Թվում է՝ երեկ էր, բայց շատ ժամանակ է անցել։ Թիվ 19 համաբուժարանում էի։ Դեռ դուռը նոր բացած՝ բժիշկուհին անբարի նայեց ու ընդմիջեց բարևս. «Գնացեք թերապևտի մոտ, գրանցվեք, նոր եկեք ինձ մոտ»։ Ասացի՝ թերապևտն է ուղարկել։ Միջին տարիքն անց կինը կրկին չորությամբ վրա բերեց. «Ասե՛ք գանգատներդ», որ երևի նշանակում էր՝ կարճ կապիր։ Նրա անբարեհաճ վարվեցողությունից ապշած՝ «մոռացա» գանգատներս։ Հպանցիկ, անորոշ բաներ ասացի՝ պահ առաջ հեռանալու նպատակով։ Իր կյանքից ակնհայտորեն դժգոհ այդ կինն այլևս բժշկուհի չէր ինձ համար։ Դուրս ելա, դանդաղ քայլեցի դեպի հարկաբաժնի ելքի դուռը։ Երկարուձիգ միջանցքի վերջում ուշադրությունս գրավեց աջակողմի դռան մոտ սպասողների մեծ հերթը։ Իրար կողքի շարված աթոռներին նստած տարբեր տարիքի կանայք ցածրաձայն զրուցում էին իրենց գանգատներից, գոհունակ, շնորհակալ խոսքեր ասում բժշկուհու հասցեին, որի ընդունելությանն էին սպասում։ Հետաքրքրված նստեցի ազատված աթոռին, որ շարունակեմ լսել նրանց զրույցը։ Այդ պահին միջանցքով անցնող մի կին կանգ առավ և հանդիսավոր դիմեց հերթում սպասողներին. «Սիրելի՛ կանայք, ես թոշակի անցած կենսաբան եմ և ահա թե ինչ խորհուրդ կտամ ձեզ՝ ամեն առավոտ, դեռ չնախաճաշած, կերեք մեկ խաշած հավկիթ՝ առանց աղի և շուտով կզգաք, որ ձեր վահանագեղձն սկսել է նորմալ գործել, չմոռանաք՝ առա՛նց աղի»։ Սիրտս ջերմացավ անծանոթ կնոջ վարմունքից, որ սրտանց ուզում էր օգնած լինել հոգսաշատ կյանքի կնիքը դեմքերին, իրենց հիվանդության հետ հաշտ, համակերպված կանանց։ Կողքիս նստած երիտասարդ կինը ժպտադեմ դարձավ ինձ.
-Չեք պատկերացնի՝ որքան ուրախ եմ, ո՛չ, ուրախ բառն այն չէ, երջանիկ եմ, որ բժշկուհի Կարաբաջակյանի նշանակած դեղերն ընդունելուց հետո հիվանդությունս նահանջեց, վահանագեղձս սկսել է նորմալ գործել, մինչդեռ որքա՜ն էի հուսահատված, կորցրել էի կյանքի հմայքը...
Կաբինետի դուռը բացվեց, խոշոր, ժպտուն աչքերով կինն ընդհանուր հայացք գցեց հերթում սպասողների վրա՝ ասես ճշտելով, թե դեռ որչափ աշխատանք ունի անելու և բարեհամբույր ձայնով ասաց.
-ՈՒ՞մ հերթն է, թող ներս գա։
-Էնդոկրինոլոգ Կարաբաջակյանն ինքն է,- հարազատին տեսնողի ուրախությամբ ասաց երիտասարդ կինն ու կտրուկ ելավ տեղից։
Իր հերթն էր։ Նրա աթոռն իսկույն զբաղեցրեց տարեց մի կին՝ նույնպես տրամադրված զրույցի.
-Շաքարախտ ունեմ, եկել եմ դեղերս ստանալու, բժշկուհի Կարաբաջակյանը շաքարով հիվանդներին է սպասարկում։ Առանց նրա նշանակման դեղեր չես կարող ստանալ։
Թվարկեց, թե ինչ հետազոտություններ է անցել՝ ընդհանուր, հորմոնների, ներզատական (էնդոկրին գեղձերի), էլի բաներ, որ առաջին անգամ էի լսում։ Կրկին ուրախություն հայտնեց, որ Կարաբաջակյանի պես հոգատար բժշկուհու է հանդիպել.
