Նրա սխրանքը խորհրդանշող հուշակոթողը կանգնեցված է Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղ տանող ճանապարհի աջակողմում ՝ մայրամախոտի, խատուտիկի և ուրցի բույրերով պարուրված բարձրադիր վայրում։ Ամրոց աշտարակը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնությունը։ Աշտարակի կամարի տակ հասակով մեկ խրոխտ կանգնած է Արցախյան ազատամարտի հերոս ՊԵՏՐՈՍ ԱԲԱՋՅԱՆԻ արձանը։ Նախքան հուշարձանին հասնելը հայ ազգային-ազատագրական պայքարի երևելի հերոսների՝ Զորավար Անդրանիկի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չավուշի, Գարեգին Նժդեհի դիմաքանդակներն են, որ խորհրդանշում են անվախճան ժամանակի մեջ հայ ժողովրդի պայքարի աննկուն ոգին։ Այդ ոգու կրողն էր և 20-րդ դարավերջի սերունդը, որ կարողացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն իրականություն դարձնել՝ Արցախյան ազատամարտում հայոց հողեր ազատագրել։ Հեշտ չկայացավ հաղթանակը, այն նվաճվեց հազարավոր խիզախ հայորդիների արյան գնով։ Նրանցից մեկը էրզրումցի պապերի արժանավոր ժառանգ, վարևանցի Պետրոս Աբաջյանն էր։ Ցավոք, խիզախ տանկիստը զոհվեց պայքարի կեսճանապարհին, չտեսավ բաղձալի հաղթանակի օրը։ Հուշակոթողից ձախ 469 համարանիշը կրող տանկն է, որը խորհրդանշում է տանկիստ Պետրոս Աբաջյանի սխրանքը։ Քիչ այն կողմ եկեղեցին է՝ հայի հավատի ամրոցը, ինչպես իր զգայուն գրչով բնորոշել է բանաստեղծ Վահան Թոթովենցը. «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգուս...»։
Հուշահամալիրն ու եկեղեցին կառուցվել են 1993 թ.՝ Պետրոսի հոր՝ Միքայել Աբաջյանի միջոցներով։ Նրան օգնել, աջակցել են կարող հայրենասեր անհատներ։ Կոթողի հեղինակը երևանցի տաղանդավոր քանդակագործ Յուրա Մինասյանն է։ Դեռ հեռվից տեսնելով հուշահամալիրի պատկերը, զգում ես, որ հեղինակը հոգու խոր ապրումով ու թրթիռով է դրվագել հերոսի սխրանքն անմահացնող կոթողի յուրաքանչյուր դրվագը, որոնց ձույլ համանվագը հայ ժողովրդի հավաքական ուժն է մարմնավորում։
Ամեն տարի հուլիսի 5-ին՝ Պետրոս Աբաջյանի զոհվելու օրը, համագյուղացիները, դպրոցի ուսուցիչները, համադասարանցիները, Երևանում, Ռուսաստանի Դաշնությունում ապրող հարազատները, Պետրոսի սխրանքին տեղյակ հայրենանվեր սրտեր սիրով այցի են գալիս Վարևան՝ մասնակցելու խիզախ հայորդուն նվիրված հիշատակի արարողությանը, ով դժվարին ժամին օգնության փութաց հայ մարտիկներին և զոհվեց հայոց Արցախի ազատության համար մղվող դաժան մարտերից մեկում։
...1996 թ. հուլիսին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքների միության հրավերով ինձ նույնպես հնարավորություն ընձեռվեց մասնակցելու դեպի Վարևան ուխտագնացությանը։ ՈՒրախությունս կրկնապատկվեց, երբ Ախալքալաք մեկնողների խմբում տեսա ազատամարտիկների սիրելի Կոմանդոսին՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին։ Մինչ ճանապարհ ընկնելը՝ հպանցիկ զրույցում իմացա, որ տանկիստ Պետրոս Աբաջյանը եղել է նրա զինվորը, կռվի ճակատագրական պահերին՝ միշտ կողքին։ Անհամբեր էի ավելին իմանալու, և երբ երկար Ճանապարհի կեսին վարորդը ոլորանն անցնելուց հետո կանգնեցրեց ավտոբուսը, որ մարդիկ իջնեն, թարմանան, շնչեն դաշտի ծաղիկների բույրն ու մեղմ քամու շունչը, որսալով պահը՝ մոտեցա մեկուսի կանգնած գեներալին և խնդրեցի պատմել Պետրոսի մասին։ Այլայլվեցի, երբ նրա աչքերում արցունք հայտնվեց։ Ի՞նչն էր, որ այդպես ալեկոծեց ազատամարտի մասնակիցների գնահատականներում իրատես, չափազանցություններ չընդունող գեներալին։
