«ԻՄ ՀՈԳՈՒՄ ՄԻՇՏ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»
Այս ամառ Հայաստանում և Արցախում հանդիսավորությամբ նշեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության անդամ, միջուկային քիմիագետ դոկտոր, պրոֆեսոր, գրող, գրաքննադատ, ռեժիսոր, թատերագետ, հասարակական գործիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը:
Հրանտ Մարգարյանը ծնվել է Իրաքի Բասրա քաղաքում: Ծնողները Վասպուրականից էին: Որպեսզի որդին համալսարանական կրթություն ստանա, ընտանիքով տեղափոխվել են Բաղդադ: 1962 թ. Իրաքի պետական կրթաթոշակով ուսումը շարունակել է Ամերիկայում: 1972-1994 թթ. աշխատել է «Բրիստըլ Մայըրս» դեղագործական ընկերությունում, եղել է Կոլումբիայի համալսարանի գիտաշխատող: 1994-2005 թթ. դասախոսել է Նյու Յորքի նահանգական համալսարանում:
Գիտությանը զուգընթաց՝ Հրանտ Մարգարյանն ուսանել է Նյու Յորքի «Սըրքըլ Ին ՏՀը Սքուեր» թատերական դպրոցում, Նյու Յորքի համալսարանի «Թիշ» արվեստի քոլեջում և «Շրայպըր» թատերական ստուդիայում: Նրա դերասանական տաղանդն առաջին անգամ դրսևորվել է Իրաքի Բասրա քաղաքում՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ բանաստեղծի դերը խաղալիս:
Առաջին բանաստեղծությունը՝ «Այն տղան» վերնագրով, տպագրվել է Բաղդադի «Գոյամարտ» շաբաթաթերթում՝ Հ. Զարմիկ ծածկանունով: 1958 թ. Բաղդադի «Հայ երկսեռ երիտասարդաց միության» ակումբում հանդես է եկել իր առաջին բեմադրությամբ: 1958-1961 թթ. բեմականացրել է Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները, Ռուբեն Սևակի «Ջարդի խենթը», Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն»: 1964-1968 թթ. «Հայ գրականության բարեկամների միության» համար Ռուբեն Սևակի «Ջարդի խենթ»-ից բացի բեմականացրել է նաև Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը», Հակոբ Պարոնյանի թատերական պատկերները:
1967 թ. հիմնել է Նյու Յորքի Հայ մշակութային միության «Մասիս» թատերախումբը, որը հետագայում վերանվանվել է «Համազգային թատերախումբ», որի ղեկավարն է առայսօր: 2005 թ. հիմնադրել է Նյու Ջերսիի Համազգային պատանեկան թատերախումբը:
Որպես Համազգային hայ կրթական և մշակութային միության նվիրյալ՝ տասնամյակներ շարունակ մշակութային, թատերական, մանկավարժական մեծ աշխատանք է կատարել Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում, նպաստել հայ մշակույթի պահպանմանը: Հեղինակ է 10-ից ավելի գրքերի, բազմաթիվ թատերգությունների: Իր ստեղծագործություններում արծարծել է ամերիկահայ ժամանակակից կյանքին բնորոշ ազգային, հոգեբանական խնդիրներ: ՀԳՄ և Արցախի գրողների միության անդամ է: Խմբագրել է Հայաստանի ժամանակակից դրամատուրգների՝ անգլերեն թարգմանված գործերը: Արժանացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության «Ոսկե մեդալի», ՀՀ նախագահի «Մովես Խորենացի», Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալների, Հայաստանի գրողների միության «Լավագույն դրամատուրգ» մրցանակի:
Գրողի հոբելյանին նվիրված մեծ հանդիսություն էր կազմակերպել Երևանում Համազգային հայ կրթական և մշակութային միությունը: Այդ օրը ելույթ ունեցան Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կ. վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը և ուրիշներ: Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի դպրոցականները հանդես եկան Հրանտ Մարգարյանի բանաստեղծությունների արտասանությամբ, ցուցադրվեց նրա գիտական, ստեղծագործական, հասարակական գործունեության մասին ֆիլմ: Դիպուկ էր Մկրտիչ Մկրտիչյանի՝ Հրանտ Մարգարյան հայ տեսակի՝ տասնամյակներ շարունակ անխոնջ գործունեության, բացառիկ կենսունակության բնորոշումը. «Այսօր ես ֆիզիքապես կը նմանիմ իրեն, իսկ ինք մնացած է այն, ինչ որ էր ատենին: Վերջերս միայն սկսած է իր տարիքը որոշ չափով մատնող պատուաբեր գավազան մը գործածել. ատիկա կուգայ Խրիմյան Հայրիկի տիպարը երկրագունդին մակէրեսին վրա գտնուող տեսանելի այն աներեւոյթ համայնքներին ներկայացնելու հաճելի ինքնապատրանքէն: Ան Միացյալ Նահանգներու արեւելեան շրջանի Համազգայինի սիւներէն եղած է տասնամյակներ շարունակ եւ մինչև այսօր կը շարունակէ իր այդ դերակատարութիւնը. թէ՛ 90-ական թուականներուն շարունակաբար երկու շրջան Համազգայինի կեդրոնական վարչութեան անդամակցուած է, թէ՛ առիթը ստեղծուելուն պէս հայրենիք առաջին վազողներէն եղած է, թէ՛ մանաւանդ՝ Հրանդ Մարգարեանը տարիներ շարունակ հանդիսացած է Համազգայինի կողմէ «ֆորում» կոչուող ուսանողական տարեկան հաւաքին ղեկավար շարժակը՝ իր կեանք տուող խանդավառութիւն սերմանող ղեկավարութեամբ»:
Արցախի գրողների միության նախաձեռնությամբ՝ Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված գրող, բեմադրիչ դերասան Հրանտ Մարգարյանին: «Դժվար է Սփյուռքում լծվել հայապահպանության գործին և ամուր կապ ունենալ հայրենիքի հետ: Ճշմարիտ բանաստեղծ է նա, ով նոր ճանապարհ է ստեղծում: Հրանտ Մարգարյանի ստեղծած ճանապարհը վերադարձել է հայրենիք,- իր ելույթում նշեց Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:
-Ծնվել եմ Իրաքում, ապրել ԱՄՆ-ում, բայց իմ հոգում միշտ Հայաստանն է,- մեր զրույցի ժամանակ ասաց Հրանտ Մարգարյանը,- ամեն տարի գալիս եմ: Կատարվեց ամենաբաղձալին՝ մայիսին դարձա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիրս ինձ հանձնեցին հանդիսավորությամբ: Երջանկություն է 80-ամյա հոբելյանս Հայաստանում նշելը:
«ԴՈՒ ՏՈԿԱՑՈՂ ՈԳԻ ՄԸ ՈՒՆԻՍ, ՈՐՈՎ ԿԱՊՐԻՍ ՈՒ ԿԸ ՄՆԱՍ»
ՀՕՄ-ի Հրազդանի «Շուշան Պահլավունի» մասնաճյուղը դեռևս երկու տարի առաջ էր հանդիպում կազմակերպել գրողի հետ քաղաքի մարզային գրադարանում: Այս ամառ նույնպես հրազդանցիները նրա հետ հանդիպելու յուրօրինակ հնարավորություն ունեցան՝ ծննդյան ու գրական գործունեության հոբելյանների առթիվ վաստակաշատ գրողը, որպես ինքն իրեն նվեր, Կոստան Զարյանի անվան մանկական արվեստի դպրոցում հրազդանցի երիտասարդության համար հանդես եկավ «Խրիմյան Հայրիկ» մենախաղով, որի հեղինակն ու բեմադրիչն է նաև:
Դահլիճում ազատ տեղեր չկային: Ազդագրի կանչով եկել էին ոչ միայն աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, այլև երեխան գրկին երիտասարդ մայրեր, տարեց մարդիկ... Խորհրդավոր ակնկալիք ու սպասում կար բոլորի հայացքներում: Դահլիճի լուսավորությունն սկսեց աստիճանաբար նվազել ու մարեց... Թանձր խավարի միջից գավազանը ձեռքին հուշիկ քայլերով դեպի հանդիսատեսն առաջացավ հնօրյա սև տարազով պատկառազդու տարեց հոգևորականն ու սկսեց խոսել, և ընդամենը րոպեներ անց նրա պատկերավոր խոսքի կախարդական հմայքով հանդիսատեսը հայտնվեց հեռավոր անցյալում՝ 1820 թ. Վան քաղաքում, որտեղ ծնվել, հասակ էր առել Մկրտիչ Խրիմյանը, որի կերպարն էլ մարմնավորում էր ներկայացման հեղինակ Հրանտ Մարգարյանը: Զարմանալի, զմայլելի հայերենով Խրիմյանն սկսեց պատմել իր դժվարին կյանքի պատմությունը՝ միահյուսված 19-րդ դարում Արևմտյան Հայաստանի հայության հետ կատարված ողբերգական իրադարձություններին: Դեռ մանկուց վանեցի Մկոյի հոգում բույն էր դրել սիրելի ժողովրդի տառապանքները թեթևացնելու, զորավիգ լինելու ձգտում-երազանքը: ՈՒշիմ, ուսումնատենչ՝ նա աշակերտում է Լիմ և Կտուց անապատներում, սովորում գրաբար, ուսումնասիրում հայ ժողովրդի պատմությունը, խորանում հայագիտության ասպարեզում և ձգտում որքան հնարավոր է մոտիկից առնչվել գավառում ապրող հայության կյանքին, զգալ հայ շինականի հոգու տրոփյունը, ջանքեր գործադրել տիրող խավարն ու անգիտությունը հայոց «գյուղաբնակ եղբայրաց» կյանքից վերացնելու համար: Այնքան պարզ, սրտառուչ էր պատմում ծեր հոգևորականը, որ դահլիճում նստածներին սկսեց թվալ, թե բեմում իրական Մկրտիչ Խրիմյանն է՝ հայության պաշտելի Խրիմյան Հայրիկը, և նրա լեռնային աղբյուրի պես անուշ ձայնը, հոգու խորք թափանցող բարի, թախծոտ հայացքը հենց իրե՛ն են ուղղված:
Հրազդանցի երիտասարդների կողքին նստած՝ ես էլ մտքի թևով սավառնում էի հայոց անցյալի խորքերում: Հիշում էի, թե համալսարանական տարիներին ի՜նչ ինքնամոռաց կլանումով էինք լսում դասախոսի պատմությունները հայոց Հայրիկի մասին:
Կենդանի խոսքի մեծ վարպետ է եղել Խրիմյան Հայրիկը, ալեկոծել է հայ շինականի սիրտը, արթնացրել թմբիրից, ներշնչել վառ, լուսավոր գաղափարներ: Նա երազել է այն հրաշալի օրը, «երբ մեր գյուղացին հանգիստ կվայելե» իր «հայրենյաց ագարակին արդյունքը», «երկրում տիրե ադարություն և խաղաղութիւն», և հայոց ձորերում, «ուր լռությունը սպանում է ավազակների հրազենը, շոգեկառքի սուլոց լսվի», «ունենանք հեռագիր, դպրոց, համալսարան....»: Հրազդանցիներին հարազատ դարձած Հայրիկը շարունակում էր պատմել հայոց կյանքում բարեփոխումների իր ծրագրերի, գաղափարների ու դրանց իրականացման ճանապարհին կրած դառնությունների, հիասթափությունների, հալածանքների մասին: Լավատես ձգտումներով նա գնում է Կ. Պոլիս, այնտեղ հրատարակում «Արծվի Վասպուրական» հանդեսը, որը երեք տարի հետո պիտի տեղափոխեր Վարագ: Դա առաջին պարբերական հրատարակությունն էր հայրենի երկրում, որի թղթակիցները Ժառանգավորաց դպրոցի իր սիրելի սաներն էին՝ Գարեգին Սրվանձտյան, Արսեն Թոխմախյան, ուրիշներ...