-Իր Թագուհի անվանը վայել սիրտ ունի։
Օրեր անց կրկին անցնում էի երկար ու ձիգ միջանցքով։ Էնդոկրինոլոգի կաբինետի դռան մոտ նույն պատկերն էր՝ բոլոր աթոռներն զբաղված էին, կանայք կիսաձայն զրուցում էին իրենց մտահոգող խնդիրներից՝ խոսքամիջում անդրադառնալով նաև օրվա քաղաքական անցուդարձին, ճշտելով, թե դիմացինը ո՛ր քաղաքական գործչին է համակրում կամ հակակրում, կարծես թե դա կապ ուներ իրենց հիվանդության պատճառների հետ։ ՈՒ կրկին շնորհակալ խոսքեր բժշկուհի Կարաբաջակյանի հասցեին... Իմ հոգում դեռ չէր մարել այն մյուս բժշկուհու կոշտ, անտարբեր վերաբերմունքի դառնությունը։ Որոշեցի մի օր գալ, հերթ պահել՝ զրուցել Կարաբաջակյանի հետ՝ տարբեր տարիքի, խառնվածքի կանանց՝ նրա հանդեպ համակրանքի գաղտնիքը պարզելու համար։
Մի օր եկա։ Որպեսզի իմ զրույցի պատճառով հիվանդների մեծ հերթ չգոյանա, սպասեցի մինչև բժշկուհին ընդունեց վերջին այցելուին, նոր մտա ներս։ Մինչ կորոշեի ինչից սկսել խոսքս, բժշկուհին հետաքրքրված, զննող հայացքով նայեց դեմքիս, ասես ինչ-որ բան որոներ, ապա հարցրեց՝ ի՞նչ գանգատներ ունեմ։ Եվ, ինձ համար էլ անսպասելի, ասացի այն ամենը, ինչ այն մյուս բժշկուհուն չկարողացա ասել. ի վերջո, բժիշկը մեկ օրգանի հիվանդության գծով մասնագետ չպետք է լինի, պետք է քաջ իմանա մարդու օրգանների փոխկապակցվածությունը, կարողանա պարզել բոլոր պատճառահետևանքային կապերը և նոր միայն եզրակացություն անել։ ՈՒշադիր լսելուց հետո Կարաբաջակյանն ինձ համապատասխան հետազոտություն նշանակեց, որի տվյալների հիման վրա պետք է ճշտվեր բուժումներ նշանակել-չնշանակելու հարցը։
Շնորհակալություն հայտնելուց հետո պետք է ոտքի ելնեի, հրաժեշտ տայի, իսկ ես դանդաղում էի։ Զգալով հապաղելս՝ բժշկուհին հետաքրքրված, հարցական նայեց ինձ, որ նշանակում էր՝ ուրիշ ի՞նչ խնդիր կա։
-Որտեղացի՞ են Ձեր ծնողները։
Որևէ թերթի համար հարցազրույց վարելիս միշտ առաջինն այդ հարցն եմ տալիս զրուցակցիս, համոզված, որ այն նրան կտրելու է առօրյայից, արթնացնելու է թանկ հուշեր, տրամադրելու անկեղծ զրույցի։
Ի պատասխան՝ բժշկուհու տաքուկ հայացքում զարմանք երևաց։ Ներկայացա։ Ասացի, որ ընդունելության սպասող կանանց՝ իր հասցեն ասված շնորհակալ խոսքերն են այցելությանս պատճառը։ Զարմանք, շփոթմունք խառնվեցին իրար։ Լուռ էր։ Հետո որոնող հայացքը կտրվեց գրասեղանին դարսված հիվանդության պատմություններից, սահեց պատուհանից դուրս՝ ասես հորիզոնի հեռու մի կետում փնտրելով կարևոր մի բան, հետո գոհունակ-հպարտ շեշտումով ասաց.
