Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
10.04.2020 | 13:58
Մեր պատշգամբի հարցով դատական քաշքշուկների պատմությունը առիթ դարձավ, որ ես կարողանամ վերլուծել ու հասկանալ, թե իրականում այսօր ինչ է տեղի ունենում մեր դատաիրավական համակարգում, որտեղ է արդարությունը և ինչ բարձունքների է հասել հայկական արդարադատությունը, թե մեր կյանքում ինչ կարևոր դեր ու նշանակություն է ձեռք բերել համակարգային կոռուպցիան, որը, ի տարբերություն խորհրդային ժամանակների երկչոտ կաշառակերների, համալրվել է մարտնչող ու ոչ մի դոլար չզիջող չինովնիկներով, դատավորներով ու ոստիկաններով:
Հելիոֆիկացիայի ծրագիրը կյանքի կոչելուց բացի, իմ հաջորդ կարևոր խնդիրն եմ համարում դատաիրավական համակարգում ձևավորված կոռուպցիայի ողնաշարը ջարդելու գործը՝ նրան զրկելով կոռուպցիոն գործող սխեմաներից՝ ի ցույց հայրենական իշխանությունների, նրանց բացատրելով, թե ինչպես է պետք աշխատել ու ռեալ արդյունքների հասնել:
Դատավոր Ռուբեն Ներսիսյանի հետ իմ հեռակա շփումները շատ կարևոր փաստեր արձանագրեցին ու կարևոր եզրահանգումների բերեցին: Նախ, դատավորը տեսավ, որ մեր հարցում մերկ ձեռքերով ցանկալի արդյունքի հասնել չի լինի: Կաշառք ստանալու հեռանկարը հեռանկար, բայց փաստերի ու ապացույցների բազան երկու ոտքով է կաղում, պետք է լրացուցիչ փաստեր ու ապացույցներ «հայթայթել»: Նախնական հանցավոր համաձայնության գալով` նա ընդունում է մեր հայցվորի փաստաբան Էլզա Կոստանյանի հետևյալ միջնորդությունը. որոշել Մոսկովյան 21/9 բնակարանի պատշգամբի սեյսմակայունությունը՝ ՀՀ փորձաքննությունների ազգային կենտրոնի օգնությամբ, քանի որ «այստեղ մասնագիտական գիտելիքներ են պետք»: Իհարկե, այդ կենտրոնը սեյսմակայունության վերաբերյալ մասնագիտական ծառայություններ մատուցել չի կարող, իր գործառույթների մեջ նման բաներ չկան, ուղղակի դրա կենտրոնը չէ և, բացի այդ, պատշգամբային հարթակի սեյսմակայությունը որոշելու խնդիրը կոռեկտ չէ, չի կարելի որոշել բետոնե հարթակի, աթոռի, սեղանի կամ առանձին վերցրած կոմպյուտերի սեյսմակայունությունը: Սեյսմակայունությունը որոշում են շենքերի, շինությունների ու առանձին բազմաբաղադրիչ կառույցների համար, դրա համար կան հատուկ մասնագիտացված ծառայություններ, դրանց է պետք դիմել, բայց դատավոր Ներսիսյանը ընտրեց տարիներով փորձված ու քննություն բռնած ճանապարհը՝ ընդունելով միջնորդությունը և դատարանի որոշումով այն ուղղորդեվ ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ին: Իր մեկ այլ որոշումով դատավոր Ներսիսյանը փորձաքննությունը կասեցրեց անորոշ ժամանակով: 6 ամիս անց դատավորը տեղեկացնում է, որ ստացվել է ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական եզրակացությունը և ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործով դարձյալ նիստ է նշանակվել:
Դատարանից ստացա այդ փորձագիտական եզրակացությունը, և առաջին տարակուսանքս հետևյալն էր. ի՞նչ հիմքերով են սկսվել փորձագիտական հետազոտությունները, եթե փորձագիտությունը կասեցնելուց հետո չկա փորձագիտական հետազոտությունները վերսկսելու որոշումը, իսկ փորձագետը չի ներկայացել փորձագիտության վայրը: Փաստորեն փորձագետը ինքնուրույնաբար որոշել է շարունակել փորձագիտական հետազոտությունները և գործը ներկայացրել է դատարան, հանուն ինչի՞: Ես բողոքարկեցի փորձագիտական եզրակացությունը, որի մեջ տենդեցիոզ բնույթի ակնհայտ սխալներ կային, չնայած նրան, որ առկա էր փորձագետի հետևյալ պարտավորությունը. «Ինձ՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակից՝ Հ. Ավետիսյանիս, բացատրված են փորձագետի իրավունքներն ու պարտականությունները, որոնք նախատեսված են ՀՀ քաղ. դատ. Օրենսգրքի 45 հոդվածով: Ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քր. օր-ի 338 հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված եմ: Փորձագետ Հ. Ավետիսյան»:
Որոշեցի դիմել ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանին առ այն, որ փորձագիտական եզրակացության անվան տակ ներկայացված են հայցվորի տեսակետը ներկայացնող նյութերը, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ահա ՊՈԱԿ-ի պատասխանը. «Ձեր 09/01/2017թ. գրության կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փորձագետի եզրակացությունը դատարանում համարվում է ապացույց»: Որպես բազմափորձ փորձագետի, ռազմական տեխնիկայի բնագավառում խորհրդային փորձագիտական շկոլայի հիմնադիրներից մեկի, այդ պատասխանը ընդունեցի, որպես ինքնագովազգ՝ ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ի հանցավոր ծառայությունների մասին, որը կարելի է հասկանալ հետևյալ կերպ. «մեր եզրակացությունները դատարաններում քար են ծակում, տվեք մեր պահանջած կաշառքը, և կստանաք ձեզ համար ցանկալի փաստերն ու ապացույցները»: Իհարկե, ՓԱԲ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը կարող էր այդքան անլուրջ ու թեթևամիտ ձևով չվերաբերվել իմ առարկություններին, պարտավոր էր սեփական ուժերով նոր փորձաքննություն նախաձեռնել, ստուգել փորձագետ Հրանտ Ավետիսյանի տված եզրակացության ճշմարտացիությունը, գնահատել ու վեր հանել եղած կոռուպցիոն ռիսկերը, որոնք բաց տեսքով մեջբերված են փորձագիտական եզրակացության մեջ: Բայց կոռուպցիայի մեջ թրծված ու բովված այդ չինովնիկներին բան հասկացնելն ավելորդ էր, հնարավոր հանցանքի վերաբերյալ բողոքս ուղարկեցի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պատասխանը ստացա ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ս. Զոհրաբյանից. «Վահան Համազասպյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քր. գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառով»: Այստեղ էլ են աշխատում իրենց գործերի վարպետները, սարսափելի չափով մասնագիտացված են, սրանք էլ են անդրդվելի կեցվածք ընդունել:
Ճիշտ է, ոչ մի արդյունքի չհասա, ոչ մի բան չտացվեց, բայց ոստիկանության Մալաթիայի բաժնից շատ կարևոր ինֆորմացիա ստացա: Գործը վարում էր ոստիկանության ավագ լեյտենանտ Արմենուհի Ասրյանը, համեստ ու գրագետ մի անձնավորություն, օրինակելի ու ազնիվ մի մասնագետ, որի հետ զրուցելն արդեն հաճելի էր և ուսանելի:
-Ինչու է մեր գործը քննվում ոստիկանության Մալաթիայի բաժնում, եթե ես բնակվում եմ «Կենտրոն» վարչական շրջանում,- հարցին նա պատասխանեց:
-Որովհետև ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ը մեզ հետ գտնվում է միևնույն վարչական շրջանում, նրանց հետ կապված բոլոր գործերը մենք ենք քննում:
Արմենուհին խնդրեց, որ իրեն տրամադրեմ փորձագիտական եզրակացության իմ օրինակը, ինչու՞ իմը, եթե այն պարտավոր է տրամադրել փորձագիտական կազմակերպությունը:
-Իրենցից խնդրել եմ, չեն տվել:
Սա արդեն հետաքրքիր էր, փորձագիտական բյուրոն հրաժարվել է ոստիկանությանը տրամադրելուց փորձագիտական եզրակացությունը և խնդրին վերաբերող բոլոր անհրաժեշտ նյութերը, ինչու՞: Ես տվեցի իմ օրինակի պատճենը, որը դատարանից էի ստացել, ու շարունակեցինք մեր գործի քննությունը: Մի քիչ անց իմացա երկրորդ կարևոր նորությունը: Օրը շաբաթ էր, մեկը մյուսի հետևից Արմենուհու սենյակ էին մուտքուելք անում ոստիկանության մի քանի երիտասարդ սպաներ, պարապությունից ու ձանձրույթից չգիտեին ինչ անել: Նրանցից մեկը հետաքրքրվեց.