-Մարտակերտի բարդ, ճակատագրական օրերին ամբողջ ժամանակ Պետրոսի հետ եղել ենք կողք կողքի։ Հակառակորդը զինուժով և զինտեխնիկայով գերակշռում էր։ Չնայած անհավասար ուժերին՝ Պետրոսը կռվում էր անվախ, հանգիստ, հավասարակշռված։ Ցավոք, կատարվեց անսպասելին։ Երբ դուրս եկավ զննելու հակառակորդի զբաղեցրած դիրքերը, տանկից արձակված արկը պայթեց նրա կողքին։ Հերոսաբար ընկավ թեժ մարտում՝ ինչպես վայել է հայրենիքի նվիրյալ զինվորին։ Այն մեկ ամիսը, որ Պետրոս Աբաջյանը կռվեց ինձ հետ, հավասարազոր էր տասնյակ կյանքերի սխրանքի։ Այդ կենսուրախ, եռանդուն երիտասարդն ամենից շատ սիրում էր ճշմարտությունը և Հայաստանը։
Երբ հասանք Վարևան, Պետրոս Աբաջյանի հայրական օջախում հավաքված համագյուղացիները, ոգեշնչված Կոմանդոսի ներկայությունից, վերհիշեցին Արցախյան ազատամարտի դժվարին տարիները՝ հպարտությամբ հիշատակելով, որ վարևանցի երիտասարդը ևս անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատության համար մղված պայքարում։ Ամեն ոք Պետրոս Աբաջյանի իր կերպարն ուներ։ Հիշում էին հետաքրքիր պահեր նրա մանկությունից, դպրոցական տարիներից։ Իրենց սրտինն ասելու անհամբերությունից՝ բարձր, հնչեղ ձայնով, միմյանց ընդհատելով՝ հետաքրքիր հուշեր էին պատմում Պետրոսի մասին։ Ես աննկատ սղագրում էի նրանց պատմածները, և աստղազարդ գիշերվա ցոլքերի մեջ, որպես մի նոր աստղ, պատկերվում էր Պետրոս Աբաջյանի լուսավոր կերպարը։ Հայրը, որ երկար ներամփոփված լսում էր որդու մասին պատմությունները, երբեմն ձեռքի ափով աննկատ սրբում էր թաց աչքերը։ Զգալով՝ որքան հետաքրքրված եմ լսում մարդկանց զրույցը, փորձեց հաղորդակից դարձնել իր ապրումներին.
-Որդուս դաստիարակել եմ Րաֆֆու «Սամվելի» հայրենասիրական ոգով։ Պետրոսն ազնիվ, բարի, բոլորի հանդեպ սրտացավ տղա էր։ Անարդարություն չէր սիրում։ Մեծ սեր ուներ գիտության, գրականության հանդեպ։ Զինվորական ծառայությունն անցավ Օդեսայի մարզում։ Տանկային բրիգադում խորությամբ տիրապետեց նորագույն տանկային տեխնիկային։
Զորացրվելուց հետո Պետրոս Աբաջյանն ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը։ Հինգերորդ կուրսում էր, որ մի օր հեռուստացույցով լսում է արցախցիների դիմումը հայորդիներին՝ Արցախում օրհասական իրավիճակ է, տանկիստներ են պետք... Առանց հապաղելու, անմիջապես մեկնում է Արցախ, ստանձնում S-72 տանկի հրամանատարությունը, իր տանկով մասնակցում Չլդրանի, Կարմիրավանի, Կուսապատի պաշտպանական մարտերին, ոչնչացնում հակառակորդի մի քանի տանկ, զրահամեքենա, մեծաթիվ զինուժ։ Օրհասական պահին իր տանկի կրակով կասեցնում է թշնամու առաջխաղացումը, որպեսզի Մարտակերտի բնակչությունը կարողանա դուրս գալ կրակագծից։
Քիմիայի ուսուցիչ Պետրոս Ստեփանյանը սրտառուչ մի երանգ է ավելացնում Պետրոսի դիմանկարին.
-Ավտոմեքենան միշտ փայլում էր մաքրությունից։ Գյուղի ամենակոկիկ վարորդն էր։ Չեղավ մեկ օր՝ կոշիկների վրա փոշու հատիկ տեսնեի։
Պետրոսի քույրը՝ Լիզան, լրացնում է վաստակաշատ ուսուցչի ասածը.
-Կռվի դաշտ մեկնելիս էլ առաջինն ուսապարկի մեջ դրեց կոշիկի քսուքն ու խոզանակը։
Հոր մասին պատմում է գորովանքով, ջերմությամբ.