-Նախնիներս պոլսահայեր են եղել։
Քիչ մնաց գոչեի՝ պոլսահայե՜ր... Ահա՛ թե ինչու էր այդքան ծանոթ նրա ժպիտը։ Հիշողությանս խորքից արթնացան մանկությանս թաղի սիրելի, հարազատ դեմքեր, պատկերներ, որ նյարդային այս օրերի ճնշումով հետ էին քաշվել, տրվել «մոռացության»։ Նրանք՝ մեր թաղի ախպարները, հայրենիք էին ներգաղթել տարբեր երկրներից և տեղացիներից տարբերվում էին կյանքը, երևույթները գնահատելու իրենց ուրույն մտածողությամբ, ապրելակերպով, կենցաղով, տարբեր արհեստների տիրապետելու շնորհներով և ընդհանուրից տարբերվող անհանգիստ, վառ երևույթով։ Նրանք, ասես ինչ-որ հրաշքով, «Տժվժիկ» ֆիլմից էին հայտնվել մեր թաղում՝ հատկապես հետպատերազմյան տարիների երեխաներիս շքեղությամբ չփայլող կյանքում ուրախության կայծեր սփռելու համար։ Ջերմ, սրտաբուխ էին վաղ առավոտյան ակացիայի ծառի տակ մեկ գավաթ բուրավետ սուրճի առջև ոսկեղենիկ արևմտահայերենով նրանց վերհուշ զրույցներն իրենց հոնդեղի մասին, որտեղից եկել էին։ Քարոզչական խոսքերը՝ թե որքան բարեկեցիկ կյանք է սպասում իրենց մայր Հայաստանում, չէին համապատասխանել իրականությանը, և խաբվածության զգացումը չէր լքում նրանց։ Ի՜նչ բարեկեցության մասին կարող էր խոսք լինել անասելի կորուստներ կրած, զավակներ կորցրած հետպատերազմյան մեր հայրենիքում։ Իրենք՝ մեր ախպարներն էլ, դա քաջ գիտակցում էին ու իրենց հոնդեղի կյանքի գերազանցությունը մեր այստեղի հետ համեմատելու անփոփոխ թեման վերջապես սպառելով՝ դժգոհությունը մի կողմ հրելով, ժպտում էին։ Հատկապես մեզ՝ երեխաներիս, նայելիս նրանց ժպիտը դառնում էր տաք, կմշտող, խածնող, ու մենք ուրախությամբ վազում էինք փողոցի ծորակից նրանց համար ջրամանով թարմ ջուր բերելու։ Եվ հիմա, այսքան տարիներ անց, նրանց՝ իրենց նախնիների հայկական հեռուների կարոտով պարուրված հոգիների ջերմությունը տեսա, զգացի Կարաբաջակյան ազգանունով բժշկուհու հայացքում։ Այդ հայացքում ուրիշ՝ ոչ պակաս կարևոր մի բան էլ կար՝ հիվանդի հանդեպ այն ջերմագին վերաբերմունքը, որ կար խորհրդային ժամանակ, որը մոռացության տրվեց, անտեսվեց, իմաստազրկվեց։ Թող ներողամիտ լինեն խորհրդային անցյալն անվերապահորեն վատաբանողները, բայց կար դա՝ խորհրդային բժիշկների, բուժաշխատողների՝ հիվանդի հանդեպ հոգածու, հարազատորեն ջերմ վարվեցողությունը՝ անկախ հասարակության մեջ նրա զբաղեցրած դիրքից, պաշտոնից, առավել ևս՝ վճարունակության աստիճանից։ Այսօր մեր կյանք ներխուժած, գնալով խոր արմատներ գցող խորթ բարքերը աղճատել, աղճատում են մեր ազգային նկարագիրը, օտարացնում ինքներս մեզնից։
Աշխատանքային ժամն ավարտվել էր։ Միջանցքի աթոռներն ազատ էին։ Սպասողներ չկային։ Թագուհի Կարաբաջակյանը հանգիստ, խաղաղ, կարոտով պատմեց ծնողների մասին, ապա ամուսնու մասին, որը նույնպես բժիշկ է, այդ ժամանակ՝ ատոմակայանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Ահա այստեղ է, որ խոսքս կցկտուր է հնչելու... Որովհետև կատարվեց անհավանական բան՝ ոչ մեծ, դեղնավուն ընդհանուր տետրը, որտեղ գրառել էի բժշկուհու հետ զրույցս, անհետացավ, անհետացավ մեր տան մեջ։ Սկզբում վստահ էի, որ այն ապահով տեղ եմ դրել՝ գրառումների տետրերով լի դարակներից մեկում, և, անշուշտ, գտնելու եմ։ Բայց երկար տարիների ընթացքում կատարած բազմաթիվ գրառումներով լի արկղերի պարունակությունը տետր առ տետր, թերթ առ թերթ նայելով՝ կրկին դասավորելով իրենց տեղերում, մտահոգությունս վերաճեց տագնապի։ Մայրս լավ պահած մի բան չգտնելով՝ խեղճացած ասում էր՝ թև՞ առավ, թռա՜վ... Երկար որոնեցի։ Տնեցիները երբեք ձեռք չեն տալիս տարիների ընթացքում կուտակված իմ նյութերին, անփութության մեջ չէի կարող կասկածել նրանց։ ՈՒ շարունակում եմ որոնել և որոնելու ամբողջ ընթացքում ասես չարաճճի մի հայացք եմ զգում վրաս։