-Արմենուհի, ի՞նչ գործ ես քննում:
-Հե՛չ, սխալ փորձաքննություն է:
-Ինչպե՞ս թե հեչ,- զարմացած միջամտեցի ես,- միթե սա առաջին նման դեպքը չէ:
-Չէ՛, նման դեպքերը շատ են:
-Որքա՞ն շատ:
-Չեմ կարող ասել, ծառայողական գաղտնիք է:
Բայց ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողական գաղտնիքը արդեն ասվել էր, ինձ հայտնի էր դարձել, չգիտեմ միամտությունից, անփորձությունից, թե երիտասարդ կնոջ ընտանեկան ազնիվ դաստիրակությունից էր դա գալիս, հայտնի չէր, բայց ես հասկացա, որ սխալ փորձաքննությունները Մալաթիայի բաժնով գալիս ու անցնում են հորդառատ գետի նման այնպես, որ քանակը արդեն որակ է տվել ու դարձել շատ, հավանաբար շատ շատ:
Հաջորդ հանդիպմանը Արմենուհին հայտնեց, որ այսօր գործը փակելու են, դատախազությանը ներկայացնելու ժամկետները վերջանալու վրա են:
-Ինչպե՞ս թե փակելու եք, Դուք փորձագետին դեռ չեք լսել:
- Չենք կարող, փորձագետը երկրում չէ:
-Փորձագետը չկա, բացատրություններ ստացեք փորձագիտական կենտրոնի տնօրենից կամ գործին տեղյակ պաշտոնյաներից, ի վերջո ես բողոքել եմ փորձագիտական կազմակերպության դեմ, դատախազությանը դիմեք, որ պատասխանի ներկայացման ժամկետները երկարաձգեն՝ մինչև փորձագետի վերադարձը:
-Չի ստացվի, չենք կարող:
Մեր զրույցի ընթացքում մի երիտասարդ սպա էր անընդհատ մտնում սենյակ ու ավագ լեյտենանտ Ասրյանին հիշեցնում.
-Արմենուհի, շուտ արա, վերջացրու, գրությունը տուր, պետը սպասում է:
Հասկացա, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում ոչ մի հետաքրքրություն կամ շահագրգռություն չկա սխալ փորձագիտական եզրակացությունը պրոֆեսիոնալ մակարդակով քննելու համար, ուղղակի ջուր են ծեծում ու հերթական ձևական պատասխանը պատրաստում: Հետո իմացա, որ փորձագետին երկրից դուրս էին հանել, կարելի է ասել փախցրել էին, որպեսզի սխալ փորձաքննության գործը ջրի երես դուրս չգա: Մեր դեպքի պատճառով էր, թե ոչ, բայց փորձագետին անմիջապես աշխատանքից ազատեցին: Ինձ չհաջողվեց պարզել նրան աշխատանքից ազատելու ձևակերպումը, փորձեցի այն պարզել իմ ծանոթ պետական պաշտոնյայի միջոցով, դարձյալ ոչինչ չստացվեց: Պաշտոնյան զարմացել էր.
-Այդ ի՞նչ եք արել դրանց գլխին, որ այդքան զայրացած ու բորբոքված են, ոչինչ չասացին:
Որոշ ժամանակ անց աշխատանքից ազատվեց նաև փորձագիտական ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը։ Սա արդեն վատ լուր էր, ինչը նշանակում է, որ գոյություն ունի կոռուպցիոն այդ կարևոր կառույցի հարցերը կարգավորող ստվերային մի թիմ, որը վտանգ է տեսել ու անհանգստացած է իմ պարզաբանումների առիթով, ամեն ինչ կարող է բացվել ու բացահայտվել: Եթե մեր մասնավոր դեպքն ընդհանրացնենք ու ընդունենք, որ սխալ փորձագիտական եզրակացությունները շատ են լինում, բայց այսպիսի անուշադրության են մատնվում ու, հետևաբար, անպատիժ են մնում, ապա կհանգենք հետևյալ եզրակացությանը. այստեղ կոռուպցիոն հանցավոր սխեմա է գործում, որի օղակներից երկուսն ինձ արդեն հայտնի են դարձել, դրանք են ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ը և ոստիկանության Մալաթիայի բաժինը, հնարավոր է նաև ՀՀ դատախազությունը, հետաքրքիր է, թե որո՞նք են կոռուպցիոն շղթայի մյուս օղակները և, ի վերջո, որ կետից է այդ շղթան կառավարվում ու ղեկավարվում: Այս հարցը պարզելու նպատակով դիմեցի հաջորդ պատկան մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտեին, պատասխանը ստացա ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Ա. Սարգսյանից. «Հայտնվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված Ձեր դիմումը ստացվել է ՀՀ ոստիկանության շտաբում և քննարկման համար ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն: Արդյունքների մասիմ Ձեզ կհայտնվի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից»: Թող հայտնվի, դեմ չեմ, բայց դա արդեն այնքան էլ հետաքրքիր չէ: Պատշգամբի պարզագույն կենցաղային թեթև հարցից ես հասա մինչև ՀՀ դատաիրավական համակարգում գործող կոռուպցիոն սխեմային, շատ բան իմացա ու հասկացա, որ մեր երկիրը հաստատուն քայլերով շարունակում է գնալ դեպի կործանում, առաջին հերթին, համակարգային կոռուպցիայի պատճառով, պետք է ինչ-որ ձևով դրա դեմն առնել:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