1869 թ. Տարոնի առաջնորդ, Սուրբ Կարապետ վանքի վանահայր Մկրտիչ Խրիմյանն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք: Թվում է՝ բարձր պաշտոնը պիտի կաշկանդեր նրան՝ շարունակելու պայքարը հայ ժողովրդի հանդեպ անիրավությունների դեմ, սակայն նա նույն անխոնջ կերպով շարունակում է իրականացնել հայության կյանքը բարեփոխելու իր լուսավորչական ծրագրերը, որի համար երախտապարտ հայ ժողովուրդը նրան տալիս է Խրիմյան Հայրիկ պատվանունը: Անշուշտ, այդ ամենը չէր կարող աննկատ մնալ թուրքական իշխանության ու խավարամիտ, նախանձոտ հայ հոգևորականների կողմից: Նրա դեմ սկսվում են հալածանքներ, խարդավանքներ:
...Խեղդուկ հառաչանքը քարացավ Հայրիկի կոկորդում: Դահլիճը տագնապեց, անհանգիստ շշունջներ լսվեցին ՝ գուցե հույզերից վա՞տ է զգում, ախր տարեց է, շա՜տ տարեց: Ո՛չ, Խրիմյան Հայրիկը շունչ առավ ու ավելի հնչեղ ձայնով շարունակեց պատմությունը՝ մեզ տանելով հայոց վշտալի իրադարձությունների քարքարոտ կածաններով. 1876 թ. Վանի հրդեհից ու կողոպուտից ազդված՝ նա գրեց «Վանգոյժը»: Գրքի հասույթը հատկացվեց Վանի չքավոր մանուկներին, սակայն գիրքը նախ և առաջ կարևոր էր ճշմարիտ խոսքի զորությամբ. «....քաջալերվե, ժողովուրդ Հայոց, երկու հազար ամ է որ միշտ ջախջախիս ու չես մեռնիր... բարբարոս ազգերը միշտ արշավեցին ու քանդեցին քո հայրենիքը, բայց դու անվկանդ, անհուսահատ տոկացող ոգի մը ունիս, որով կապրիս ու կմնաս մինչև այսօր»:
Հայության վիճակն ավելի բարդացավ հայ-ռուսական պատերազմի ժամանակ: Իր «Հայգոյժ» գրքում Հայրիկը ողբաց «....վայրագ խուժաններու ձեռքեն Հայոց անտեր ժողովրդի» աղետալի վիճակը: «Վանգոյժ» և «Հայգոյժ» գրքերի համար հայ ժողովուրդը Խրիմյան Հայրիկին տվեց ևս մեկ պատվանուն՝ ԺԹ դարի Խորենացի: Որքան էլ վշտահար ու խոցված՝ Խրիմյան Հայրիկը չէր դադարեցնում ազգօգուտ գործունեությունը և շարունակում էր գրել: «Դրախտի ընտանիքը», «Պապիկ և Թոռնիկ» գրքերը, որոնք ծրագրային նշանակություն ունեին, ազգի հզորության, միասնության խնդրում կարևորում էին հայ ընտանիքի դերը, դարերով, սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան ավանդույթները: Այդ գործերում մտքեր կան, որ ասես հենց այսօր են գրվել. «Ներքին զեղումներն զհայրենիք ավելի կը դավաճանեն, քան թե օտար թշնամիք», «Գիտցիր այսուհետև թե՝ դու ես միայն քեզ օգնական», «Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար....»: «Ես գիտեմ, դու գիտես, թե սոսկ լալով ու ողբալով, եթե շաղախենք մեր հայրենյաց հող՝ հայրենիք չշինվիր»:
Այդպես՝ Հրազդան քաղաքի Կոստան Զարյանի անվան մանկական արվեստի դպրոցի դահլիճում հրաշքով հայտնված Խրիմյան Հայրիկն իր դժվարին կյանքի, պայքարի փորձով հուշում, ուղղորդում էր ունկնդիրներին՝ ինչպես ճիշտ կողմնորոշվել աշխարհաքաղաքական բարդ ու նենգ իրավիճակներում: Սփյուռքահայ մտավորական ու հասարակական գործիչ Հրանտ Մարգարյանը չէր խաղում իր հեղինակած ներկայացումը, այլ սրտով, հոգով, մտքերով ձուլվել, նույնացել էր Խրիմյան Հայրիկի կերպարի հետ: Նվիրյալ ուխտավորի ջերմեռանդությամբ՝ աշխարհի հայաշատ շատ քաղաքներում նույնպես նա հանդես է եկել իր «Խրիմյան Հայրիկ» մենախաղով և հայոց պատմությունից անտեղյակ, անիրազեկ հայորդիներին ներկայացրել Ամենայն Հայոց Հայրիկի կերպարը:
Այդ օրը հրազդանցիների հետ ես ևս կենդանի, իրական շրջագայեցի Վասպուրական աշխարհի շեներում, ըմբոշխնեցի գույն-գույն ծաղկիկների, ցող ու կանաչի, Սուրբ Կարապետ վանքի վանական համալիրի հինավուրց պատերին հպված վաղնջական ժամանակների բույրերը: Վանում, Մուշում, Սասունում, ամենուր ժողովուրդը սիրով էր սպասում սիրելի Խրիմյան Հայրիկին, նրա ճշմարիտ, զորավոր խոսքին: Երկար շրջեցինք ու հոգնեցինք դարիվեր, ոլորուն կածաններից, Հայրիկի հետ հանգիստ առանք Մշո դաշտում, ըմպեցինք սառնորակ աղբյուրների անուշ ջրերից ու մեր քաղցը հագեցրինք իրենց արմատներում հազարամյակների հիշողությունը պահող անուշահամ բույսերով... Բայց ինչու մռայլով պատվեց Խրիմյան Հայրիկի դեմքը, խոսքի զգայուն երանգները դարձան հառաչանքներ... 1878 թվական. Բեռլինի վեհաժողով, այստեղ վճռվելու էր նաև Հայաստանի հարցը: Հայկական պատվիրակության ղեկավարը Խրիմյան Հայրիկն էր: Նա նախապես այցելում է եվրոպական մեծ տերությունների՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի շահերը ներկայացնող պետական այրերին, ներկայացնում վեհաժողովի համար Հայոց պատրիարքարանի կազմած տեղեկագիրը՝ հույս փայփայելով, որ դիվանագիտական եղանակով Հայկական հարցը բարեհաջող լուծում կստանա: Այստեղ՝ Հրազդանի մանկական արվեստի դպրոցի բեմում մեծ տերությունների դիվանագետների դերերը խաղում էին դպրոցը նոր ավարտած պատանիներ, որոնց հետ բեմադրիչ Հրանտ Մարգարյանը ներկայացումից ընդամենը մեկ ժամ առաջ էր փորձեր արել, բացատրել՝ ի՛նչ աստիճանի քար անտարբերության է դեմ առել Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում, և ինչպես պետք է խաղան իրենց դերերը: Հատկանշական է, որ բեմում բանակցող երկրների ներկայացուցիչների դեմքերը ծածկված էին դիմակներով. առաջին անգամ բեմ ելած պատանիները հրաշալի էին յուրացրել բեմադրիչի դասը, կարելի էր կարծել՝ արհեստավարժ դերասաններ են՝ հաշվենկատ, սառը, անտարբեր, խորամանկ, կեղծավոր կերպարանքները պաշարել, հեգնում էին Խրիմյան Հայրիկ հայի շիտակությունը, ազնվությունը, մարդկության հանդեպ անկեղծ հավատը:
Բեռլինի վեհաժողովում մեծ տերությունների դիվանագիտական խաղերը խոցեցին Խրիմյան Հայրիկի զգայուն էությունը: Նա խորապես համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհի մէջ արդարությունը հանգուցյալ է տիրապես», որ քաղաքակրթության ու մարդասիրության քողի տակ թաքնված է դիվանագետների հոգու ու մտքի ամլությունը, և այդ հավաքում ամեն բան ենթարկվում է բաժանել-տիրելու անհոգի դիրքորոշմանը: Նա անհուն դառնությամբ եզրահանգեց՝ ուրիշ ժողովուրդներ «հարիսան» երկաթե շերեփով էին ճաշակում, մինչդեռ հայոց շերեփը թղթից էր, չկարողացավ բաժին վերցնել: Վեհաժողովը մեծ տերությունների շահերի առևտուր էր, որտեղ հայ ժողովրդի ապրելու իրավունքի կենաց-մահու պայքարը կարևոր չէր, կրած ահռելի կորուստների համար որպես հատուցում նա ոչինչ չշահեց: Խրիմյան Հայրիկի «թղթե շերեփ» բնորոշումը որպես թևավոր խոսք մնաց ժողովրդի հիշողության մեջ. թշնամիների համեմատ նրա հաղթանակները մեծ մասամբ բարոյական արժեք էին ունեցել: Այդ առումով բնորոշ է պանթուրքիզմի հայրերից Զիա Կեոքլափի խոստովանությունը. «Մենք հաջողեցանք գրավել բազմաթիվ հողեր, բայց հոգեպես մենք պարտվեցինք ամենուր»: («Յառաջ», 1967թ. 28-ը մայիսի, հ. 33)։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