-Միջոց ու ջանք չխնայեց, որպեսզի Պետրոսի մահվան տարելիցին հուշակոթողն ավարտուն տեսք ունենա, վարևանցիները բացճակատ նայեն մարդկանց, աշխարհին։ Բացման արարողությունը տեղի ունեցավ 1993 թ. հուլիսի 21-ին։ Այդ օրը եղբորս՝ Մարտինին, արու զավակ ծնվեց։ Կոչեցինք Պետրոսի անունով։ Շատ էինք ուրախացել, առանձնակի խորհուրդ կար դրանում։ Չնայած առաջացած տարիքին՝ հայրս անպայման ուզում էր Անդրանիկ Զորավարի, Գարեգին Նժդեհի կողքին տեղադրել Վազգեն Սարգսյանի դիմաքանդակը։ Ասում էր. «Վազգենը մեծ ջանքեր գործադրեց հաղթանակի համար, ստեղծեց հայոց բանակը, ապահովեց զինտեխնիկայով, զենքերով»։ Վազգենի դիմաքանդակի հեղինակը նույնպես Յուրա Մինասյանն է։ Նրա հարազատները եկել են արվեստանոց, նայել ավարտուն քանդակը և շատ հավանել։
Իր նմանը չունեցող հուշակոթողի համար Յուրա Մինասյանին շնորհվել է Ախալքալաքի պատվավոր քաղաքացու կոչում։
Երբ հարցրի՝ ի՞նչն է եղել իր ստեղծագործության առաջնային գաղափարը, քանդակագործը պատասխանեց.
-Ձգտել եմ մարմնավորել անցյալի ու ներկայի հայոց մաքառումի ոգին...
Հաջորդ օրն առավոտյան ամբողջ Վարևանը հավաքվել էր Պետրոս Աբաջյանի հուշակոթողի շուրջը։ Գյուղաշխարհի մարդկանց պարզ հայացքներում հուզմունք կար ու օրվա խորհրդի գիտակցման հանդիսավորությունը։ ՈՒրախ էին, որ անձամբ Կոմանդոսն է եկել մասնակցելու իրենց Պետրոսին հիշատակի արարողությանը։ Ելույթ ունեցողների խոսքերում առկայծում էր խիզախ տանկիստի հզոր ոգին։ Կոմանդոսի բնորոշմամբ՝ Պետրոս Աբաջյանն աշխարհում ամենից շատ սիրում էր Ճշմարտությունը և Հայաստանը։
Օրը թեքվում էր դեպի իրիկնամուտ։ Չնայած վարևանցիների հորդորներին՝ ևս մեկ օր մնալ, մոտիկից ծանոթանալ իրենց կյանքի դրվածքին, խոստացանք կրկին այցելել և Պետրոս Աբաջյանի մարդկային նկարագրի ու հերոսական արարքի մասին պատմություններից ջերմացած սրտով ճանապարհ ելանք։ Նախքան մայրամուտը՝ մեր ուշադիր վարորդը կրկին ավտոբուսը կանգնեցրեց մեղմ հովից ալիքվող կանաչ դաշտի եզրին։ Հովի շնչից բազմագույն ծաղիկները խոնարհում էին գլխիկներն ու ասես շշնջում՝ Չլդրան, Վաղուհաս, Հոռաթաղ, Կուսապատ, Կարմիրավան անուններն այն վայրերի, որտեղ արյունալի մարտեր էին ընթացել, որտեղով անցել էր խիզախ տանկիստ Պետրոս Աբաջյանի տանկը...
Ծփացող ծաղկապատ դաշտին նայելիս մտածեցի՝արդյոք ի՞նչ ծաղիկ է սիրում Շուշին ազատագրող գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը։ Հարցրի, ժպտաց.
-Դաշտային երիցուկներ...
Իր նկարագրին համահունչ սրտառուչ բան կար այդ պատասխանում։ Ոչ փթթուն վարդեր, թրաշուշաններ, տարաշխարհիկ անուններով շքեղ ծաղիկներ, այլ մայր բնության գրկում աճած պարզ, անպաճուճ երիցուկներ։ Ես մտովի նրան նվիրեցի Ջավախքի դաշտերում ծաղկած բոլոր երիցուկներն ու Արցախ աշխարհի անտառապատ լեռների բոլոր ծաղիկները, որտեղ դեպի բարձունքներ տանող արահետները դեռ պահում են զոհված քաջերի ոտնահետքերը։
Որքան էլ օրեր, տարիներ անցնեն, իմ մտապատկերում անջնջելի կմնան պատերազմների դաժան բովով անցած, Շուշին ազատագրած գեներալի և Պետրոս Աբաջյան որդի ունեցող հոր՝ այր մարդու ծանր արցունքները. կորուստներ կան, որոնց ցավից անգամ ժայռերն են արտասվում... Հայրենիքի խաղաղ առավոտների համար Պետրոս Աբաջյանն ու իր պես հազարավոր խիզախ հայորդիներ գնացին մահ իմացյալի ճամփով, որ թշնամին չզավթի մեր հողը, և խաղաղ լինեն բացվող առավոտները։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հ. Գ. ՀՀ Նախագահի՝ 2002 թ. հունիսի 1-ի հրամանագրով Պետրոս Միքայելի Աբաջյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։ Պարգևը հուլիսի 5-ին Պետրոս Աբաջյանին նվիրված հանդիսության ժամանակ Աբաջյան ընտանիքին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։