Թվում է՝ դեղնավուն տետրը մոտ, շատ մոտ մի տեղից հետևում է ինձ ու հրճվում հուսահատությանս վրա, չափում է համբերությանս սահմանը, որպեսզի հետո՝ իր հորինած խաղից ձաձրացած, մի օր ձայն տա ինձ. «Հե՜յ, այստեղ եմ...»։ Ով ապրել է այս ճնշող վիճակը, կհասկանա ինձ։ Ոչ, չեմ արդարանում, մեղավորության զգացումը հանգիստ չի տալիս։ Հիմա կհարցնեք՝ առանց բժշկուհու հետ զրույցի տվյալների՝ ինչու՞ գրեցի այս պատմությունը։ Պատճառը հարևանուհիս է՝ Ազատուհի Էմեքսեզյանը։ Ի դեպ, նրա հորական պապը նույնպես պոլսահայ է եղել։ Մի քանի օր առաջ առավոտյան սուրճ խմելիս պատմեց ողնաշարի վիրահատությունից հետո ծագած բարդությունների մասին։ Այլևս չդիմանալով ցավերին՝ գնացել է թիվ 19 պոլիկլինիկա։ Նախքան հարցեր տալը, թերապևտը չափել է արյան մեջ շաքարի առկայության չափը։ Պարզվել է՝ այն նորմայից շատ բարձր է եղել, և բժշկուհին Ազատուհուն ուղարկել է էնդոկրինոլոգի մոտ՝ հանգամանալից հետազոտվելու համար։
-Երեք էնդոկրինոլոգ կա, որի՞ մոտ գնամ,- հարցրի բժշկուհուն,- ասաց. «Որին կամենաք»։ Հերթով բացեցի երեքի աշխատասենյակների դռները։ Նրանցից մեկը, որ ավելի հասուն տարիք ուներ, գրավեց իր հայացքի հանգստությամբ։
Անհամբեր ընդմիջեցի խոսքը.
-Կարաբաջակյանի՞...
Ազատուհին զարմացավ.
-Ի՞նչ իմացար։
Ոգևորված պատմեց, թե բժշկուհին որքան հոգատար, ուշադիր է եղել իր հանդեպ։ Երկար, մանրամասն, առանց շտապելու հետաքրքրվել է իր հիվանդության պատմությամբ, խորհուրդներ է տվել, ապա ուղարկել շաքարախտի լաբորատոր հետազոտման և գլիկոզացված հեմոգլոբինի ու թիերոտրոպ հորմոնը որոշելու թեսթ հանձնելու։ Պարզվել է՝ շաքարախտ ունի։ Կարաբաջակյանը բուժումներ է նշանակել։ Որոշ ժամանակ անց, երբ Ազատուհին գնացել է հերթական ստուգման, բժշկուհին նայել է նրա դեմքին և ուրախացած ասել.
-Երբ առաջին անգամ տեսա քեզ, սիրտս ճմլվեց, վիճակդ լավ չէր։ Հիմա տեսքդ հանգիստ է, պայծառացած։
Ազատուհին հիացած պատմում էր բժշկուհու մասին, իսկ ես ամաչում էի կորցրած տետրիս ու հարցազրույցից հետո լռությանս համար։ Իմ մտապատկերում կրկին հայտնվեցին երկար միջանցքի ծայրում աթոռների երկար շարքում նստած կանայք, հնչեցին բժշկուհու հասցեին նրանց հիացական խոսքերը։
-Իսկ եթե քեզ ասեն՝ մեկ բառով, մեկ նախադասությամբ բնորոշիր բժշկուհուն՝ ի՞նչը կկարևորես նրա նկարագրում,- հարցրի Ազատուհուն։
Առանց երկար մտորելու՝ ասաց.
-Հիվանդին համբերությամբ լսել կարողանալը։
Չգիտեմ ինչու, կրկին հիշեցի այն մյուս բժշկուհուն, ինձ ուղղված նրա անբարեհամբույր հայացքը, բայց այս անգամ արդեն կարեկցանքով, ներողամտորեն։ ՈՒ որոշեցի գրել բժշկուհի Կարաբաջակյանի մասին՝ առանց գրառումներիս տվյալների։
Դեղնավուն ընդհանուր տետրն անպայման գտնելու և ընթերցողին եմ ներկայացնելու Թագուհի Կարաբաջակյան բժշկուհու աշխատանքից հետո կյանքը, նրա սերը, հոգատարությունն ամուսնու, զավակների, թոռների հանդեպ, սերը հայրենիքի հանդեպ՝ հոգու բոլոր նրբերանգներով։ Եվ թող «հայրենասեր» բառը ժամանակավրեպ համարողները, ներողամիտ-երկիմաստ չժպտան, հենց իրենք են իմաստազրկել այդ բառի խորիմաստը։
Քաջառողջություն Թագուհի Կարաբաջակյանին՝ ավելի շատ մարդկանց առողջություն պարգևելու համար։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