև բարձրագույն սպայական ու գեներալական դասընթացներում, ուր ունկնդիրներին առաջարկվում է գտնել «Պետերսի քարտեզի» կենսագործման առանձին խնդիրների լուծման նախընտրելի տարբերակներ: Հետաքրքիր է, որ «Պետերսի քարտեզը» բոլորին տեսանելի տեղում փակցված է եղել Հռոմում` ՆԱՏՕ-ի զինվորական քոլեջում, որտեղ սովորում էին նաև թուրք սպաներ: Պոչատված Թուրքիայի տեսքից խոցված թուրք սպաները գանգատվեցին իրենց հրամանատարությանը: Թուրքիայի գլխավոր շտաբի պետը «վճռական բողոք» հայտնեց ԱՄՆ-ի շտաբների պետերի կոմիտեի նախագահին, ինչը, ընդ որում, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ոչինչ չփոխեց: Այնպես որ, ամենայն հավանականությամբ թուրքերը հիանալի իրազեկ են «Մերձավոր Արևելք» ծրագրին: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հատուկ թղթակից Դարյա Ասլամովան, վկայակոչելով թուրք լրագրող Ալթայ ՈՒնալթային, «Արաբական գարունը» «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի մի մասն էր: Պարզ դարձավ, որ ամերիկացիները լրջորեն են ձեռնամուխ եղել ծրագրի իրագործմանը: Թուրքիան, գիտակցելով, որ ծրագիրն իրականություն է դառնում, որոշեց դառնալ միջնորդ ուղեցույց` հուսալով, «որ իրեն հանգիստ կթողնեն և չեն մասնատի»:
Սակայն բարեհաճության համար երախտագիտության հույսերը պահանջում են եթե ոչ վավերացում, ապա գոնե գրավոր հավաստիացում, առանձնապես, երբ ԱՄՆ-ի կարևորագույն խնդիրն է դառնում Թուրքիան Սիրիայի ճգնաժամի մեջ ներքաշելը: Եվ այստեղ, ասես կախարդանքով, ի հայտ է գալիս մի նոր, թուրքի աչքին հաճո քարտեզ, համաձայն որի նա ոչ միայն ոչինչ չի կորցնում, այլև իբրև նվեր ստանում է «Մեծ Ադրբեջանը»: Դե, էլ ո՞նց այստեղ չոգեշնչվես և մեկ անգամ ևս չհամոզվես, որ դու անփոխարինելի ես:
Բայց ակնհայտ է, որ «երախտագիտությունը» քաղաքականության մեջ ամենակարևոր կատեգորիան չէ, եթե առհասարակ ինչ-որ բան արժե: ՈՒ նաև ամենևին պարզ չէ, թե այդ ինչից վախեցած քրդերը պիտի մոռանան իրենց երազանքը միասնական ու անկախ պետության մասին, դավաճանեն իրենց եղբայրներին: Բարեբախտաբար, թուրքական էներգետիկ ընկերությունները միակը չեն աշխարհում, Քրդստանի նավթն էլ բաղձանքի առարկա է բոլորի համար` Ռուսաստանից մինչև Բրիտանիա: Իհարկե, եթե Անկարան մեծ ջանքեր գործադրի, ավելին, կատարի Սիրիայի գծով «տնային աշխատանքը», ապա հնարավոր է, որ սկզբնական շրջանում նրան հաջողվի թույլ չտալ քրդերի միավորում: Բայց պետք է շատ միամիտ լինել կարծելու, որ անգամ նոր սահմանների շրջագծով քրդերը փոխգործակցության մեխանիզմներ չեն ստեղծի: Չէ՞ որ իրենք` թուրքական լրատվամիջոցներն են արդեն տագնապով հաղորդում, որ սիրիական տարածքում քրդական ինքնավարության ստեղծմանը շահագրգիռ մասնակցում է Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին: Բացի այդ, հազիվ թե Իրանի անկման հետևանքով, ինչը ևս բավականին վերացական հարց է, Ադրբեջանն ստանա «հյուսիսային հողերն» ու, համապատասխանաբար, «Մեծ» կարգավիճակը: Նախ, անգամ եթե Բաքուն ուղղակիորեն աջակցի հակաիրանական ռազմարշավի նախապատրաստությանը, միևնույն է, շատ կասկածելի է, թե Արևմուտքը` ԱՄՆ-ն ու Եվրոպան (ինչպես, ի դեպ, նաև Ռուսաստանն ու Չինաստանը), կուզենան նոր գլխացավանք ստանալ ի դեմս «Մեծ Թուրանի»` «Վիեննայից մինչև Չինական պարիսպ»: Երկրորդ, անգամ ամերիկյան քաղգործիչներից «ադրբեջանական գաղափարի» ջատագովները խիստ զարմացած են, որ դրան կտրականապես դեմ են իրանցի քաղաքական վտարանդիները, էլ չենք խոսում Իրանի թուրքալեզու բնակչության մասին: Հատկապես Բաքվից կատարված ագրեսիայի և օգնության պարագայում:
Այնպես որ, «Թուրքիայի գլոբուսը», թերևս, ոչ այլ ինչ է, եթե ոչ քարե լցոնով կոնֆետ, որ առանց երկար մտածելու գոհունակությամբ կուլ են տալիս թե՛ Անկարայում, թե՛ Բաքվում: Այլ բան է, որ, իրոք, Օսմանյան կայսրության կործանումից, Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արելքից գաղութային տերությունների հեռանալուց հետո սահմաններն այնպես են ձևվել, որ բոլոր նախադրյալներն ստեղծվել են ապագա պատերազմների համար: Այնպես որ, վերջում անենք ևս երկու մեջբերում: Փոխգնդապետ Պետերս. «Ժամանակի ընթացքում նոր ու բնական սահմաններ ի հայտ կգան: Բաբելոնը միանգամից փուլ չի եկել»: Պարագ Խաննա. «Նոր երկրներն այս անգամ մեկ փոփոխության և ընդհարման արդյունք չեն դառնա (ինչպես ԽՍՀՄ-ի փլուզման դեպքում եղավ) և չեն լինի յուրօրինակ տարածաշրջանային երկրներ: Աշխարհագրությունն ու պատմությունը աննպատակ վճռականությամբ կփոխեն առկա սահմանները»:
Դե ինչ, իսկ մեզ մնում է հուսալ, որ դա տեղի կունենա առանց «մեծ արյան»:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ƒâ€¹Ã‚†ÃƒÂ„„/1357892444" rel="nofollow">Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 11.11.2024